Էմմանսիպացիա

Նրա թիվը 1-ն է, տարերքը` արագությունը, կյանքի ռիթմը` երգը, ընտանեկան մոդելը` շաաա՛տ, չափից շատ երեխաները, պահապան հրեշտակը` հայրը, ուժի աստվածուհին` մայրը, վախերից մեկն ու ամենան` հանդիսատեսին կորցնելը: Երգչուհի Նադեժդա Սարգսյանի և քանդակագործ Դավիթ Բեջանյանի դուստրը` երգչուհի էմմին, խոստովանում է. հայրն էր իր ամենասրտակից մարդը, մայրը` ուսուցիչը, որ սովորեցրեց կյանքի վերելքներն ու վայրէջքները հաղթահարելու գաղտնիքները:

newmag-ին Էմմիի տված ամենահուզիչ ու անկեղծ հարցազրույցն ուղիղ մեկ ժամ հետաձգվեց: Էմմին անդադար սնվում էր: Ու մինչ տան կրտսեր երգչուհին կհագեցներ քաղցը, վաստակավոր երգչուհին` Նադեժդա Սարգսյանը, անկեղծացավ.
- Մի′ նայեք Էմմիի փոքր մարմնին: Նա չափից շատ է սիրում ուտել` կանգնած ու արագ-արագ: Թթվասերը նրա սիրելի կաթնամթերքն է, ուտեստը` կարտոֆիլի պյուրեն է` կոտլետով: Երբ ԱՄՆ-ում էր, սքայփով ասում էր` <<Մա՛մ, էնքան եմ կարոտել քո պատրաստած ուտելիքները… Գալուս օրը անպայման պյուրե ու կոտլետ կսարքես>>:

Ես ու իմ մանկությունը

Նադեժդան, ինչպես իր աշակերտներին, այնպես էլ դստերը օր ու արև չի տվել: Պահանջկոտ ուսուցչուհին Էմմիին չի խնայել ու դասեր է տվել նույնիսկ սաղմնային շրջանում: Ընտանիքի մտերիմները կատակում էին` աղջիկը դեռ մայրիկի փորում էր երգում:
- Երբ նստում էի դաշնամուրի մոտ, ասում էի` մամա՛, պապա՛, եկե′ք, տեսե′ք` Տերտերյանի սիմֆոնիան եմ նվագում: Առաջին երգը, որ սովորել ու կատարել եմ, Սթիվի Ուանդերի “I Just Call To Say I Love You” գործն է,- խոսքից երգի է անցնում Էմմին` իրեն բնորոշ բարձր տոնայնությամբ կատարելով մի հատված: Նա, ծածկոցով փաթաթված, նստած է իր սիրելի սպիտակ բազկաթոռին ու արդեն ընկել է հուշերի գիրկը: – Երբ քնում էի, անպայման այդ երգն էին միացնում ծնողներս:
Ութ տարեկան էր Էմմին, երբ նկարահանվեց նրա առաջին տեսահոլովակն Արթուր Գրիգորյանի ՙՀայաստան՚ երգով: Էմմին, այդ կլիպի մասին խոսելիս, առավելապես մտաբերում է նկարահանման ընթացքը.

- Ամենավատ տարիներին ենք նկարել` մութ, ցուրտ… Այն ժամանակ տեսահոլովակներ չէին նկարում: Ու եթե նույնիսկ փորձեր էին անում, ստացվում էր կլիպի պես մի բան, քանի որ հեռուստատեսությունում ընդամենը 20 րոպեով էին լույսերը տալիս, ու այդ ընթացքում պետք է հասցնեինք սկսել ու ավարտել: Երևի կհիշեք, կլիպում, երբ երգում եմ, ծուխ է գալիս դեպի իմ կողմ: Այդ ժամանակ հաստատ նման բան իրական տարբերակով չէինք կարող ստանալ և որոշեցինք, որ կստանանք ծխախոտի ծխի միջոցով: Բոլորը տեսախցիկից մի քայլ այն կողմ ակտիվ ծխում էին ու փչում…
Երգչուհու մանկության օրերի մշուշոտ պատմությունն այսքանով չի ավարտվում, սկսվում է: Երբ արվեստագետ ծնողները դժվարությամբ էին կարողանում այդ տարիներին համերգներով ու ցուցահանդեսներով հանդես գալ և գումար վաստակել, աղջկան հաճախ ուղարկում էին Մոսկվա` հորաքրոջ մոտ: Էմմին էլ շատ շուտ կարոտում ու վերադառնում էր` գլխի չընկնելով, որ հյուր գնալու իրական պատճառը ծանր վիճակն էր: Հետո Էմմիի տիկնիկները կամաց-կամաց պակասեցին. այնքան հեշտ էր բնակարանի տաքությունը դրանցով ապահովելը` վառվում էին երկար ու նույնքան էլ երկար տանջում Նադյային: Իսկ երբ հայրն ու մայրը մեկնեցին Գերմանիա, բերեցին այն, ինչի համար իրենց պարտական էին լինելու հատկապես հարևանները:
- Հայրս իր հետ <<դվիժոկ>> էր բերել, ու մեր բոլոր հարևանները հավաքվում էին մեր տանը, որպեսզի մի քանի սանտիմետրանոց էկրանով նայենք <<Հարուստները նույնպես լալիս են>> սերիալը: Իսկ ես անհամբեր սպասում էի ազդագրին. շատ էի սիրում գովազդ նայել:
Ու հենց մանկության տարիներին էլ տուն է վերադառնում լի գրպանով: <<Հայեր>> խմբի հետ ամեն երգի համար հոնորար էր ստանում, ձմռանն էլ դառնում էր ամանորի մանկական հանդեսների գլխավոր հերոսուհին:
- Երբեք քիթս չեմ ցցել: Գնահատել եմ այն, ինչ ունեցել եմ: Ու ինձ ոչ մեկից բարձր չեմ դասում: Սա հորս պատգամն է ինձ, որ գալիս է մանկությունից:

Ես ու իմ նախկինները

Նադեժդա Սարգսյան-Սյուզան Մարգարյան դուետ-դուելը հետո վերածվեց դուստր-դուստր հակամարտության` Սիրուշոն ընդդեմ Էմմիի: Ու երբ Եվրատեսիլի հայաստանյան երգի ընտրության օրը բեմ բարձրացավ Սիրուշոն, այստեղ իսկապես կարծիքները երկփեղկվեցին` գուցե գոնե դստրերի՞ միջև պայքար չկա: Շոու-բիզնեսի ամենավառ աստղերը միմյանց դեմ պայքարում են ընտանեկա՞ն, թե՞ ընկերական մակարդակով. առաջին անգամ այս մասին կխոսի Էմմին:
- Ես պարզ մարդ եմ ու որևէ մեկի դեմ լարված չեմ: Մրցակցությունը լավ բան է: Մրցելու ժամանակ սկսում ես աշխատել ինքդ քեզ վրա, և որակով գործերը ստեղծվում են հենց այդ ժամանակ: Ես չեմ ասում, որ մրցակից չունեմ, բոլորս էլ ունենք: Նաև կան մարդիկ, որոնք ինձ հետ են մրցում: Իմ սերնդի մեջ կան տաղանդավոր երգիչներ: Բամբասել չեմ սիրում ու չեմ սիրում, որ իմ մասին են բամբասում: Իմ ու Սիրուշոյի միջև շփում կա: Պարզապես` համերգից համերգ… Ու համենայնդեպս ես դա անում եմ:
Սիրուշոն քիչ էր, հիմա էլ` <<Հայեր>> խմբի եռյակը: Երբ Էմմին հասկացավ, որ ուզում է հանդես գալ ոչ թե խմբով, այլ միայնակ, որոշումը ցավով ընդունեցին խմբի մյուս անդամները: Պայքարի կրակը թեժացավ, երբ խառնվեցին աղջիկների ծնողները:
- <<Հայերը>> եղել են, կան ու կլինեն` այսպես էր ասում հայրս: Մեզնից առաջ էլ խումբը եղել է, ու հիմա էլ փոքրիկներն են հավակնում շարունակել տասնամյակների գործը: Սերունդներն ու անուններն են փոխվում, որակը մնացել է նույնը: Խոսակցություններ կային, որ ոմանք իմ բեք-վոկալիստներն էին: Ես ափսոսում եմ, որ ինձ հավասարը հավասարի պես եմ պահել նրանց հետ: Կարող էի ավելի բարձր դիրք գրավել նրանց նկատմամբ: Սակայն կյանքում ավելի կարևոր բան կա, քան ապացուցելը, թե ուրիշից ավելին ես: Ես խմբում բոլորից սպասում էի ամեն ինչ, բացի մեկից, կգա ժամանակը, ու ես կասեմ նրա անունը: Բայց ոչ այսօր: Ես ուզում եմ, որ նրանք ի վերջո կայանան:

Ես ու իմ անհաջողությունները

Ամենազնգուն անհաջողությունների թեժ հնգյակը սկսվում է <<բեմական վայրէջքով>>: Մրցանակաբաշխությանը լավագույն երգչուհի ճանաչված Էմմին վայր ընկավ բոլորի աչքի առաջ:
- Այն ժամանակ սթրես էր, հիմա ծիծաղելի է:
Երկրորդ անհաջողությունը` նույն օրը: Տարվա լավագույն երգչուհուն դրսում դիմավորեց ոչ թե սպիտակ լիմուզինն, այլ շտապ օգնության մեքենան` սպիտակ խալաթավորներով: Երգչուհին վնասվածք էր ստացել: Երրորդ անհաջողությունն ու օրվա ավարտը. հայրը հիվանդանոցում կյանքի ու մահվան կռիվ էր տալիս: Հետո` Եվրատեսիլը:
- Դրանք փորձություններ էին: Երբ տեսնում ես, որ դու հաղթել ես, բայց ուրիշն է արժանանում դափնուն, հասկանում ես, որ դրանք հաղթահարված փորձություններ են:
2010-ին ճամպրուկները հավաքել էր ու պետք է գնար Եվրատեսիլ: Բայց գնաց ԱՄՆ: Հայաստանյան երգի ընտրությունից հանկարծակիի եկած երգչուհին 4 օր անց մեկնեց Միհրանի մոտ` մեկ տարով մեկուսանալու համար: Բայց այդ փուլը Էմմին դեպրեսիայի շրջան չի համարում: Նույնիսկ այնքան պաշար էր հավաքել, որ վերադառնալուց հետո միանգամից 2-օրյա մենահամերգով հանդես եկավ: Ուզում էր բրենդային բուտիկ բացել, սակայն Եվրատեսիլին մասնակցելու հերթական առաջարկը ստացավ: Ու կրկին հետաձգվեց բիզնես-լեդի դառնալու պլանը:

Ես, հայրս ու մայրս

- Էմմիի ծնվելուց ժամեր անց Դավիթը եկավ ծննդատան պատուհանի տակ ու, ինչպես ընդունված էր այն ժամանակ, սկսվեց օդային հարց ու պատասխանը: Առաջին հարցը, ինչ եք կարծում, ո՞րն էր: Իհարկե` երեխան ո՞ւմ է նման: Երբ ասացի, որ ինձ, ուրախությանը չափ ու սահման չկար: Դավիթը երազում էր, որ Էմմին ինձ նմանվի` սպիտակ մաշկով ու կանաչ աչքերով: Սակայն տարիներն անցնում էին, ու մեր աղջիկը նմանվում էր հայրիկին` ու ոչ միայն դիմագծերով, այլև բնավորությամբ: Ճիշտ հոր աղջիկն է: Ու Էմմին միշտ կատակով ասում էր. <<Մամ, չե՞ս նեղանա, որ ասեմ` պապային ավելի շատ եմ սիրում>>,- անսահման ուրախությամբ պատմում է Նադեժդա Սարգսյանը:
Վաստակավոր արտիստուհուն հանդիպեցինք Գերմանիա մեկնելուց օրեր առաջ: Նա պետք է բուժվի Գերմանիայում: Մասնագետները խոստացել էին, ու Նադեժդան էլ հույսով մեկնում էր, որ անպայման կապաքինվի ու Հայաստան կվերադառնա ամբողջովին առողջ ու նույնքան առույգ: Մորից դստերը փոխանցվեց միան միկրոֆոնը: Էմմին հիշում է հորը.
- Պապաս միշտ ասում էր` մամայիդ պես պիտի լինես, մամադ երբեք չի կոտրվել: Իրականում մայրս ուժեղ անձնավորություն է: Մեր ընտանիքի ուժը մայրս է: Եթե մորս ուժեղ կամքը չլիներ, վաղուց կկործանվեինք: Ես հանգիստ եմ ու զուսպ: Հայրս ասում էր` մտքումդ հաշվի մինչև տասը ու հետո որոշում կայացրու: Դա տպավորվել է իմ մեջ: Ես ավելի հանգիստ եմ, մայրս ավելի բռնկուն է, արյունը եռում է նրա մեջ: Հիմա ավելի երիտասարդ է, քան ես:

- Երգչուհի մայր ունենալը առավելություն չե՞ս համարում:
- Հաճախ մարդիկ խոսում են, թե ես երգում եմ, քանի որ այդ ծնողների դուստրն եմ: Միգուցե: Պարզապես վերջին մենահամերգիս օրը հայրս ու մայրս ենթարկվել էին ավտովթարի, և երկուսով էլ ներկա չէին: Ու ես միայնակ բարձրացա բեմ ու պատվով իջա: Միևնույն ժամանակ ինձ համար շատ դժվար կլիներ, եթե մայրս երգչուհի չլիներ: Նա արդեն անցել է այդ ճանապարհը, ու ես արդեն գիտեմ իր փորձով, որ կարող ես համերգից առաջ մտնել հանդերձասրահ ու տեսնել, որ բեմական զգեստդ այրված է:
Էմմին մեկ ամսից Եվրոպայում բում կանի <<Բում-բում>> երգով, սակայն նրա համար առավել քան թանկ է <<Գուդ բայը>>:
- Հիվանդանոց գնալու օրը հայրիկս շատ վատ էր, ես էլ փորձում էի երգի տոնայնությունը գտնել: Ես նրան օգնեցի, որ մոտենա գործիքին, քանի որ մեծ դժվարությամբ էր քայլում, խնդրեցի միասին գտնենք տոնայնությունը: Պապաս շատ էր սիրում <<Նյու Յորք-Նյու Յորքի>> իմ կատարումը: Նաև Բաբաջանյանի <<Կամուրջները>>. նա քանդակեց Բաբաջանյանին, ես էլ երկրորդ շնչառություն տվեցի նրա ստեղծագործությանը: Պատգամ չեմ կարող ասել, բայց հայրիկս միշտ ասում էր` քո կյանքում երաժշտությունն է լավ ստացվում, միշտ դրանով զբաղվիր: Ուզում էի գեղարվեստի ինստիտուտ դիմել, հայրս չթողեց, ասաց` երաժշտությունը քո մեջ է, այն ավելի լավ ես զգում: Եվ միշտ ասում էր` եղիր անկեղծ, այնպիսին, ինչպիսին կաս… Առաջին գիշերը, երբ իմացա հորս մահվան լուրը, զգացի, որ ունեմ պահապան հրեշտակ: Մարդը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, մարդը միակ շնչող էակն է, որ հարմարվում է ամեն բանի: Կյանքդ պիտի ապրես այնպես, որ լինես լավ մարդ: Ինչքան քիչ վատություն անես մարդկանց, այնքան ավելի հանգիստ կքնես: Ու կապրես առանց խղճի խայթից տանջվելու:
Երգչուհին 26 տարեկանում հասցրել է կյանքի դժվարություններից կոփվել, ուժ հավաքել ու փորձել կրկին ապրել` գոնե առերես:
- Այն, ինչ եղավ ինձ հետ… Դրանից վատ բան այլևս չի կարող լինել: Շատ քիչ ժամանակ է անցել, ու այսօր չգիտեմ` ինչ է կատարվում ու դեռ ինչ կարող է կատարվել: Ուղղակի անհասկանալի երևույթ է, ինչը բոլորիս էլ սպառնում է: Հայրիկիս ընկերները հանգստացնում էին ինձ ու ասում, որ բոլորիս էլ սա է սպասվում, ուղղակի ամեն մարդ իր ժամանակն ունի: Դա ինձ հետ կատարվեց մի ժամանակ, երբ նրա կարիքն ամենաշատն ունեի…

Անձնական կյանքի մասին` ոչինչ: Էմմին միայն այս մասին չի սիրում խոսել: Ասաց, որ Եվրատեսիլից հետո կորոշի` երբ ամուսնանալ: Իր վերջնական ընտրությունը երգչուհին կատարել է տարիներ առաջ: Սիրելին ո՜չ շոու-բիզնեսից է, ո՜չ էլ խառնվածքով նման է իրեն. հակառակ դեպքում կստացվի, որ սիրում ես ինքդ քեզ` ժպտում է Էմմին: Բայց արդեն գիտի, թե ինչ ընտանիք է ուզում կազմել:
- Պետք է շատ երեխաներ ունենամ: Գրեթե դժբախտություն է, երբ դու ոչ ոքի չես կարողանում մինչև վերջ վստահել: Շատ մտերիմ ընկերներ ունեմ, որոնք ինձ չեն դավաճանել: Բայց կային նաև մարդիկ, որոնց հետ քնում-արթնանում-սնվում էինք, բայց այսօր նրանք չկան իմ կողքին: Թվացյալ մտերիմը կարող է մի օր արթնանալ ու որոշել վատ բան անել քո նկատմամբ: Միայն արյունակիցը կարող է լինել անդավաճան: Ես միայնակ մարդ եմ և որոշել եմ 3 երեխա ունենալ, իսկ հետո… Հետո կտեսնեք` ինչ կլինի:

Ես ու Եվրատեսիլը

Եվրատեսիլի փորձը ցույց է տվել, որ համաշխարհային լսարանը կարող է բեմական շոուին անհաղորդ մնալ: Բայց հարյուր հազարավորների սիրտը կարող ես շահել պարզ զգեստով ու բեմին գրեթե անշարժ կանգնած: Էմմին Եվրատեսիլ կգնա միայն լավ ելույթի ակնկալիքով: Չի պատրաստվում վերամբարձ խոսքեր ասել: Հաղթանակը նրա համար միայն լավ կատարումն է: Հայ մասնակիցների ելույթները զննել ու հասկացել է. պետք չէ <<աճպարարությամբ զբաղվել>> բեմի վրա` փորձելով պարելիս ու ակրոբատիկայի տրյուկներ ցուցադրելիս նաև երգել: Ուղղակի պետք է կանգնել դեմքով դեպի Եվրոպան, ցույց տալ սեփական հնարավորությունները և դրանից մեծ հաճույք ստանալ: Անշուշտ պետք է բարձր տրամադրությամբ և առանց լարվելու կատարել երգը: Ամենակարևորը` ելույթ ունենալ սրտանց ու անկեղծ:
- Մեկ տարվա ընթացքում շատ հարվածներ եմ ստացել: Իմ կյանքում ամենաանկառավարելի շրջանն է. չեմ կարող անընդհատ ժպտալ, իբր ամեն բան լավ է իմ կյանքում: Ես շատ ուժեղ մարդ եմ, նաև փակ անձնավորություն եմ, բայց ուժեղ մարդիկ էլ են տխրում: Այսքանից հետո ես ոչինչ չունեմ ապացուցելու: Երգում եմ, քանի որ կարողանում եմ երգել ու դրանից հաճույք եմ ստանում: Արվեստի մարդկանց մեջ ու նրանց հետ մեծանալով ու չդավաճանելով նույն այդ մարդկանց ու ծնողներիս` ես ուզում եմ պարզապես շատ լավ երգել:

Speak Your Mind

*