Նանա Կազարի

Նանա Կազարին մոդել է, բնակվում և աշխատում է Ամերիկայում, բայց, ինչպես ինքն է ասում, ապրում է միայն Հայաստանում: Նրա հետ հեռախոսային հարցազրույցն ընթացավ ամերիկյան ժամերով: Նա զբաղված էր, նա ուներ իր հստակ պահանջները: Նա ոչ բոլորի հետ է զրուցում, առավել ևս` հարցազրույց տալիս: Սկզբում մեր հարցերը համարեց պարզունակ ու անհետաքրքիր: Ի վերջո ընդհանուր լեզու գտանք:

Հաջողության գաղտնիքը

Հաջողությունը շատ փոփոխական է. մի օր հաջողակ ես, մի օր` ոչ: Հաջողության հասած մարդն է միայն հասկանում, որ հաջողությունը հարատև չէ: Իմ հաջողության գաղտնիքը աշխատասիրությունս է: Ու համառությունս: Հաջողությունը ձեռք ես բերում երբեք չհանձնվելով ու կանգ չառնելով. այն ունի սկիզբ, չունի ավարտ: Ինձ համար ամենամեծ հաջողությունը հոգևոր հաջողությունն է, երբ հոգեպես ես հասնում արդյունքի: Եթե հոգիդ խաղաղ է, դա կարտահայտվի քո կյանքում: Ես գիտեմ, որ երբեք չեմ եզրափակի իմ ստեղծագործական կյանքը: Կյանքի տարբեր փուլերով անցնելով եմ սկսում հասկանալ իմ իրական նպատակը և շատ ոգևորված եմ նոր ծրագրերով:
Հաջողությունը կյանքն է, որն ի վերուստ տրված է բոլորիս, և ոչ ոք առավել չէ մյուսից: Բոլոր մարդիկ ունեն իրենց յուրահատուկ տեղն այս կյանքում: ՙՀաջողակ՚ մեկը, որը մյուսներին արհամարհանքով է վերաբերվում, ինձ համար արժեք չունի, չնայած տաղանդավոր է և հարուստ:
Հայաստան եմ գալիս, անպայման գնում եմ հայկական գյուղեր: Այնտեղ պարզ մարդիկ են ապրում, երջանիկ, անկեղծ մարդիկ:

Կարիերայի գաղտնիքը

Կարիերայի գաղտնի՞քը: Ես դեռ փնտրտուքի մեջ եմ: Կարիերայի տարբեր փուլեր անցնելով, ընտրություն կատարելով` հասկացա, որ ամենակարևոր կարիերան իմ կյանքում յոգան է և նրա կանոններով ապրելը: Շատերը յոգան հասկանում են որպես ֆիզիկական աշխատանք, բայց այն ապրելակերպ է, իսկ ֆիզիկականը դրա մի փոքրիկ մասնիկն է միայն: Առաջինը քո վերաբերմունքն է աշխարհի և կենդանիների հանդեպ: Ամեն մարդ մի բան է փնտրում իր կյանքում: 13 տարեկանից աշխատել եմ նորաձևության ասպարեզում. ինձ համար նորաձևությունը նպատակ չէ: Հիմա իմ նպատակը փոխվել է. ուզում եմ օգտակար լինել աշխարհին, ոչ թե իմ անձին: Հոլիվուդից շատ հրավերներ եմ ստանում, բայց մերժում եմ. ինձ այլևս չեն հետաքրքրում այդ կեղծ ժպիտները և կարիերայի հետևից շնչակտուր վազող մարդիկ: Հոլիվուդում քիչ կինոաստղեր կան, որ իսկապես մտածում են աշխարհի մասին: Չէ՞ որ հիմա աշխարհում գլոբալ տաքացում է, ֆինանսական ճգնաժամ: Նրանք ոչ մի կերպ չեն կարող կանգ առնել, նրանց էգոն կործանում է աշխարհը: Շատ կարևոր է հասկանալ` ինչ է նշանակում ՙկարիերա՚, և դրանով ինչ նպատակի պետք է հասնես:
Այժմ շատ ոգևորված եմ իմ նոր նախագծով. դա մեծ գաղտնիք է, որին ես պատրաստ եմ նվիրել կյանքս:

Սիրո գաղտնիքը

Սերն ինձ համար նախ և առաջ սերն է իմ անձի հանդեպ: ՙՍեր՚ ասելիս մարդիկ պատկերացնում են կինոյի ռոմանտիկ տեսարան, բայց չգիտեն, որ դա ժամանակավոր է, չգիտեն, որ դա լիարժեք սեր չէ: Քեզ լրացնող մեկին պիտի փնտրես ու նրա հետ ներդաշնակ լինես: Պետք է լավ զգաս ինքդ քեզ հետ, որ իսկական սերը հայտնվի նաև քո կյանքում ու աշխարհում: Սիրո գաղտնիքը կյանքին վստահելն ու կյանքը սիրելն է: Սերը կապանքներ չի հանդուրժում: “Freedom is the only love”:
Ես դեռ շարունակում եմ փնտրել իրական զգացմունքը, թեև կարծում եմ` գտել եմ նրան, ում մեջ տեսնում եմ իսկական սեր:

Տղամարդու գաղտնիքը

Տղամարդիկ, տղամարդիկ, տղամարդիկ… Ազատ և անկաշկանդ լինելն է տղամարդու հետ շփման գաղտնիքը: Ամերիկացի տղամարդիկ շատ են տարբերվում մյուս ազգերի տղամարդկանցից: Շատ ավելի կոմպլեքսավորված են, վախկոտ: Դա երևի օրենքներին տուրք տալուց է: Կանայք ավելի շատ արտոնություններ ունեն այս երկրում և կարողանում են իրենց ես-ը պաշտպանել:
Կանայք և տղամարդիկ իրենց բնույթով շատ տարբեր են, այդ պատճառով էլ տղամարդկանց հետ շփվելիս պետք է հասկանալ նրանց հոգեբանությունը: Եվ ի՞նչն է նրանց հետաքրքրում: Շատ կանայք փորձում են լինել խոնարհ և նվիրված, բայց դա վանում է տղամարդկանց, քանի որ նրանք ՙբնածին որսորդներ՚ են և նրանց հետաքրքրում է ՙորսին՚ տիրելու ընթացքը: Նրանք չեն սիրում, որ ՙորսը՚ մատուցվում է ոսկե ափսեի մեջ` պատրաստի վիճակում:
Ժամանակն է, որ տղամարդը գնահատի կնոջ սերը. չէ՞ որ ամեն կին ապագա մայր է, աշխարհի և մարդու արարման ամենակարևոր մասնիկը: Յոգայի կարևոր փուլերից մեկն ընտանիքի հոգևոր կապվածությունը կերտելն է, ինչը երջանիկ և առողջ սերնդի երաշխիք է:
Տղամարդի՜կ, գնահատեք կանանց: Թեկուզ մեկ օր գնահատեք Աստծո արարած հրաշքը:

Հաղթահարելու գաղտնիքը

Շատ դժվարություններ եմ ունեցել: Ամեն անգամ հուսահատվելիս զգացել եմ, որ կորցնում եմ ինձ և իմ երազները, բայց հասկացել եմ, որ դա էլ կյանքի հետաքրքրությունն է… Երբեք, երբեք պետք չէ հուսահատվել: Միշտ պետք է ֆիզիկապես առողջ լինել, որովհետև հիվանդությունը հուսահատեցնում է մարդուն: Խոչընդոտներ շատ եմ հաղթահարել, բայց կարողացել եմ կյանքին նայել որպես սև ու սպիտակ կինոյի, որը փոխվում է տարվա եղանակների պես:
Ժամանակն ու քաղած դասերը կոփում են մեզ, և կարևոր են դառնում ոչ թե դժվարությունները կամ հաջողությունները, այլ նրանց հանդեպ մեր վերաբերմունքը: Ես գլուխս բարձր եմ դիմավորում իմ հաղթանակներն ու պարտությունները: Ես մարդ եմ, որն իզուր չի հայտնվել այս կյանքում, ուրեմն նպատակ կա, որն ինձ ուժ է տալիս արագ շարժվելու համար: Պետք է կարողանալ նաև փոխվել ու ձերբազատվել, այսինքն` հրաժեշտ տալ հին և անօգուտ ամեն ինչին ու մտնել նորի մեջ:
Ինձ համար շատ արագ են հնանում բացասական և հոռետեսական հայացքները: Ամենից դժվարը միմիայն դրական մտածելակերպը պահպանելն է: Հուսահատվելու ժամանակ չունեմ այլևս: Որևէ բան չի ստացվում` արագ առաջ եմ քայլում, որովհետև գիտեմ, որ կյանքը շատ հետաքրքիր է և նոր անակնկալներ ունի ինձ համար: Երբեք հետ մի նայեք, անցյալը տեսիլք է, ապագան` պայծառ արեգակ:

Վաստակելու գաղտնիքը

Ես ունեմ բարձրակարգ մենեջեր, որը հոգում է իմ ամենօրյա ծախսերը: Արհեստավարժ լինելու համար ԱՄՆ-ում պրագմատիկ մոտեցում է պետք: Մենք տոկոսային պայմանավորվածություն ունենք, և նրան է պատկանում 30 տոկոսը: Շուտով կլինի իմ նոր ցուցահանդեսը, որտեղ կներկայացնեմ իմ նոր հավաքածուն:
Իմ հիմնական ֆինանսական նախագծերը դեռ կազմակերպման փուլում են: Մոդելային և դերասանական աշխատանքների հրավերները շատ են, բայց դա ինձ համար երկրորդական գործ է:

Հմայքի գաղտնիքը

Առողջ սնունդ, ամենօրյա վազք` 1-2 ժամ, և յոգայի դասեր: Շատ եմ սիրում սպորտով զբաղվել ոչ միայն տեսքս, այլև ինքնազգացողությունս լավ պահելու համար: 7 տարի է` պրոֆեսիոնալ յոգայով եմ զբաղվում: Ամեն օր դասի գնալիս հասկանում եմ, որ պարապմունքը դժվարանում է, բայց ես դրանից հաճույք եմ ստանում: Տարին 10-12 օր դադարում եմ սնվել և խմում եմ միայն տնական լիմոնադ: Դա օգնում է օրգանիզմից հանել տոքսիները և թարմացնում է մաշկը: Ես չեմ ծխում և չեմ հասկանում մարդկանց, ովքեր ծխում են. չէ՞ որ դա պարզապես թույն է, որ ծերացնում է մաշկը, դեղնացնում ատամները, ի վերջո տհաճ հոտ է գալիս բերանից: Որոշել եմ այս տարվանից նաև ալկոհոլ չօգտագործել. այն նույնպես թույն է: Սնվում եմ միայն բուսական կերակուրներով: Բավական երկար ուսումնասիրել եմ մարդու օրգանիզմը: Հիվանդությունների 99 տոկոսը, հավատացեք, կապված է սխալ սնվելու հետ, և միայն 1 տոկոսն է կապված գենետիկայի հետ:
Բուսական թարմ սնունդը թարմացնում է օրգանիզմը, երկար ու առողջ կյանք է ապահովում: Շատ կարևոր է կանոնավոր կյանքով ապրելը: Արթնանում եմ ժամը վեցին-յոթին, հետո 10-15 րոպե մարզանք եմ անում, կես ժամ յոգայով եմ զբաղվում, հետո` թարմ նախաճաշ: Այսպես է սկսվում իմ օրը: Երեկոյան` մեկ-երկու ժամ յոգա կամ սպորտ և շատ թեթև ընթրիք: Քնում եմ իննին կամ տասին: Սա իմ իդեալական ռեժիմն է: Երբ ճամփորդում եմ, ամեն ինչ խառնվում է իրար, մանավանդ Հայաստանում, բայց դա էլ է պետք իմ կյանքում:

Կյանքի գաղտնիքը

Կյանքի գաղտնիքը դեռ ոչ ոք չգիտի: Ինձ թվում է` յոգերը մոտ են այդ հարցի պատասխանին: Ինձ համար կյանքի գաղտնիքը սուտ և անիմաստ բաների հետևից չընկնելն է: Եթե փորձում ես տարբեր տեսանկյուններից նայել քեզ, նոր բաներ ու գյուտեր ես գտնում աշխարհում: Սեփական մարմնի հանդեպ հարգանքը շատ կարևոր է կյանքիդ ընթացքի համար: Ե՞րբ կարող ես հրաժեշտ տալ հնին և ընդունել նորը: Ինձ միշտ հետաքրքրել են փոփոխություններն իմ կյանքում: Մտքերը կառավարել և ուղեղը լիցքաթափել կարողանալն է հաջողության և հարմոնիայի գաղտնիքը: Սա ուղղակիորեն կապված է դիետայի հետ: Համոզված եմ, որ կյանքում ինչ տաս, այն էլ կստանաս: Այս ամենով եմ ես ապրում: Համոզված եմ, որ եթե բարին ցանկանամ, բարին կստանամ, եթե չարը տամ, չարը կստանամ: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են ամեն կերպ թշնամի դառնալ` նախանձելով կամ ատելով. պետք է նրանց չնկատել և ներել:

Անակնկալի գաղտնիքը

Ամենահետաքրքիր անակնկալը կյանքն է ինձ համար, երբ ոչ մի բանի չեմ սպասում, բայց միշտ անակնկալներ են տեղի ունենում: Փորձում եմ ապրել առանց սպասումների: Նվերներ շատ եմ ստացել և շատ շնորհակալ եմ, բայց իսկական անակնկալն ինձ համար Փինք Ֆլոյդի հիմնադիր Ռոջեր Ուոթերսն է: Նա ինձ համար լեգենդ է իր մտքի և ստեղծագործական աշխատանքի առումով: Իսկ վերջերս ես շատ սարսափելի անակնկալ արեցի ընկերոջս: Նրան գրեցի, թե ինձ հետ շատ վատ դեպք է պատահել: Հոլիվուդի դիմահարդարման սրահների խանութներից մեկում վաճառվում է կեղծ արյուն, որն իսկական արյունի տեսք ունի, գնեցի այդ արյունը և տանն այնպիսի իրավիճակ ստեղծեցի, իբր սպանություն է կատարվել, պառկեցի գետնին և արյունը լցրեցի մարմնիս վրա: Տեսարանը շատ հաջողված էր: Պատկերացրեք, թե հետո ինչ կատարվեց…

Անպատմելի գաղտնիքը

Իմ կյանքն ինքն իրենով արդեն գաղտնիք է ինձ համար: Ինձ թվում է` հանդիպել եմ իմ երազած տղամարդուն: Ուղղակի ասեմ, որ նա շատ հայտնի մարդ է, բայց թե ո՞վ է…. գաղտնիք է:

Պատրաստեց Արտակ Վարդանյանը

Speak Your Mind

*