[ Իրականում՝ ՈՉ ] Նորմա՞լ է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հաղորդում է վարում

[ Իրականում՝ ՈՉ ] Նորմա՞լ է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հաղորդում է վարում

Որքա՞ն արտառոց երևույթ է ՀՀԿ փոխնախագահ-նախարար-հաղորդավար Աշոտյանի նոր հաղորդում վարելը:

Հանրային հեռուստաընկերությունը նոյեմբերի 6-ին հեռարձակեց «Եռանկյունի» քաղաքական բնույթի թոք շոուն: Հաղորդումը վարում էր Արմեն Աշոտյանը. նա առավելապես հայտնի է որպես Կրթության և գիտության նախարար: Բանավիճում էին Այո-ի և Ոչ-ի ճամբարների ներկայացուցիչները, 3-րդ խոսափողը վերապահված էր «Դեռ չգիտեմ» ենթադրյալ շերտին: Այս հաղորդումը լիովին կարող է ընկալվել Սահմանադրության փոփոխության հանրաքվեի նախընտրական քարոզարշավի շրջանակում պատրաստված հեռուստանախագիծ, թեև ըստ Հ1-ի կայքի` «հաղորդավար Արմեն Աշոտյանը տաղավարում շոշափելու է քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային, կրթական, ազգային և միջազգային թեմաներ»:

ՀՀԿ փոխնախագահ-նախարար-հաղորդավար միջմասնագիտական եռանկյունին արտառոց երևույթ է: Այս առումով քննադատություններ հնչեցին դեռ նախքան հաղորդման հեռարձակումը: Եթերից հետո քննադատությունը խստացավ: Հատկապես ՀԱԿ խմբակցությունն այն որակեց կողմնակալ և կոչեց «հավասարության սկզբունքի ծաղր»:

Բայց ի՞նչ է եղել: Հետո՞ ինչ, որ Արմեն Աշոտյանը նախարար է: Ի՞նչ է` նախարարն իրավունք չունի՞ ստեղծագործական աշխատանքով զբաղվել: Սահմանադրության 88-րդ հոդվածը կառավարության անդամին արգելում է ձեռնարկատիրությամբ զբաղվել ու կատարել այլ վճարովի աշխատանք` բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի: Իսկ հեռուստահաղորդում վարելը ստեղծագործական աշխատանք է: Այսինքն` նախարարը սրանով օրենք չի խախտել:

Մյուս մեղադրանքը վերաբերում է քարոզարշավի ընթացքում կողմերի ու դեմերի անհավասար լուսաբանման խնդրին: Բայց չէ՞ որ «Եռանկյունու» գագաթների տրամաբանական բաժանումը (այո/ոչ/չգիտեմ) լիովին ապահովում է կարծիքների բազմազանությունը:


Իրականում՝ ՈՉ. Քաղաքակա՞ն էր Զուրաբյանի հայտարարությունը ՍԴ նախագահի կաշառատվության վերաբերյալ 


Ընդդիմադիրները պնդում են, որ եռանկյունին այնքան էլ եռանկյուն չէ` քառանկյուն է, որովհետև հաղորդավարն ի սկզբանե կողմնակալ է` նա ՀՀԿ փոխնախագահն է ու Հանրապետականի ձևավորած կառավարության անդամ: Ստացվում է, որ Սահմանադրության հանրաքվեի հարցում տաղավար են գալիս  Ոչ-ի 1 կողմնակից, բայց Այո-ի 2 կողմնակից:

Սա անարդար է միայն առաջին հայացքից, որովհետև Ոչ-ի կողմնակից քաղաքական ուժերը խորհրդարանում էլ են փոքրամասնություն: Ազգային ժողովի 6 խմբակցություններից 3-ը կողմ են բարեփոխմանը, ՕԵԿ-ը «դեմ ըլալով, կողմ կըլա», դեմ են միայն ՀԱԿ-ն ու Զարուհի Փոստանջյանը: Այսինքն մեծ հաշվով Հ1-ի տաղավարը ճիշտ և ճիշտ արտացոլում է խորհրդարանի պատկերը:

Մեծ հաշվով անարդար է ոչ թե անհավասարությունը, այլ հավասարությունը: Որովհետև 1-2  Ոչ-ի կողմնակից 4-5-հոգանոց խմբակցությունների կարծիքը 70-ից ավելի պատգամավոր ունեցող մեծամասնության, մոտ 30 պատգամավոր ունեցող ԲՀԿ-ի ու 5 պատգամավոր ունեցող ՀՅԴ-ի կարծիքին հակադրելն անարդար է: «Դրսից պահանջվող» հավասարությո՛ւնն է արհեստական: Արդար համաչափություն ապահովելու համար Հանրայինը պետք է տաղավար հրավիրեր Այո-ի 10 կողմնակցի և ՈՉ-ի 1 նվիրյալի, որովհետև մոտ 100 պատգամավոր կողմ են փոփոխություններին, մոտ 10-ը` դեմ:

Եթե նույնիսկ համամասնությունը պահելու համար առաջնորդվենք խմբակցությունների քանակով, ապա 3 Այո-ականին պետք է հակադրվի 2 Ոչ-ական: Այս դեպքում ևս տրամաբանությունը չի խախտվում. 2 Այո-ին բաժին է ընկնում 1 Ոչ:

Բայց իրո՞ք նորմալ է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հաղորդում է վարում: Իրականում` ոչ:


Իրականում լրագրության տարրական կանոնները պահանջում են, որ հաղորդավարը, մեկնաբանը, այս դեպքում` մոդերոտորը, լինի անաչառ ու անկողմնակալ: Բացի այդ, մոդերատորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: Չի կարող մասնակցել քաղաքական ակցիաների, չի կարող լինել ակտիվիստ, չի կարող լինել կողմնակալ:

Բնականաբար, սա չի կարգավորվում օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ, այլ կարգավորվում է լրագրողական էթիկայի նորմերով, որոնք ունենում են միայն լրջմիտ լրատվամիջոցները: Եթե լրատվամիջոցը չունի էթնիկ կոդ, կարող է առաջնորդվել Հայաստանի լրագրողական կազմակերպութունների մշակած սկզբունքներով, որոնք ունիվերսալ են: Այդ բոլոր գրված ու չգրված կանոններով մոդերատորին հակացուցված է լինել կուսակցական կամ պետպաշտոնյա: Նրա վստահելիությունն է տուժում:

Կարո՞ղ էր Արմեն Աշոտյանը Արևմտաեվրոպական երկրների ալիքներում (օրինակ`  BBC-ում) հաղորդում վարել` լինելով կուսակցական գործիչ ու պետական պաշտոնյա: Հաստատ` ոչ: Լրատվամիջո՛ցը թույլ չէր տա: Որովհետև լսարանը երես կթեքեր այդ հեռուստաալիքից: Արևմուտքում անաչառության և անկողմնակալության պահանջն ամենևին էլ ճաշակի հարց չէ: Պատկերացրեք`«Եռանկյունի» թոք շոուն անդրադառնում է կրթության ոլորտին. ու ի՞նչ: Հայաստանում ոլորտի գլխավոր պատասխանատուն «Եռանկյունու» ո՞ր գագաթն է զբաղեցնելու: Այդ ի՞նչ սուր հարցեր է տալու ինքն իրեն: Ինքն իրե՞ն է պատասխանելու: Այդ ինչպե՞ս է նրա վարած բանավեճը «ծնելու ճշմարտություն»: Անձի երկվության միջոցո՞վ:

Մի պարզ ճշմարտություն կա` բնապահպանը չի կարող լինել որսորդ, աթեիստը չի կարող լինել քահանա, դատախազը չի կարող լինել փաստաբան, նույն կերպ` նախարարն էլ չի կարող միաժամանակ լինել նաև լրագրող: Աշխարհը կառուցված է հակադրությունների վրա. երբ վերացնում ես այդ հակադրությունները, փլուզվում է հասարակական հարաբերությունների ամբողջ տրամաբանությունը:

Հիմա` նորմա՞լ է, որ նախարարը նախընտրական բանավիճային հաղորդաշար է վարում:


Իրականում խնդիրը նախարարը չէ: Նախարարը կարող է շատ բան չիմանալ:  Խնդիրը հեռուստատեսությունն է, որը նախարարին հրավիրում է հաղորդում վարելու ու չի անհանգստանում իր հեղինակության հնարավոր անկման համար (խոսքը ռեյտինգի մասին չէ): Բայց եթե Արմեն Աշոտյանին այս շրջանում` հանրաքվեին ընդառաջ, առաջարկվում է հաղորդում վարել, ապա նույն առաջարկը պետք է նաև արվեր նրա հակոտնյային, ասենք` Լևոն Զուրաբյանին: Եվ նրանց թողարկումներն էլ պետք է հաջորդեին մեկը մյուսին:

Խնդիրը մեդիա դաշտի ամլությունն է: Հեռուստատեսությունը չունի, չի ստեղծել գեթ մեկ քաղաքական մոդերատոր, որը տասնամյակների անբասիր աշխատանքի շնորհիվ կվայելեր հանրության մեծ մասի վստահությունն ու կկարողանար զբաղեցնել արդեն 25 տարի թափուր մնացող այդ «հաստիքը»: Քաղաքական թոք շոուի հաղորդավարին 1 շաբաթում չես «հասունացնի»: Նախընտրական բանավեճեր հայաստանյան հեռուստաեթերում եղել են 1-2 անգամ. այդպես կադրեր չեն պատրաստում: Այսօրվա քաղաքական դեբատների մոդերատորին պետք էր պատրաստել անցած տասնամյակների ընթացքում` ամեն շաբաթ թրծելով եթերում, համազգային բոլոր ընտրությունների ժամանակ իսկական բանավեճեր կազմակերպելով: Այս ամենը չի արվել: Ոչինչ չի արվել: Ահա ինչու հայկական ալիքներն այս հարցում էլ այսօր ստիպված են ծեծել կառավարության դռները:

Գրել կարծիք