[ Արեվելյան խոհանոց ] Ինչո՞ւ էր Բաշար Ասադը իր հոր Պլան Բ-ն

[ Արեվելյան խոհանոց ] Ինչո՞ւ էր Բաշար Ասադը իր հոր Պլան Բ-ն

Բռնապետ, թե հզոր կամքի տեր քաղաքական առաջնորդ. ո՞վ է Սիրիայի նախագահ Ասադն ու մինչև ու՞ր կգնա:

Աշխարհի մի կեսի համար ուժեղ, հզոր կամքի տեր ու անվախ անձնավորություն, մյուս կեսի համար` դաժան բռնակալ, դահիճ ու կեղեքիչ: Բաշար Ասադի հանդեպ վերաբերմունքը միատեսակ չէ: Նրան հաճախ մեղադրում են իշխանությունից կառչած լինելու մեջ: Սակայն իրականում Ասադն այդ իշխանությունը ստացել է ասել ակամա: 2000 թվականին 34 տարին բոլորած, նորաթուխ նախագահը երևի թերահավատորեն ժպտար, եթե այդ ժամանակ նրան ասեին, որ Մերձավոր Արևելքի պատմություն է մտնելու որպես կարևորագույն դերակատար ու գերազանցելու է իր հռչակավոր հորը՝ Հաֆեզ Ասադին: Ավելին, Բաշար Ասադը կարող էր ընդհանրապես առաջնորդ չդառնալ:

Հաֆեզ Ասադի գծած ծրագրով, իր իրավահաջորդն ու Սիրիայի նախագահը պետք է դառնար Բաշարի ավագ եղբայրը՝ Բասիլ Ասադը: Նա ստացել էր 20-րդ դարի Մերձավորարևելյան առաջնորդին վայել ռազմական կրթություն, մեծ հարգանք ու հեղինակություն էր վայելում սիրիական բանակում՝ հատկապես երիտասարդ սպաների շրջանում: Բասիլը նաև գեղեցիկ կանանց ու արագընթաց սպորտային մեքենաների սիրահար էր: Հենց վերջին նախասիրությունը ճակատագրական դարձավ երիտասարդ գնդապետի համար: 1994 թվականին` եղանակային վատ պայմաններում վարելով սպորտային Մերսեդեսը, Բասիլ Ասադը վթարի ենթարկվեց ու մահացավ[1]:



Ճակատագիրը Հաֆեզ Ասադին ստիպեց առաջ մղել «Պլան Բ»-ն: Բաշար Ասադը ամբողջությամբ քաղաքացիական անձ էր, ավարտել էր Դամասկոսի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Նա գիտության հանդեպ առանձնակի սեր ուներ ու բժիշկ դառնալով իրականացրել էր իր հոր երազանքը, որը երիտասարդ հասակում նյութական վատ վիճակի պատճառով չէր կարողացել բժիշկ դառնալ:

Եղբոր մահվան ժամանակ Բաշարը Լոնդոնում սովորում էր օրդինատուրայում՝ օֆտալմոլոգիա և աչքի վիրաբուժություն մասնագիտությամբ: Ավագ եղբոր մահվանից հետո Բաշարը ստիպված էր մռանալ բժշկի կարիերայի մասին: Հոր հրահանգով նա անմիջապես վերադարձավ Սիրիա: Հասարակության ու սիրիական վերնախավի կորիզը կազմող զինվորականների շրջանում հեղինակություն ձեռք բերելու համար նա սկսեց ինտենսիվ ռազմական պատրաստություն ստանալ: Ընդամենը 5 տարում Բաշարին հասցրին գնդապետի աստիճանի:

Սակայն Բաշարի ռազմական դասախոսները անընդհատ դժգոհում էին, որ նա չկամությամբ էր ուսումնասիրում ռազմական գիտությունն ու բաց էր թողնում դասերը: Եթե Ասադն իմանար, որ տարիներ անց ռազմական գիտելիքներն իրեն շատ են պետք գալու, անշուշտ ավելի ջանասիրաբար կսերտեր զինվորական գործը:

1.17.13-Bashar-al-Assad

Այնուամենայնիվ հորից ժառանգած ուժեղ բնավորությունը Բաշարը ցուցադրեց անիջապես, երբ 1999-ին կարողացավ չեզոքացնել իր հորեղբոր՝ Ռիֆաթ Ասադի՝ իշխանությունը վերցնելու փորձերը: 2000-ին՝ հոր մահից հետո, Բաշարն արդեն լիիրավ առաջնորդ դարձավ: Նրա առաջին որոշումներից մեկը համաներումն էր, որով ազատ արձակվեցին մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ: Բաշար Ասադը հայտարարեց Սիրիայում բարեփոխումներ սկսելու մասին:

Եվ իսկապես, Բաշարի կառավարման առաջին տարում Սիրիայում հասարակական-քաղաքական կյանքը դրական փոփոխություններ ապրեց: Մամուլն ավելի ազատ դարձավ, ստեղծվեցին քաղաքական նոր խմբակներ: Սակայն Հաֆեզ Ասադից ժառանգություն մնացած պետական ապարատն ու քաղաքական թիմը, վախենալով կորցնել իրենց իշխանությունը, դեմ արտահայտվեցին բարեփոխումներին ու ձախողեցին դրանք:

Դեռևս երիտասարդ Բաշար Ասադը ենթարկվեց 3 տասնամյակի ընթացքում Սիրիայում արմատավորված համակարգին: Սիրիան ներքաղաքական կյանքում շարունակեց մնալ փաստացի միակուսակցական, հասարակությունը շարունակեց լարված ապրել բանակի ու հատուկ ծառայությունների անդադար և սևեռուն հսկողության տակ:

Թերևս միակ կարևոր ոլորտը, որը Բաշար Ասադը լուրջ փոփոխությունների կատարեց, Սիրիայի արտաքին քաղաքականությունն էր: Երկիրը սկսեց մերձենալ եվրոպական երկրների՝ հատկապես Ֆրանսիայի հետ: Սիրիայի համար տասնամյակներ շարունակ թշնամական համարվող Թուրքիան վերածվեց կարևորագույն դաշնակցի, իսկ Էրդողանը՝ Ասադի ընտանիքի մտերիմ բարեկամի: Ժամանակը ցույց տվեց, որ հենց Թուրքիայի հարցում Ասադը թույլ տվեց իր կյանքի ամենադրամատիկ թերհաշվարկը:


[1]Բաշար Ասադի ու նրա ընտանիքի մանրամասն պատմությունը տես՝ В.М.Ахмедов “Сирия при Башаре Асаде” 2005.

Գրել կարծիք