Նեոպրենային ֆեյշն սերունդ

Նեոպրենային ֆեյշն սերունդ

Առաջին հայացքից տարօրինակ թվացող գործվածքը վերջին սեզոնների ընթացքում մեծ տարածում գտավ մեր քաղաքում և նույնիսկ դարձավ նոր սերնդի դիզայներների ոգեշնչման գլխավոր աղբյուրներից մեկը։

Նեոպրենը նոր նյութ չէ. ստեղծվել է 20-րդ դարի առաջին կեսին: Սինթետիկ կաուչուկի շերտ է, որին երկու կողմից սոսնձված է տեքստիլ։ Տասնամյակներ շարունակ այն կիրառվել է տեխնիկական նպատակով, նաև սուզորդների համար կամ սպորտային հագուստ ստեղծելու նպատակով:

Միայն վերջին տարիներին է ներթափանցել «մեծ» նորաձևություն։ Ծավալ ստեղծելու հատկությամբ նեոպրենը իդեալական է այժմյան oversize նորաձևության համար։ Հրապուրիչ է նաև գործվածքի փափկությունը: Եթե գործվածքի վերևի շերտը բնական է, հագուստը օժտված է լինում բնական նյութի բոլոր հատկանիշներով։ Եվս մեկ հնարավորություն, որ տալիս է նեոպրենը, քանի որ այն երկու կողմից սոսնձված է լինում տեքստիլով: Այդ երկու կողմը հաճախ լինում են տարբեր գույների, այսինքն՝ մեր տրամադրության տակ երկերես գործվածք է։ Մեկ այլ կարևոր առանձնահատկություն. նեոպրենը շատ թեթև է, թեև հաստ գործվածքի համար է։

Այս ամենը նպաստեց նեոպրենի տարածմանը և fashion հաղթարշավին։ Հետաքրքիր է, որ նոր սերնդի հայ դիզայներները միաժամանակ գնահատեցին նեոպրենը։ Eve Tangyan-ը, Sonya Avagyan-ը և The Muse-ն այս աշնանը ներկայացրեցին փոքրիկ նեոպրենային հավաքածուներ։

Eve Tangyan

Բոլոր նրանք, ովքեր Երևանում կապ ունեն նորաձևության հետ, սեպտեմբերի սկզբին ստացան մի շատ խոստումնալից հրավիրատոմս։ Tangyan-ը հրավիրում էր սեփական հավաքածուի շնորհանդեսին։ Շոուն սկսվեց տպավորիչ վիդեո արտով, որից հետո ներկաները գնահատեցին Թանգյանի հավաքածուի 16 մոդելները. մինիմալիզմ, oversize, գազարագույն, մոխրագույն… և, իհարկե, նեոպրեն։

newmag_print64

«Մոտ երկու տարի առաջ նկատել էի այս գործվածքը ու միշտ ուզում էի օգտագործել, բայց Հայաստանում չկար դրանից։ Հավաքածուն ստեղծելու ընթացքում փորձում էի օվալ ձևը ավելի ճիշտ ցույց տալ՝ ծիրանանման: Խանութում տեսա այս նարնջագույն նեոպրենը, որը միանգամից հիշեցրեց ծիրանը։ Հավաքածուի կոնցեպտներից մեկն էր՝ ստեղծել հագուստ, որը կունենա դասական ձևվածք, բայց կստեղծի սպորտային տպավորություն, իսկ նեոպրենը շատ է օգտագործվում սպրոտային հագուստի մեջ»։



Sonya Avagyan

The Pink Bubble. ես նույնիսկ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ ենք տեսել այսքան տպավորիչ հայկական վիդեո։ Դեմքի անմեղ արտահայտությամբ չորս գայթակղիչ, թափանցիկ նիմֆեր ներկայացնում էին Սոնյա Ավագյանի մինի հավաքածուի զգեստները։ Նրանք շրջում են վարդագույն շենքի մոտ, վարդագույն մաստակով փուչիկ փչում և պայթեցնում։ Մի խոսքով` 21-րդ դարի Գումբերթի fashion երազանք։ Հավաքածուն վարդագույն է՝ որոշ կարմիր դետալներով։

newmag_print644

Նեոպրենի միջոցով Սոնյան ստացել է bubble-ի, այսինքն՝ փուչիկի ուռուցիկությունը, իսկ վարդագույնի միջոցով` տարատեսակ զգացումների մի ամբողջ փունջ։ «Հավաքածուի ստեղծման ոգեշնչման աղբյուր ծառայեց մաստակը: Նեոպրենը միակն է, որ իր ֆակտուրայով թույլ է տալիս ստեղծել մաստակի տպավորություն, իսկ վառ, բայց նուրբ վարդագույնի երանգն առաջին իսկ հայացքից հիշեցնում է մեր մանկության bubble gum-ը»:

The Muse

Հետևելով նորաձևության միտումներին՝ դուետի աղջիկները ստեղծել են մինի հավաքածու, որը բաղկացած է մի քանի թեթև վերարկուներից։ Դրանք ստեղծելիս նրանց ընտրությունը նույնպես կանգ է առել նեոպրենի վրա։ «Իր կառուցվածքի շնորհիվ նեոպրենից կարելի է ստանալ համարյա ցանկացած ձևվածք, ինչի շնորհիվ այս կտորն աշուն-ձմեռ սեզոնի անփոխարինելի առաջատարն է, քանի որ հենց այս սեզոն հատկապես ակտուալ են պարզ, լակոնիկ կտրվածքներն ու պարզ ձևվածքը:

newmag_print64444

Նեոպրենի հարուստ գունային գամման հնարավորություն է տալիս բավարարել նորաձև հաճախորդների համարձակ պահանջները: Հենց այդ պատճառով նեոպրենը գերիշխում է մեր այս սեզոնի հավաքածուում»։

Գրել կարծիք