«Որոգայթ». Էսթետիկացված գանգստերական միֆ

«Որոգայթ». Էսթետիկացված գանգստերական միֆ

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը հայկական ամենադիտված հեռուստասերիալի՝ «Որոգայթ»-ի նոր կինոէկրանավորման, ռեժիսորական լուծումների, դերասանական խաղի ու ստացված լինելու մասին:

Գանգստերական պատմությունները կինեմատոգրաֆի առաջին իսկ էջերից ստեղծել են իրենց հատուկ կանոններն ու կառուցվածքը, որոնք բնորոշ են այդ ժանրին։ Կպչուն կլիշեները, որոնք ծնել է Հոլիվուդը դեռ 20-ականներին, օգտագործվում են մինչև այսօր։ Իտալական մաֆիան, «չոր օրենքը», Չիկագոյի «լպստած» գանգստերները, որոնք կոստյումի կարը կարևորում էին զենքից ոչ պակաս, ձևավորել են հատուկ կինոլեզու, որով ցանկանում են խոսել գրեթե բոլոր երկրների ռեժիսորները, որոնց հետաքրքիր է քրեական աշխարհը։

«Որոգայթը», իհարկե, հայկական ամենադիտված հեռուստասերիալն է, որտեղ, ինչպես ցանկացած քրեական ֆիլմում, շատ կարևոր են կոլորիտային, խարիզմատիկ և ուժեղ կերպարները։ Ռեժիսոր Ռոման Մուշեղյանը փորձել է խաղարկել այս կարևոր պոստուլատը և մաքսիմալ կերպով էսթետիկացնել կադրը։ Այդ պատասխանատու գործը իր ուսերին է վերցրել հայկական մասսայական կինոյի լավագույն օպերատորներից մեկը՝ Սուրեն Թադևոսյանը։

Ֆիլմի առաջին տեսարաններից մեկը հորդառատ անձրևի տակ էսթետիկացված թաղումն է. սև անձրևանոցներ, խնամված կանայք, թանկ կոստյումներով քրեական «գործիչներ»։ Իհարկե, հնացած հնարք է, որը համաշխարհային կինեմատոգրաֆում կիրառվել է տասնյակ տարիներ առաջ։

IMG_9505

Ռոման Մուշեղյանը էսթետ է. նա էկրանին գունային կոնտրաստ է ստեղծում` դրանց կարծես դիտմամբ տալով հագեցած, խտացված երանգներ (օրինակ` դերասանների մաշկը ընդգծած մուգ է)։ Հատուկ արված գունակորեկցիան, քաղաքի պանորամաները, Գրիգոր Աղախանյանի հերոսի կոստյումները. ահա ինչերի շնորհիվ է ֆիլմը ձեռք բերել իր արտաքին հմայքը։

Վառ արտահայտված գանգստերական դիմագծեր կրում են միայն Սոս Ջանիբեկյանի, Հարություն Մովսիսյանի և Աղախանյանի կերպարները, իսկ մնացած 2-3 տասնակ «գողականները» մնում են վատ ընտրված ռեկվիզիտի դերում։

Այս ֆիլմը վստահ կարելի է անվանել դերասանական կինո. այստեղ պատմությունը կրում են հենց կերպարները և նրանց երկխոսությունները։ Իրականում հետաքրքիր քրեական դիալոգ գրելը հայկական պայմաններում հեշտ չէ:


«Սիրո գործակից». Շտամպ և գրոտեսկ


Մեծ լսարանի համար նախատեսված հայկական կինոյում դեռ չենք օգտագործում «fuck» բառի հայերեն տարբերակը կամ ուրիշ հայհոյանքներ, որոնք ավելի շուտ կէժանացնեն երկխոսությունը` միջավայրի շունչը փոխանցելու փոխարեն։ Դա կարող են անել Գայ Ռիչին և Քվենթին Տարանտինոն, բայց ոչ Մուշեղյանը:

Q41C1554

Ժարգոնային ֆրազները հայ կինոյում առավելագույնը կարող են արտահայտվել ռուսիզմների տեսքով, որոնք ամուր մխրճվել են երևանյան հայերենի մեջ։ Սերիալային անցյալը` կադրը «ձգելու» առումով, զգացվում է ամբողջ ֆիլմի ընթացքում: Քրեականների հավաքի ընթացքում ու մի քանի տեսարաններում չկա միկրոպաուզաներ պահելու մշակույթը. դերասանների ռեպլիկները «նստում են մեկը մյուսի վրա»։

Տղամարդկանց կերպարների մեջ չկան վառ արտահայտված, հումորային, միամիտ կամ որոշակի թեթև ու «դեսերտային» պերսոնաժներ, ինչպիսիք են, օրինակ՝ Ջո Փեշիի հերոսները Մարտին Սքորսեզեի ֆիլմերում:

Կանանց կերպարներն էլ գրեթե հում են։ Հավանաբար լավագույն դերասանուհին այս ֆիլմում և հայկական մեյնսթրիմում՝ Մարջան Ավետիսյանը, կրկին ապացուցում է իր լայն դիապազոնը, որը, կարծում եմ, օգտագործվում է կիսատ։

Արփի Գաբրիելյանի արտաքինի և նրա հերոսուհու միջև մեծ դիսոնանս կա. հարուստ մաֆիոզի «ծիտ» դուստրը չգիտես ինչու սիրահարվում է իր հոր «անֆայմ» թիկնապահ-վարորդին: Գուցե պատճառն այն է, որ ռեժիսորը գեղեցիկ աղջկան պարզապես «տեղավորել է» մանեկենի կերպարում:

«Վատ տղերքի մասին» ֆիլմում պարտադիր պետք է լինի նաև «լավ ուտելու տեսարան»: Դա նրանց սիրելի ժամանցն է: Այստեղ էլ ռեալիստորեն ցուցադրվում է կրիմինալների` բնության գրկում «մի կտոր հաց ուտելը»` խորոված-լավաշով  ու շատ խոշոր պլանով։ Սա, իհարկե, Բոբի Դարինի հիթի ներքո ածելիով սխտոր կտրատելու շքեղ տեսարանից շատ հեռու է («Լավ տղաները». Մ. Սքորսեզե), բայց ճանաչելի միջավայր է:

Q41C9276

Գանգստերական ֆիլմում կենցաղային պարզ ու մարդկային ապրումներին հետ հատկացնելը դարձել է չգրված օրենք. դրանք երբեմն նույնիսկ հարստացնում են սյուժեի միապաղաղ ընթացքը։ Անընդմեջ վիսկի խմող հանցագործների մենյուն կարելի էր, իհարկե, ավելի բազմազան դարձնել կամ ընդմիջարկել հետաքրքիր ու զավեշտալի մի քանի կարճ երկխոսությամբ։

Ամենևին արդարացված չէ Հովոյի (Հարություն Մովսիսյանի) և Անահիտի (Ելենա Բորիսենկոյի) սիրային գծի տրամաբանությունը։

Ընդամենը մեկ կարճ ժամադրությունից հետո, որն ընդհատվում է թշնամական կլանի հարձակման պատճառով, Անահիտն արցունքն աչքերին Հովոյին սեր է խոստովանում։ Հայկական կինեմատոգրաֆը չի կարողանում խորքային ներկայացնել սիրային տեսարաններն ու անկողնային դրվագները։ Եթե լկստվել կանանց հետ, ապա սաունայատիպ լողավազանում, որի կողքի սեղանին դրված են հայկական ավանդական բանանն ու անանասը։

Կարելի էր չգնալ տրորված արահետով և մտածել նաև այդ իրավիճակներն ավելի թարմ շնչով ներկայացնելու մասին։

Ֆիլմի կեսին երկու-երեք տեղ սցենարական «փոսեր» կան, այո՛, սակայն ընդհանուր առմամբ այն դիտվում է մեկ շնչով։ Երևում է, որ որոշ դերասաններ իրենց տեղում են (օրինակ՝ Սոս Ջանիբեկյանը` էմոցիոնալ Գոքորի դերում), բայց մյուսները` հիմնականում երկրորդական և երրորդական կերպարներ մարմնավորողները, չեն էլ պատկերացնում իրենց դերակատարումն այս ամբողջ պատմության մեջ։

Q41C0011

Անավարտ վերջաբանը  հուշում է, որ գուցե հետագայում նկարահանվի «Որոգայթ-2», եթե այս մեկը կոմերցիոն հաջողություն ունենա հայկական կինովարձույթում: Հնարավոր է ցանկացած շարունակություն` և՛ գլխավոր հերոսների ակտիվ մասնակցությամբ, և՛ առանց նրանց, եթե այսօրվա երկրորդ պլանի որևէ հերոս դառնա հիմնական գործող անձը: Բայց հիշենք, որ սիքվելները սովորաբար առաջին մասից թույլ են լինում:

 

Գրել կարծիք