[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Միլան Կունդերա. Կեցության անտանելի թեթևությունը

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Միլան Կունդերա. Կեցության անտանելի թեթևությունը

Չեխ հայտնի գրողի վիպակը հայերեն լույս է տեսել առաջին անգամ: newmag-ը բացառիկ իրավունքով հրապարակում է գրքի նախաբանը:

Kundura

Հեղինակի կողմից հիմարություն կլիներ՝ ընթերցողին փորձել հավատացնել, որ այս կերպարները գոյություն են ունեցել իրական կյանքում: Նրանք ոչ թե մայրական արգանդից են սերել, այլ ծնունդ են առել մի քանի իմաստալից ֆրազից կամ որևէ առանցքային իրադրությունից: Թոման ծնվել է «einmal ist keinmal» ֆրազից: Թերեզան ստամոքսի ղլղլոցի ծնունդ է:

Առաջին անգամ, երբ Թերեզան հատեց Թոմայի բնակարանի շեմքը, նրա որովայնը սկսեց ղլղլալ: Պետք չէ զարմանալ. ո՛չ ճաշել էր, ո՛չ ընթրել, բավարարվել էր կեսօրից առաջ մինչև գնացք բարձրանալը կառամատույցին գնած սենդվիչով: Գլխովին տարված իր խիզախ ուղևորության գաղափարով՝ Թերեզան մոռացավ ուտել: Բայց երբ բնավ չես հոգում մարմնիդ մասին, ավելի հեշտ ես նրա զոհը դառնում: Ի՜նչ տառապանք էր Թերեզայի համար լսել, թե ինչպես է բարբառում իր որովայնն այն պահին, երբ Թոմայի հետ կանգնած էին դեմ առ դեմ: Հազիվ էր արցունքները զսպում: Բարեբախտաբար, տասը վայրկյանից Թոման նրան իր գիրկն առավ, և Թերեզան մոռացավ որովայնի ղլղլոցը:

2

Այսպիսով, Թերեզան ծնվել է մի իրադրությունից, որն անսպասելիորեն ի ցույց է դնում մարմնի և հոգու անլուծելի երկվությունը՝ մարդկային ճակատագրի հիմնարար այդ փորձը:

Մի ժամանակ մարդն ապշահար լսում էր կրծքավանդակի ներսից լսվող հավասար զարկերը և ինքն իրեն հարց տալիս, թե ինչ է դա: Նա չէր կարող իրեն նույնացնել այդքան օտար և անծանոթ մի բանի՝ մարմնի հետ: Մարմինը վանդակ էր, և ներսում ինչ-որ բան նայում էր, լսում, սարսափում, մտածում ու զարմանում. այդ ինչ-որ բանը՝ պահպանված մասունքը, մարմնից անջատված մասնիկը, հոգին էր:

Իհարկե, այսօր մարմինը դադարել է առեղծված լինել. այսօր բոլորս գիտենք, որ կրծքավանդակում տրոփող այդ բանը սիրտն է, իսկ քիթն ընդամենը մարմնից դուրս եկող խողովակի ծայրն է, որը թոքերին թթվածին է մատակարարում: Դեմքն ընդամենը այն պատկերն է, որին, ի վերջո, հանգում են ֆիզիկական տարբեր մեխանիզմներ. մարսողություն, տեսողություն, շնչառություն, ռեֆլեքսներ:

Այն օրից, ինչ մարդն ունակ է իրենց անուններով կոչել մարմնի բոլոր մասերը, մարմինը նրան ավելի քիչ է անհանգստացնում: Այսուհետև յուրաքանչյուրը գիտի նաև, որ հոգին ընդամենը ուղեղի գորշ նյութի գործունեության արդյունքն է: Գիտական տարբեր եզրույթներ կոծկել են մարմնի և հոգու երկվությունը, և այսօր այն թվում է այլևս հնացած մի նախապաշարում, որն անկեղծ ծիծաղ է առաջ բերում:

Բայց բավական է խենթի պես սիրահարված լինես ու լսես, թե ինչպես է ներսդ ղլղլում, որպեսզի հոգու և մարմնի միությունը՝ գիտության դարի քնարական այդ պատրանքը, իսկույն հօդս ցնդի:

Girq3

Նա փորձում էր տեսնել իրեն իր մարմնի մեջ: Եվ ուրեմն, հաճախ էր նայում հայելուն: Եվ քանի որ վախենում էր, որ մայրը կարող է հանկարծ իրեն տեսնել, նրա հայացքներում թաքուն մի արատի կնիքն էր դրոշմված:

Թերեզային ոչ թե սնափառությունն էր մղում դեպի հայելին, այլ հայելու մեջ իր «ես»-ը հայտնաբերելու զարմանքը: Նա մոռանում էր, որ իր առջև հառնող պատկերն ընդամենը մարմնի մեխանիզմների նկարն է: Նրան թվում էր, թե սեփական դիմագծերի տակ ինքը բացահայտում է իր հոգին: Մոռանում էր, որ քիթը ծայրն է այն խողովակի, որ կոչված է օդը հասցնել թոքեր: Իր դիմագծերի մեջ Թերեզան իր բնույթի հավատարիմ արտահայտությունն էր տեսնում:

Երկար դիտում էր իր պատկերը և երբեմն տհաճությամբ սեփական դեմքի վրա մոր դիմագծերն էր արձանագրում: Այդժամ Թերեզան է՛լ ավելի համառորեն էր հայացքը մեխում հայելուն, կամքը լարում, որ վերացարկվի մայրական դիմագծից, ջնջի՝ դեմքի վրա թողնելով միայն այն, ինչն իրեն էր պատկանում: Եվ երբ դա հաջողվում էր, պահը նմանվում էր արբեցման. հոգին բարձրանում էր մարմնի մակերևույթ, նման նավի այն անձնակազմին, որ դուրս է նետվում նավի որովայնից, հեղեղում նավակամուրջը, ձեռքերը երկինք պարզած թափահարում և երգում:

4

Նա նման էր մորը ոչ միայն ֆիզիկապես, այլ երբեմն ես այն տպավորությունն ունեմ, որ Թերեզայի կյանքն ընդամենը մոր կյանքի շարունակությունն է եղել, ինչպես բիլիարդի գնդակի վազքն իրականում բիլիարդ խաղացողի թևի շարժման շարունակությունն է:

Որտե՞ղ և ե՞րբ էր ծնվել այն շարժումը, որ ավելի ուշ վերածվեց Թերեզայի կյանքին:

Հավանաբար այն պահին, երբ Պրահայի մի առևտրական իր դստեր՝ Թերեզայի մոր առջև առաջին անգամ նրա գեղեցկության գովքն արեց: Մայրն այդ ժամանակ երեք թե չորս տարեկան էր, և հայրն ասում էր դստերը, որ նա Ռաֆայելի Տիրամորն է նման: Աղջիկը դա ի գիտություն ընդունեց և ավելի ուշ՝ արդեն վարժարանի նստարանին, դասախոսին լսելու փոխարեն, ինքն իրեն հարց էր տալիս, թե որ կտավին կարելի է նմանվել:

Երբ ձեռքը խնդրելու ժամանակը եկավ, նա ինը երկրպագու ուներ: Բոլորը շրջան կազմած՝ ծնրադրել էին նրա շուրջ: Նա արքայադստեր պես կանգնած էր մեջտեղում ու չգիտեր՝ ում ընտրել. առաջինն ավելի գեղեցիկ էր, երկրորդն ավելի ոգեղեն էր, երրորդն ավելի հարուստ էր, չորրորդն՝ ավելի մարզված, հինգերորդն ավելի լավ ընտանիքից, վեցերորդը նրա համար բանաստեղծություններ էր արտասանում, յոթերորդն աշխարհը ոտքի տակ էր տվել, ութերորդը ջութակ էր նվագում և իններորդն ամենաառնական տղամարդն էր: Բայց բոլորին ծնրադրելու նույն ձևն էր բնորոշ, և բոլորի ծնկներին նույնանման կոշտուկներ էին առաջացել:

Ի վերջո, նա ընտրեց իններորդին, ոչ թե որովհետև ամենաառնականն էր, այլ որովհետև երբ սեռական մերձեցման ժամանակ աղջիկը նրա ականջին շշնջում էր. «Ուշադի՛ր եղիր, ուշադի՛ր եղիր», վերջինս դիտավորյալ ուշադրություն չէր դարձնում, այնպես որ՝ չկարողանալով ժամանակին երեխայից ազատվելու համար բժիշկ գտնել՝ աղջիկը ստիպված եղավ շտապ նրա հետ ամուսնանալ: Այդպես ծնվեց Թերեզան: Անհամրելի ընտանիքը ժամանում էր երկրի ամենատարբեր ծայրերից, կռանում օրորոցի վրա, ծլվլում մանկական լեզվով: Թերեզայի մայրը չէր ծլվլում: Նա լռում էր: Մտածում էր մյուս ութ երկրպագուների մասին և մտքում նրանց գերադասում իններորդից:

Ինչպես և դուստրը, Թերեզայի մայրը սիրում էր իրեն հայելու մեջ նայել: Մի օր նա արձանագրեց, որ աչքերի շուրջ կնճիռներ են առաջացել, և ինքն իրեն ասաց, որ իր ամուսնությունն անհեթեթություն էր եղել: Նա հանդիպեց մի տղամարդու, ով ամենևին առնական չէր ու նախկինում մի քանի զեղծարարության և երկու ամուսնալուծության հեղինակ էր: Կինն ատում էր կոշտուկավոր ծնկներով սիրահարներին: Կինն իր հերթին ծնկի գալու կատաղի ցանկություն ուներ: Նա ծնկի եկավ զեղծարարի առջև և լքեց իր ամուսնուն ու Թերեզային:

Տղամարդկանցից ամենաառնականը դարձավ ամենատրտումը տղամարդկանցից: Նա այնքան տխուր էր, որ ամեն ինչի նկատմամբ դարձել էր անտարբեր: Ամենուրեք ու բարձրաձայն ասում էր իր մտածածը, և կոմունիստական ոստիկանությունը, նրա անհարկի խորհրդածություններից վրդովված, նրան հարցաքննեց, դատապարտեց և ձերբակալեց: Նրա մեխած դռներով բնակարանից արտաքսված Թերեզան գնաց մոր մոտ:

Որոշ ժամանակ անց ամենատրտումը տղամարդկանցից հանգավ բանտում, և մայրը Թերեզայի ուղեկցությամբ գնաց զեղծարարի հետ լեռների ստորոտին ծվարած փոքրիկ մի գյուղում հաստատվելու: Խորթ հայրը գրասենյակի կատարածու էր, մայրը՝ գործակատարուհի: Նա էլի երեխաներ ունեցավ: Հետո մի օր, երբ հերթական անգամ իրեն էր նայում հայելու մեջ, նկատեց, որ ծեր է և տգեղ:

5

Երբ արձանագրեց այն փաստը, որ ամեն ինչ կորցրել է, սկսեց մեղավորներ փնտրել: Մեղավոր էին բոլորը. մեղավոր էր առաջին ամուսինը՝ առնական և չսիրված, մեղավոր էր, որ չէր ենթարկվել իրեն, երբ ինքն ականջին շշնջում էր, հորդորում, որ զգույշ լինի, մեղավոր էր երկրորդ ամուսինը՝ ոչ այնքան առնական և սիրված, որ իրեն տարել էր Պրահայից դուրս՝ գավառական փոքրիկ մի քաղաք, որտեղ նա սիրահետում էր բոլոր կանանց, այնպես, որ ինքն անվերջ զբաղված էր նրան խանդելով: Կինը երկու տղամարդկանց դեմ բանեցնելու զենք չուներ: Միակ արարածը, որ նրան էր պատկանում և չէր կարող խուսանավել, այն պատանդը, որ կվճարեր մյուս բոլորի փոխարեն, Թերեզան էր:

Իմիջիայլոց, գուցե և նա իսկապես պատասխանատու էր մոր ճակատագրի համար: Նա՝ անհեթեթ այդ հանդիպումն ամենաառնական տղամարդու սպերմատոզոիդի և ամենագեղեցիկ կնոջ ձվի միջև: Ճակատագրական այդ վայրկյանին, որի անունն էր Թերեզա, մայրիկն արդեն սկսել էր ձախողված կյանքի իր մարաթոնը:

Նա անխոնջ բացատրում էր Թերեզային, որ մայր լինել նշանակում է ամեն ինչ զոհաբերել: Նրա խոսքերը համոզիչ էին, որովհետև վկայում էին մի կնոջ փորձի մասին, ով ամեն ինչ կորցրել էր իր զավակի պատճառով: Թերեզան լսում էր ու մտածում, որ կյանքի գերագույն արժեքը մայրությունն է, և որ մայրությունը մեծ զոհաբերություն է: Եթե մայրությունն ինքնին Զոհաբերությունն է, աղջիկ լինելն ուրեմն այն Սխալն է, որը երբեք ոչնչով չես կարող քավել:

6

Իհարկե, Թերեզային հայտնի չէր գիշերային այն դրվագը, երբ մայրը շշնջացել էր տղամարդկանցից ամենաառնականի ականջին՝ հորդորելով նրան զգույշ լինել: Թերեզայի մեղքի զգացումը նույնքան անսահմանելի էր, որքան նախասկզբնական մեղքը: Նա ամեն ինչ անում էր այն քավելու համար: Քանի որ մայրը քոլեջից հանել էր դստերը, Թերեզան տասնհինգ տարեկանից աշխատում էր որպես մատուցողուհի, և իր վաստակած ողջ գումարը մորն էր հանձնում: Նա պատրաստ էր ամեն ինչի՝ մոր սիրուն արժանանալու համար: Զբաղվում էր տնտեսությամբ, հոգ էր տանում քույրերին և եղբայրներին, ամբողջ կիրակին անցկացնում քերելով ու լվալով: Ցավալի էր, որովհետև վարժարանում Թերեզան ամենաընդունակն էր իր դասընկերների մեջ: Նա ցանկանում էր բարձրանալ, բայց ո՞ւր բարձրանաս այդ փոքրիկ քաղաքում: Թերեզան լվացք էր անում, և մոտը՝ լոգարանի կողքին, բացված մի գիրք էր դրված: Թերթում էր էջերը, և գիրքը թրջվում էր ջրի կաթիլներից:

Տանն ամոթի զգացում գոյություն չուներ: Մայրը ներքնազգեստով ետուառաջ էր անում բնակարանում, երբեմն՝ առանց կրծկալի, երբեմն էլ՝ ամռան օրերին, լրիվ մերկ: Խորթ հայրը մերկ չէր ճեմում, բայց միշտ սպասում էր Թերեզայի լոգանքին, որ մտնի լողասենյակ: Մի օր, երբ Թերեզան դուռը բանալիով փակել էր, մայրը տեսարան սարքեց.

– Ինչի՞ տեղ ես քեզ դրել: Ի՞նչ ես երևակայում: Ի՞նչ է, կո՞ւլ է տալու գեղեցկությունդ:

(Այս նախադասությունը պարզորոշ ցույց է տալիս, որ մոր՝ դստեր նկատմամբ ունեցած ատելությունն առավել ուժեղ էր, քան ամուսնու նկատմամբ տածած խանդը: Աղջկա գործած մեղքն անծայրածիր էր, այն ներառում էր մինչև իսկ ամուսնու անհավատարմությունները: Այն, որ իր աղջիկը կարող է ցանկանալ էմանսիպացվել և համարձակվել իր իրավունքները պաշտպանել՝ ասենք, լողասենյակի դուռը բանալիով փակելով, մոր համար շատ ավելի անընդունելի էր, քան ամուսնու հնարավոր սեռական ցանկությունը՝ Թերեզայի նկատմամբ):

Ձմռան մի օր մայրը լույսերը վառած մերկ շրջում էր սենյակներից մեկում: Թերեզան վազեց շերտավարագույրն իջեցնելու, որ դիմացի շենքից տեսնող չլինի: Նա լսեց՝ ինչպես է մայրը ծիծաղում իր թիկունքում: Հաջորդ օրը մոր ընկերուհիներն այցի էին եկել նրան: Մի հարևանուհի, խանութի վաճառողուհիներից մեկը, թաղամասի ուսուցչուհին և երկու- երեք կանայք, որ պարբերաբար հավաքվում էին: Թերեզան կանանցից մեկի տասնվեցամյա որդու հետ մի պահ միացավ նրանց: Մայրն անմիջապես առիթից օգտվեց, որ բոլորին պատմի, թե ինչպես էր աղջիկը փորձել իրեն պաշտպանել խայտառակությունից: Նա ծիծաղում էր, և բոլոր կանայք հռհռում էին:

Հետո մայրն ասաց.

– Թերեզան չի ուզում ընդունել, որ մարդկային մարմինը կարող է միզել ու պստել:

Թերեզայի դեմքը դարձել էր կաս- կարմիր, բայց մայրը շարունակեց.

– Իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ:

Եվ անմիջապես սեփական հարցին պատասխանելով՝ մի քանի անգամ իրար ետևից աղմուկով պստեց: Կանայք բոլորը ծիծաղում էին:

7

Մայրն աղմուկով քիթն է սրբում, սրան-նրան պատմում իր սեռական կյանքին վերաբերող մանրամասներ, ցուցադրում դնովի ատամնաշարը: Նրան լեզվի մի շարժումով երևելի ճարպկությամբ հաջողվում է ատամնաշարը դուրս գցել՝ թողնելով, որ վերին ծնոտը լայն ժպիտով իջնի ստորին ատամնաշարի վրա. ու նրա դեմքին նայելիս հանկարծ փշաքաղվում ես:

Մոր ողջ պահվածքն ամփոփված է այդ ընդոստ շարժման մեջ, որով նա մերժում է սեփական երիտասարդությունն ու գեղեցկությունը: Այն ժամանակ, երբ ինը երկրպագուները շրջան կազմած ծնրադրում էին նրա առջև, նա տագնապած մի հոգածությամբ վերահսկում էր իր մերկությունը: Իր ամոթխածությամբ էր չափում մարմնի գինը: Եթե հիմա ամոթը կորցրել է, ապա այդ անամոթությունն արմատական է, ասես իր այդ անամոթությամբ նա ցանկանար հանդիսավոր խաչ քաշել անցած կյանքի վրա և գոչել ի լուր աշխարհի, որ երիտասարդությունը և գեղեցկությունը, որ ինքը գերագնահատել էր, փաստորեն ոչ մի արժեք չունեն:

Թերեզան ինձ թվում է նույն այն ժեստի շարունակությունը, որով մայրը մի կողմ շպրտեց գեղեցիկ կնոջ իր կենսագրությունը:

(Եվ զարմանալի չէ, որ Թերեզան ինքն էլ նյարդային տեսք ունի, որ նրա ժեստերը զուրկ են շնորհագեղ դանդաղկոտությունից. հենց դա է Թերեզան. մոր այդ մեծ շարժումը՝ ինքնակործան և հզոր):

Գրել կարծիք