ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Մագիլի քարանձավի գաղտնիքը

ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Մագիլի քարանձավի գաղտնիքը

Տիգրան Զարեյանը սեփական փորձով անցել է Մագիլի քարանձավի բոլոր այրերով, սողոսկել նույնիսկ անմատչելի տարածքներ՝ ուսումնասիրելու համար տեղի տիրակալներին:

Նեոլիթյան ժամանակաշրջանից բնակելի ու 1700 մետր քարտեզագրված խորություն ունեցող քարանձավը գտնվում է Արենի գյուղից 3 կիլոմետր դեպի հարավ-արևելք` թեքության վրա: Քարանձավի եզակի ու դեռևս միակ մուտքը այս 5-մետրանոց նեղլիկ անցքն է, որն անցնելուց հետո հայտնվում ենք փոքրիկ սրահում: Հետո ճանապարհը բաժանվում է մի քանի թունելների: Ճիշտ ճանապարհը գծանշված է թելով, ու հենց բարակ թելն է տանում ճիշտ ուղղությամբ: Տեղացիներն ասում են, որ այստեղ բազմաթիվ են ճակատագրական թունելները: Օրինակ` եթե այս մեկով փորձեք անցնել, չեք էլ նկատի, թե ինչպես կգահավիժեք մի քանի հարյուր մետր ներքև… անդունդ: Անցյալ դարի 70-ականների սկզբին հայտնաբերված քարանձավը ամբողջությամբ հետազոտված չէ, լուրջ պեղումներ այստեղ չեն արվել: Սակայն հենց այս քարայրում հայտնաբերվել են ոչ միայն 9-րդ դարի գտածոներ, այլև քարեդարյան ոսկորներ, քարե գործիքներ:

Ոչ ոք կարծես չի ցանկանում կամ չի ուզում խոսել մշակութային շերտերի մասին, ինչը կարևոր է: Համեմատաբար մեծ սրահներում պտտվելուց հետո պարզ է դառնում անտեսված իրականությունը: Քարանձավի ամբողջ տարածքը անկանոն ու կոպիտ փորված է: Ամենուր թափթփված են ոսկորներ: Ահռելի քանակությամբ մնացորդներ կան, ամենուրեք փոսեր են արված: Պատերի վրա բազմաթիվ են կիսով չափ այրված մոմերն ու խարույկ վառելու համար նախատեսված փայտերը: Պարզ է, որ քարանձավը փորողները ոչ գիտնականներ են եղել, ոչ էլ մասնագետներ:

Zaaareyan

Քարանձավի խորքը հասնելու ու չղջիկներին տեսնելու համար սեփական փորձով ընտրում ենք ամենադժվարանցանելի ու բարդ ճանապարհը: Այս ուղին գրեթե հետազոտված չէ ու գրեթե անանցանելի է: Բայց հարկավոր է ամեն ճեղք ստուգել՝ չղջիկների գաղութը հայտնաբերելու համար: Մեզ հաջողվում է անգամ հայտնաբերել այն սրահը, որի առաստաղից կենդանիները կախվում են ամռանը: Թռչնամուկն այս վայրը պատահաբար չի ընտրել: Սա քարանձավից դուրս թռչելու ամենահարմար անցքն է: Ու հենց այստեղից են փոքրիկ գիշատիչները դուրս գալիս որսի ու ոչնչացնում հազարավոր վնասատուներ: Մի փոքր խորանալուց հետո տեսնում ենք առաջին չղջիկին: Սա նշանակում է, որ ճիշտ ուղղության վրա ենք: Սակայն քիչ չեն դեպքերը, որ այսպես ասած կեղծ պահակներն են կախված գլխիվայր՝ գաղութի գտնվելու վայրը թաքցնելու և անկոչ հյուրերին մոլորեցնելու համար: Ուզած- չուզած պետք է գնալ հենց այդ մեկ չղջիկի հետագծով. գուցե բախտը մեզ ժպտա, ու գտնենք կենդանիներին: Սակայն պետք չէ մոռանալ անվտանգության մասին. ամենատհաճ բանը չուսումնասիրված քարանձավում մոլորվելն է:



Այստեղից սկսվում է Մագիլի քարանձավի ամենաբարդ հատվածը: Սկզբում կուզեկուզ ենք շարժվում, հետո՝ սողեսող. սա միակ տարբերակն է: Մինչև մթնելը մեկ ժամ կա, ուստի որոշում ենք ավելի մանրամասն ուսումնասիրել քարանձավի այս հատվածը, ու կամաց-կամաց ուրվագծվում է քարանձավի դաժան անցյալը: Այս հատվածում նույնպես ամեն ինչ փորված է, հստակ երևում են վառված չղջիկների մնացորդները: Մագիլի քարանձավը թալանողներն ավելի քան 40 տարի անխնա ոչնչացրել են չղջիկներին: Գտածոներ որոնողները ամենայն հավանականությամբ այնքան արժեքավոր իրեր են գտել, որ բազմադարյան կուժերը պարզապես շպրտել են ուր պատահի ու ջարդել:

Փոշու շերտը մի փոքր մաքրելուց հետո նորից երևում են կուժերի ու այլ պարագաների կտորտանքներ: Եթե հաշվի առնենք, որ, օրինակ, 17-18-րդ դարի մետաղադրամի արժեքը գտածոների սև շուկայում մի քանի հարյուր դոլարի է հասնում, մոտավոր կարելի է պատկերացնել, թե ինչ ահռելի գումարներ կարժենան 3-4 հազար տարվա վաղեմություն ունեցող գտածոները:

Մագիլի քարանձավը որոշել են վարձակալությամբ տալ: Ակնհայտ է, որ զբոսաշրջության դեպքում չղջիկները կանհետանան: Պարզ է, որ վարձակալողները կմեծացնեն այս նեղլիկ անցքերը, անհայտ է, թե ինչ է լինելու պատմական շերտի հետ:

Zaareyan

Մթնում է. գիշերելու ժամանակն է: Մի փոքր խորանում ենք քարանձավում ու պառկում հենց հատակին: Արթնանալուն պես շարունակում ենք ճանապարհը: Սրանք բացառիկ նկարահանումներ են: Առաջին անգամ է, որ տեսախցիկը թափանցում է այսքան խորը: Քարանձավը բարդ ու բնակերտ թունելների հսկայական ցանց է: Այստեղ և՛ ամռանը, և ՛ ձմռանը ջերմաստիճանը տատանվում է +14 – +16 սահմաններում: Պատճառն էլ հենց սա է, որ այս վայրը նախընտրել են և՛ նախամարդը, և ՛ կենդանին:

Քարանձավի հայտնաբերման ժամանակ այստեղ ապրել է 14-17 հազար չղջիկ: Այժմ առավելագույնը 1000-ն են մնացել մարդու միջամտության պատճառով: Էկոհամակարգում ամեն ինչ փոխկապակցված է, ու շղթայի օղակներից մեկի խափանումը կփլուզի ամբողջ համակարգը: Այս այսպես կոչված ցեցի թիթեռները առաջին հայացքից ոչ մի կապ չեն կարող ունենալ փոքրիկ գիշատիչների հետ, բայց իրականում ամեն ինչ հակառակն է: Սա չղջիկների կերն է:

Այս ձմեռ շատ ցուրտ էր, ու հենց դա էլ չղջիկներին ստիպել է հնարավորին չափ խորը թաքնվել քարանձավում: Անհայտ է, թե որ ճեղքում են թաքնված, ու գուցե ընդհանրապես չկարողանանք տեսնել դրանց: Մի քանի ժամ թափառում ենք քարանձավում, ու ոչինչ չի երևում, միայն հանդիպում են գաղութի պահապանները: Մեկ կամ երկու հատով: Չենք հուսահատվում ու որոշում ենք հասնել ամենահեռավոր վայրն ու փնտրել ամենաանմատչելի խորշում: Ստացվում է, ու առաջին անգամ նկարահանում ենք քարանձավաբնակների գաղութը:

chxjikkk

Մագիլի քարանձավը հազվագյուտ ստորգետնյա էկոհամակարգ է ու կարմիր գրքում գրանցված չղջիկների բնակավայր: Հենց այս գիշատիչներն են ապահովում Վայոց ձորի խաղողի, բանջարեղենի ու ծառերի բերքատվության մի մասը:

Եթե չղջիկները վերանան, կվերանա նաև էկոհամակարգը, ու ֆերմերներն էլ ստիպված կլինեն մի քանի անգամ ավելի շատ գումար ծախսել բերքը պահպանելու համար: Բնակերտ այս հրաշքը Հայաստանի բնության դեռևս գործող արյունատար անոթներից մեկն է: Առանց Մագիլի քարանձավի մեկընդմիշտ կփոխվի տարածաշրջանի բնությունը:

Գրել կարծիք