10 երգ, որ պետք է լսել Ամանորին

10 երգ, որ պետք է լսել Ամանորին

Եթե հիմա, տանը նստած, թեյ եք խմում ու ընթերցում newmag, այդ հաճույքներին գումարե՛ք նաև «Youtube» կայքը՝ զուգահեռաբար ունկնդրելով մեր տոնական երգացանկը։

Տոներն են մոտենում, տոներն են մոտենում։ Իսկ առանց երաժշտության դժվար է պատկերացնել որևէ տոն, հատկապես երբ խոսքը Ամանորի մասին է։ Սովետական միության տարիներին Նոր տարին մեզ համար Սուրբ ծննդից կարևոր դարձավ, մինչդեռ Արևմուտքում ու հատկապես ԱՄՆ-ում Քրիստոսին նվիրված տոնական երգերը մի առանձին մշակույթ են։ Ահա փոքրիկ միքս-տասնյակ՝ Ամանորի և Սուրբ ծննդի մասին երգերով։

1ԷԼԼԱ ՖԻՑՋԵՐԱԼԴ /(Ella Fitzgerald )/ «WHAT ARE YOU DOING NEW YEAR’S EVE?»

Սկսենք մեծ Ֆիցջերալդից ու նրա կատարմամբ «What Are You Doing New Year’s Eve?»` «Ի՞նչ ես անելու Նոր տարվա նախաշեմին», երգից։ Բուխարու մոտ նստելու տրամադրող այս գործը ստեղծել է Ֆրենց Լեսրը 1947-ին` 9-րդ տեղը զբաղեցնելով 1949 թ. թոփ բիլբորդում։ Երգը կատարում էր «The Orioles» խումբը։ Ջազի թագուհին այդ «պատասխանատվությունը» ստանձնեց 1960 թ., ու ինչպես միշտ, Էլլայի կատարումը դարձավ լավագույններից մեկը։

 

2ԲԻ ԲԻ ՔԻՆԳ/ B.B. King/ «MERRY CHRISTMAS BABY»

Բի Բի Քինգի «Merry Christmas Baby»-ն իսկական բլյուզ է` առանց պաթոսային կենացների ու մաղթանքների։ Ուղղակի «Շնորհավոր Սուրբ ծնունդ, սիրելի՛ս»։ Ու, դե՛, բարի խոսքեր՝ լավ վերաբերմունքի ու ադամանդե մատանի նվիրելու համար։

 

 

3ՋԵՖ ԲԱՔԼԻ/ Jeff Buckley «NEW YEAR’S PRAYER»

Ամերիկյան երաժշտության ամենահետաքրքիր դեմքերից մեկը` Ջեֆ Բաքլին, շատերին հայտնի է Լեոնարդ Քոենի «Hallelujah» երգի կատարմամբ։ Ապրելով ընդամենը 30 տարի՝ լեգենդար Ջեֆ Բաքլին հասցրեց մեծ երգադարան թողնել։ Այդ երգադարանի մասնիկ է «New Year’s Prayer»-ը` «Նոր տարվա աղոթքը»։ Մի քիչ մռայլ, մի քիչ սյուրռեալիստական, բայց, ամենակարևորը, վարակելու աստիճան լսվող։

4ՖՐԵՆԿ ՍԻՆԱՏՐԱ/ Frank Sinatra/ «JINGLE BELLS»

Վերադառնանք դասական դարձածներին։ Անհընար է, որ չիմանաք այս երգը ու գոնե մեկ անգամ դպրոցում երգած չլինեք, հատկապես անգլերենի ժամին։ Խոսքը, իհարկե, «Jingle Bells»-ի մասին է, որը գրել է Ջեյմս Լորդ Պիերպոնտը հեռավոր 1858 թ.։ Այն ժամանակ այն գրանցվել է որպես «One Horse Open Sleigh», իսկ այսօր արդեն կա դրա նույնիսկ հայերեն տարբերակը` «Զանգակներ»։ Երգի լավագույն կատարողը Ֆրենկ Սինատրան է։

5«ԱԲԲԱ»/ («ABBA») / «HAPPY NEW YEAR»

Շվեդական «ԱԲԲԱ» խմբի պոպուլյարությունը Սովետական միությունում աննկարագրելի էր, իսկ նրանց գրեթե ամեն երրորդ երգ հիթ էր դառնում օրերի ընթացքում։ Դրանցից մի քանիսը այդպես էլ մնացել են անգերազանցելի մինչև այսօր։ Բացառություն չէ նաև «Happy New Year»-ը, որը, բացի հիթ լինելուց, որոշ չափով դարձել է նաև Ամանորի ոչ պաշտոնական հիմնը։ Պարզ ու հասկանալի` «Շնորհավոր Ամանոր»։

6ՄՐԱՅԱ ՔԵՐԻ/ Mariah Carey/ «ALL I WANT FOR CHRISTMAS IS YOU»

90-ականների վերջի և 2000-ականների սկզբի թոփ աստղ Մրայա Քերին այսօր կարծես մի փոքր ստվերում է մնացել։ Նրա «My All»-ն ու մի քանի այլ հիթեր մինչև այսօր կարելի է լսել սրճարաններում: Դրանք «վերջին զանգի տանգոյի» անբաժան մասնիկն են։ Ամենը, ինչ ուզում եմ Սուրբ ծնունդին, դու ես. հենց այսպես է կոչվում նրա անչափ դրական ու տրամադրող երգը։ Ուղղակի «Յություբում» հավաքե՛ք «All I Want for Christmas Is You» ու տրամադրվե՛ք։

7ԷՌՆԵՍՏ ԱՆՇՈՒԼՑ/  «Oh Christmas Tree»/ «OH CHRISTMAS TREE»

Ամանորի անբաժան մասնիկ տոնածառի մասին երգերը շատ չեն, բայց ամենահիշվողն ու ճանաչվածներն են։ «Oh Christmas Tree» երգը, որը նույնպես դասական է դարձել, պարզվում է, գերմանական ֆոլկլորային երգ է, որի առավել հայտնի տարբերակը 1824 թ. ստեղծել է երգեհոնահար Էռնեստ Անշուլցը: Երգի խոսքերն ավելի հին են` 1550 թ.։ Օրիգինալում երգը կոչվում է «O Tannebaum»` «Օ՜, տոնածառ»։ Եղել է երգի նաև ռուսերեն տարբերակը:

8ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ / «ՏՈՆԱԾԱ՛Ռ ՋԱՆ, ՏՈՆԱԾԱ՛Ռ, Ի՜ՆՉ ՍԻՐՈՒՆ ԵՍ ՈՒ ՊԱՅԾԱՌ»

Ինչպես գերմանացիները, ռուսներն ու ամերիկացիները, մենք էլ ունենք տոնածառի մասին երգ։ «Տոնածա՛ռ ջան, տոնածա՛ռ, ի՜նչ սիրուն ես ու պայծառ» խոսքերն ու ներդաշնակ մեղեդին անգիր գիտի երևի թե յուրաքանչյուր հայ։ Մանկական այս երգի երաժշտության հեղինակն է ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը: Նա, ցավոք, 2 տարի առաջ հեռացավ մեզնից։

9ԼՅՈՒԴՄԻԼԱ ԳՈՒՐՉԵՆԿՈ/ Людмила Гурченко/ «5 МИНУТ»

Երբ Նոր տարվան մնում է մի քանի ժամ, հեռուստացույցի էկրանին սկսում են հայտնվել ռուս դերասանները` հայտնի ֆիլմերի հայտնի կերպարներով։ «Դիմակահանդեսի գիշեր»-ում, երբ Ամանորին մնում է ընդամենը 5 րոպե, շատ երիտասարդ Լյուդմիլա Գուրչենկոն բարձրանում է բեմ ու սկսում կատարել իր հայտնի «5 րոպեն»։ Այդ ընթացքում պետք է հասցնեք հաշտվել մտերիմների հետ ու խաղաղ դիմավորեք եկող տարին։ Վատ ուղերձ չէ, ի դեպ:

10ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ/ «ԵՐՆԵԿ ԹԵ ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ»

Վերջում՝ մեր համեստ կարծիքով՝ Նոր տարվա մասին ամենագեղեցիկ երգը։ Նույնիսկ եթե այն ամենագեղեցիկը չէ, ամենահասկանալին ու ամենատաղանդավորն է, թեպետ հասկանալի է միայն մեզ` հայերիս համար։ Ռափայել Պատկանյանի բանաստեղծությամբ ու ժողովրդական մեղեդիով «Երնեկ թե այս Նոր տարին»։ Ռուբեն Հախվերդյանի ներդաշնակ կատարմամբ երգ-լավատեսությունը դարձավ 3-րդ հանրապետության մաղթանք:

 

 

Գրել կարծիք