[ Իրականում՝ ՈՉ ] Քաղաքակա՞ն էր Զուրաբյանի հայտարարությունը ՍԴ նախագահի կաշառատվության վերաբերյալ

[ Իրականում՝ ՈՉ ] Քաղաքակա՞ն էր Զուրաբյանի հայտարարությունը ՍԴ նախագահի կաշառատվության վերաբերյալ

Ի՞նչ հիմքով Լևոն Զուրաբյանը մեղադրեց Գագիկ Հարությունյանին, թե Սահմանադրական դատարանի նախագահի «միակ գործը» Վենետիկի հանձնաժողովի նախագահին կաշառելն է:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հոկտեմբերի 9-ին խորհրդարանում հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի «միակ գործը» Վենետիկի հանձնաժողովի նախագահին կաշառելն է: Զուրաբյանն ակնարկեց, որ փաստեր ունի ու «ինչ պետք է»` կհրապարակի:

Գագիկ Հարությունյանը Լևոն Զուրաբյանի հայտարարությունը 1 օր անց որակեց «մառազմատիկ երևույթ» ու «հիվանդագին երևակայության արդյունք»: Երկրի գլխավոր մեղադրողը նույն օրն անսպասելի հաղորդագրություն տարածեց հայտարարությունն ուսումնասիրելու մասին: 2 օր անց գլխավոր դատախազությունը գործն ուղարկեց ոստիկանություն, որն էլ Զուրաբյանից փաստեր պահանջեց: Լևոն Զուրաբյանը հրաժարվեց այն փաստարկմամբ, որ չի վստահում ոստիկանությանը, դատախազությանը և քննչական մարմիներին: Հրաժարվեց նաև բացատրություն տալու համար ներկայանալ ոստիկանություն:

Եվ իսկապես: Ինչո՞ւ պետք է ներկայանար ու վստահեր մի կառույցի, որը բանի տեղ չէր դրել Լևոն Զուրաբյանի հայտարարությունները մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի հայտնաբերած փաստերի, Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների, մարտի 1-ին զինված միավորումների ստեղծման, Տարոն Մարգարյանի ունեցվածքի ու եկամուտների անհամապատասխանության, գազի, կոռուպցիայի, Նաիրիտի ու ՀԷՑ-ի ապօրինությունների, Որոտանի վաճառքի ու ընտրախախտումների վերաբերյալ:

Բացի այդ` Լևոն Զուրաբյանը «հազար անգամ հայտարարություն է արել բյուջեի մսխման, համատարած կոռուպցիայի ու ահագնացող չափերի հասնող արտագաղթի մասին»: Նույն այդ դատախազությունը «որտե՞ղ էր և ինչո՞վ էր զբաղվում: Թե՞ դատախազությունը նոր է սկսել թերթեր ստանալ, մամուլի հրապարակումները կարդալ և ուսումնասիրել»:

Բացի այդ, Լևոն Զուրաբյանի ասածը թեմայից կտրված, խոսքերի արանքում, ընթացիկ քաղաքական մի հայտարարություն էր: Այդ երբվանի՞ց են քաղաքական հայտարարությունները ուսումնասիրությունների առիթ տվել դատախազությանը:


Իրականում՝ ՈՉ. Արա Աբրահամյանը կհաստատվի՞, արդյոք, Հայաստանի քաղաքական դաշտում


Ինչո՞ւ նույն դատախազությունը ընթացք չի տալիս հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի այն սպառնալիքին, թե նա պատրաստ է «գլխատել ու բռնաբարել» մամուլի պատվիրատուներին: Ինչո՞ւ չուսումնասիրեց հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի` լրագրողի «ծնոտը պոկելու» սպառնալիքը: Որովհետև դրանք քաղաքական հայտարարություններ են, իսկ Լևոն Զուրաբյանի հայտարարությունը` ո՞չ: Լևոն Զուրաբյանն էլ ընդամենը քաղաքական հայտարարություն էր արել և պարտավոր չէր փաստեր ներկայացնել դատախազություն: Ինչո՞ւ ամեն ինչ բարդացնել:

Բայց իրո՞ք սա քաղաքական հայտարարություն էր: Իրականում` ոչ


Իրականում սա ստույգ հաղորդում է «անցյալում ենթադրաբար կատարված» հանցագործության մասին: Լևոն Զուրաբյանը հստակ հայտարարել է, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի «միակ գործը» Վենետիկի հանձնաժողովի նախագահին կաշառելն է: Կաշառելու մասին էլ ՀՀ քրեական օրենսգրքում ծանր հոդված կա` նստեցնում են դրա համար: Այսինքն` Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Գագիկ Հարությունյանը քրեական հանցագործություն է արել, ու վերջ:

Ինչ-որ մեկին «գլխատելու, բռնաբարելու» կամ նրա «ծնոտը պոկելու» հոխորտանքներն ապագա էքստրիմ-շոու ծրագրի անոնս են, հակահումանիստական մտադրությունը բացահայտող պոռթկում, ռեպրեսիվ գործողությունների ծրագրի հանրայնացում, ստորին բնազդների լիարժեք ինքնադրսևորման մասին բարձրաձայն և անթաքույց նախազգուշացում, որից տեսականորեն հնարավոր կլինի որևէ կերպ խուսափել` գրեթե գաղափարախոսական սպառնալիքը լուրջ ընդունելու դեպքում:

Բայց Զուրաբյանը չի անոնսում, չի նախազգուշացնում, չի բացահայտում իր «մտադրությունների կամ նախատեսած գործողությունների պլանը»: Բնականաբար դատախազությունը պարտավոր է ուսումնասիրել նրա հաղորդումը, պարտավոր է փաստեր պահանջել, մանավանդ որ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե կան փաստեր: Պարտավոր են, չէ՞, նրան հրավիրել հարցաքննության:

Երբ դատախազությունն արեց այս քայլերը, հանցագործության մասին հաղորդում տվածը գտավ չներկայանալու ու փաստեր չտրամադրելու պատճառաբանությունը. իրավապահ համակարգին չի վստահում: Ի դեպ, իրավական համակարգին ես էլ չեմ վստահում, բայց հաստատ ստիպված եմ լինելու իրավական պատասխանատվություն կրել, եթե հայտարարեմ, որ այսինչը կաշառք է բաժանում:

Ո՞ւր մնաց մարդու անմեղության կանխավարկածը: Ցմահ արդարադատ հռչակված մարդուն գրեթե «խավիարային դիվանագիտության» մեղադրանք են ներկայացնում, այնպիսի մեղք, որ սատանան գիտի թե ովքեր լսեն` կուրախանան: Հիմա` Գագիկ Հարությունյանը պետք է գնա ու ապացուցի, որ մեղավոր չէ՞: (Չնայած Գագիկ Հարությունյանի ղեկավարած ՍԴ-ն մի որոշումով ԴԱՀԿ-ին թույլ տվեց առանց դատարանի որոշման նշանակված տուգանքներն ուղարկել քաղաքացիներին, որպեսզի նրանք ստիպված լինեն դիմել դատարան` ապացուցելու համար, որ մեղավոր չեն):

Եվ ի՞նչ է նշանակում «քաղաքական հայտարարություն»: Եթե ես հայտարարեմ, թե այսինչը սրիկա է, դա կլինի «տեխնիկակա՞ն» հայտարարություն, թե՞ «հոգեբանական»: Իսկ երբ նույնը հայտարարի կուսակցականը կամ պատգամավորը` կստացվի «քաղաքակա՞ն հայտարարություն»: Քաղաքական հայտարարությունը կարող է վերաբերել քաղաքական գործընթացին, քաղաքական երևույթին, քաղաքական կուրսին, քաղաքական համակարգին, կուսակցական որոշմանը, բայց ոչ` հանցագործությանը կամ անձնական ենթադրությանը:

Հիմա` քաղաքակա՞ն էր այս հայտարարությունը


Իրականում քաղաքականության հայտարարությունները դեմագոգիայի կումուլյատիվ պարպումներ են: Ամբիոնից նետիր այն, ինչ ազդեցիկ ես համարում, և թող լինի` ինչ կլինի: Միայն թե պետք է դա անել հռետորական արվեստով, տպավորիչ նրբագեղությամբ, մտապահվող ֆրազով: Սա պրոպագանդա է, հիմնավոր ինֆորմացիան միայն կխանգարի: Այս կանոնը գործում է անվրեպ: Հատկապես հանրաքվեի նախօրեին, երբ ընտրազանգվածը հակված է շռնդալից էքսցեսների: Իսկ դատախազության համար` ճիշտ հակառակը. սա ավելորդ գլխացավանք է, որին խառնվել պետք չէ: Հատկապես հանրաքվեի նախօրեին: Բան է` ասել է:

Հաջողված քարոզչական քայլը կամ ֆրազը պետք է նախորդի քաղաքական բախման կուլմինացիոն կետին, որ ճիշտ ժամանակին դետոնատորի դեր կատարի: Այստեղ իրոք խնդիրը քարոզչական տրյուկի չափաբաժինն է` ճշմարտանման սոուսում: Իսկ որտեղ կա նույնիսկ 1 տոկոս պրոպագանդա, այնտեղ անիմաստ է փնտրել մնացած 99 տոկոս ինֆորմացիան:

 

Նյութի գլխավոր նկարազարդումը՝ Բրիտանական գրադարանի (The British Library) բաց արխիվից:

Գրել կարծիք