ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող հայ վարակակիրների կյանքը` անանուն, մեկուսացած և զգուշավոր

ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող հայ վարակակիրների կյանքը` անանուն, մեկուսացած և զգուշավոր

newmag-ը խոսել է այն մարդկանց հետ, որոնք ապրում են սպիդով: Ինչպե՞ս են նրանք ընդունում ախտորոշումն ու ապրում պատրիարխալ հասարակության մեջ: Ինչպե՞ս են հաղթահարում կարծրատիպերի խութերը:

Դեկտեմբերի 1-ն աշխարհում հայտնի կարմիր ժապավենի օրն է: Այդ օրը կրծքներին կարմիր բանտ փակցրած մարդիկ հորդորում են պայքարել ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ի դեմ: ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն առաջին անգամ արձանագրվել է 1981 թ. Լոս Անջելեսում նույնասեռ 5 տղամարդկանց մոտ: Հենց այս փաստն էլ հիմք դարձավ կարծելու, թե ՁԻԱՀ-ը նույնասեռականների հիվանդությունն է: Այսուամենայնիվ, մեծ է համոզմունքը, որ վիրուսը տեխնածին է:

Մեր օրերում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը տաբու է՝ խայտառակություն, ամոթ, շատերի համոզմամբ՝ անբարոյականություն: Մինչդեռ մարդկային պատմությունները վկայում են, որ շատ հաճախ նրանք զոհ են: ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը մեծ մասամբ տղամարդկանց հիվանդություն է: Միգրանտներն ու խոպանչիները հաճախ անհեռատեսորեն տարվում են Ռուսաստանի ազատ վարքի տեր աղջիկներով՝ կարծելով, թե ծանր հետևանքներ չեն լինի:

Արմեն, 32 տարեկան, Երևան


Ամուսնացած է, ունի մեկ երեխա: Կինն էլ, փոքրիկն էլ առողջ են: 8 տարի առաջ պատահաբար իմացել է իր վիճակի մասին: ՄԻԱՎ-ը նրա կյանքում ձեռքբերումների սկիզբ է դարձել:

Եթե ես մի քիչ տեղեկացված լինեի, այսօր ՄԻԱՎ չէի ունենա: 8 տարի առաջ էր. ամուսնացած չէի: Ազատ կյանքով էի ապրում, մտածում էի՝ ես ապահովագրված եմ, ՄԻԱՎ-ն ինձնից հեռու է:

Մոսկվայում էի. քաղաքացիություն ստանալու համար անալիզ հանձնեցի: Մինչև պատասխանը կգար, 40 րոպե սպասում էի: Ահավոր րոպեներ էին: Սիրտս այնքան արագ էր աշխատում, որ վերնաշապիկս շարժվում էր: Բժիշկների հետ խորհրդակցեցի, ասացին՝ ավելի լավ է՝ վերադառնաս Հայաստան: Որպես միգրանտի՝ իմ բուժումը թանկ էր՝ տարեկան 20 հազար դոլար, իսկ Հայաստանում անվճար է:

Իմ ՄԻԱՎ-ի վիճակի մասին քչերը գիտեն՝ կինս ու մի քանի ընկերներս: Ոչ թե ամաչում եմ, այլ չեմ ուզում՝ ավելորդ ուշադրություն դարձնեն: Խանգարում է: Այդ չափից շատ հոգատարությունը խղճահարությունից է ծնվում:

AIDS2

Ամեն օր՝ պարտադիր նույն ժամին, ընդունում եմ դեղերս: Այսպես ստացվեց, երևի ճակատագիր էր: Իմ կյանքում ինչ-որ առումով դրական ազդեցություն ունեցավ: Սկսեցի արժեքավորել կյանքը: Ունեմ լավ աշխատանք, երջանիկ ընտանիք, ընկերներ, որոնք գիտեն իմ դրության մասին ու երես չեն թեքել ինձնից: Գուցե այս ձեռքբերումները չունենայի:


Առողջություն բաժնի հետաքրքիր նյութեր


Կինս ընկերոջս քույրն էր: Դեռ ամուսնացած չէինք. ասացի՝ առողջ չեմ՝ պիտի այլևս չհանդիպենք: Մեր բաժանումը, սակայն, չստացվեց: Երեք ամիս մասնագետների հետ աշխատեցինք, նրանք բացատրեցին, որ ՄԻԱՎ-ը կյանքի վերջը չէ: Բնավորությամբ սառնասիրտ եմ, գուցե հենց այդ պատճառով էլ շոկային վիճակն արագ հաղթահարեցի: Մասնագետների աջակցությունը անչափ կարևոր է. նրանք օգնում են, որ ինքդ քեզ վերագտնես:

Հասարակությունը պատրաստ կլինի ՄԻԱՎ-ով հիվանդներին ընդունել, եթե տեղեկացված լինեն: Ես անցել եմ այս ճանապարհով. չեմ ցանկանա, որ մյուսներն էլ անցնեն: Ջահել տղերքը թող ինձ պես չմտածեն, թե ապահովագրված են վիրուսից: Ավելի լավ է ունենալ մեկ զուգընկեր, քան անընդհատ փոխել ու պատահական սեռական կապի մեջ լինել:

Օլյա Պանֆիլովա, Ուկրաինա


Սովորաբար ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով հիվանդների առջև փակ են հասարակության դռները, նրանք էլ փակ են լրատվամիջոցների համար: Հարցազրույցի համար մեծ ջանք է պահանջվում: Եթե անգամ հիվանդը համաձայնի, անհույս է նրան բաց դեմքով նկարահանելը, իսկական անունն ու տարիքը նշելը, ձայնը չփոխելը:

Օլ յա Պանֆիլովային հանդիպեցի Երևանում: Պայմանավորվել էինք տեսախցիկի առջև խոսել: Անկեղծ զրույցի համար առաջին ժեստը ես արեցի. ձեռքս պարզեցի բարևելու: Ուկրաինուհու հետ հարցազրույցը բաց դեմքով էր:

Գրողը տանի, ես զարմացած եմ: Դուք չվախեցա՛ քձեռքս սեղմել: Հատկապես Հայաստանում դժվար է հանդիպել Ձեզ պես անվախ անձնավորության: Չմտածեցիք. «Հանկարծ չե՞մ վարակվի»: Սա խոսում է Ձեր տեղյակության մասին: Ուկրաինայում մարդիկ երկու խմբի են բաժանվում. մի մասը աջակցում է, մյուս մասը՝ անմարդկային վերաբերմունքի արժանացնում: Ես այնտեղ ստեղծել եմ մի խմբակ, որը զբաղվում է հասարակությանը տեղեկացնելով: Մարդիկ պատրաստ են քեզ ընդունել, երբ պարզում են, թե ի՛նչ է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը:

Հենց իմանում են՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ ունես, առաջին հարցն է՝ ինչպե՞ս ես վարակվել: Ախր ի ՜նչ կարևոր է, ես չեմ հասկանում: Վարակվել եմ ներարկիչից: Երբ ծնվեց աղջիկս, նրա օրգանիզմում էլ վիրուս կար: Ես վերանայեցի իմ անցածն ու ապրածը: Հասկացա, որ իմ արատավոր ապրելաձևը իմ երեխային տարբերակեց իր հասակակիցներից: Հետո ինձ համար մի նոր, դժվար փուլ էր սկսվում: Պետք է աղջկաս բացատրեի, թե ինչու նա ամեն օր պարտադիր պիտի դեղորայք ընդունի:

DZIAH

14 տարեկանում նրան բացատրեցի: Սկզբում լաց եղավ, հարցրեց՝ մա՛մ, ես կմեռնե՞ մ: Այդ ժամանակ հասկացա, որ իմ երեխայի պես շատ բալիկներ ունեն այդ վախը. պետք է նրանց հետ աշխատել:

Քաղցկեղով կամ գրիպով հիվանդ մարդուն խորթ աչքով չեք նայում, չէ՞ :ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ով հիվանդ մարդիկ չեն կծում, հրեշ չեն: Առհասարակ մենք սովորական մահկանացուներ ենք: Ես նկատել եմ՝ խտրական վերաբերմունքը Հայաստանում շատ սուր է արտահայտվում: Հենց այդ պատճառով էլ մարդիկ թաքնվում են, խուսափում են խոսել իրենց վիճակի մասին:

Ես վստահ եմ՝ մի օր անպայման բոլոր մարդիկ հարցազրույց կտան բաց դեմքով, չեն խուսափի մամուլի հետ շփվել, ասել իրենց անունը, տարիքը: Հիմա հասարակության վատ վերաբերմունքը ճնշում է, կոտրում ՄԻԱՎ-ով հիվանդների երազանքները: Անընդհատ հիշեցնում են՝ չմոռանաս, դու հիվանդ ես: Հենց այդ կածրատիպն էլ նրանց կործանում է կյանքը:

Անանուն կին, Հայաստան


Նա չցանկացավ նշել ո՛չ անունը, ո՛չ էլ տարիքը: Ամուսնացած է, ունի երկու առողջ զավակ: Նրա հետ հանդիպեցի «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ում: ՄԻԱՎ-ը համարում է ստիմուլ ինքն իրեն ու շրջապատին ապացուցելու, որ ոչնչով չի տարբերվում հարևանից, ընկերոջից:

2007-ն էր: Չորս ամսական հղի էի: Ես գիտեի՝ ինչ հիվանդություն է, բայց միանգամից պատկերացրեցի ՍՊԻԴ: Մտածում էի՝ հիմա կմեռնեմ ու չեմ հասցնի երեխայիս քայլելը տեսնել, դպրոց տանել: Սկզբում մերժում էի ամեն ինչ: Ժամանակ էր պետք, որ գիտելիքներս թարմացնեմ, դուրս գամ ճգնաժամից: Սկսվեց երկրորդ փուլը. ես պետք է իմանամ, թե ինչ է ՄԻԱՎ-ը, որ իմանամ, թե ինչպես ապրել դրանով ու պայքարել դրա դեմ:

Փոքրիկիս ծնվելուց 2,5 տարի հետո պարզվեց, որ նա առողջ է: Ամեն ինչ տեղն ընկավ: Եկա այս ՀԿ, սկսեցի ուսումնասիրել ոլորտը, շփվեցի այն մարդկանց հետ, որոնք ՄԻԱՎ-ով են: Այդ ընթացքում արտասահմանում շփվեցի ՄԻԱՎ-ի վարակակիրների հետ: Հասկացա, որ դրսում դա խնդիր չէ: Խնդիր է այստեղ այնքանով, որ մենք ենք այդպես ուզում կամ այդպիսին դարձնում: Ընդամենը փոքր վիրուս է, որը ճիշտ կառավարելու դեպքում կապրես հանգիստ, առողջ ու երջանիկ՝ սովորական մարդկանց պես: Փառք Աստծո, կարողացա: Ես հիմա ունեմ շատ լավ ու երջանիկ ընտանիք:

AIDs

Իմ վիճակի մասին բաց դեմքով ու բարձրաձայն չեմ խոսում, այո՛, բայց ոչ այն պատճառով, թե մտահոգ եմ, որ մարդիկ երես կթեքեն ինձնից: Լավ ընկերներ ունեմ: Իրականում սա հնարավորություն տվեց հասկանալու, թե ով պետք է լինի քո կողքին: Մաղվեցին նրանք, որոնք արժանի չէին: Երեխաներիս համար է, որ բաց դեմքով չեմ խոսում: Իմ երեխաներն այս հասարակության մասնիկն են: Իրավունք չունեմ նրանց սթրեսի ենթարկել: Նրանք տեսնում են, որ ամեն օր նույն ժամին իրենց մայրը պարտադիր դեղ է խմում: Նաև գիտեն, որ տատիկի, հորաքրոջ ներկայությամբ կարող են ինձ հիշեցնել՝ մա՜մ, դեղիդ ժամն է, բայց մյուսների մոտ՝ ոչ: Երբ չափահաս դառնան, անպայման կասեմ իրենց, թե ինչի համար եմ դեղ խմում:

Իմ ծնողներին չեմ տեղեկացրել մի պարզ պատճառով. չեմ ցանկացել նրանց սթրեսի ենթարկել: Հիմա մտածում եմ՝ սխալ է: ՄԻԱՎ-ը մարդու որակ չէ: Մարդ կարող է շատ լավ հատկանիշներով օժտված լինել և ՄԻԱՎ ունենալ: Ու հակառակը: Ես այն ժամանակ մտածում էի, որ եթե ծնողներս իմանան, գուցե ամուսնուս մեղադրեն, նրանց հարաբերությունները վատանան: Հետո մտածել եմ՝ այլևս իմաստ չկա նրանց ասել, որովհետև ես հաղթահարել եմ բոլոր դժվարությունները: Սկզբում մեր կողքին էր ամուսնուս ընտանիքը: Չնայած նրանց համար էլ շոկ էր:


Նույն թեմայով կարդացեք նաևԾնողական խնամքը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոց


Իմ կարծիքով, խորհրդատուն շա՜տ կարևոր դեր ունի: Հոգեբանների հետ շփումն էլ անհրաժեշտ է: Բայց երբ տեսնում ես քո նմանին, տեսնում ես՝ ինչպես է ապրում, պայքարում, հաղթահարում բոլոր վախերը, հասկանում ես, որ մենակ չես: Ոչ էլ միակը աշխարհիս երեսին: Երբ արտասահմանում հանդիպեցի ՄԻԱՎ ունեցողների հետ ու տեսա, թե նրանք ինչպես են ապրում, ինքս ինձ ասացի. «Էս ինչքա՜ն հետ ես դու, ուշքի՛ արի ու ապրի՛ր, մի՛ տանջվիր ու տառապիր»: Պետք չէ ապրել՝ ՄԻԱՎ-ը դրոշակ դարձնելով, որ քեզ մարդիկ խղճան:

Ես մասնագետների, այս կազմակերպության շնորհիվ կարողացա հաղթահարել: Այսօր ՄԻԱՎ-ն ինձ համար ստիմուլ է: Քայլ առաջ անելու, նոր ձեռքբերումների, ինչ-որ բանի հասնելու և ինքս ինձ ապացուցելու, որ ՄԻԱՎ-ը չի կարող հաղթել: Ես հիմա ավելի շատ երազանքներ ունեմ, քան երբևէ:

Գրել կարծիք