Արթուր Ղուկասյան. Քաղքենիությունը սպանում է արվեստը

Արթուր Ղուկասյան. Քաղքենիությունը սպանում է արվեստը

newmag-ը լսել է «ՀայՖեստ» թատերական միջազգային փառատոնի նախագահ, արտմենեջեր Արթուր Ղուկասյանի մոնոլոգը սնափառ հայտնիների, ժամանակ սպանելու ու կանանց հաճոյախոսելու նրբությունների մասին:

բարեկեցություն

Ընդհանրապես «բարի»-ն լավ բառ է, բարուց ինչ էլ սկսվում է, լավ է: Ընդհանրապես բարեկեցությունը կարևոր է, բայց եթե այն դառնում է կարևորագույն խնդիր, ծնում է քաղքենիություն: Կուշտ մարդը վատ է մտածում, վատ է ստեղծագործում, ոչինչ չի ծնում, որովհետև մտածում է. «Դե՛, լավ ա, էլի, մեր համար նստած ենք»: Դա բերում է բթության: Բարեկեցությունը կարևոր է, բայց այն չպետք է լինի հասցեագրված, այն պետք է համատարած լինի: Սոցիալապես ապահովված երկրում փողոցները հարթ են, իսկ վատ երկրում ջիպերն են շատ:

քաղքենի

Անասելի վտանգավոր բան է քաղքենիությունը, որը բերում է գավառամտության, ինչն էլ հանգեցնում է գոռոզության: Գոռոզությունը հիմա տարածված է Հայաստանում: Երևի նրանից է, որ փակ երկիր ենք՝ փակ սահմաններով, և ավելի քիչ բան ենք տեսնում, քիչ բան գիտենք: Քաղքենիությունը տարածվում է այդ միջավայրում: Քաղքենիությունը սպանում է արվեստը, կեղծ հարաբերությունները՝ նույնպես: Մարդիկ իրար տեսնելիս կեղծ համբուրվում են. նման քաղքենի բաները, ցավոք, շատ տարածված են մեր հասարակության մեջ:


[ Մոնոլոգ ]


ամենակարևորը կյանքում

Սեր, հավատ… Ամենակարևորը, որ շփվես լավ մարդկանց հետ, ապրես ու գործես այն միջավայրում, որտեղ քեզ ամեն ինչ հարազատ է, հետաքրքիր է, որը քեզ հնարավորություն կտա բացվել ու ավելի շատ բան անել մարդկանց համար:

 

ինչին պետք է չհավատալ

Պետք է չհավատալ կուռքերին: Պետք է ժամանակին հասկանաս, թե ինչին պետք է չհավատալ, որովհետև հայի հետին խելքով ենք առաջնորդվում: Մենք՝ հայերս, շատ իդեալիստ ենք, այդ պատճառով հաճախ ենք խաբվում, պետք է մատերիալիստ լինել, որ չընկնենք խաբկանքների մեջ: Պետք է չհավատալ կեղծ մարդկանց, պետք է զգալ՝ որն է կեղծը, որը՝ բնականը:

մտքի ազատություն

Պետք է շատ բան կարդալ, շատ բան նայել, բաց լինել: Մարդը պետք է միշտ բաց լինի նոր մտքերի, նոր գաղափարների առաջ: Մենք, օրինակ, նայում ենք մեր բեմադրություններն ու մտածում ենք՝ ի՜նչ լավն են: Ու եթե ուրիշ բեմադրություն չտեսնենք, կմտածենք՝ դա է լավագույնը: Բայց ո՛չ: Մեկ այլ երկրում փառատոնի ես մասնակցում, իրար հետևից 10 ներկայացում ես նայում ու հասկանում ես, որ բոլորն էլ շատ լավն են: Ու սկսում ես հասկանալ, որ ինչքան տեսնես, այնքան կկատարելագործվես: Դա է մտքի ազատությունը: Պետք է անընդհատ լինել նորի փնտրտուքի մեջ: Հանդիսատեսն էլ դուրս է գալիս քաղքենիությունից, բացվում է, ավելի նոր ու բարդ բան է ուզում տեսնել:

ժամանակ սպանելու նրբությունները

Մենք սիրում ենք ժամանակը և չենք ուզում սպանել այն: Հակառակը: Մենք աշխատում, համագործակցում ենք ժամանակի հետ, մենք ուզում ենք, որ ժամանակն աշխատի մեր օգտին: Դրա համար մենք պետք է գնահատենք ու չկորցնենք այն: Եթե ազատ ժամանակ ունես, գործ չունես անելու, գի՛րք կարդա, մի բա՛ն մտածիր: Կամ պարզապես խա՛ղ խաղա. այն զարգացնում է մարդու միտքը:

ghukasyanphoto

սնափառության տոնավաճառ

Ուիլյամ Թեքերեյի գիրքը, իմ կարծիքով, պետք է անցնել դպրոցում: Հրաշալի ցույց է տալիս, թե, իսկապես, ինչ է սնափառության տոնավաճառը: Այն մեր աշխարհն է, շոու բիզնեսն է, քաղաքականությունը: Մեկին հեռուստացույցով 6 անգամ ցույց են տալիս՝ սկսում է իրեն աստղ համարել: Սնափառությամբ տառապողները հասարակության մեջ անասելի դերասաններ են, որոնք խաղում են իրենց իսկ հորինած կերպարների դերերը: Այդ մարդիկ հասարակությանը ներկայանալիս դնում են իրենց թվացյալ բարի ու վեհ դիմակները: Նրանք դառնում են կռապաշտ:

հաճոյախոսություններ կանանց

Կանանց պետք է սիրել, փառաբանել, հաճոյախոսել, ծաղիկներ նվիրել: Կանայք տղամարդկանցից լավն են: Բայց չպետք է անել գռեհիկ ձևով: Կնոջ հետ պետք է այնպես վարվել, որ նա զգա, որ ամենագեղեցիկն է, ամենա-ամենան է: Դրանով կինն ավելի կբացվի ու կլուսավորի աշխարհը, մենք էլ՝ տղամարդիկս, մեզ լավ կզգանք: Երբ կնոջը ժպիտ ես պարգևում, իսկապես տղամարդ ես զգում քեզ: Կնոջը միշտ պետք է հաճոյախոսություններ շռայլել:

newmag #71

Գրել կարծիք