Ո՞վ էր փախած հարսնացուն և ի՞նչ եղավ նրա հետ

Ո՞վ էր փախած հարսնացուն և ի՞նչ եղավ նրա հետ

Ինչո՞ւ էր հարսը Սևանի «Հարսնաքար» համալիրից փախել հենց սեփական հարսանիքի օրը և ո՞ւմ հետ է նա այսօր: newmag-ը ներկայացնում է քննարկված նյութի բացառիկ մանրամասներ:

2016 թվականի հունվարի 27-ին ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը քննարկելով, «Ո՞վ էր փախած հարսնացուն եւ ի՞նչ եղավ նրա հետ» հոդվածը, արձանագրել է, որ թեպետ նկարագրվող իրադարձությունը հանրային հետաքրքրասիրության առարկա է, սակայն տվյալ հրապարակման հերոսը հանրային դեմք չէ եւ չի ձգտում հասարակական ուշադրության, ինչպես նաև տեքստում առկա փաստական տվյալների եւ ուղեկցող լուսանկարի հրապարակումն արդարացված չէ մասնավոր կյանքի պաշտպանության սկզբունքը հարգելու տեսակետից եւ կարող է հոդվածի հերոսին ճանաչելի դարձնել: Այդ պատճառով newmag ամսագրի խմբագրությունը հոդվածի նախնական տարբերակից հեռացրել է հերոսին ճանաչելի դարձնող բոլոր տեղեկությունները (անուն, ազգանուն, ծննդավայր, ուսման վայր, աշխատատեղեր), եւ լուսանկարը: Խմբագրությունը հայցում է հոդվածին առնչվող քաղաքացիների ներողությունը` անհարմարավետություն պատճառելու և նրանց մասնավոր կյանքի առանձին դրվագներ հրապարակելու համար:

2015-ի նոյեմբերի 24-ին լրատվական կայքերը հաղորդեցին հարսանիքի ժամանակ փախած հարսնացուի մասին: Հարսանիքի վերջում` տորթը կտրելու ժամանակ, հարսն ու հարսնաքույրը փախել էին` իրենց հետ տանելով նվերներն ու ոսկեղենը: Դեպքը տեղի էր ունեցել Սևանի «Հարսնաքար» համալիրում։ Ականատեսները պատմում են, որ սկեսուրը նկատել էր փախուստի դիմող հարսին, փորձել էր կանգնեցնել նրան, սակայն հարսը հրել էր նրան, նստել մեքենան ու փախել:

Հետո, աստիճանաբար հայտնվեցին մանրամասները: Հարսն էլ, փեսան էլ Տավուշի մարզից են:

Երիտասարդը,  22 տարեկան Ա. Ա.-ն վարսահարդար է, աշխատում էր Ռուսաստանոմ, արձակուրդներին վերադառնում էր հայրենիք: 2 տարի առաջ ծանոթացել էր իր հարսնացուի հետ: Այդ ժամանակ էլ նշանադրվել էին և երկու տարի ապրել նշանված: Երիտասարդները ծրագրում էին հարսանիքից հետո մեկնել Ռուսաստան, հատկապես որ հարսնացուն մատնահարդարման դասընթացնել էր անցել Հայաստանում: Ա.Ա.-ն հարսանիքի համար 2 միլիոն դրամ վարկ էր վերցրել: Հարսանիքը մեծ շուքով սկսել էին, պսակադրվել եկեղեցում, հետո մեկնել Սևանի «Հարսնաքար»: Այնտեղ էլ պարել էին հարսի պարը, ստացել նվերները: Հարսանեկան երեկոն անցել էր առանց միջադեպերի: Հարսանեկան տորթը միասին կտրել էին, շամպայնը` խմել: Հետո հարսնացուն անհետացել էր: Սկզբում հաղորդում էին, թե հարսնացուն նվերները հետը տարել է: Հետո սա հերքվեց:

ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՆՑ

Լրատվամիջոցները ահա այսքանը հաղորդեցին: Դրանից հետո փախուստի դիմած հարսնացուի մասին հիշատակումները դադարեցին: Լրագրողները խոսեցին փեսայի համագյուղացիների և գյուղապետի հետ: Նրանք ցնցված էին արտառոց դեպքից, սակայն մանրամասներ չգիտեին:  Ա.Ա.-ն և նրա ընտանիքը հարսանիքից հետո գյուղ չեն վերադարձել: Իսկ հարսնացուի մասին հայտնի էր այն, որ սովորել է բուհում:

newmag-ը պարզել է, որ հարսնացուն 23-ամյա Ա.Ա.-ն է, որը ծնվել է Տավուշի մարզում: Ավարտել է հումանիտար գիտությունների ֆակուլտետը, եղել է համալսարանի գիտական ընկերության անդամ: Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո տեղափոխվել է Երևան և աշխատել որպես վաճառող: Փախուստից հետո նա փակել է իր ֆեյսբուքյան էջը, հետո բացել է ուրիշ անունով:

Միջադեպից երկու ամիս անց էլ հարազատները դժկամությամբ, բայց բացատրեցին հարսնացուի փախուստի պատճառը: Պարզվում է` նշանադրության երկու տարիների ընթացքում աղջիկը խնդիրներ է ունեցել իր ապագա սկեսուրի հետ: Լարված հարաբերությունները շարունակվել են նաև հարսանիքի ժամանակ: Մեկ այլ պատճառ էլ է եղել:

Նշանված աղջիկը Երևանում ծանոթացել է մի տղայի հետ: Սիրահարվել է: Ու խոստովանել, որ նշանված է: Սակայն երկուսն էլ շարունակել են հանդիպել: Երկար ժամանակ տատանվել է` նշանանա՞ծը, թե՞ նոր սերը: Այդ պատճառով մինչև վերջին րոպեն կասկածել է: Հետո` փախել:

Հիմա նա իր սիրելի տղայի հետ է: Աղջիկն արդեն ամուսնացել է, հղի է և սպասում է իր առաջնեկին: Այս տեղեկությունը տրամադրել է նրա ազգականը, որը չցանկացավ ներկայանալ:

Գրել կարծիք