Անկախության դիզայներներ. Made in Armenia հագուստի գլխավոր հեղինակները

Անկախության դիզայներներ. Made in Armenia հագուստի գլխավոր հեղինակները

Made in Armenia – այս գրվածքը հագուստի վրա վերջին տարիներին Հայաստանում նորաձև է: Ովքե՞ր են Made in Armenia հագուստի գլխավոր հեղինակները, և ինչո՞վ են նրանք հայտնի:

Անկախության առաջին իսկ տարիներից հայ դիզայներները փորձում են նվաճել նորաձևության սիրահարների համակրանքը: Նրանցից որևէ մեկը չի ունեցել հագուստի իսկապես մեծ վաճառքներ, բայց մի քանիսը մեծ ճանաչում են ձեռք բերել, հագցրել են նորաձևության սիրահարներին, էստրադային աստղերին և էլիտայի ներկայացուցիչներին:

armdesign1ATEX

Անկախ Հայաստանի առաջին հայկական նորաձևության տունը՝ ATEX-ը, (բացվում է որպես Armenian Textile) 1991տվականին հիմնել են այն ժամանակ Բելոռուսից եկած ամուսիններ Անդրեյ Միլմանը և Իրինա Իվանովան: Նրանց է միանում  նաև Կարինա Դնոյանը, որը մինչև օրս ղեկավարում է ATEX նորաձևության կենտրոնը: ATEX-ի պատմությունը հիշելիս «առաջին» բառը հաճախ է օգտագործվում: Նրանք առաջինը կազմակերպեցին ֆեշն ցուցադրություն (1993), առաջինը բացեցին մոդելային դպրոց և գործակալություն, առաջինը հիմնեցին ֆեշն դպրոց, որտեղ սովորել է այժմյան դիզայներների զգալի մասը: 2001 թվականին ATEX-ը առաջին անգամ անցկացրեց ռուսական Русский Силуэт երիտասարդ դիզայներների մրցույթը Հայաստանում, որը նույնպես զարգացման նոր էտապ էր հայկական նորաձևության համար: 2000-ականների սկզբին նաև գործում էր այն ժամանակ առաջինը Հայաստանում ATEX-ի ֆիրմային խանութը, որը որոշ ժամանակ անց փակվեց: Անկախության առաջին տասնամյակը ATEX և նորաձևության տուն բառերը համարյա հոմանիշներ էին: Հայկական նորաձևության, շոուբիզնեսի և մշակութային կյանքի բազմաթիվ դրվագներ այսպես թե այնպես կապված են այս նորաձևության տան հետ:

 


Լիլիթ Մարգարյան

armdesign3Լիլիթ Մարգարյանը 90-ականների կեսից դիզայներ էր աշխատում Երևանի մի քանի նորաձևության տներում, 2000 թվականից հավաքածուներ էր ստեղծում սեփական անվան տակ: Նույն 2000-ին Թբիլիսիում անցնող Русский Силуэт մրցույթի կովկասյան կիսաեզրափակիչում նա ներկայացնում է Հայաստանը: Լիլիթ Մարգարյանին առանց չափազանցության կարելի է անվանել 2000-ականների առաջին կեսի գլխավոր հայ դիզայները: Նա պարբերաբար ներկայացնում էր ծավալուն հավաքածուներ, ստեղծում հագուստներ շոուբիզնեսի աստղերի համար և վայելում բազմաթիվ հաճախորդների վստահությունն ու համակրանքը: Բացի երեկոյան հագուստից, Լիլիթ Մարգարյանը մեծ ուշադրություն դարձրեց հարսանեկան զգեստների դիզայնին: Նա հայաստանցի առաջին դիզայներն է, որի հավաքածուն ցուցադրել է Fashion TV-ն:

 

 

 

 


Zatik Fashion Studio

armdesign2Zatik studio-ն հիմադրել է Նանե Սահակյանցը, 1997 թվականին: Նորաձևության այս տունն ուներ յուրօրինակ և անկրկնելի ձեռագիր, որին հավատարիմ էր մնում երկար տարիների ընթացքում: Zatik-ի մոդելները դեկոնստրուկտիվիստական էին, ընդգծված անփույթ, ձեռագործ աշխատանքի, բատիկայի ասեղնագործության հաճախակի կիրառմամբ: 2000-ականների սկզբին Zatik-ը բազմաթիվ պատվերներ է ստանում նաև Ֆրանսիայից և իր արտադրանքը վաճառում եվրոպական խանութներում:

 

 

 

 

 

 

 


Kivera Naynomis

armdesign4Ժամանակին Արևիկ Սիմոնյանը հայտնի էր իր «շնիկով տիկնոջ» իմիջով, որը նա աստիճանաբար ձևափոխեց: Եվ վերածվեց ամենաբուրժուական հայ դիզայների:

Kivera Naynomis ապրանքանիշը ունի ոչ միայն նորաձևության սրահ Երևանում, այլև ֆիրմային բուտիկ Մոսկվայում: Բրենդը նախ և առաջ հայտնի է իր դասական երեկոյան զգեստներով, որոնք հաճախ զարդարված են դիզայների սիրելի էլեմենտներով՝ բյուրեղներով և բանտերով:

 

 

 

 

 

 

 


Faina

armdesign7Երբ ասպարեզում հայտնվեց Ֆայինան, հայկական նորաձևության շուկան խեղդվում էր բյուրեղապատ գլամուրի մեջ: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով նրա զուսպ ճաշակը և դեկոնստրուկտիվիզմի հանդեպ սերը դուր եկան շատերին:

Ֆայինան հայտնի է ոչ միայն իր զուսպ զգեստներով, այլև «Տիգրան Մեծ» շապիկով. եզակի դեպք է, որ հայ դիզայների աշխատանքը կրկնօրինակվում և վաճառվում է սև շուկայում: Ֆայինա Հարությունյանը առաջին հայ դիզայներն էր, որը սեփական ապրանքանշանի խանութ-սրահը բացեց մոլում՝ միջազգային ապրանքանիշների խանութ-սրահների կողքին: Բացի հիմնական հավաքածուից՝ Ֆայինան թողարկում է նաև սպորտային հագուստ և հավաքածուներ երեխաների համար:

 

 

 

 

 


Shadoyan

armdesign5Սիրիահայ դիզայներ Գևորգ Շադոյանը իր հավաքածուներում միավորում է Արևելքի շքեղությունը և հայկական էլեմենտները: Գևորգը fashion հանրությանը հայտնի է երեկոյան զգեստներով, որոնք մեծ վարպետությամբ զարդարված են ասեղնագործությամբ և բյուրեղներով: Դիզայների զգեստները ընդգծում են կանացիությունը և այն ներկայացնում յուրօրինակ փայլի ներքո: Շադոյանը մշտապես անդրադառնում է նաև հայկական տարազին՝ իր հավաքածուներում օգտագործելով ազգային հագուստի էլեմենտները:

 

 

 

 

 

 

 


ElSi

armdesign10ElSi նորաձևության տունը 2005-ին հիմնեցին Լիանա և Սարգիս Սարգսյաները: Ինչպես դա հաճախ լինում է նորաձևության ոլորտում, Լիանան զբաղվում էր գործի ստեղծագործական մասով, Սարգիսը՝ բիզնեսի: Ապրանքանիշի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ 2005-ին, Jazzve սրճարանում: Դրանից հետո ElSi-ն մի քանի ֆեշն շոու է ունեցել Հայաստանում և արտասահմանում: ElSi նորաձևության տունը հայտնի է ոչ միայն երեկոյան զգեստներով, այլև տղամարդկանց դասական և երեկոյան կոստյումներով: Նրանց հաճախորդների մեջ շատ են մասնավորապես էստրադայի բազմաթիվ ներկայացուցիչները:

 

 

 

 

 

 


Vahan Khachatryan

armdesign82000-ականների սկզբից Վահան Խաչատրյանը հայկական շոուբիզնեսի տարբեր ներկայացուցիչների հետ աշխատում էր որպես դիզայներ, ոճաբան և ռեժիսոր: Այնուհետև որոշ ժամանակ Իտալիայում սովորելուց և աշխատելուց հետո նա վերադառնում է հայրենիք և 2013-ին Երևանում բացում իր անունը կրող նորաձևության տուն: Արդեն մի քանի սեզոն է Վահան Խաչատրյանը մասնակցում է նաև Mercedes Benz Kiev Fashion days-ին՝ միջազգայնորեն ճանաչելի դարձնելով  սեփական ապրանքանիշը: Vahan Khachatryan-ը առաջին հայկական ապրանքն է, որի ցուցադրությունը հայտնվել է Vogue ամսագրի կայքում: Բացի հիմնական ապրանքանիշից, Վահանը ունի նաև էժան հագուստի՝ «Բիաինի» ապրանքանիշը և խանութ-սրահը:

 

 

 

 

 


Harmony

armdesign11Harmony-ն առաջին հայկական նորաձևության տունն է, որը ձևավորված է արտասահմանում ընդունված սկզբունքով՝ ապրանքանիշ + հրավիրված դիզայներ: Harmony-ն 2011-ին հիմնել է Լիլիթ Տոնականյանը՝ որպես դիզայներ հրավիրելով Միկա Դանիելյանին, որն իր աշխատանքով հայտնի է ATEX նորաձևության կենտրոնից: Harmony-ին նախանձելի հաճախականությամբ ներկայացնում է լայնամասշտաբ նորաձևության ցուցադրություններ. 5 տարվա ընթացքում նրանք ներկայացրել են 9 հավաքածու և 7 ֆեշն ցուցադրություն: Միկա Դանիելյանի հավաքածուների նմուշները առանձնանում են բարդ ձևվածքով և մանրակրկիտ, պրոֆեսիոնալ աշխատանքով:

 

 

 

 

 


Anahit Simonyan

armdesign9Անահիտ Սիմոնյանը վերջին մի քանի տարիներին ամենամեծ ճանաչում ձեռք բերած հայ դիզայներն է: Կարծում եմ, որ նա ավելի մեծ հաջողության հասավ որպես դիզայներ, քանի որպես երգիչ: Անահիտը “instagram” սերնդի նորաձևության դասական օրինակ է. նա իր հաճախորդներին առաջարկում է այն, ինչ հաճույքով ինքն է կրում՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն ցուցադրելով սեփական ոճն ու հագուստի նոր մոդելները: Նրա հաջողությանը նպաստում են նաև մտերմությունը շոու բիզնեսի կոլեգաների հետ և անսպառ աշխատասիրությունը: Անահիտ Սիմոնյանի ամենահայտնի մոդելներն են հայկական ոսկետառ շապիկները և հայկական զարդանախշերով փայտե պայուսակները:

 

 

 

 

 


Արամ Նիկոլյան

armdesign6Նիկոլյանը ակտիվ աշխատում է դեռ ուսանողական տարիներից՝ 2003-ից, որոշակի դադարներով գործում է նաև նրա նորաձևության տունը: Արամը մասնակցել է Հայաստանում անցկացվող գրեթե բոլոր ֆեշն նախագծերին և բազմիցս վերապատրաստվել արտասահմանում: Նա համատեղում է դիզայների ու ոճաբանի աշխատանքը և բացի մոդելավորումից՝ նաև որպես ոճաբան համագործակցել է հայկական մի քանի հեռուստաալիքների հետ:Արամի հավաքածուները տարբեր են իրենց ոճային ուղղվածությամբ՝ ռոքային էսթետիկայից մինչև Ուրֆայի ասեղնագործություն:

Գրել կարծիք