Դիանա Մալենկո. Հայաստանում ավելի շատ են հարմարվողները, քան չհարմարվողները

Դիանա Մալենկո. Հայաստանում ավելի շատ են հարմարվողները, քան չհարմարվողները

newmag-ը ներկայացնում է դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոի մոնոլոգը քաղաքային կուլտուրայի, անճաշակ հարսանիքների ու նամակներ գրելու նոստալգիայի մասին:

արևածագ

Կյանքս ամեն օր նոր թափ է առնում, երբ լուսաբաց եմ դիմավորում, արևի առաջին ճառագայթներն եմ տեսնում: Մայրամուտը և գիշերը սիրում եմ, որովհետև տեսակով բու եմ, բայց մայրամուտի վերջում ինքս էլ մարում եմ: Մայրամուտն ինչքան էլ սիրեմ, այն ասոցացվում է ինչ-որ բանի վերջնակետի հետ, իսկ վերջը ես չեմ սիորւմ, միշտ ամեն ինչի սկիզբն եմ սիրում: Այս պատճառով էլ արևածագն ինձ էյֆորիայի մեջ է գցում: Նույնիսկ արև եմ ուզում դաջել մեջքիս, որ ավելի մոտ լինեմ նրան:

միշտ ուշանում եմ

Միշտ ուշանում եմ: Ինչքան էլ հասկանում եմ, որ անպատասխանատվության դրսևորում է, ինչքան էլ հասկանում եմ, որ չի կարելի այդպես վարվել, բայց… ցավոք սրտի` ես միշտ ուշանում եմ: Կյանքում չեմ ուշանում, շտապում եմ կյանքն ապրել և ապրում եմ: Գոնե այդտեղ մի քայլ առաջ եմ ընկնում ու արագ եմ սկսում ապրել: Առօրյա կյանքում քեզ պիտի այնպես դաստիարակես, որ չուշանաս:

ներողություն խնդրելու արվեստը

Գիտակցելով, որ իրականում շատ վատ քայլ եմ անում, փորձում եմ այդ իրավիճակը շտկել ներողություն խնդրելով: Ներողությունն ինձ թվում է աստվածային բառ, որն ամեն իրավիճակում օգնում է, նույնիսկ ամենավատ արարքիցդ հետո, երբ  անկեղծորեն խոստովանում ես, որ մեղավոր ես: Դա ինձ համար ամենահզոր երևույթներից մեկն է աշխարհում: Այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ներողություն խնդրել, խորհուրդ եմ տալիս անել դա, որովհետև առաջին հերթին դա մարդու ներսն է թեթևացնում:


ՄՈՆՈԼՈԳ


ժամանակակից կինոն

Կինոման եմ: Եթե նույնիսկ գիշերը 3-ին տուն մտնեմ ու առավոտյան 6-ին արթնանամ` անպայման մի ֆիլմ պետք է նայեմ: Շատ եմ սիրում կենսագրական ֆիլմեր: Կինոն ինձ համար կյանքին հավասար գիծ է: Երազում եմ, որ մեր ռեժիսորները սկսեն այնքան հետաքրքիր ֆիլմեր նկարել, որ մարդ այդ ֆիլմի նկարահանման ընթացքում ամեն ինչ մոռանա և տրվի այդ ֆիլմին: Ուզում եմ, որ մեր ռեժիսորները հասկանան, որ ի վերջո ժամանակի մեջ մնում ես, եթե արվեստի լավ գործ ես անում, իսկ կինոն ինձ համար արվեստի կարևոր ճյուղ է, այդ պատճառով եմ ցավագին տանում ամենը: Թատերական ինստիտուտը տարեկան 800 ուսանող է ավարտում, բայց այդքանից 10-ն են իրենց մասնագիտությամբ աշխատում: Ես կողմ եմ, որ երիտասարդ կադրեր դասավանդեն Թատերական ինստիտուտում:

քաղաքային կուլտուրա

Ոմանք մեր քաղաքի զարկերակը չեն բռնել, ոմանք սխալ տեղից են բռնել: Ես ճիշտ տեղից եմ բռնել ու ապրում եմ իսկական երևանյան կուլտուրայով, իսկական երևանյան կոլորիտն ու զարկերակն եմ զգում: Իրականում հիմա տարանջատում կա. փաբային կուլտուրան, որը նոր է ու ինձ ուրախացնում է, երկրորդը` այդ փաբային կուլտուրան քննադատողները: Ամեն ինչը միշտ հետաքրքիր է լինում, երբ քննադատություն է լինում: Մեր օրիգինալությունն այն է, որ Սարյանով քայլելիս անհնար է մենակ մնաս, քանի որ շատ ծանոթների կհանդիպես: Ժամանակակից երևանյան կոլորիտի ամենամեծ խաղաքարտը դա է: Բոլորն իրար ճանաչում են: Տնից դուրս են գալիս ու 8-9 ընկերով են վերադառնում: Մարդի՜կ, հանկարծ չկորցնե´ք դա: Դա է իդեալական քաղաքային կուլտուրան:

malenkophotoանճաշակություն

Անհավանական գումարներ ունեն այն մարդիկ, ովքեր գաղափար չունեն ճաշակի մասին: Ամբողջ աշխարհում հիմնականում հակառակն է, շատ գումար ունեցղ մարդիկ ամենակիրթ, ամենաինտելեկտուալ ու ճաշակով մարդիկ են: Հարսանիքներում երգելու համար երգիչներին կանչում և մեծ գումարներ են տալիս անճաշակ մարդիկ, դիզայներներին մեծ գումարներ են տալիս հիմնականում անճաշակ մարդիկ. այդտեղից սկսվում է մեր ամենամեծ խնդիրը: Եթե շատ գումար ունեցոները լինեին ճաշակով մարդիկ, մի օր կնկատեին մի երիտասարդի, որը ֆանտաստիկ գործեր է անում, կօգնեին նրան, նա էլ կդառնար հեղինակավոր անձ, ինչ-որ բան կփոխեր, միջազգային հարթակներում ինչ-որ մի բան կներկայացներ:

պակասում է

Տեսակով` հարմարվող եմ, ամեն ինչին հարմարվում եմ: Հայաստանում ավելի շատ են հարմարվողները, քան չհարմարվողները: Իմ մեջ հիմա այդ մեծ պայքարն է` չհարմարվելու: Չհարմարվելու արդյունքում են ստեղծվել ամենազիլ գործերը: Ուզում եմ իմ մեջ ձևավորել չհարմարվելը: Ինձ պակասում է չհարմարվելը: Ես երազում եմ, որ մեր երիտասարդությանը միշտ ինչ-որ բան պակասի, որ լիքը բաների ձգտի, խելագարության աստիճանի: Ամեն ինչ սկսվում է գժվելուց: Ինձ պակասում է այդ գժությունը:

նամակներ չենք գրում

Ցավալի է, որ մարդիկ այլևս նամանկներ չեն գրում, այլ հաղորդագրություններ են ուղարկում: Նամակներն են մնայուն: Ստացած sms-ը չես պահի, որքան էլ թանկ լինի: Իսկ նամակը մի ամբողջ պատմություն է, կարելի է մի նամակով մարդու մասին պատկերացում կազմել: Շատ ափսոս, որ այդ մշակույթը կորել է: Վերջերս գտա պապիկիս նամակը տատիկիս: Բանակից էր ուղարկել: Ֆանտաստիկ էր, մի ֆիլմ կարելի էր նկարել: Հորդորում եմ, որ մարդիկ իրար նամակներ գրեն, քանի որ մադուն դժվար է խոսքով ասել այն, ինչ մտածում ես: Իսկ երբ գրում ես, շատ անկեղծ ես լինում: Նամակ գրելու արվեստի հետ որոշ չափով կորել է նաև խոսքի անկեղծությունը:

երբեք չեմ ների

Մարդը միշտ պատրաստ է ներելուն, ամենադժվարն ինքդ քեզ ներելն է: Խելացի ու կիրթ մարդիկ միշտ ավելի հեշտ են ներում և այլ կերպ են նայում մարդկանց սխալներին: Եթե կարևոր քայլեր անելուց առաջ 2 րոպե մտածենք, մեր հարաբերություններում հաստատ ինչ-որ բան կփոխվի:

 

Գրել կարծիք