Սեքս, կրոն, ընտանիք, փող, դավաճանություն. Պոլ Վերհուվենի նոր ֆիլմը` Elle

Սեքս, կրոն, ընտանիք, փող, դավաճանություն. Պոլ Վերհուվենի նոր ֆիլմը` Elle

newmag_ի կինոգետը վերլուծում է կուլտային «Հիմնական բնազդի» և «Ռոբոկոպի» ռեժիսորի Պոլ Վերհուվենի նոր ֆիլմը ժամանակակից սոցիումի մասին, որտեղ լողում են մի փոքր ֆարսային կեղծ արժեքներ և շինծու առօրեական ձևականություններ։

Պոլ Վերհուվենը նկարել է ֆրանսիական նյու-բուրժուական կանոններով հեղինակային ֆիլմ՝ գրեթե լայն հանդիսատեսի վուայերիստական պահանջների համար։ Ֆիլմը սկսվում է բռնաբարության տեսարանով՝ շատ պարզ ու միանշանակ. առաջին իսկ կադրից հանդիսատեսը, ինչպես և գլխավոր հերոսուհու ճարպոտ մոխրագույն կատուն, դառնում է դեպքի ականատեսը։

mv5bogy1zjfinjgtymq1ny00mta3ltk1zgutztbinwnjmzyymwe3xkeyxkfqcgdeqxvynjmzmzmwmw-_v1_sy1000_cr0014711000_al_

Միշելը (Իզաբել Յուպեր) անկախ, գեղեցիկ ու ֆինանսապես ապահոված կարիերիստ է, ղեկավարում է վիդեոխաղերի ստեղծման ընկերություն, աշխատակիցները նրան չեն սիրում, խստապահանջ ու էմոցիաների առումով ժլատ մայր է, դուստր և նախկին կին։ Իրադարձությունից հետո նա չի ընկճվում, չի հեկեկում և չի զանգում ոստիկանություն. առօրեական տոնով, ընդամենը երկու բառով պատմում է դեպքի մասին ամենամտերիմներին՝ նախկին ամուսնուն, միակ մտերիմ ընկերուհուն և ընկերուհու ամուսնուն, ում հետ արդեն կես տարի է, ինչ քնում է։

Վերհուվենը ստեղծել է տիպիկ էսթետիկ եվրոպական թրիլեր-դրամա` հստակ ընդգծված էրոտիկ բաղադրիչով ու ավելի մեղմ, հոգեբանական ենթատեքստային շերտով. սեքս, կրոն, ընտանիք, փող, դավաճանություն (մի քանի անգամ), ամուսնություն, ոչ ստանդարտ մանկություն ու ֆետիշներ։ Ռեժիսորը կառուցում է սատիրիկ էլեմենտներով ու ծաղրանկարային դրվագներով ռեալիստիկ սոցիում, որտեղ լողում են մի փոքր ֆարսային կեղծ արժեքներ և շինծու առօրեական ձևականություններ։

mv5bmtg1ndq2njk0of5bml5banbnxkftztgwnduynjm2ote-_v1_sy1000_cr0014791000_al_

Միշելը, կարծես, միակն է, որ բարձրաձայնում է իր մտերիմների հիմար արարքները, որոնց մասին ուրիշները գերադասում են լռել՝ առանձնապես ուշադրություն չդարձնելով մասսայական աբսուրդ տոնի վրա։ Գլխավոր հերոսուհու ոչ տրիվիալ վերաբերմունքն ու վարքագիծն իր հանդեպ բռնություն կատարողի նկատմամբ կարելի է բացատրել թե՛ սեփական հոր նախկինում կատարած ահասարսուռ արարքներով, թե՛ չափազանց անկախ, ինքնուրույն ու սաստիկ կեցվածքով, ինչի արդյունքում նա ձևացնում է իր ռացիոնալիզմն ու անտարբերությունը, բայց իրականում այդքան անհանգիստ է, լարված ու դժբախտ։

Կրոնական ասպեկտն` Աստվածաշնչյան ակնարկներով, չարի և բարու, թույլի և ուժեղի, ներել-չներելու ֆակտորն իր հետևանքներով տալիս են վերլուծությունների ու մտորումների թեմա, որովհետև այստեղ բացակայում են անտոգոնիստներն ու պրոտոգոնիստները, կան միայն խաբողներ և խաբվածներ, խաղացողներ և չխաղացողներ։ Վերհուվենի սադրիչ սատիրան բարոյախոսության մասին չէ, և ոչ էլ միայնակ ուժեղ կանանց ու շահամոլ երիտասարդության. հեղինակը ցուցադրում է կատարյալ ընտանեկան ընթրիքի իր՝ շուռտված մոդելը, որտեղ ընդունվում է տարեց կնոջ և առանձնապես ոչ այդքան խելացի ալֆոնսի հնարավոր ամուսնության լուրը՝ ժպիտների ու ծափողջյունների ներքո, իսկ հավատացյալ կնոջ ամուսինը տարվում է մեկ ուրիշով, մինչ կինը վայելում է եկեղեցական պատարագը։

mv5bymjjmthmzgqtztkyzi00mdhlltk3ogetnjkzodnjmwewmzawxkeyxkfqcgdeqxvynjmzmzmwmw-_v1_sy1000_cr0015021000_al_

Վերհուվենը չի արդարացնում բռնությունն ու բռնաբարությունը, չի պաշտպանում ագրեսորին, անգամ պետք չէ դիտարկել ֆիլմն որպես ֆեմինիստական կամ միզոգոնիստական առակ. նա ներկայացնում է ժամանակակից սոցիումի ամենապահանջված խաղալիքները՝ ուռճացված և ծուռ հայելիների արտացոլանքում։

Ֆիլմը ցուցադրվում է KinoPark-ում

Գրել կարծիք