Այրուձի

Այրուձի

Լուսանկարիչ Վահան Ստեփանյանը մի քանի օր շարունակ «Այրուձի» ձիարշավախմբի հետ եղել է Հայաստանի սարերում ու ձորերում, անցել տասնյակ կիլոմետրեր ու ֆիքսել ձիասերների արշավներից հիշարժան կադրեր:

Վահան Ստեփանյան

Երբ ձի ես քշում, ոչ մի բանի մասին չես մտածում: Երբ, ձին հեծած, արշավում ես Հայաստանով մեկ՝ սարերով ու ձորերով, օրեր շարունակ, տասնյակ ու տասնյակ կիլոմետրեր անցնելով ձիու թամբին՝ ոտքդ ասպանդակին ու ձեռքդ սանձին, երեսդ բաշին ու շունչդ ռունգին, երբ ձիավարում ես՝ ականջդ սմբակների տրոփյունին, երբ արթնանում ես արևի հետ ու հանգչում խարույկի հետ, երբ գլխապտույտը թարմ ու խոնավ խոտի բույրից է և ոչ քաղաքի ծխից, երբ անապական բնության մեջ նժույգի հետ մի մարմին ես՝ կտրված սոցցանցի անմարմին բազմությունից, երբ ուշք ու միտքդ երիվարի հետ է և ոչ հեռախոսի, արագաչափի ու ինտերնետի, զգում ես, որ ոչ մի բանի մասին չես մտածում: Ոչ մի վատ բանի: Չնայած վախն էլ կա. թամբը պի՞րկ ես ձգել, ձիուն անտեղի չե՞ս խթանել, վարգի ռիթմը չե՞ս կորցրել:

Հետո մտածում ես, թե հնում մարդիկ ինչպես են հարյուրավոր կիլոմետրեր կտրել-անցել ու ամեն անգամ ձիուց իջնելուց հետո ֆիզիկապես կարողացել են որևէ գործով զբաղվել: Հետո սկսում ես շուրջդ նայել ու մտածել թե մենք ինչո՛ւ չենք ուզում գառնիգեղարդսևանդիլիջանծաղկաձորից այն կողմ անցնել ու բացահայտել մեր հայրենիքը: Հետո ավելի ուշադիր ես նայում շուրջդ ու ամաչում, որ մեր երկրի «դեռ չբացահայտված» անկյուններն արդեն իսկ աղբածածկ են Դելիի հետնախորշերի պես: Ու հանկարծ ինքդ քեզ բռնեցնում ես այն մտքի վրա, որ վերջին 30 րոպեն ոչ մի բանի մասին չէիր մտածում: Պարզապես նոր ես իջել ձիուց, ու լարվածության դողը դեռ մնացել է մարմնումդ: Ու միակ բանը, որ լսում ես, ձիու մեղմ փռնչոցն է: Միակ բանը, որ տեսնում ես, ձիու աչքերն են, որոնք նայում են քեզ ու կարծես հարցնում. «Հը՛… Ո՞նց էր»:

ayrudzi

Ayrudzi-2

Untitled-1

4

5

Այրուձի

Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողները և դասախոսները 35 տարի առաջ ստեղծեցին «Այրուձին»: Նրանք ազգագրական արշավներով եղան Հայաստանի քաղաքներում ու գյուղերում: Ջոկատի անդամները փորձում էին մարդկանց ուշադրությունը հրավիրել ազգային մշակույթի և ազգագրական արժեքների վրա, ուզում էին վերականգնել հին հայոց հեծելազորի ավանդույթները: Հեծյալ նվիրյալները 10 տարի շարունակ ամեն ամառ հարյուրավոր կիլոմետրեր էին անցնում՝ ազգային ձիախաղեր ցուցադրելով ու տոնական մթնոլորտ ստեղծելով. խաղերն ուղեկցվում էին ազգային երգ ու պարով: Պոլիտեխնիկում 1984-ին ձևավորվեց «Այրուձի» հեծյալ ակումբը՝ սեփական ձիերով և սեփական բազայով: Ակումբը նաև փորձ արեց վերականգնել ստվերների ավանդական թատրոնը: Հետագայում թատրոնն անվանեցին «Այրոգի»՝ ակումբի անվան նմանությամբ:

«Այրուձի» հեծյալ ակումբը շարունակում է վերածնել ձիավարության ավանդույթները, հեծյալ բազան փորձում է վերականգնել տոհմային ձիաբուծությունը: Ամեն ամառ հեծյալ բազայում մանկական ճամբար է կազմակերպվում, որպեսզի երեխաներն էլ սովորեն ձիերի հետ վարվելու կանոններն ու ձիավարության նրբությունները: «Այրուձի» ակումբի «հնաբնակները» որոշել են վերականգնել ձիարշավները: Նրանք կարծում են, որ գաղափարը նախկինի պես արդիական է, և որ ժամանակակից մարդուն, հատկապես բջջահամակարգչային ցանցերում խճճված երիտասարդներին կարելի է օգնել՝ սովորեցնելով շփվել բնության ամենաազնիվ ու գեղեցիկ կենդանու հետ: Եվ ահա ձիարշավի մասնակիցները 12 օրում 200 կմ են անցել լեռնային արահետներով, 8 կանգառ են ունեցել գյուղերում՝ բաց երկնքի տակ հանդիպելով տեղացիների հետ, ցուցադրելով ձիախաղեր և ստվերների թատրոնի ներկայացումներ՝ ուղեկցելով ազգային երգ ու պարով:

4-hat

11

13

Ազգային ձիախաղեր

«Գդակ փախցնոցի»

Մասնակիցները բաժանվում են 2 թիմի, յուրաքանչյուր թիմն իր գույնի գդակ է դնում: Մրցավարի սուլոցով նրանք պետք է փախցնեն մրցակցի գլխարկը՝ ցատկելով մեծ արագությամբ: Հաղթում է այն թիմը, որն ամենից շատ է գլխարկ հավաքում: Նույնը խաղում են նաև անհատապես, երբ մի թիմի դեմ խաղում է միայն մեկ մրցակից:

«Նիզակահարում» կամ «Խոցի՛ր նիզակով»

Մի թիմի նիզակակիրը մենամարտի է հրավիրում մյուս թիմի մրցակցին: Ցատկելով մեծ արագությամբ՝ նրանք միմյանց հետապնդում են դաշտի եզրագծով՝ աշխատելով նիզակով խոցել մրցակցին և նրան գցել թամբից:

«Նժգակոխ» (Նժույգների կոխ)

Հեծյալները նժույգներով մոտենում են միմյանց և զույգ-զույգ փորձում հակառակորդին ցած նետել ձիուց: Հաղթում է այն թիմը, որը շատերին է տապալում:

«Սպարապետների մենամարտ» կամ «Փետրավորների մենամարտ»

Երկու թիմերի մասնակիցները ասպետի զրահ են հագնում, սաղավարտներին ամրացնում են փետուրներ: Նրանք զինվում են սրերով՝ փորձելով մենամարտի ժամանակ սրով կտրել հակառակորդի սաղավարտի փետուրները: Խաղային տարբերակում սրերի և սաղավարտների փոխարեն օգտագործվում են սուսերներ և սուսերամարտի դիմակներ, փետուրների փնջի փոխարեն՝ օդապարիկներ:

16

14

Արշավանքների ժամանակացույց

1980 – Ձևավորվեց գաղափարը և հիմնադրվեց «Այրուձի» արշավախումբը: Մշակվեց ազգային ձիախաղերի վերածնման, դրանց նախապատրաստման և ցուցադրության ծրագիրը:

1981 – Մշակվեց և նախապատրաստվեց ազգագրական ելույթների և բանահավաքության ծրագիրը: Իրականացվեց էթնոմշակութային 1-ին արշավը՝ Բալահովիտ-Երևան-Էջմիածին-Հոկտեմբերյան-Քարակերտ- Մաստարա-Մարալիկ-Լենինական-Ջաջուռ-Սպիտակ-Ստեփանավան-Օձուն-Կիրովական-Դիլիջան- Ծովագյուղ-Դդմաշեն:

1982 – Հիմնադրվեց «Այրուձի» ակումբը, իրականացվեց 2-րդ արշավը՝ Բալահովիտ-Գողտ-Նորադուզ- Գեղհովիտ-Մեծ Մազրա-Շորժա-Թթու ջուր-Արծվաշեն-Նավուր-Բերդ-Այգեհովիտ-Գանձաքար-Գոշ-Ծովագյուղ- Դդմաշեն:

1983 – Հիմնադրվեց ստվերների թատրոնը: Իրականացվեց 3-րդ` ամենաերկար արշավը՝ Ներքին Գետաշեն-Ակունք-Ջերմուկ-Գոռհայք-Սիսիան-Դարբաս-Լեռնաձոր-Մեղրի-Ծավ-Վերին Խոտանան-Տաթև-Գորիս:

10

17

1984 – Պոլիտեխնիկը Դդմաշենի ձիաբուծարանից ձեռք բերեց զտարյուն անգլիական 10 ձի, և Բալահովիտում հիմնադրվեց «Այրուձի» ձիասպորտային բազան:

1985 – «Այրուձին» մասնակցեց Պոլիտեխնիկի ազգագրական փառատոնին, իրականացրեց 4-րդ արշավը՝ Բալահովիտ-Հրազդան-Մեղրաձոր-Մարգահովիտ-Փամբակ-Հաղպատ-Նոյեմբերյան-Ազատամուտ-Գոշ-Ծովագյուղ-Բալահովիտ: «Հայֆիլմը» նկարահանեց «Այրուձի» կարճամետրաժ ֆիլմը:

1986 – 5-րդ արշավ՝ Բալահովիտ-Եղվարդ-Բուժական-Արզական-Բջնի-Աղվերան-Ապարան-Սպիտակ-Ջաջուռ-Լենինական-Կիրովական-Ֆիոլետովո-Ծովագյուղ-Գագարին-Բալահովիտ:

1987 – 6-րդ արշավ՝ Բալահովիտ-Գեղաշեն-Մադինա-Ծովինար-Արտանիշ-Ծովագյուղ-Վարսեր-Սոլակ- Բալահովիտ:

1988–1989 – «Այրուձին» մասնակցեց համաժողովրդական շարժմանն աջակցող բազմաթիվ հայրենասիրական միջոցառումների:

1989 – Բարեգործական (7-րդ) արշավ` ի նպաստ աղետի գոտու վերականգնման՝ Աշտարակ-Արագյուղ- Բուժական-Մեղրաձոր-Մարգահովիտ-Փամբակ-Վահագնի-Անտառամուտ-Կուրթան-Հերհեր-Բազում-Սպիտակ- Մելիք գյուղ-Ապարան-Աշտարակ:

1990 – 8-րդ արշավ՝ Աշտարակ-Արագյուղ-Դդմաշեն-Ծովագյուղ-Դիլիջան-Ծովագյուղ-Աբովյան-Եղվարդ- Աշտարակ:

1991 – Հիմնադրվեց «Այրուձի հեծյալ ակումբ» հասարակական կազմակերպությունը:

1992 – Հիմնդարվեց «Այրուձի հեծյալ բազա» ՍՊԸ-ն:65-99

1996–1999 – Հայկական և նիդերլանդական կարմիր խաչի ընկերությունների օժանդակությամբ մշակվեց և իրականացվեց փախստական երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման ծրագիրը:

2000–2014 – Իրականացվեցին բազմաթիվ մարզական, մշակութային, սոցիալական, առողջապահական (հիփոթերապիա), ամառային հանգստի մանկական ճամբարների, Հայաստանում տոհմային ձիաբուծության և ձիասպորտի զարգացման ծրագրեր:

2009 – ցայսօր – Ստվերների թատրոնը շարունակում է ներկայացումները, մասնակցում է Դսեղի տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին:

2015 – «Այրուձի» ընտանիքի հիմնադրման 35-ամյակին նվիրված էթնոմշակութային 9-րդ արշավը՝ Աշտարակ-Եղվարդ-Քարաշամբ-Բջնի-Հրազդան-Հանքավան-Լուսագյուղ-Արագած-Աշտարակ:

ayrudzi

16

24

25

23

Գրել կարծիք