Հայ-իրանական բազմադարյա կարծրատիպեր. ամրանալով հայկական հողին

Հայ-իրանական բազմադարյա կարծրատիպեր. ամրանալով հայկական հողին

newmag-ը զրուցել է իրանցի անիմատոր Քաժալ Մալեքզադեի հետ՝ պարզելու համար, թե ինչու է նա Հայաստանը համարում հեքիաթային երկիր, և ինչ սխալ կարծրատիպեր ունեն հայաստանցիները հարևան Իրանի մասին:

Ամառվա շոգին հանդիպման է գալիս՝ երկարաթև հագած: Զարմանում եմ, որ գլխաշորն է բացակայում: Մազերը ներկված են շեկ, դեմքը բաց է, գեղեցիկ, արևելյան դիմագծերով: Ժպտում է. այտին փոսիկ է առաջանում: Բարի, շատ բարի մարդու տպավորություն է թողնում առաջին իսկ հայացքից:

Հետո՝ զրույցի ընթացքում, պազվում է, որ Քաժալը ոչ միայն բարի, այլ նաև հեքիաթային մարդ է: Հարևան երկրում է ծնվել, մեծացել: Միջին խավի, ինտելիգենտ ընտանիքից է: Կարող էր այլ, գուցե եվրոպական երկրի մասին երազել: Բայց նրան մանկուց գրավել են հայերն ու Հայաստանը: Առաջին անգամ տասը տարի առաջ՝ 21 տարեկանում է ոտք դրել Երևան: Հիմա հասուն, բանիմաց, խելացի ու կայացած երիտասարդ է, ապրում ու ստեղծագործում է հանուն Հայաստանի Հանրապետության:

Այն, թե ինչպես է Քաժալը խոսում Հայաստանի մասին, տպավորիչ է, ինչեր է բացահայտում Իրանի մասին՝ զարմանալի ու հետաքրքիր: Պարզվում է՝ այնքա՜ն բան չգիտենք բազմադարյան հարևանի մասին, և նրանք էլ՝ մեր մասին:

Իմ հեքիաթների երկիրը՝ Հայաստանը

Միշտ երազել եմ ապրել Հայաստանում: Այս երկիրը հեքիաթային տպավորություն էր թողնում դեռ մանկուց: Իրանում հետաքրքիր էր հայերի հետ շփվելը, բայց հնարավորությունը քիչ էր. շրջապատում շատ հայեր չկային: Հեռակա կարգով ուսումնասիրել եմ Հայաստանի քաղաքական, սոցիալական, պատմական, մշակութային ոլորտները: Ամեն ինչը հեռու էր թվում: Ոչ մի ծանոթ չունեի, որ առաջին ձեռքից տպավորությունները պատմեր, մինչև որ եղբայրս առաջին անգամ որոշեց որպես զբոսաշրջիկ այցելել Հայաստան: Չնայած երկու-երեք օրով էր եկել, բայց լիքը նկարներով ու վառ տպավորություններով վերադարձավ: Նրա պատմությունները լսելուց հետո հստակ որոշեցի ծրագրել ճամփորդություն դեպի Հայաստան:

Դեպի Երևան՝ երազանքի հետևից

21 տարեկան էի, երբ առաջին անգամ ուղևորվեցի Հայաստան: Մեկ շաբաթով ընկերներով էինք եկել: Որոշեցինք մեր մեքենայով գալ, որ ընթացքը ուսումնասիրեմ: Մյուսների համար շատ ծանր ճամփորդություն էր, ճանապարհներին ծանոթ չէինք, բայց ես երջանիկ էի, ամեն ինչ հետաքըրքիր էր: Հայ գրականությանը շատ լավ ծանոթ եմ: Գրքերում բազմիցս հանդիպել էի հայ-իրանական սահմանի նկարագրությանը, Արաքս գետի վրայով անցնող կամուրջին: Եվ ահա մի աստղազարդ գիշեր ես կանգնած էի այդ կամրջի վրա ու պատկերացնում էի ամբողջ պատմական անցուդարձը, հիշում գրական ստեղծագործություններում այս վայրի նկարագրությունները… Այդպես ոտքով անցա Արաքսի կամուրջը. հեքիաթային ու առեղծվածային էր: Հետո զավեշտալի մի դեպք պատահեց: Ուրիշի մեքենայով էինք, մեզ ուղեկցող տղան վըստահ էր, թե գիտեր ճանապարհը: Որոշ ժամանակ անց նրա իմացած «ճիշտ ճանապարհով» հասանք Նախիջևան: Նույնիսկ վիզա էլ ստացանք, անցակետում ուրախ դիմավորեցին, հարցնում են. «Ո՞ւր եք ուզում գնալ հանգստանալու»: Մենք էլ թե՝ Երեվա՜ն: Հաջորդ րոպեին սփրթնած իրար էինք նայում: Բարեբախտաբար, մեզ մի մարդ ուղեկցեց ճաշելու, մեկ ժամ մնացինք Նախիջևանում և անփորձանք վերադարձանք դեպի Հայաստանի ճանապարհ: Մեղրիի մոտակա գյուղերից մեկը մտանք: Կիսատ-պռատ հայերեն գիտեի. «Բարև», «Ո՞նց ես», «Ի՞նչ արժե»: Իմացածս կիսատ հայերենով տեղացիների հետ շփվեցինք, շատ բարեհամբույր դիմավորեցին մեզ: Առաջին իսկ տպավորությամբ ես ինձ տանը, հարազատ մարդկանց շրջապատում զգացի: Օտարության ոչ մի զգացում չկար: Ուշ ժամի հասանք Երեվան: Ընկերներս քնած էին, բայց ես ուզում էի առաջինը Կասկադը տեսնել. նկարներից շատ տպավորված էի: Միանգամից մեքենան վարում եմ դեպի Կասկադ, ուղևորներս բոլորը քնած են, և բարձրանում եմ աստիճանները, վայելում տեսարանը, հետո որոշում եմ, որ այդ ուշ ժամին պետք է նաև Ծիծեռնակաբերդը տեսնեմ: Մի հայ տղայի հարցրեցի տեղը, պարզվեց՝ նա էլ մի քիչ պարսկերեն գիտի, ուղեկցեց մեզ: Այդպես լուսաբացին ես Երևանում էի՝ իմ երազանքների քաղաքում:

Ամրանալով հայկական հողին

Հակառակ Հայաստանում տարածված մտայնությանը, թե այստեղ դժվար է աշխատանք գտնել՝ ինձ համար ամեն ինչ շատ հեշտ ստացվեց: Երբ արդեն որոշել էի տեղափոխվել, գիտեի, որ այստեղ անիմացիայի փառատոն կա, այդ ոլորտում էի ուզում աշխատել: «Ռեանիմանիայի» հետ կապ ունեցող բոլորին «Ֆեյսբուքում» ընկերության հայտ էի ուղարկել՝ 50-60 մարդու: Ինչպես էլ լիներ, մեկը կարձագանքեր: Մի սիրիահայ տղա գրեց, թե՝ արի՛, մի բան կանենք: «ՔասԱրթում» մոտ մեկ տարի աշխատեցի, զուգահեռ տարբեր աշխատանք էի փնտրում, ապա հայտնվեցի «Թումոյում»: Վորքշոփի մենեջեր եմ:

Իմ ֆիլմը Հայաստանի մասին

Ուսանողության տարիներին նկարել եմ մի քանի դոկումենտալ ու կարճամետրաժ ֆիլմեր: Մինչև Հայաստանում բնակություն հաստատելս միտք ունեի հայկական թեմայով մի անիմացիոն ֆիլմ ստեղծել: Էսքիզներ էի արել դեռ Իրանում: Բայց քանի որ այնտեղ թարգմանական գրականություն չկա Հայաստանի մասին, ցավոք, շատ էլ հետաքրքրված չեն, դրա համար ուզում էի անմիջականորեն շփվել երկրի, ժողովրդի հետ: Ընկերներս ասում էին. «Գժվե՞լ ես, ի՞նչ է: Եթե Աֆրիկայի մասին ուզում ես ֆիլմ նկարել, պետք է պարտադիր այնտե՞ղ ապրես»: Հիմա, երբ նայում եմ էսքիզները… Հատկապես այս երկու տարվա ընթացքում ահագին բան է փոխվել այն ամենից, ինչ պատկերացնում էի Իրանում: Հիմա ավելի լուրջ է ինձ համար Հայաստանի մասին ֆիլմ նկարելու գաղափարը: Որոշել եմ՝ մինչև լեզվին լիարժեք չտիրապետեմ, ոչ մի գործ չանեմ:

maleqzadephoto

«Վերնատուն»

Իրանում ոչ ոք չգիտի Բախչեբանի և Ղազարոս Աղայանի կապի մասին: Նա մեր երկրում մանկական հրատարակչության ռահվիրաներից է: Բախչեբանն է հիմնել խուլուհամրերի համար առաջին հատուկ դպրոցը և Իրանի առաջին մսուր-մանկապարտեզը: Հետաքրքիր է, որ այդ մարդը Երևանում է ծնվել: Աղայանն օգնել է, միասին աշխատել են մանկական գրականության վրա: Այդպես Բախչեբանի կենսագրության ուսումնասիրությունն ինձ հասցրեց «Վերնատուն»: Ուզում եմ՝ ֆիլմս հենց «Վերնատան» մասին լինի: Չգիտեմ, դեռ գաղափար է: Սկզբում ցանկանում էի «Անահիտը» անիմացնել, բայց երբ եկա, պարզվեց՝ արդեն արվում է:

Սխալ կարծրատիպեր

Հայաստանում իրանցիների մասին կարծրատիպեր կան: Բայց ես անձամբ չեմ զգացել դա: Հակառակը, շատ լավ վերաբերմունքի եմ արժանանում, նույնիսկ զարմացած հարցնում են. «Դու իրանցի՞ ես»: Իմ շատ հայրենակիցներ գալիս են այստեղ, նրանցից շատերն էլ իրենց լավ չեն պահում: Դա ունի իր պատճառները: Բոլոր տեղերում կա և՛ լավը, և՛ վատը: Բայց մի բան կարող եմ ասել. իրանցիներին էլ այստեղ սխալ են ընկալում: Մտածում են՝ փողի պարկ են: Հայաստանցիները նաև կարծում են, թե բոլոր իրանցիները մուսուլման են և մուսուլման են բառի վատ իմաստով: Իրականում այդպես չէ. իրանցիների մեջ էլ կան աթեիստներ, բայց պարտավոր են լռել այդ մասին: Որոշներն էլ շատ խիստ հավատացյալ են թվում, բայց այդպես չէ: Ես կուզեմ, որ Հայաստանում ծանոթ լինեն ժամանակակից իրանական գրականությանը: Կուզեի՝ Հայաստանում իմանան, որ Իրանը ամեն առումով շատ բազմատարր է, բոլորին մեկ դարակի մեջ չի կարելի դնել:

Տղամարդակենտրոն հասարակություն

Հասարակական-սոցիալական կյանքում չեմ նկատում, թե որքան պատրիարխալ է Հայաստանը, բայց որքան տեսել եմ նեղ շրջանակներում, շատ տղամարդակենտրոն է: Ամենևին ֆեմինիստ չեմ, բայց ես այդ միջավայրում, այդ մշակույթի մեջ չեմ մեծացել, որ կարողանամ հանդուրժել, կամ ինձ համար ընդունելի լինի ընտանիքում տղամադրու բացարձակ գերակայությունը: Կասեք՝ հապա Իրանում այդպես չէ՞: Ընդհանրապես օրենքով աշխատավայրերում տղամարդու իրավունքներն են գերակշռում, բայց առօրյա շփումների մեջ ամեն բան բալանսավորված է, հավասար: Նույնիսկ իրանական ավանդական ընտանիքներում ամենատարեց կնոջ խոսքը շատ կարևոր է, կապ չունի՝ քանի տղա կա ընտանիքում: Ամեն դեպքում Հայաստանից լավ է վիճակը: Այդ պատճառով կարծում եմ, որ դժվար թե հայի հետ ամուսնանամ:

newmag #71

Գրել կարծիք