#44 Արտավազդ Փելեշյան. Դիստանցիոն հարցազրույց

#44 Արտավազդ Փելեշյան. Դիստանցիոն հարցազրույց

Կինոպոեմի, կինոբանաստեղծության վարպետ, կինոգեղագետ, կինոհանճար՝ նրան շատերն են բնութագրել:Բայց Փելեշյանի մասին ամենից դիպուկը կարող է խոսել հենց Փելեշյանը: newmag-ը վավերագրական կինոյի կենդանի լեգենդի հետ զրուցել է իր ստեղծած ու սիրած կինոհնարքով՝ «դիստանցիոն մոնտաժի» սկզբունքով:

Օդանավակայանի սպասասրահում նստած՝ ուզում էի խաչել ձեռքերս ու գոռալ. «Գրողը տանի, իսկ եթե նա խոսի, ի՞նչ պետք է հարցնեմ: Ասենք՝ հենց հիմա դուրս գա նախասրահից, մոտենա լրագրողների խմբին, կանգնի ուղիղ տեսախցիկների առջև ու ասի` լսում եմ ձեզ…»: Իմ մտքերից ու օպերատորիս բղավոցից` Լո՛ւս, եկավ, շունչս կտրվեց: Մի հանկարծահայտ լրագրող (որպես կանոն՝ այդ պահերին նրանք միշտ օդից են հայտնվում) հայելին հանեց, մազերն ուղղեց, հայելին խցկեց պայուսակը, պտտվեց ու հաղթական հայտարարեց. «Հարցեր չտաք, որ չբարկանա. ինձ «բացառիկ» է խոստացել»:

Փելեշյանը սպասասրահ եկավ կնոջ ուղեկցությամբ: Առաջինը Հարություն Խաչատրյանը մոտեցավ, հետո մի կողմ քաշվեց, լրագրողները մոտեցան, ամեն մեկը սկսեց մի հարց բղավել (ինչպես ամերիկյան կինոներում է լինում)… Կինոռեժիսորը թեթև ժպտաց, մի քանի քայլ արեց, շրջվեց ու ցածր ասաց.

– Ուզում եք՝ խոսե՞մ. չեմ խոսելու:

Փելեշյանի հետ իմ երրորդ հանդիպումն էր: Առաջինին մի քանի հարց հաջողվեց տալ, երկրորդին նույնիսկ չկարողացա մոտենալ: Այդ պահին կուզեի հայտնվել Պիետրո Մարչելոյի տեղում: Երիտասարդ իտալացի ռեժիսորին հաջողվել էր ոչ միայն խոսել Փելեշյանի հետ, այլև նրան համոզել, որ դառնա իր ֆիլմի գլխավոր հերոսը: Հեշտ գործ չէ: Փելեշյանը համաձայնել էր, բայց երկու պայմանով.

«Առաջին` քո ֆիլմում ես լուռ կլինեմ, և երկրորդ՝ տեսախցիկդ կնկարահանի այն դիրքից ու այնպես, որտեղից ու ինչպես ես ճիշտ կհամարեմ»:

peleshyan

Ու նկարել էր: Ֆիլմում Փելեշյանի մասին ոչ մի նոր բան չեք հայտնաբերի, բայց կլսեք «Փելեշյանի լռությունը»: Հենց այսպես էլ կոչվում է ֆիլմը: «Ոսկե ծիրան»-ի «Արտասահմանյան լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթած «Փելեշյանի լռությունը» ֆիլմում ռեժիսորի հիշողություններն ու անձայն մտքերն են` կինոյի ու կինոյի թողած ազդեցության, կյանքի, մտքի, զգացմունքների ու ուղիների մասին: Համենայն դեպս, այսպես է Պիետրո Մարչելոն բնութագրում իր ֆիլմը: Փելեշյանն այլ կարծիք ունի: Ֆիլմի պրեմիերայից հետո նա հայտարարեց.

-Մարչելոյի լռությունն է, ոչ Փելեշյանի: Վերնագիրը բացատրություն է պահանջում, բայց ռեժիսորը, ինձնից օրինակ վերցնելով, ինքն էլ է լռում:

«Ասպետի ոսկե խաչ» շքանշանը, «Անահիտ» պատվո մրցանակները այդ ֆիլմի պրեմիերաներին հաջորդած օրերին Փելեշյանին հանձնեցին: Ռեժիսորը բոլոր մրցանակներն ընդունեց ժպիտով ու շնորհակալությամբ: Ոչինչ ավելին:

pelesh-4

«Ոսկե ծիրանի» բացման արարողությունն էր: Ազնավուրով տարված ներկաները, կինոռեժիսորի ազգանունը լսելով, ոտքի կանգնեցին ծափահարելու: Գլուխները վեր բարձրացրեցին դեպի օթյակներ: Իջեցրեցին: Փելեշյանը պարտերի ձախ հատվածում էր նստած, որտեղ նստում են ամենասովորական, ամենօրյա կինոդիտողները…



… Ուղիղ ժամը 19:30-ին կինոռեժիսորի ֆիլմերի ցուցադրությունը պետք է լիներ: Նախապես հատարարել էին, թե լրագրողների հետ է հանդիպելու, հարցերին է պատասխանելու: «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում ո՛չ շնչելու օդ կար, ո՛չ կանգնելու տեղ: Փելեշյանը միտքը փոխել էր: Իր ֆիլմերի ցուցադրությունից հետո խոսելու էր, հանդիսատեսի հարցերին էր պատասխանելու (եթե հանդիսատեսի մեջ լրագրողներ լինեն, նրանց հարցերին էլ):

«Տարվա եղանակներ», «Կյանք», «Վերջ», «Մեր դարը», «Բնիկները», «Մարդկանց երկիրը»… Ու հեղինակն արդեն բեմում է:

– Իմ երիտասարդ տարիներին նկարահանած ֆիլմերն են, երբ դեռ գանգուր մազեր ունեի… Երբ ցուցադրվում էին իմ ֆիլմերը, շատ  երիտասարդ էի, խիտ մազերով, բայց սանր չունեի, իսկ հիմա հակառակն է. սանր ունեմ, բայց մազ չունեմ:

Հանդիսատեսը հարց տալու համար հերթի չի սպասում, բղավում են, ով ինչ հարց կարող է: Փելեշյանը պատասխանում է… իր ֆիլմերի նման մոնտաժված պատասխաններով: Դիստանցիոն:

– Պարո՛ն Փելեշյան, Ձեր ոչ մի ֆիլմում բառեր չկան. ինչո՞ւ:

– Դրանք շաբլոն են:

– Ամեն անգամ նոր բան ենք հայտնաբերում Ձեր ֆիլմերում:

– Ինչքան էլ ասածս աբսուրդ թվա, ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները:Այդ պատճառով էլ ամեն անգամ նոր բան եք տեսնում: Ֆիլմը կառուցված է, բայց դրա կեսը բացակա է: Բացակայող մասը մոտնաժի, երաժշտության, պատկերի շնորհիվ ենթագիտակցորեն ներկա է:

– Տեսաերիզո՞վ են Ձեր ֆիլմերը:

Ես երկու տեսաերիզ եմ բերել իմ ֆիլմերից, բայց երկուսն էլ խնդիր ունեն. մեկի ձայնն է վնասված, մյուսի կադրերն են վնասված, չնայած ժամանակին ահռելի աշխատանք եմ տարել դրանց վրա:

pelesh-2

– Վարպե՛տ, արվեստն ի՞նչ է:

– Արվեստը նշակակում է ազատում ինքդ քեզնից: Արվեստը բացակա իրականության տարբերակ է, որը նույնքան համոզիչ է, որքան իրողությունը: Տարբեր տարիքում ես ունեի կինոյի տարբեր ընկալումներ: Սկզբում դա իտալական նեոռեալիզմն էր, հետո` այլ -իզմեր: Այժմ ես արդեն հանդարտվել եմ, և ինձ համար գլուխգործոցներ են Գերասիմովի «Խաղաղ Դոնը», Կոպոլայի «Կնքահայրը» և Սիու Թունգ Չինգի «Չինական ուրվականների պատմությունը»:

– Վարպե՛տ, վարպե՛տ, ո՞րն է Ձեր փիլիսոփայությունը:

– Ամեն բան պետք է լինի այնպես, ինչպես պետք է լինի: Թեկուզ նույնիսկ հակառակը:

– Ձեր կարծիքով ի՞նչ ասել է ազգային կինո:

– Ինչ ասել է ազգային կինո՞: Նույնն է, որ հարցնեք` իմ կարծիքով ես հա՞յ եմ:

– Ե՞րբ նոր ֆիլմ կլինի:

– Երբ որ լինի։

– Ինչպե՞ս եք ստեղծել Ձեր ֆիլմերը:

– Առանց նախնական բեմադրության: Ընտրել եմ վիճակը, տեղը և մտածել եմ, որ տեղը մարդկանց կթելադրի գործել այնպես, ինչպես ես եմ ուզում: Եվ այդպես էլ եղել է։

– Ո՞րն է 21-րդ դարի առաջին տասնամյակի նվաճումը:

– Որ ողջ ենք մնացել։

– Հայրենիք վերադառնալու և վերահաստատվելու մտադրություն ունե՞ք:

– Երևի կա, տեսնենք։

pel

Ու Փելեշյանն էլի լռեց: Բեմից իջավ: Հեռացավ կնոջ հետ թևանցուկ, ինչպես եկել էր: Փելեշյանը միշտ կնոջ հետ է, ուր էլ գնալիս լինի: Ապշելու բան է: Նույնիսկ կնոջ հետ է քիչ խոսում: Կարծես նրանք խոսում են բացակա բառերով, լռությամբ, ինչ-որ անհասականլի կերպ, ինչպես Փելեշյանի ֆիլմերն են: Մի անգամ ռեժիսորին խնդրել էին բացատրել, թե ինչ ասել է «տարածական մոնտաժ», որը, Փելեշյանից բացի, ոչ ոք չի հասկանում: Փելեշյանը պատասխանել էր… Փելեշյանի նման:

– Տարածական մոնտաժը թույլ է տալիս տեսնել բացակա իրականությունը: Այդ մոնտաժի ընթացքում ստեղծվում է մի տեսակ հիպնոսական դաշտ, որը երկու պատկերների միացմամբ թույլ է տալիս տեսնել երրորդը` նորն ու ավելի իրականը: Բացի այդ՝ կինոշարում կարևորվում է երաժշտական ձևավորումը: Ես մոնտաժում եմ պատկերի և երաժշտության հույզերը:

Հաջորդ օրն առավոտյան Փելեշյանն արդեն Մայր Աթոռում էր: Վեհափառ հայրապետը «Եղիցի լույս» մրցանակը շնորհեց նրան: Ռեժիսորը մի ձեռքում պահեց մրցանակը, մյուսով վերցրեց խոսափողը, կանգնեց ամբիոնի մոտ ու ասաց.

– Շնորհակալ եմ: Կուզեի, որ այս մրցանակը նաև Ռոման Բալայանին հանձնեն:

 

pelesh-3

Արարողակարգն ավարտվեց: Փելեշյանը հեռանում էր: Շունչս պահած, բարձրախոսս ձեռքիս՝ օպերատորիս հետ մի կերպ խցկվեցի մարդկանց մեջ, մոտեցա Փելեշյանին, մրցանակի մասին հարցրեցի: Կինռեժիսորն ընդամենը ասաց.

– Մրցանակ է, էլի:

Փելեշյանը կրկին Հայաստանում չէ: «Ոսկե Ծիրան»-ի ու փելեշյանական կրքերը հանդարտվել են, ես խաղաղության մեջ եմ ինքս ինձ հետ, հաշտվել եմ այն մտքին, որ Փելեշյանի հետ երկար զրուցելու հնարավորություն այդպես էլ չունեցա: Բայց մի օր անպայման հարցազրույց կունենամ նրա հետ: Երեք էջանոց էքսկլյուզիվ հարցազրույց:

Պատրաստեց՝ Լուսին Մկրտչյանը

Գրել կարծիք