Արշավիր Մինասարյան. Հայկական շուկան շատ փոքր է անընդունելի խաղի կանոնների համար

Արշավիր Մինասարյան. Հայկական շուկան շատ փոքր է անընդունելի խաղի կանոնների համար

Ի՞նչ պատերազմ է տեղի ունենում գազավորված ըմպելիքների հայաստանյան շուկայում: newmag-ը զրուցել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության գլխավոր տնօրեն Արշավիր Մինասարյանի հետ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2016-ի փետրվարի 23-ին  «ԿոկաԿոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸին ճանաչեց որպես գերիշխող դիրք ունեցող. ավելին, վերջինս նաև արձանագրեց, որ «ԿոկաԿոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸն չարաշահում է իր գերիշխող դիրքը: Նշենք, որ «ԿոկաԿոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸն գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվեց  50 մլն դրամով: Բանն այն է, որ «Ջերմուկ Ինթերնեյշնլ ՊեպսիԿոլա Բոթլեր» ՍՊԸի կողմից  ՀՀ  ՏՄՊՊՀին դիմելու պատճառ են հանդիսացել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն ծավալող թվով 11 ընկերությունները, որոնք հրաժարվել և մինչ օրս հրաժարվում են ձեռք բերել և իրացնել «ՊեպսիԿո» ապրանքային նշանով ապրանքներ: Մինչդեռ այդ բոլոր օբյեկտներում լայնորեն ներկայացված են «ԿոկաԿոլա» ընկերության ըմպելիքները:

Պարզվել է, որ «ԿոկաԿոլան» զեղչերի, ակցիաների կամ այլ շահավետ պայմանների միջոցով պարտադրում է և /կամ շահագրգռում է, որ տասնյակ տնտեսվարող սուբյեկտներ իրացնեն միայն իր արտադրանքը: Օրինակ՝ ընկերության ֆիրմային սառնարաններն անհատույց տրամադրվում են տնտեսվարողներին, ինչը տնտեսապես շահավետ է, քանի որ սառնարանի ձեռքբերման և վարձակալության համար լրացուցիչ ծախսեր չեն կատարում: Ընկերությունն արգելում է, որ իր սառնարաններում թեկուզև շատ փոքր քանակով ներկայացված լինեն այլ ըմպելիքներ, հակառակ դեպքում կիրառում է որոշակի խիստ միջոցներ:

70-for-print-512

Կարծես ոչինչ չի փոխվել «Դալմա Գարդեն Մոլ»-ում:Կրկին ձեր արտադրանքը չիվաճառվում: Ի՞նչ է փոխվել«ԿոկաԿոլային» 50 միլիոն դրամ տուգանելուց հետո:

– ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից կայացված որոշման բովանդակությունը հետևյալն էր. «Կոկա-Կոլա» ընկերությանը ճանաչեցին շուկայում գերիշխող դիրք ունեցող: Գազավորված ըմպելիքների ոլորտում ընկերությունը չարաշահել է իր գերիշխող դիրքը և համապատասխանաբար տուգանվել է 50 միլիոն ՀՀ դրամով: Այժմ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն վիճարկում է Վարչական դատարանում այդ որոշումը, և դեռևս պարզ չէ, թե դատարանը ինչ վճիռ կկայացնի տվյալ գործով: Ցավոք սրտի, այս պահին շուկայում դեռևս ոչ մի փոփոխություն մրցակցի կողմից չեմ կարող արձանագրել:

Այսինքն՝ այդ առևտրի կենտրոնում շարունակում են ձեզ թույլ չտալ «Պեպսի Կո» ապրանքային նշանով ապրանքների վաճառք իրականացնել:

– Ես հուսով եմ, որ մոտ ապագայում փոփոխություններ կլինեն, բայց այս պահի դրությամբ՝ ո՛չ: Դեռևս «Դալմա Գարդեն Մոլի» սննդի սպասարկման համար նախատեսված տարածքում մեր ընկերության արտադրանքը ներկայացված չէ:

Այս դեպքում դուք շարունակելո՞ւ եք դիմումներ ներկայացնել ՀՀ ՏՄՊՊՀին կամ դատարան՝ մրցակից ընկերությանը տուգանելու համար:

Կարծում եմ՝ հարցը ճիշտ ձևակերպված չէ. մենք դիմումներ չենք ներկայացնում մեր մրցակցին տուգանելու համար, դիմումների ներկայացման միակ պատճառը շուկայում տիրող անօրինականություն ներին վերջ տալն է և օրենքի շրջանակներում գործելն է: Մենք նպատակ ենք հետապնդում փոխելու շուկայում տիրող խաղի կանոնները: Նույն խնդիրներն ունեն նաև գազավորված ըմպելիքների շուկայում հանդես եկող այլ ընկերություններ, օրինակ՝ «Հայ կոլան»: Ուղղակի երբ ասում ենք՝ գերիշխող դիրքի չարաշահում «Կոկա-Կոլայի» կողմից, դա միայն մեր դեմ չէ, դա ամբողջ շուկայի դեմ է: Հիմա՝ ինչ վերաբերում է հարցին, թե պատրաստվո՞ւմ ենք կրկին դիմել պետական մարմիններին, ապա պիտի նշենք, որ, այո՛, պատրաստվում ենք: Ավելին, մենք արդեն դիմել ենք: Երկու բովանդակություն ունի մեր երկրորդ դիմումը, որը հասցեագրված էր ՀՀ ՏՄՊՊՀ-ին. առաջինը՝ չկա որևիցե մի փոփոխություն նախորդ որոշումից հետո, «Կոկա-Կոլան» շարունակում է գերիշխող դիրքի չարաշահումը: Երկրորդ՝ մենք ներկայացրել ենք այն հաճախորդների ցանկը, որտեղ մեր մրցակիցը ներկայացված է միայն իր արտադրությամբ և մեր մուտքը նորից ինչ-որ կերպ սահմանափակվում է: Հայաստանում արգելված է հակամրցակցային համաձայնությունը, որը երաշխավորված է ՀՀ սահմանադրությամբ և այն, ինչ մենք ուզում ենք, ազատ մրցակցությունն է և հավասար մրցակցային պայմաններն են:

pepsi-4

Դուք պնդում եք, որ «Դալմա Մոլում» վաճառվում է միայն իրենց ապրանքը, և սննդի կետերը հրաժարվում են վաճառել ձեր արտադրանքը: Ինչո՞ւ: Այդ ի՞նչ լծակներ է կիրառում «ԿոկաԿոլան», որ հրաժարվում են ձեր արտադրանքից:

Քանի որ երկու հայցով մեր ընկերությունը դիմել է պետական մարմիններին, շատ խնդիրների մասին չեմ կարող այս պահին բացահայտ խոսել, բայց մեր մրցակիցը, շուկայում ունենալով գերիշխող դիրք, ունի լծակներ և օգտագործում է դրանք՝ խոչընդոտելով մըրցակից ընկերությունների մուտքը վաճառակետեր:

Դուք ի՞նչ նկատի ունեք: Խոսքը քաղաքակա՞ն լ ծակների մասին է:

Բացարձակապես ո՛չ, դրանք, ըստ իս, տնտեսական լծակներ են, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ում հարուցված վարույթի շրջանակներում «Կոկա-Կոլա» ընկերության կողմից տրամադրված տեղեկատվությունը պարունակել է առևտրային գաղտնիք կազմող տեղեկատվությունը, «Պեպսի-Կոլա» ընկերությունը չի տեղեկացվել այդ լծակների մասին: Այդ իսկ պատճառով վստահորեն չեմ կարող ասել, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է գնում, այլ կարող եմ միայն ենթադրել:

pepsi-2

Իսկ տնտեսական լծակ ասելով՝ նկատի ունեք, որ ձեր մըրցակիցը գումա՞ր է տալիս սննդի վաճառակետերին՝ միայն իրենց ապրանքը վաճառելու համար:

Ես կարող եմ միայն ենթադրել: Հնարավոր է և այո՛:

ՀՀ ՏՄՊՊՀ որոշման մեջ բացահայտվեց, որ սառնարաններ են տրամադրում և պահանջում են, որ այլ ապրանք չդրվի այդ սառնարաններում: Սա՞ էլ է համարվում տնտեսական լծակ, և դո՞ւք էլ չեք թողնում, որ այլ ապրանք դնեն ձեր ընկերության սառնարաններում:

Շուկայում մեր սառնարանների առնվազն կեսում վաճառում են այլ, մեր մրցակից համարվող ընկերությունների ապրանքները: Մեր մրցակցի սառնարանների դեպքում ես նույնը չեմ կարող ասել: Նաև Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը հանդես եկավ օրենսդրական փոփոխության առաջարկով՝ միջազգային պրակտիկայում հայտնի տարբերակով, որով ընկերությունները պարտավոր կլինեն իրենց սառնարանների, եթե չեմ սխալվում, 30 տոկոսը տրամադրել մրցակիցներին:

pepsi-1

Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ առաջարկին:

Շատ լավ, շատ դրական: Տեսնելով շուկայի իրադրությունը՝ նույնը չեմ կարող ասել մեր մրցակցի մասին: Տեսե՛ք, բուն իմաստը ամբողջ այս պատմության այն է, որ ես ուզում եմ՝ մեր մրցակիցը հասկանա, որ մենք իրենց չենք դիտարկում որպես մրցակից: Հայկական շուկան շատ փոքր, չնչին շուկա է, և այս պայմաններում օգտագործել անընդունելի խաղի կանոններ անթույլատրելի է: Նման միջոցները, նման լծակների օգտագործումը ծախսատար է. գումար արժի, և իրենց հետևանքը ունենում են ֆինանսական արդյունքների վրա, շուկայի մասնակիցների վրա, շահութաբերության վրա: Այն, ինչ մենք ենք առաջարկում, այդ պրոցեսը կանգնեցնելու առաջարկ է: Եվ դրա օգուտը կըստանա մեր վերջնական սպառողը

Այսինքն՝ մրցակցության համար դուք գումար եք ծախսում:

Մրցակցությունը շատ ծախսատար է, շատ: Եվ գումարներ, իհարկե, ծախսում ենք սառնարանների ձեռքբերման, գովազդային վահանակների, նյութերի, հեռուստագովազի և այլ անհրաժեշտ բաների վրա, որոնք ուղղված են սպառողների շրջաններում «Պեպսի» ապրանքանիշի ճանաչելիության բարձրացմանը. այս ամենի հանրագումարը հենց ենթադրում է մրցակցության համար գումար ծախսելը: Այդ ծախսերի գերակշիռ մասը ուղղված են հենց մրցակցությանը, որպեսզի կարողանանք շուկայում զբաղեցնել ավելի բարձր դիրք:

pepsi-3

Այդ ի՞նչ կանոններ են, ի՞նչ անթույլատրելի գործիքներ եք օգտագործում միմյանց նկատմամբ, որ հիմա ցանկանում եք վերջ տալ:

Մի պարզ բան. երբ պետությունը քեզ ճանաչում է գերիշխող դիրք ունեցող, ինքը դա անում է փաստերի հիման վրա: Իրենք հետազոտում են շուկան: Հավաքում են տվյալներ: Հետո վերլուծում է. եթե տվյալ սուբյեկտը, իրավաբանական անձը ունի շուկայի վրա գերիշխող ազդեցություն մնացած խաղացողների համեմատությամբ, ապա ճանաչվում է գերիշխող դիրք ունեցող: Գերիշխող դիրք ունենալը վտանգավոր է պետության համար, որովհետև կարող է գնալ դեմպինգի՝ միտումնավոր իջեցնել ապրանքի գինը և շուկայից դուրս մղել մյուս խաղացողներին: Գերիշխող դիրք ունեցող ընկերության ազդեցությունը մեծ է արտադրողի և սպառողի մեջտեղում գտնվող, այսպես ասած վերավաճառող սեկտորի վրա:

Տեսե՛ք. մինչև մեր վերջնական սպառողը մենք ունենք նաև մեկ մակարդակ՝ մանրածախ և մեծածախ առևտրի և HORECA (խմբ. Hotel/Restaurant/Café) կոչված սեգմենտը: Մենք իրենց ենք վաճառում, իրենք՝ վերջնական սպառողին: «Կոկա-Կոլան» ազդեցություն ունի հենց այդ՝ միջանկյալ օղակի վրա, ու ամբողջ պայքարը այդ օղակում է: Ես դրան եմ դեմ: Ես առաջարկում եմ պայքարը տեղափոխել մի մակարդակ ներքև՝ մեր վերջնական սպառողի վրա: Գումարը ծախսենք գովազդային արշավի վրա, գրավենք սպառողի սրտերը, միտքը, որ իրենք ուզենան՝ մտնեն և գնեն մեր ապրանքը: Ոչ մեկը իրավունք չունի սահմանափակելու մարդու ընտրությունը: Հակառակ դեպքում ստացվում է, որ սպառողը ցանկանում է որևէ վայրում խմել «Պեպսի-Կոլա», բայց չի կարող, որովհետև այնտեղ չկա:

Եթե ձեր առաջարկը ոչ մի արձագանք չունենա, ի՞նչ եք անելու:

Ես հույս ունեմ, որ մեր մրցակցի հետ հնարավոր կլինի գալ հայտարարի այս հարցում, և մենք միասին կկարողանանք սահմանենք խաղի նոր կանոններ շուկայում: Ավելի կոնկրետ՝ ես պատրաստվում եմ նամակով դիմել «Կոկա-Կոլայի» գլխավոր տնօրենին. նամակն արդեն պատրաստ է, և հույս ունեմ, որ իմ նամակը կունենա դրական արձագանք:

Լուսանկարները՚ Աղվան Ասոյանի

newmag #70, հունիս / հուլիս

Գրել կարծիք