Գեների առեղծվածը. Հայաստանում ապրող քառյակներն ու եռյակները

Գեների առեղծվածը. Հայաստանում ապրող քառյակներն ու եռյակները

newmag-ը հանդիպել է քառյակների և եռյկաների հետ: Ինչո՞ւ են նրանց շփոթում միմյանց հետ, թեև նրանք ապրում են ուրույն կյանքով, սիրում տարբեր մարդկանց և տեսնում առանձին երազներ:

Հայաստանում բնական ճանապարհով բազմապտուղ ծնուդները (խոսքը երեքից ավելի ծնունդների մասին է) հազվադեպ են հանդիպում: Վերջին շրջանում, սակայն, եռյակների ծնունդով չես զարմացնի, քանի որ  եռյակ ունենալը մեզանում այլևս բացառիկ երևույթ չէ: Արհեստական բեղմնավորմամբ, որպես կանոն` եռյակներ են ծնվում: Էկոյով առաջին ծնունդն աշխարհում գրանցվել է 1978 թվականին, Լոնդոնում: Մինչդեռ Հայաստանում արտամարմնային հղիության առաջին դեպքը տասը տարի առաջ էր: Փորձանոթից ծնված եռյակներն ապրում են Վրաստանում` երկու աղջիկ, մի տղա: 13 տարի անպտղություն ունեցող ծնողները տղային կոչել են Գեորգի` ի պատիվ հմուտ հայ բժշկի:

Կարինե-Նարինե-Պերճուհի Գ և ո ր գ յ ա ն ն ե ր

Երևանում ծնված երեք քույր են, երեքն էլ մի բոյի, երեքն էլ բնականաբար 23 տարեկան, բայց իրարից շատ տարբեր: Նման չեն դեմքով, բնավորությամբ, մասնագիտությամբ, ոճով ու անգամ նախասիրություններով:

qaryak-quyrerՊերճուհի. – Ես շա՜տ ճտպտ եմ, Նարինեն ու Կարինեն հակառակը` հանգիստ ու հասուն: Եռյակ ենք, բայց շատ տարբեր ենք: Երևի միակ նմանությունը մարմնի կառուցվածքն է: Տարբերություններն ավելի շատ են` բնավորությունը, աշխարհընկալումը: Բայց շա՜տ կապված ենք:

Պերճուհին լրագրող է: Կյանքում առաջնորդովում է` չհանձնվել, պայքարել մինչև վերջ կարգախոսով:  Ամուսնացած է, սպասում է իր առաջնեկին:

– Մամաս հերթական ստուգման ժամանակ գնում է էխոյի, բժիշկը թե` մեկ-երկու-երեք, սպասի´ր չորրոդին էլ գտնեմ: Մամաս ասում է` ի՞նչ մեկ-երկու, ի՞նչ եք հաշվում: Այդպես բժիշկն ասում է, որ եռյակ է ծնվելու: Սենյակից դուրս է գալիս, հեռվից ձեռքով երրորդության նշան է ցույց տալիս հորս: Պապաս զարմանում է, թե` էս աղջկան ի՞նչ եղավ, ի՞նչ է ցույց տալիս: Սկզբում բժիշկներն ասել են, թե տղա ենք: Պապաս նեղվել է` գոնե մեկն աղջիկ լիներ:

Նարինե-1992-ի օգոստոսն էր: Անհոսանք տարի: Միանգամից երեք նորածին պահելը շատ դժվար էր, բայց դե ծնողներիս օգնել են տատիկս, քեռիներս, հորեղբայրներս, մորաքույրներս: Մեզ խնամելու հարցում մերոնք մենակ չեն եղել:

Նարինեն ավելի քչախոս է, մասնագիտությամբ` բուժքույր: Ձգտել ամեն ինչի` այսպես է ապրում Նարինեն: Չէր ցանկանա կյանքում որևէ բան փոխել:

 Նարինե. – Ես ու Կարինեն, կամ ես ու Պերճուհին դպրոցում միշտ կողք-կողքի ենք նստել: Դպրոցում ինձ ու Պերճուհուն չէին տարբերում, նմանեցնում էին: Քիմիայից լավ էի: Մի անգամ դաս պատասխանեցի, 4 ստացա: Պերճուհին դասը չէր սովորել: Իր փոխարեն էլ պատասխանեեցի ու հինգ ստացա: Դպրոցում գիտեին, թե մենք զույգ ենք:

Կարինե. – Փոքր ժամանակ մեզ միանման էին հագցնում: Դրսում մատով էին ցույց տալիս, դրանից կոմպլեքսավորվում էինք, ամաչում: Հետո երբեք չենք հագնվել միանման, նույնիսկ միմյանց շորերը չենք հագնում:

Կարինեի նիհարակազմ կառուցվածքը միանգամից մատնում է նրա մասնագիտությունը` պարուհի է: Ավագ քույրն է: Մեկ րոպե տարբերությամբ ծնվել են Նարինեն ու ՊերՃուհին:

Կարինե. – Ես ու Պերճուհին միաբջիջ ենք: Համենայն դեպս բժիշկն է այդպես ասել: Բայց մենք ընդհանրապես նման չենք միմյանց, չենք զգում իրար: Օրինակ` Պերճուհու և Նարինեի ներքին կապն ավելի արտահայտված է:

Պերճուհի. – Մեր ծննդյան տորթը միշտ եղել է մեկ հատ ու շատ մեծ, որովհետև այդ օրը մենք նշում ենք ոչ թե երեք, այլև հինգ հոգու ծնունդ: Հորեղբորս տղաներն էլ զույգ են: 9 տարի մեծ են մեզնից: Հետաքրքիր զուգադիպություն է`նրանք էլ ծնվել են նույն ամսի նույն օրը` ինչ մենք: Մենք ծնվել ենք բնական հղիությամբ:

Կարինե. – Մենք չենք ընտրում` ինչ երեխա ունենալ: Աստծո կամքն է: Բայց հավանականությունը շատ մեծ է, որ մեր երեխեքը զույգ կամ եռյակ ունենան: Գեները նրանց մեջ կարտահայտվեն, մեզ մոտ` ոչ:

Նարինե. – Հրաշալի ծնողներ ունենք: Երաժշտական ընտանիքում ենք մեծացել: 23 տարին այնքա՜ն լավ է անցել, ուրախ, երջանիկ: Չէի ցանկանա որևէ բան փոխել իմ կյանքում:

Անահիտ-Անդրանիկ-Գևորգ-Աստղիկ Հ ա ր ու թ յ ու ն յ ա ն ն ե ր

Նրանք ծնվել են Աստծո նշանով` խաչը վզին: Նրանց կյանքում 4-ը խորհրդանշական թիվ է: Արտաքնապես նման չեն, բայց նման են խառնվածքով, նայում են նույն ուղղությամբ, անգամ ընդհանուր մասնագիտություն ունեն:

qaryakԱստղիկ. – Մեր ծնվելու օր ցույց է եղել: Հանրապետության հրապարակում ռադիոյով հայտարարել են, որ Հայաստանում առաջին անգամ քառյակ է ծնվել, բնական հղիությամբ ու առանց կեսարյան հատման: Պետությունը ծնողներիս որպես օգնություն մեքենա ու բնակարան է տվել` կապելով 4-ի հետ` 14-րդ փողոց, 4-րդ մուտք, 4-րդ հարկ, 4 սենյակ: Մենք ծնվել ենք փետրվարի 14-ին:

Անդրանիկ.  – Հիմա կյանքը շատ է դժվարացել: Երջանկություն է միանգամից չորս երեխա ունենալը: Չգիտեմ` կուզենի՞ քառյակ ունենալ: Պիտի կարողանաս պահել երեխեքին:

Գևորգ . – Մենք ծառայել ենք նույն զորմասում, երաժշտական դասակում: Երկուսս էլ դուդուկ ենք նվագում: Բայց երբեք մեզ չեն նմանեցրել կամ մտածել, որ քառյակ ենք:

Անահիտ. – Երաժշտությունն ու բազմապտուղ հղիությունը մեր ընտանիքում ժառանգական է: Մայրս երգել է անսամբլում, պապիկս էլ երաժիշտ էր: Մորական տատիս կողմից քառյակ եղել է, նաև զույգեր շատ կան: Երբ մայրս հղի է եղել, ասել են` եռյակ եք ունենալու (բժշկությունն այն ժամանակ այսքան զարգացած չէր): Բայց մայրս երազ է տեսել: Երազում սեղանին դրել է երկու դանակ, երկու հելուն: Հավատացել է, որ 4 երեխա է ունենալու:

Աստղիկ. – Մեր ծնունդը ոնց որ Նոր տարի լինի` մեկս մյուսին շնորհավորում ենք: Մի անգամ է եղել, որ մենք մեկ, մեծ տորթ ենք ունեցել: Ընդհանրապես 4 հատ ենք գնում` միանման երկու տորթ մեզ համար, երկուսն էլ` տղաների: Մեր ծնունդը իսկական տոն է: Երբ դա միայն քոնը չէ, այլ ամբողջ ընտանիքինը:

68-107Գևորգ.Կոնսերվատորիայում մեկ-մեկ առիթից օգտվում էինք: Երբ մեզնից մեկը չէր գալիս, մյուսը ներկա էր ստանում նրա փոխարեն, կամ քննություն էինք տալիս իրար փոխարեն: Բայց արտաքնապես նման չենք: Մի անգամ էլ սիրահարվել էինք նույն աղջկան:

Անահիտ. – Շատ դժվար է չորսին միասին պահել, մեծացնել: Ծնողներս մեզ շատ ճիշտ դաստիարակություն են տվել: Հայրենասիրություն են ներարկել: Մենք մի քանի տարի ապրեցինք Ռոստովում, բայց մայրս պնդեց, որ վերադառնանք Հայաստան, որ այստեղ կրթություն ստանանք ու այստեղ էլ ապրենք: Հենց դա է գուցե պատճառը, որ հիմա չենք ուզում գնալ Հայաստանից:

Անդրանիկ. – Մեր բոլորիս բնորոշ մի շատ կարևոր բան կա` բարությունը: 

Գևորգ. – «Բլանկոյի այրին» սերիալ կար: Մի անգամ դասարանցիներին համոզեցինք, որ մենք չորսով գերբնական ուժ ունենք ու կարող ենք էդ սերալի զույգերի պես տարօրինակ բաներ անել: Բռնեցինք իրար ձեռքից, սեղանին մագնիս դրեցինք ու շարժեցինք այն: Բոլորը կարծեցին, թե մենք իրոք կարողանում ենք շարժել մագնիսը: Բայց ես տակից ձեռքով շարժում էի:

Լիանա-Տարոն-Ալեքսեյ-Մարսել Ք ե ր ո բ յ ա ն ն ե ր

Հայաստանում քառյակ ծնունդների երկրորդ և հավանաբար վերջին դեպքը գրանցվել է 1994-ին (թեև հստակ վիճակագրություն չկա): Լիանա-Տարոն-Ալեքսեյ-Մարսել 22-ամյա քառյակին մեծ դժվարությամբ կարողացանք գտնել Երևանում: Որոնումների հարցում օգնեցին Հանրապետական ծննդատան բժիշկները, հատկապես նա, ով վարել էր հղիությունն ու ընդունել քառյակի ծնունդը:

68-108Լենա Քերոբյան, բուժքույր, քառյակի մայրը. – 1994-ին շատ դժվար էր: Ամեն ինչ պրոբլեմ էր` ջրի, լույսի, հացի խնդիր, համատարած փլուզում էր: Սկզբում ասացին` եռյակ է: Շոկ էր: Հետո պարզվեց` 4-ն են: Երբ հասկացա, որ երեխաներս առողջ են, խնդիր չունեն, սկսվեց ուրախությունս: Հիշում եմ ծննդաբերելու օրը, պատրաստվում էին կեսարյան անել, հետո միտքները փոխեցին: Երեխաներս ծնվեցին կես-կես ժամի տարբերությամբ: Դժվարությունները հիշելով հիմա չեմ ցանկանա, որ երեխեքիցս մեկը քառյակ ունենար: Չնայած հիմա ամեն ինչ ավելի հեշտ է: Այն ժամանակ նույնիսկ պետական աջակցություն էլ աննշան էր:

Մարսել. – Դպրոցում միակ բացառիկ երևույթն էինք: Անընդհատ ուշադրության կենտրոնում` վա՜յ քառյակները: Ճիշտն ասած` հաճելի չէր: Ինձ ու Տարոնին էին նմանեցնում, բայց միայն արտաքնապես, բնավորությամբ չորսս էլ տարբեր ենք: Երբեք չի եղել, որ մեկս մյուսի փոխարեն դաս պատասխանի: Փորձել ենք, չի ստացվել: Նաև լավ ենք սովորել:

Լիանա. – Հարգանք մեծի նկատմամբ` սա մեր դաստիարակության գլխավոր գիծն է: Մեզ փոքր հասակից սովորեցրել են հարգել մեծերին:

Տարոն. – Մարդն իր կյանքը պիտի մեծ նպատակով ապրի: Սա գլխավորն է: Ես աշխատում եմ իրավապահ համակարգում: Հիմա իմ կյանքի գլխավոր նպատակը ավելի բարձր կոչումների հասնելն է:

Ալեքսեյ. – Հունվարի 28-ը մեզ համար կրկնակի տոն է: Նախ` Հայոց բանակի օրն է, հետո`մեր օրը: Ծնվել ենք հենց հունվարի 28-ին: Երեքս էլ ծառայել ենք: Մենք շատ տարբերենք: Տարբեր մարդիկ, նախասիրություններ, բնավորոթյուն, ճաշակ: Չնայած ընդհանուր բաներ էլ կան: Եղել է, որ մեր ծնունդը միասին ենք նշել ու հինգ տորթով: Չորսը` մեզ համար, մեկը` հյուրերի:

Մարսել. – Ապագա բժիշկ եմ: Մտածում եմ կրթությունս այլ երկրում շարունակել: Հիմա սովորում եմ 5-րդ կուրսում: Հավանաբար կընտրեմ ռադիոլոգիա մասնագիտությունը: Ես չեմ պատկերացրել և պատկերացնում ինձ այլ մասնագիտությամբ: Հայրս ու մայրս էլ բուժաշխատող են, այս ոլորտը մեզ համար կարծես հարազատ է դարձել: Կրթությունն այսօր լիարժեք բավարարում է, բայց մի «բայց» կա` կարիերայի հնարավորությունները քիչ են: Հավելյալ կրթություն է անհրաժեշտ:

Լիանա. – Մեկս մյուսին միշտ լրացրել ենք: Մենք բազմաբջիջ պտուղներ ենք, բայց շատ ուժեղ ներքին կապ կա: Ալեքսեյն ու Տարոնը միասին են ծառայել, Մարսելն ավելի ուշ է գնացել ծառայության: Մի անգամ Ալեքսեյը զանգում է, թե` մա´մ, տարօրինակ զգացողություն ունեմ: Մարսելի հետ խոսե՞լ ես, ոնց է՞:  Չնայած Մարսելի հետ այդ զանգից ժամեր առաջ էինք խոսել, ասել էր, որ լավ է: Հետո պարզվեց, որ բարձր ջերմություն է ունեցել, տեղափոխել են բուժկետ:  

Ալեքսեյ. – Ցանկացած հարցում` մյուսի շորը հագնելու կամ հեռախոսը վերցնելու հարցում փոխադարձաբար զիջում ենք միմյանց: Ճիշտ է` հատկապես ծառայության տարիներին բաժանվել ենք իրարից, բայց մենք առանց մեկս մյուսի չենք պատկերացնում մեզ: Միասնական ենք:

Գրել կարծիք