[ Արդեն դիտել ենք ] «Թոնի Էրդման». Հայր և դուստր հակամարտության անհեթեթության մասին

[ Արդեն դիտել ենք ] «Թոնի Էրդման». Հայր և դուստր հակամարտության անհեթեթության մասին

Մարլեն Ադեի «Թոնի Էրդման» ֆիլմը Կաննի փառատոնից հետո ընդգրկվել է Ոսկե ծիրանի ֆիլմացանկում:

Անկեղծորեն՝ վաղուց ինչ-որ ֆիլմից այսպիսի վայելք չէի քաղել: Սա երկակի վայելք էր՝ և էսթետիկական, և էթիկական: Խոսքը ռեժիսոր Մարլեն Ադեի «Թոնի Էրդման» ֆիլմի մասին , որ համառոտ սինոփսիսը՝ «Կատակասեր Վինդֆրիդը մտազբաղ Ինեսի ուշադրությունը գրավելու և նրա կորպորատիվ կենսակերպը փոխելու համար ծպտվում է՝ վերածվելով վառվռուն Թոնի Էրդմանի: Հայր և դուստր հակամարտությունն ահեթեթ չափերի է հասնում, մինչև Ինեսը չի հասկանում, որ էքսցենտրիկ հայրն արժանի է իր կյանքում տեղ ունենալու», իհարկե, գոնե ինձ ոչինչ չէր ասում այս ֆիլմի բնույթի մասին:

MV5BMjAzNDQwMjk1NV5BMl5BanBnXkFtZTgwNDgwOTM2ODE@._V1_

Ծնողներ և զավակներ հավերժական թեման վերացարկելը, թեմայի մասին խոսելը, իհարկե, վտանգներով լեցուն արարք է, մանավանդ ավելի վտանգավոր է, երբ այս ֆիլմում ռեժիսորը փորձ էր անում խաղարկել կլիշեն, այն բերել բոլորովին նոր հարթություն և համոզել, որ, ինչպես ասում են, ծեծված և նույնիսկ մեռած թեման, հոգեվարքով նյութը հանկարծ կարող է հառնել նոր աշխարհներ, նոր զգացողություններ բացահայտել:

Այս ֆիլմի սյուժեն վերապատմելու գայթակղությունը շատ մեծ է, սակայն, ըստ իս, ֆիլմն իր բոլոր հատկանիշներով այնքան հարուստ է, որ այդ հարստության վերապատմությունն ավելի շատ վնաս կհասցնի հենց իր ներքին կենսագրությանը: Ֆիլմում Թոնի Էրդմանը ոչ հայր է, ոչ, առավել ևս՝ հորինովի դեսպան և ոչ էլ խեղկատակ: Այսօրինակ կերպարանափոխություններն ասես մարդու մասին հիշողության վերջին ճիգերն են… Մի մարդու, որը գուցե ժամանակին հարյուրավոր սխալներ է գործել, որը փորձել է կազմակերպել իր կյանքը՝ կյանքից բացակայելու հաշվին, և դուստրը մարդու մասին հիշողության սոսկալի ճիգի գլխավոր թիրախն է, առանց որի մոտենալ, թեկուզև շտկել այն բացթողումները, որոնց արդյունքում անգամ մարդկային լեզուն՝ խոսքը, ի զորու չեն վերացնել ցավալի անջրպետը:

MV5BMjM0OTU0MTUxOF5BMl5BanBnXkFtZTgwMjgwOTM2ODE@._V1_

Քանի որ թեման ինքնին բուռն զգացողությունների, հույզերի ու ապրումների մեծ չափաբաժին է կանխորոշում, ուստի ընդլայնվում են ձախողվելու, տապալվելու հնարավոր ու անհնարին միջոցները: Այս ֆիլմը պարզապես դպրոց է այն մասին, թե ինչպես պիտի խոսեցնել հախուռն զգացողություններին, երբ այդ անկառավարելի թվացող աշխարհն այբուբեն չունի՝ բացի մարմնական որոշակի դրսևորումներից՝ մելամաղձությունից, արտասուքից, դիմախաղից, որոնց պատրաստած որոգայթն էլ կարող է ցածրացնել, մակերեսայնության հասցնել զգացմունքների նույնիսկ ամենամեծ ու ազնիվ պոռթկումները:

Հոդվածը «Հրապարակ» օրաթերթից

Հեղինակ` Արամ Պաչյան

Գրել կարծիք