Ահաբեկչության ահը Կաննի կուլիսներում, ժամերով հերթերն ու օսկարակիր ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի մաստեր կլասը` Հարրի Փոթերի մասին

Ահաբեկչության ահը Կաննի կուլիսներում, ժամերով հերթերն ու օսկարակիր ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի մաստեր կլասը` Հարրի Փոթերի մասին

newmag-ը ներկա է եղել մեքսիկացի հայտնի ռեժիսոր, օսկարակիր Ալֆոնսո Կուարոնի վարպետության դասին: Նրա հայտնի ֆիլմերից են «Փոքր արքայադուստրը» Հարիի Փոթերի մասին երրորդ էկրանավորումը և «Ձգողականությունը»:

Բունուել դահլիճը գտնվում է Palais de Festivals-ի հինգերորդ հարկի գողտրիկ ձախ անկյունում։ Ի տարբերություն մյուս հարկերի` այստեղ չկան ջրի և սուրճի ապարատներ, իսկ դահլիճի մուտքի դիմաց գտնվող միջանցքը բաժանված է մի քանի գծերի՝ առանձին հերթ լրագրողների համար, առանձին` կինոսերների համար և մյուսների։

Ունենալով Քլինթ Իսթվուդի հանդիպում-վարպետության դասին ներկա չգտնվելու դառը փորձն` այս անգամ բոլոր լրագրողներն եկել էին 2 ժամ շուտ։ Եվ ի զուր. լրագրողական հերթը կարճ էր, սակայն փոխարենը շատ էին մյուս ցանկացողները՝ սինեֆիլները, այլ փառատոների ներկայացուցիչները։ Բոլորը գրեթե երկու ժամ սպասեցին ոտքի վրա՝ անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս նստել գետնին. միջանցքը նեղ է, մարդիկ շատ, իսկ հնարավոր ահաբեկչության վախը զգոն է պահում ֆրանսիացիներին 24/7 ժամ։

Պայմանավորված 16։30-ին բոլորը հայտնվեցին դահլիճում։ Մեքսիկացի ռեժիսոր, օսկարակիր Ալֆոնսո Կուարոնը զբաղեցրեց իր տեղը բեմի վրա՝ ֆրանսիացի հայտնի կինոգետ Միշել Սիմոնի հետ միասին, վերջինս ուղղում էր հարցերը և նախօրոք պատրաստել էր հատվածներ՝ ռեժիսորի տարբեր ֆիլմերից։ Նախ Կուարոնին հարցրեցին համալսարանական բեքգրաունդի մասին, որը Փիլիսոփայությունն է, Մեքսիկայում ստեղծված հեռուստասերիալների և կարճամետրաժների փորձը։ Կուարոնն անմիջականորեն և ժպտալով պատմում էր, թե ինչպես էր սկզբում զբաղվում միկրոֆոն պահելով, այնուհետև` լուսանկարչությամբ և ուրիշ տեխնիկական վազվզոցով, սակայն նպատակը միշտ մեկն էր՝ դառնալ կինոռեժիսոր։

Նա իր մտերիմ ընկերների՝ Գիլիերմո Դել Տորոյի, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի և Էմանուել Լյուբեցկու( ում Կուարոնն անվանում է «Չիվո») հետ փորձեց ստեղծել այլ մեքսիկական կինո, որը կապ չի ունենա նախորդ՝ «կորսված» սերնդի ֆիլմարտադրության հետ։ Կուարոնը մանրամասն պատմեց, թե ինչպես նկարահանեց իր ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Հարի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը»։

«Փոքր արքայադստերից» (Կուարոնի առաջին հոլիվուդյան նախագիծը, ընտանեկան և արկածային ֆիլմը) հետո ռեժիսորի առաջարկեցին երրորդ Հարի Փոթերը։ Նա դիտեց հայտնի մոգի մասին առաջին ֆիլմը, որը նրան դուր չեկավ։ Որոշ ժամանակ անց կիսվեց Գիլիերմոյի հետ.

_ Ինձ առաջարկել են նկարել երրորդ Հարի Փոթերը, բայց չգիտեմ, իմը չէ…

_ Ի՞նչ ես խոսում։ Դու կարդացելե՞ս գրքերը-պատասխանեց ֆենթեզիաստ Դել Տորոն։

_ Ոչ, ֆիլմը նայեցի, դուրս չեկավ, ճիշտն ասած…

_ Ալֆոնսո, դու կարդացել ե՞ս գրքերը,- ևս մեկ անգամ հարցրեց Դել Տորոն։ Ինչից հետո Կուարոնը ընթերցեց գրքերը և անմիջապես տվեց իր համաձայնությունը։

Ամբողջ հանդիպման ընթացքում Կուարոնը նշում էր, որ երբեք չի վերադիտում իր ֆիլմերը։ «Այլ ռեժիսորների համար իրենց ֆիլմերն իրենց երեխաներն են։ Նրանք սիրում են իրենց, հասունացնում։ Ինձ համար իմ ֆիլմերը նախկին կանանց պես են. ես տվել եմ իրենց այնքան, ինչքան կարողացել եմ, բայց թող դա մնա անցյալում»- եզրափակեց ռեժիսորը:

Գրել կարծիք