Ղրիմը՝ Անկարայի խաղաթուղթ. Ինչո՞ւ է Անկարան ժամանակ առ ժամանակ վեր հանում ղրիմյան թաթարների հարցը

Ղրիմը՝ Անկարայի խաղաթուղթ. Ինչո՞ւ է Անկարան ժամանակ առ ժամանակ վեր հանում ղրիմյան թաթարների հարցը

Թուրքիայում ապրում է ավելի քան 3 մլն թաթար, որոնք ունեն ղրիմյան ծագում:

Նրանք Թուրքիայի ներքին քաղաքականության ակտիվ մասնակիցներ են, Էրդողանի կողմնակիցներ: Ու պատահական չէ, որ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ դատապարտում է ռուսաստանյան օկուպացիան ու կողմնակից է Ուկրաինայի տարածքային ամբողջականության:

Ըստ Carnegie-ի վերլուծաբանների, Էրդողանի նման հայտարարությունները մի քանի նպատակ ունեն: Նեոօսմանյան գաղափարախոսությունը Թուքիայում մոդայիկ է. այն հոգեհարազատ է և թուրք-ազգայնականների, և կառավարող իսլամիստների, և Ղրիմի թաթար-ակտիվիստների ծրագրերում: Չէ որ 18-րդ դարի վերջում Օսմանյան կայսրությունը, մի շարք տարածքների հետ մեկտեղ, ստիպված էր հրաժարվել նաև Ղրիմից: Ու միշտ թաքուն հույս էր փայփայում նորից իր ձեռքը գցել երբեմնի համեղ պատառները:

Թե Առաջին ու թե Երկրորդ Համաշխարհային պատերազմներին Թուրքիայի մասնակցությունն ուներ միայն մեկ նպատակ՝ իրագործել «Պան Թուրքիզմի» ծրագիրը: Եվ կանխատեսել կարելի էր, թե ինչ կկատարվեր, եթե պատերազմներում հաղթեին Թուրքիայի դաշնակիցները: Սակայն թե առաջին ու թե երկրորդ Համաշխարհային պատերազմներում Թուրքիան պարտվեց ու լռեց: Լռեց, մինչև ԽՍՀՄ-ը փլուզվեց: Հենց այդ ժամանակ էլ Անկարան նորից հիշեց իր երբեմնի երազանքը: Սակայն Ղրիմի հարցում այն ստացավ ոչ թե քաղաքական, այլ «կրթամշակութային» ձևակերպում:


Կարդացեք նաև.


Անկարան Ղրիմի մասին հիշեց 2014-ին, երբ մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց թերակղզու կարգավիճակի մասին հանրաքվե։ Ղրիմի իշխանությունները հայտարարեցին, որ հանրաքվեին մասնակցել է ընտրողների ավելի քան 80%-ը, իսկ ըստ Ղրիմի թաթարների՝ ստում են: Այս ժամանակ էր, որ Էրդողանը խոստացավ օգնել իր թաթար-հայրենակիցներին, սակայն քաղաքական խաղաքարտն օգտագործվեց «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման համար Պուտինի համաձայնությունը ձեռք բերելու համար:

Հիմա էլ քաղաքական սեղանին նորից է հայտնվել Ղրիմի խաղաթուղթը. Էրդողանն այն նորից է օգտագործելու՝ այս անգամ քրդերի հարցում Ռուսաստանից իր համար ցանկալի պատասխանը ստանալու համար. Ղրիմի թաթարների «ինքնավարության պահանջը» կլռեցնի Սիրիայում քրդերին ինքնավարություն շնորհելու մոսկովյան հնարավոր միտքը: Ի վերջո, Պուտինի համար ամենևին էլ ցանկալի չէ Ղրիմում ունենալ խառնաշփոթ, այն էլ թաթարական պահանջի տեսքով: Եվ սա հրաշալի գիտակցում է Էրդողանը:

Գրել կարծիք