Արևիկ Համբարձումյան. Ես այն կանանցից եմ, որոնց տանջանքներ են պետք, ցավ է պետք լիարժեքության համար

Արևիկ Համբարձումյան. Ես այն կանանցից եմ, որոնց տանջանքներ են պետք, ցավ է պետք լիարժեքության համար

LOFT ինքնազարգացման կենտրոնի գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանի մոնոլոգը կանացիության, ճիշտ հագուստի, երջանկության ու նախասիրությունների մասին

«LOFT»

Երկու տարի առաջ, երբ երևանյան Մոսկովյան 3 հասցեի նկուղում պարադոքսալ «ձեղնահարկ» էր բացվում, իմ առջև միայն մեկ խնդիր էր դրված՝ շունչ տալ նրան: Անկենդան պատեր, որոնց պետք էր ապրեցնել: Վախի զգացում, որը պետք էր հաղթահարել: Վատ կանխատեսումներ, որոնք պետք էր շրջանցել: Այսօր «LOFT»-ն ապրում է, ճկուն օրգանիզմ է, որի բնավորությունը նույնությամբ իմ մեջ է, որի լուծումները, տրամադրությունը, հայացքներն այնքա՜ն մոտ են ինձ: Նրա հիմքում այն ամենն է, ինչը գուցե երկար ժամանակ թաքուն ապրել է ներսումս՝ նույնիսկ առանց իմ իմանալու: Եվ ուրեմն անհնար ոչինչ չկա. գործել է պետք: Ի դեպ, այս ոլորտում գործելու փորձ առանձնապես չեմ ունեցել: Ամեն ինչ արել եմ ինտուիտիվ:

Առհասարակ կյանքում, կարիերայում, ղեկավարման ոճում շատ եմ կարևորում ներքին զգացական վիճակը, որը փրկում է տարբեր պարագաներում: Կարևորում եմ նաև այն փաստը, որ «LOFT»-ի հետ փոխհարաբերություններս փոխադարձ են. ես տալիս եմ և ստանում: Տխուր է, երբ չես վառվում ինչ-որ գաղափարով ու չես սնվում քո գործից: Ստացվում է, որ հաշվապահը, որն ամբողջ օրը «ստեղծագործում» է միայն թվերի աշխարհում, այն էլ մոխրագույն պատերի ներսում, կործանվա՞ծ է: Դե՛, գիտե՞ք, ես հակասություններ սիրում եմ… Խոսքի մեջ, գույնի, հագուստի…

ՀԱԳՈՒՍՏ

Հագուստն այսօր դարձել է մարմնի մաս, դարձել է մրցակցային թեմա: Բայց հագուստիդ մեջ, նաև այն տարածության, որում դու ստեղծագործում ես, նախ պետք է լավ զգաս, հարմարավետ, մեկ բառով՝ ներդաշնակ պետք է լինես: Նույնիսկ խոհանոցային կաթսաների շարվածքի մեջ ես փնտրում եմ ներդաշնակի իմ բաժինը, որից անխոս երջանկանում եմ։

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Միտքը, թե ես երջանիկ եմ, հաճախ որսում եմ, երբ մենակ եմ: Եվ դա ինձ ուրախացնում ու վախեցնում է միաժամանակ, քանի որ այդ պահին գիտակցում եմ, որ ամեն բան ինչ-որ չափով անիմաստ է: Կարմիր դիպլոմդ, որի համար պայքարել ես օր ու գիշեր, մարմնիդ կատարյալ կառուցվածքը, որին հասել ես տանջալի դիետաների արդյունքում, և նույնիսկ բարձր աշխատավարձդ կարող են կորչել գրողի ծոցը, երբ բոուլինգի գնդակը պոկվում է ձեռքիցդ և, արահետի վրայով լողալով, ուժգին շրխկոցով տապալում է զգաստ շարվածքը: Դե՛, ասե՛ք՝ սա՞ չէ երջանկությունը:

Ինձ կարող է աննկարագրելի երջանկություն պատճառել Սարյան փողոցի ծառերի շարքը: Գիտեմ՝ այդ պահին ես կտեսնեմ մի բան, որը միայն ինձ լայն ժպիտ կպարգևի, մինչդեռ կարմիր լույսի տակ սպասող ամբոխը շուտով ստեպ-ստեպ կանցնի այդտեղով՝ նույնիսկ հայացքը չպոկելով գետնից: Երբեմն ինքս էլ եմ նյարդայնանում այսպիսի ռոմանտիկ մտքերից, քանի որ կասկածում եմ, թե հնարավոր է կյանքն առավել լավը դարձնել։ Միայն պետք է աշխատել այն չորակազրկել և ավելի վատը չդարձնել։

Չէ՛, սիրում եմ կյանքը և հարգում եմ այն ոչ միայն իր ֆանտաստիկ զարմանալի լինելու, այլ նաև իր տված բարդությունների համար։ Այդպես ստացվում է մի հետաքրքիր երկխոսություն քո և կյանքիդ միջև, որի ընթացքում ո՛չ դու ես կարող խաբել նրան, ո՛չ նա՝ քեզ, ինչպես հաճախ պատահում է տղամարդ-կին հարաբերություններում։

ԿԻՆ

Ես այն կանանցից եմ, որոնց տանջանքներ են պետք, ցավ է պետք լիարժեքության համար: Դա մի վիճակ է, երբ դու պետք է կիսատության զգացում ապրես, հոգսեր ունենաս, քեզ պետք է նեղացնեն, որ լավ լինես, որ զգաս՝ ապրում ես։ Ավելի պարզ չեմ կարող ասել, իսկ բարդ մտքեր արտահայտել չեմ սիրում։ Այդպես կինը մի տեսակ կորցնում է իր սեքսուալությունը, և սեռային տարանջատման միտքը կորչում է։ Պետք է կարողանալ չկարողանալ ինչ-որ բան անել՝ շարժել աթոռը, որն իրականում այնքան էլ ծանր չէ, նորոգել սանտեխնիկան, կախել վարագույրը, փոխել մեքենայի անվադողը… Ի վերջո, կնոջը բնորոշ է կանացիությունը։

ԳԻՆԻ, ՄՈԼԲԵՐՏ, ՀԱՆԴԲՈԼ

Բնորոշումները, իհարկե, հարաբերական են։ Դրանք հիմնվում են մեկ` բնավորության, մեկ` շուրթերիցդ դուրս թռած արտահայտությունների, մեկ` նախասիրությունների վրա։ Իմ պարագայում բնորոշող են դարձել նախասիրություններս՝ գինի, մոլբերտ ու հանդբոլ։ Հենց այս երևույթներն են կերտել ինձ ու փոխել հայացքներս։

Հին մառանների էքսկլյուզիվ գինիները պետք է բացել լռության մեջ. այդպես լռության մեջ էլ ես ինձ համար բացեցի գինու աշխարհը, և յոթ տարվա նվիրումից հետո իմ առջև ընտրության երկու հնարավորություն դրվեց. հասնել Տոսկանա և լիովին «արբել» գինով կամ դադար առնել ու նոր բացահայտումներ անել։ Ընտրեցի երկրորդը։ Հանդբոլի շնորհիվ, որին, ի դեպ, նվիրել եմ ամբողջ 14 տարի, ես սովորեցի ապրել պահով, բերկրանք զգալ ու էմոցիա արտահայտել, սովորեցի պարտվել ու կարմրել՝ անմիջապես հասկանալով, թե որտեղ կարող էի ավելին, բայց չարեցի։

Նկարչության շնորհիվ սովորեցի, որ չի կարելի դավաճանել երազանքներին, քանի որ նկարելն ամենօրյա աշխատանք է պահանջում ու չի սիրում անուշադրության մատնվել։ Թաթախված լինելով գույների մեջ՝ սկսեցի արվեստ տեսնել ամեն ինչում՝ սպորտից ու գինուց մինչև կենցաղ։ Հաճախ օգտվելով երթուղայիններից՝ վերջերս նույնիսկ մի բացահայտում արեցի. երթուղայինը մարդկանց յուրահատուկ թանգարան է։ Բացեցիր դուռը, նստեցիր և կարող ես հետևել ուղևորներին, կարող ես արվեստ տեսնել ամենաանճաշակ ու գռեհիկ շպարով դեմքի կամ մի ծեր մարդու ձեռքի մեջ։

Չգիտեմ, գաղտնիքը գուցե այն է, որ ականջակալներումդ պետք է հնչի Արետայի անհավանական ձայնը,ձեռքերդ շոշափեն Բուկովսկու գիրքը, բանալիներիդ խրձից կախված լինեն Վան Գոգի «Կոշիկներ»-ը։

newmag #76

Գրել կարծիք