Շատ ձուկ՝ քիչ ջուր. Արմավիրի մարզի արտեզյան հորերը ծառայում են ձկնաբուծությանը և չարիք դառնում մարդկանց համար

Շատ ձուկ՝ քիչ ջուր. Արմավիրի մարզի արտեզյան հորերը ծառայում են ձկնաբուծությանը և չարիք դառնում մարդկանց համար

Արտադրվող հիմնական ձկնատեսակները զարգանում են բացառապես հոսող քաղցրահամ ջրի առկայության դեպքում:

Առավոտյան նախավարժանք՝ ջրի դույլերով

Արաքսյա Հովհաննիսյանը օրական առնվազն 5 անգամ գյուղի կենտրոն է հասնում անհրաժեշտ ջրի պաշարը տուն տանելու համար: Ասում է, դույլերի ծանրությունից արդեն ձեռքերը ցավում են, բայց այլընտրանք չկա՝ արդեն 3 տարի է իր ծորակից ընդհանրապես ջուր չի գալիս: Գայ համայնքի բնակիչների մեծ մասը Արաքսյայի բախտակիցներն են: Ծայրամասերից եկողները մոտ մեկ կիլոմետր ճանապարհ են անցնում մինչև աղբյուրին հասնելը, այդքան էլ՝ ջրով ծանրաբեռնված հետ գնալու համար:

Ջրառատ Գայ գյուղում խմելու ջուրը դեֆիցիտ է

Անհիշելի ժամանակներից Գայ համայնքի խմելու ջուրը մատակարարվել է ինքնաբուխ արտեզյան հորերից: Գյուղը տեղակայված է Արարատյան հարթավայրի ցածրադիր հատվածում, և դա հնարավորություն է տալիս ընդամենը 100-150 մետր խորության անցք փորելով, առանց պոմպերի օգնության խմելու ջուր ստանալ:

Վերջին 10 տարիներին գյուղացիները նկատեցին, որ իրենց ծորակներից հոսող ջրի ճնշումը աստիճանաբար նվազում է: Ջրի ճնշման անկումը հասավ կրիտիկական մակարդակի, և ծորակները ցամաքեցին: Միակ աղբյուրը, որից դեռևս խմելու ջուր է հոսում, գտնվում է գյուղի կենտրոնում, անմիջապես փորված հորի վրա:

Խմելու ջրի խնդիրը Գայ համայնքի բնակիչները գյուղապետի գլխավորությամբ բարձրաձայնեցին տարբեր ատյաններում: Սակայն աջակցություն չստացան և որոշեցին ինքնուրույն գոնե մասամբ լուծել խնդիրը: Քանի որ գյուղի բյուջեն խիստ սահմանափակ է, մի քանի ընտանիք միացան և փորձեցին իրենց ուժերով փորատել արտեզյան նոր հորեր:

Նկատի ունենալով, որ ջուրն այլևս ինքնաբուխ դուրս չի գա, անհրաժեշտություն առաջացավ տեղադրելու ջրամղիչ պոմպեր: Այս եղանակով գյուղի խմելու ջրի խնդիրը մասնակի լուծվեց: Սակայն ստորգետնյա ջրերի մակարդակի անկումը շարունակվեց, և նոր հորերն էլ ցամաքեցին: Նույն խնդրի առաջ են կանգնած Արմավիրի մարզի ցածրադիր շրջանների տասնյակ գյուղերի բնակիչներ:

Պատճառները

Մոտ 10 տարի առաջ Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում ձկնարդյունաբերությունը համարեց գերակա ճյուղ, և հախուռն սկսվեց ձկնաբուծարանների կառուցումը: Գործարարներին ավելի շատ հետաքրքրեցին Արարատյան դաշտավայրի ցածրադիր շրջանները, որտեղ ձկնարդյունաբերության համար անհրաժեշտ ջուրն առանց ծախսերի ժայթքում է երկրի ընդերքից: Իսկ արտադրվող հիմնական ձկնատեսակները զարգանում են բացառապես հոսող քաղցրահամ ջրի առկայության դեպքում:

Պարզ հաշվարկներ

Արմավիրի մարզի ձկնարդյունաբերությամբ զբաղվող ֆերմերները հիմնականում արտադրում են իշխան և թառափ տեսակի ձկներ: Ձկնաբուծությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ջրավազան և ջրի աղբյուր: Գարնանը ջրավազանները լցնում են ձկնկիթով, ամբողջ տարին հոսող ջրի ներքո կերակրելով, ուշ աշնանը, երբ արդեն, օրինակ, իշխանը մոտ մեկ կիլոգրամ քաշ է ունենում, սկսում են վաճառել:

Ձկնաբուծությունը պահանջում է միայն նախնական ներդրումներ, ռիսկեր չի պարունակում, սպառման շուկայի խնդիր չունի: Հենց այս գործոնները գայթակղեցին նույնիսկ իշխանավորներին, և Արարատյան դաշտում հիմնվեցին բազմաթիվ ձկնաբուծարաններ: Ձկնաբուծարանների արտադրողականությունն ու ջրավազանների ծավալները սերտ կապված էին ֆերմերի ունեցած ինքնաբուխ հորատանցքերի քանակի հետ:

Մասնագետների պարզաբանմամբ, պոմպակայանով աշխատող արտեզյան հորից առավելագույնը կարելի է դուրս մղել վայրկյանում 60-100 լիտր ջուր, իսկ ինքնաբուխ հորից վայրկյանում դուրս է մղվում 250- 600 լիտր ջուր:
Մի քանի տարում հորերի քանակը այնքան աճեց, որ ձկնարդյունաբերության համար օգտագործվող օրինական հորերից տարեկան դուրս էր մղվում 300-400 միլիոն խորանարդ մետր քաղցրահամ ջուր: Դա էլ, բնականաբար, բացասական ազդեցություն ունեցավ ընդերքի ջրային ավազանի և՛ մակարդակի, և՛ ճնշման վրա:

Չարիք՝ ոլորտի զարգացմանը զուգահեռ

Ձկնարդյունաբերությունը բացասական ազդեցություն ունեցավ, առաջին հերթին, բարձրադիր շրջանների գյուղատնտեսության վրա, որտեղ ոռոգումն իրականացվում էր 80-100 մետր խորությամբ պոմպակայանով աշխատող արտեզյան հորերի ջրով:

Պոմպակայանների արտադրողականությունը աստիճանաբար նվազեց, իսկ որոշ հորեր ի սպառ ցամաքեցին: Ըստ Արմավիրի մարզպետարանի բնապահպանության բաժնի մասնագետների, միայն Արմավիրի մարզում գործում է մոտ 600 խորքային հոր, որոնցից 220-ը՝ ձկնարտադրության նպատակով: 600 խորքային հորերից մոտ 20 տոկոսը ցամաքել և շարունակում են ցամաքել ձկնային տնտեսություններին ծառայող 220-ի պատճառով:

Պետական միջամտություն՝ հորերի կոնսերվացում

2013-ին կառավարության որոշմամբ սկսվեց ձկնարդյունաբերության ոլորտում գործող օրինական և ապօրինի բոլոր խորքային հորերի հաշվառումը: Մարզպետներին հանձնարարվեց տեղում գույքագրել առկա լիցենզավորված և ապօրինի շահագործվող հորերը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խոսքով, նախ եղած ջրերի արտահոսքը պետք է պակասեցվեր, ապա այդ ջրերի երկրորդական օգտագործման հնարավորությունը ստեղծվեր:

Գույքագրումից հետո 2014-2015թթ. իրականացվեց արտեզյան հորերի կոնսերվացման ծրագիրը: Բացի կոնսերվացումը, հատուկ փականների կիրառման միջոցով կրճատվեց որոշ խորքային հորերի ավելորդ ջրաթողունակությունը:

Գայի գյուղապետ Սեյրան Մարկոսյանի խոսքով, միջոցառման փաստացի արդյունավետությունն իրենք չեն զգացել, քանի որ հիմնականում փակվել են արդեն ցամաքած ու չշահագործվող արտեզյան հորերը, որոնք կապ չեն ունեցել ձկնաբուծության հետ: Դա հաստատեց նաև Մեծամոր համայնքի ղեկավարը: Ձկնարդյունաբերության պատճառով տուժած համայնքների ղեկավարները զայրացած են, որ իրենց գյուղի տարածքում հորատվում են հորեր, իսկ իրենք, որպես համայնքի ղեկավար, իրավասություն չունեն դրանց դեմ կանգնելու կամ վերահսկելու համար, օրինակ, հաշվառելու, թե տնտեսվարողը մեկ հորի արտոնագրով քանի հոր է հորատել:

Ինչ կարգով է տրվում խորքային հորի արտոնագիրը

Հայաստանում խորքային հորի հորատման և ջուրը որպես բնական ռեսուրս օգտագործման արտոնագիր տրամադրում է բնապահպանության նախարարությունը մեկ տարի ժամկետով: Այնուհետև յուրաքանչյուր տարի այն երկարաձգվում է:

Դժգոհում են նաև ձկնաբույծները

Տնտեսվարողներն էլ են դժգոհում՝ արտոնագրի գործողության ժամկետներից: Քանի որ նախարարությունը կարող է երկարաձգելուց տարբերակված մոտեցում ցուցաբերել: Օրինակ, տնտեսվարող Խաչատուր Կարապետյանն իր տնտեսությունում արտոնագրով 4 խորքային հոր է շահագործում: Արտոնագրերի ժամկետի լրանալուց հետո դիմել է նախարարություն, սակայն պատասխան է ստացել, որ հորերից երկուսը ենթակա են փակման, ինչը, Կարապետյանի խոսքով, իր հետագա աշխատանքն անհնար է դարձնում:

Իրարամերժ կարծիքներ

Գայի բնակիչ Խաչիկ Ավդալյանը արդեն 3 տարի է գյուղում լճակներ է վարձակալել ու ձուկ է աճեցնում: Նրա կարծիքով, խնդիրն այդքան էլ լուրջ չէ: Ասում է դեռ ջրի անկում չի նկատել, ձկնաբուծարաններում գործող հորերը չեն կարող խմելու ջրի պակասի պատճառ դառնալ: Համենայն դեպս ինքը գյուղում ջրի ճնշման անկում չի նկատել, չնայած որ միացել է այն 25 ընտանիքներին, որոնք իրենց թաղամասում խմելու ջրի համար նոր խորքային հոր են հորատել:

Մեկ այլ ձկնաբուծարանի աշխատակից Արկադին ասում է, որ անզեն աչքով էլ նկատելի է. տարեցտարի ջուրը պակասում է, ու խնդիրը ոչ միայն գյուղում է, այլ նաև ձուկ արտադրողների մոտ: Ըստ Արկադիի, իր ղեկավարները մինչև անցյալ տարի շահագործել են 10 ավազան, այս տարի ջրի սակավության պատճառով ավազաններից մեկը արտադրությունից դուրս է բերվել, իսկ մյուսներում կրճատվել ձկների քանակը:

Գայի 5 ձկնաբուծարաններ լրագրողների մուտքն արգելվեց առանց մեկնաբանությունների:

Այս համայնքում 7 լճատերեր կան, յուրաքանչյուրի տարածքում առնվազն 5 խորքային հոր է աշխատում: Դրանք պատկանում են գործարարների, ԱԺ պատգամավորների ու այլ պաշտոնյաների:

Այս մասին տեղեկանում ենք գյուղապետի տեղակալ Խուրշուդ Քոչարյանից: Նրա խոսքով, արտեզյան ջրհորների ճնշման մակարդակն իջել է, և գյուղացիների բողոքը տեղին է: Նրա համոզմամբ, քանի որ ջրի թողունակությունը ձկնաբուծարաններում ավելի մեծ է, գյուղի խմելու ջրի 4 խորքային հորեր ընդհանրապես ցամաքել են: Իսկ մյուս ինքնաշատրվանող հորերի շահագործման համար գյուղապետարանը ստիպված է եղել էլեկտրական պոմպեր տեղադրել, որպեսզի գոնե 3 թաղամաս ապահովեն ջրով:

Որքանով է արդյունավետ Հայաստանում ձկնաբուծությունը

Ըստ մասնագետների, արտադրված ձկան արժեքը տասնյակ անգամ պակաս է, քան ծախսված ջրի արժեքը:

Օրինակ, Արմավիրի մարզում տարեկան արտադրվում է 2000 տոննա ձուկ, ինչի համար ծախսվում է մոտ 400 մլն խորանարդ մետր քաղցրահամ ջուր: Եթե շուկայական գներով հաշվարկենք, մեկ կիլոգրամ ձուկը վաճառվում է առավելագույնը 2000 դրամով: 2000 տոննա ձկան իրացումից կստացվի 4 միլիարդ դրամ: Քաղցրահամ ջրի 1 խորանարդ մետրը քաղաքացուն վաճառվում է 200 դրամով: 400 միլիոն խորանարդ մետր ջրի արժեքը կազմում է 80 միլիարդ դրամ, ինչը 20 անգամ գերազանցում է ձկան արժեքը:

Գայի բնակիչները կարծում են, որ այս հանգամանքն արժանի է կառավարության ուշադրությանը:

Մինչ այդ տիկին Արաքսյան փորձում է իր հարևաններին համախմբել ու հարևան թաղամասի օրինակին հետևել. գումար հավաքել և սեփական միջոցներով մեկ խորքային հոր հորատել: Այդ կերպ գյուղի կենտրոնից գոնե միայն խմելու ջուրը կբերեն:

Գրել կարծիք