Հայկական կինոշուկայի ամբիցիոզ հավակնությունների և ստվերում մնացած որակյալ հեղինակային նախագծերի մասին

Հայկական կինոշուկայի ամբիցիոզ հավակնությունների և ստվերում մնացած որակյալ հեղինակային նախագծերի մասին

Ողբերգական կինոդրամա՝ լոկալ և պրիմիտիվ.. newmag-ի կինոքննադատը հայկական ցածրորակ կինոյի, անճաշակ հանդիսատեսի ու աննկատ ապրող հեղինակային ֆիլմերի մասին:

2016 թվականն իր ակտիվ քննարկվող ու խնդրահարույց կինոպրոդուկցիայով կարծես թեթևակի շարժեց անկոտրում այսբերգը՝ ամբիցիոզ ու չհղկված, ընդհանուր պատկեր չունեցող՝ ժամանակակից հայ կինոյի հետ համաձայնելու և չհամաձայնելու առիթներ տալով հասարակությանն ու ինդուստրիայի մասնագետներին։ Գեղարվեստական երկարամետրաժներ «Երկրաշարժը», «Վերջին բնակիչը» և «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ը փորձեցին հայտնվել օսկարյան լոնգ լիսթում։ Ձախողեցին։

«Երկրաշարժն» ու «Վերջին բնակիչը» փորձաշրջանի ընթացքում ամեն ինչ արեցին կոմերցիոն ուշադրություն գրավելու համար։ Իսկ «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ը (տարվա հավանաբար լավագույն հայկական ֆիլմը) մնաց փառատոնային կինոյի կլիշեավորված պիտակի ներքո և անգամ կինոթատրոններում անցավ մաքսիմալ աննկատ։ Հանդիսատես չէր հավաքում։

Ամերիկաբնակ հայ ռեժիսոր Նարե Մկրտչյանը նույնպես զուսպ ու անգովազդ, առանց «Ֆեյսբուքում» պտտվող պոստերի, նյութերի ու կոլեգաների պաթետիկ գնահատականների, ընդգրկվեց օսկարյան շորթ լիսթ՝ «Տան մյուս կողմը» կարճամետրաժ վավերագրությունով։ Հանրության զրո ուշադրություն ու լիակատար արհամարհանք։ Հայ հանդիսատեսը զբաղված է ուրիշ, ավելի կարևոր գործերով, օրինակ՝ մելոդրամատիկ պատմական ֆիլմեր է դիտում. դրանք պարզունակ սյուժե ունեն, միմիայն լոկալ շուկային պարզ երկխոսություններ ու կերպարների վարքագիծ և ինչպես հարկն է խախտված ձայնաերաժշտական դրամատուրգիա։



Հայ հանդիսատեսը մարսում է միմիայն ժամանցային կինեմատոգրաֆիան, այն էլ գռեհիկը, պրիմիտիվը: Միայնակ կինոթատրոն գնալու մշակույթ չկա, որովհետև գերնպատակը թրենդափոփքորնային է՝ ծամել և չեքինվել՝ եկա, տեսա, հայտնեցի։ Կարևորը` ետ չմնալ մյուսներից. «Չգիտեմ, ինձ հուզեց», «Վա՜յ, էնքա՜ն լավ կինո էր, էնքա՜ն եմ լացել»։

2016-ի օբյեկտիվ պատկերը մոտ է արցունքաբեր գազերի էֆեկտին: Ռուս կինոլրագրողների սլենգով` արցունք քամիչ ֆիլմեր։ Ֆիլմեր, որոնք լացացնում են, ոչ թե հուզում։ Թրենդ N 1, որը ետ մղեց նախորդ տարիների թրենդը՝ «ծիծաղեցնող կինոն»։

Այս տարի նկատելի էր այդ՝ ծիծաղեցնող կինոյի սիրողական մակարդակի ֆիլմերի գրոհը: «Զգուշացե՛ք, կանայք են», «3+2 կգ», «Վայ, մամա ջան», «Ճամբարում – 2». այս ամենի ֆոնին «Առաջին դեմքն» ու «Փախի՛ր կամ ամուսնացի՛ր»-ը գրեթե Բիլի Ուայլդերի հասունության կատակերգություններ են։ Իսկ եթե լուրջ, ապա հայկական ֆիլմերի դիտարկումն ըստ նույն տեղականի և այն զեղչը, որն անում են շատ մասնագետներ՝ պատճառաբանելով, որ «հայկականի համար վատը չի, անգամ լավն է», և նշում են 2016-ի հանդիսատեսի ֆավորիտ «Կյանք ու կռիվ»-ը, իհարկե, չի խրախուսում առաջընթացը։

Խնդիրը զուտ լոկալ, նեղ անձնական, «բակային» ֆիլմերն են՝ գուցե ջերմ ու գողտրիկ, սակայն միջազգային շուկայի համար թույլ ու տկար: Նշաձողը չենք էլ բարձրացնում: Համեմատում ենք եվրոպական, իրանական, հարավամերիկյան միկրոբյուջե ֆիլմերի հետ։

Տեղական սպառողի արվեստապահանջարկային մակարդակն այնքան ցածր է, որ նա կինոթատրոն է գնում գրեթե ցանկացած տեղական կինոարտադրանքի ետևից։ Նա (հանդիսատեսը) չունի որևէ ինտելեկտուալ պահանջ, չի կարևորում էլեմենտար էսթետիկ, տեխնիկական և դրամատուրգիական նորմերը, պատրաստ է վճարել միջինը 3500 դրամ (տոմս + փոփքորն՝ չհաշված ճանապարհածախսը) և առնվազն 90 րոպե վատնել մի ստեղծագործության վրա, որն իրեն ինտելեկտուալ առումով ոչինչ չի կարող տալ։ Հայ սպառողն ու կինոգործիչը մոռացել են, որ կինոն դրամատուրգիական երևույթ է, կինոարվեստի արտադրություն, որոշակի արվեստների սինթեզ։ Այդ իսկ պատճառով երկու կողմի՝ տեղական նշանակության գեղարվեստական ամբիցիաները բավարարված են մնում։

Աննկատ է անցնում արժեքավոր վավերագրական կինոն: Այս տարի`Հարություն Խաչատրյանի «Փակուղին»։ Պատմություն, որը վերապրում է ազգային խնդիրներն ու մի կամ գուցե երկու սերնդի համընդհանուր ներքին կոնֆլիկտ։ Նման «վտարման էֆեկտը» զգացվում է նաև Դավիթ Սաֆարյանի «Տաք երկրում…»: Սակայն ի տարբերություն Սաֆարյանի Տիգրանի և Կատյայի, որոնք սեփական երկրում կորցնում են տան զգացումը, խաչատրյանական ֆիլմի հերոս Լևոնն ինքնակամ է տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ էլ դարձել է միայնակ և մնացել օտար։

Երկու ժապավեններն էլ կրում են ողբերգության կանխազգացման ու հաղթահարման մոտիվները, եթե ոչ հաղթահարման, ապա անխուսափելիի հետ բախվելու զգացումը։ Արտիստիկ ու ժողովրդական։ Եվ եթե այսօր կա ժամանակակից հայ կինեմատոգրաֆի յուրահատուկ, ինքնուրույն և սեփական դիմագիծ, ապա դա հենց ժողովրդական դրաման է։ Պարզ, երբեմն անձնական, բայց միևնույն ժամանակ համահայկական։ Այն կինոն, որից պետք է բռնվել, որովհետև ուրիշն իր ամբողջական կեցվածքով և ազգային ճիշտ դիմագծերով դեռևս պարզապես գոյություն չունի։

newmag #76

Գրել կարծիք