[Իրականում՝ ոչ] Պե՞տք է արգելել աջ ղեկով մեքենաները Հայաստանում

[Իրականում՝ ոչ] Պե՞տք է արգելել աջ ղեկով մեքենաները Հայաստանում

Պետությունը այս օրինագծով զրոյացնում է քաղաքացու ունեցվածքը, քաղաքացու սեփականությունը դարձնում առոչինչ:

Կառավարությունը հասարակական քննարկման է դրել աջ ղեկով մեքենաների ներկրումն ու վերահաշվառումն արգելելու օրինագիծը: Այն նախատեսում է 2018 թվականի ապրիլի 1-ից հետո արգելել աջ ղեկով մեքենաների ներկրումը, իսկ արդեն ունեցողները չեն կարողանա վաճառել կամ նվիրաբերել աջ ղեկով մեքենաները:

Աջ ղեկով մեքենաները Հայաստանում պետք է արգելվեն, որովհետև վտանգավոր են աջակողմյան երթևեկով միջավայրում: Աջ ղեկով մեքենայի վարորդի տեսադաշտը սահմանափակ է, եթե նրան շրջապատում են ձախ ղեկով մեքենաներ: Վտանգը հատկապես մեծ է կանգառի կամ կայանման վայրից շարժումն սկսելու, վերադասավորվելու, ուղղությունը փոխելու, վազանց կատարելու ժամանակ:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հարցի լավագույն լուծումը մեքենաների ներկրումն ու շահագործումն արգելելն է: Բելառուսն ու Ղազախստանն արդեն արգելել են: 2015 թ. հունվարի 1-ին կնքված Մաքսային միության պայմանագրով նույնն առաջարկվում էր նաև Ռուսաստանին, սակայն օրինագիծը կասեցվեց: Այժմ ՌԴ-ում փոքր մարդատար ավտոտրանսպորտային միջոցների վրա այդ արգելքը չի տարածվում, այլ միայն 8 ուղևորից ավելի տանող մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ վրա:

Բայց պե՞տք է արգելել աջ ղեկով մեքենաները Հայաստանում. իրականում` ոչ

Ոչ, որովհետև աջ ղեկով մեքենաների առանձին վիճակագրություն ոստիկանությունը չի վարել մինչև այս տարի: Վերջին 11 ամիսների ընթացքում գրանցված 3241 ՃՏՊ-ներից 309-ը են եղել աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ: Այսինքն յուրաքանչյուր 10-րդ պատահարին մասնակցել է աջ ղեկով մեքենա: Վթարի մասնակից լինելը դեռ չի նշանակում, որ մեղավորը հենց աջ ղեկով մեքենայի վարորդն է: Նաև չի նշանակում, որ հենց աջ ղեկի պատճառով է եղել վթարը: Այսինքն` վիճակագրությունը որևէ կերպ չի ապացուցում, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են:


[Իրականում՝ ոչ] շարքից կարդացեք նաև.


Չպետք է արգելել, որովհետեւ աջ ղեկով մեքենաները համեմատաբար էժան են, իսկ Հայաստանի անվճարունակ հասարակությանը ձեռնտու են էժան մեքենաները: Եթե արգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը, շուկայում դրանց փոխարինելու կգան ձախ ղեկով ու 10 տարով ավելի հին մեքենաները: Այսինքն` ՀՀ-ն կվերածվի մետաղի ջարդոնի թանգարանի` բաց երկնքի տակ:

Հիմա պե՞տք է արգելել աջ ղեկը

Պարզ է, որ ձախակողմյան երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաները առնվազն անհարմար են` մեր ճանապարհներով վարելու համար: Պարզ է, որ պետք է մեխանիզմներ գտնել, որով կկրճատվի այդ մեքենաների հոսքը Հայաստան, հատկապես, որ Հայաստանից այլ տեղ մեքենաներ չեն գնում: Բայց մի՞թե լավագույն լուծումը ներմուծումն ու վաճառքն արգելելն է:

Սա առնվազն անարդար որոշում է, որովհետեւ քաղաքացին մեղավոր չէ, որ օրենքը նրան թույլ է տվել ներմուծել աջ ղեկով մեքենա: Մեքենան սեփականություն է` կապիտալ, և իր գինն ունի: Պետությունը այս օրինագծով զրոյացնում է քաղաքացու ունեցվածքը, քաղաքացու սեփականությունը դարձնում առոչինչ: Սա քաղաքացու ունեզրկման նախագիծ է, հետևաբար չպետք է արգելել աջ ղեկով մեքենաների վաճառքը, քանի դեռ չկան մարդկանց կյանքի ու առողջության համար դրանց վտանգավորության հիմնավոր և համոզիչ վերլուծություններ:  

 

 

Գրել կարծիք