[Իրականում` ոչ] Հայաստանում պե՞տք է արգելվի ադրբեջանական խնձորի վաճառքը

[Իրականում` ոչ] Հայաստանում պե՞տք է արգելվի ադրբեջանական խնձորի վաճառքը

Փորձում ենք հասկանալ «խնձորային խառնաշփոթը». ադրբեջանական մակնշմամբ խնձորները ինչպե՞ս են հայտնվել հայկական շուկայում, ի՞նչ պետք է անի պետությունն այս դեպքում:

Վերջին շաբաթվա ընթացքում բուռն քննարկման առարկա դարձավ շուկաներում ու մրգի, բանջարեղենի վաճառակետերում ադրբեջանական խնձորների վաճառքը: Օգտատերերը նկարահանել են ադրբեջանական ընկերության` խնձորով արկղերը:

Այս քննարկումներից հետո ՍԱՊԾ-ն հայտարարեց, որ շուկայում լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել, պարզելու`իրո՞ք ադրբեջանական ծագմամբ խնձոր է իրացվում հայկական շուկայում, եւ միայն մի՞ կետում է վաճառվում, թե՞ նաև այլ կետերում: Ծառայությունը հայտնաբերել է, որ պտուղ-բանջարեղեն վաճառող որոշ կետերում իսկապես իրացվում է ադրբեջանական խնձոր: ՍԱՊԾ տեսուչները արգելել են վաճառքն ու հանձնարարել տեղում ոչնչացնել խնձորը:

Հիմա փնտրում են ներկրող ընկերությանը, որովհետեւ ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որևէ բեռ, նույնիսկ խնձոր, չի ներկրվել Հայաստան: Ավելին` ապրիլի 1-ից 25-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան խնձոր ներկրվել է Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Իտալիայից:  Այս դեպքում, ինչպե՞ս է ադրբեջանական խնձորը հայտնվել Հայաստանի շուկայում: Երևանի սուպերմարկետներում հենց այս պահին վաճառվում է ֆրանսիական եւ թուրքական ծագման խնձոր` համապատասխան պիտակներով: Խնձորային այս խառնաշփոթից գլուխ հանելը իրավապահ մարմինների գործն է:

Հիմա` Հայաստանում պե՞տք է արգելել ադրբեջանական ծագմամբ խնձորի վաճառքը 

Այո, որովհետեւ առաջին հերթին այն չհայտարարագրված մաքսանենգ ճանապարհով ներկրված ապրանք է, հետեւաբար չի անցել համապատասխան ստուգում: Քրեական օրենսգիրքը սահմանում է. առանց մաքսային հսկողության, կամ մաքսային եւ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով ներկրումը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հայաստանում պետք է արգելել ադրբեջանական ծագման խնձորի ներկրումն ու վաճառքը` Ադրբեջանի տնտեսության զարգացմանը չնպաստելու համար: Ինչպե՞ս կարելի է ներկրել, վաճառել ու գնել մի երկրի ապրանք, որն այդ վաճառքից ստացած եկամուտով զենք է գնելու ու սպանելու` քո զինվորին: Ամեն մեկ կիլոգրամ խնձոր գնելով դուք առնվազն մեկ դիպուկահարի փանփուշտ եք նվիրում, ֆինանսավորում եք ձեր որդուն սպանողին:


«Իրականում` ոչ» շարքի այլ հրապարակումները` այստեղ


Ադրբեջանական ծագման խնձորի վաճառքը պետք է արգելվի, որովհետեւ Ադրբեջանում մոլորված հային սպանում են միայն այն պատճառով, որ հայ է: Այդ երկրում հերոսացնում են մեկին, որը քնած հայ սպա է սպանել: Այդ երկրում մեկ տարի առաջ հերոս էին նրանք, ովքեր զոհված հայ զինվորի ականջներ էին կտրում ու հրապարակավ ցուցադրում: Այսինքն` պետք է արգելվի ադրբեջանական ցանկացած արտադրանք, որովհետեւ չգիտես` այս անգամ ի՞նչ է ծրագրել թշնամիդ: Գուցե այդ խնձորը կենսաբանական զե՞նք է, գուցե թունավորվա՞ծ է, գուցե հակահայկական գենոմուտացիայի՞ է ենթարկվել:

Ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանը առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, հետեւաբար Հայաստանը կարող է հանգիստ արգելել ադրբեջանական ապրանքի ներկրումը:

Բայց` Հայաստանում պե՞տք է արգելվի ադրբեջանական խնձորը: Իրականում` ոչ:

Բանն այն է, որ Հայաստանում չկա օրենք, որն արգելում է ադրբեջանական ծագման ապրանք ներկրել: Մինչեւ 2013թ. հունիս գյուղատնտեսության նախարարի հրաման կար, որը արգելում էր «Թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի ներկրումը ՀՀ տարածք»: Սակայն 2013 թ. մեկ այլ գյուղնախարարի հրամանով արգելքը հանվեց: Այսինքն Հայաստանում որեւէ օրենսդրական արգելք չկա ադրբեջանական ծագման ապրանք ներկրելու համար:

Հայաստանը որդեգրել է ազատ շուկայի գաղափարն ու տրամաբանությունը, հետեւաբար շուկայում կարող է վաճառվել ցանկացած ապրանք, որը ունի պահանջարկ: Այսինքն. եթե գնորդ կա, ցանկացած ապրանք կարող է վաճառվել, եթե դրա վաճառքը չի հակասում Հայաստանի օրենսդրությանը: Ազատ ու մրցակցային շուկան ունի իր կանոնները, հետեւաբար կամ պետք է ընդունել այդ կանոնները, կամ դառնալ Հյուսիսային Կորեա:

Հիմա` Հայաստանում պե՞տք է արգելվի ադրբեջանական խնձորը

Իրականում անկախ քաղաքական դրդապատճառներից բիզնեսը գտնում է իր ճանապարհը: Այսինքն` բիզնեսը երբեք չի ունեցել եւ չի ունենալու սահմաններ: Եվ եթե կա պահանջարկ` լինելու է առաջարկը, որքան էլ պետական լծակներով փորձեն արգելել, միեւնույնն է բիզնեսն ունի իր կանոնները: Հիշո՞ւմ եք չոր օրենքը: 1930-ականներին Միացյալ Նահանգներում արգելվեց ալկոհոլային խմիչքը ամենախիստ միջոցներով, բայց պարզվեց`անարդյունք: Այսինքն` պետական լծակներով ցանկացած արգելք բերում է շուկայական հարաբերությունների խեղաթյուրման, հետեւաբար ադրբեջանական ծագման խնձորի վաճառքն ու ներկրումն արգելելը հարցի լուծում չէ:

Լուծումը մրցունակ գյուղատնտեսություն ունենալն է: Այսինքն` իշխանությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որ տեղական արտադրանքն այնքան որակյալ ու էժան լինի, որ կարողանա մրցակցել այլ երկրից (ոչ միայն Ադրբեջանից ու Թուրքիայից) ներկրված ապրանքի հետ և լինել տեղացի գնորդի համար օբյեկտիվորեն գերադասելի:

Գրել կարծիք