[Բացատրագիր] Արդյո՞ք պետք է զգուշանալ Ադրբեջանի սկսած մասշտաբային զորավարժությունից

[Բացատրագիր] Արդյո՞ք պետք է զգուշանալ Ադրբեջանի սկսած մասշտաբային զորավարժությունից

Ադրբեջանը լայնամասշտաբ հերթական զորավարժությունն է սկսել, և ինչպես միշտ, ներկայացնում է այն «չափազանց կարևոր»: Փորձել ենք հասկանալ հայկական կողմի անելիքները:

Շփման գծում լարվածության ֆոնին Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժությանը հայկական բանակը տրամաբանական զգուշավորությամբ է արձագանքում: Սա վերջին 3 ամսում Ադրբեջանի 5-րդ զորավարժությունն է: Զորավարժությունների  շղթան ցույց է տալիս՝ Ադրբեջանը պատրաստվում է խնդրի ոչ թե բանակցային, այլ ռազմական ճանապարհով լուծմանը:

Ադրբեջանի իդեաֆիքսը կայծակնային պատերազմն է: Հայկական կողմը դիրքերի համապատասխան կահավորմամբ, սպառազինությամբ ու պատրաստվածությամբ բացառել է այդ հնարավորությունը: Հիմա զորավարժությունների ժամանակ Ադրբեջանը տակտիկական այլ սցենարներ է մշակում: Պաշտպանության բանակը ռիսկերը գնահատում և համարժեք քայլերով նաև դրանց է նախապատրաստվում՝ հնարավորինս նվազեցնելով ռազմական գործողությունների անկանխատեսելիության գործոնը:   

Մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում անցկացվող նոր զորավաժությանը 23 հազար զինծառայող  է մասնակցում, 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, շուրջ 180 միավոր հրետանային և հրթիռային համակարգ, ականանետ, շուրջ 30 միավոր մարտական ավիացիա, ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: Այն կտևի հունիսի 19-ից 24-ը:



Ադրբեջանն իր բոլոր զորավարժություններն է փորձում անհավանական, լայնամասշտաբ ու տարածաշրջանի անվտանգության համար կարևոր ներկայացնել, միաժամանակ և իրականում հենց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է հայտարարել՝ սա հերթական, պլանային զորավարժություն է:

Երևանից, Ստեփանակերտից և շփման գծում 4 հայ զինվորների զոհվելուց հետո Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են: Միջնորդները առաջնագծում կատարվածը քննարկել են Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ: Ռուս համանախագահ Իգոր Պոպովը հանդիպումներից հետո հայտարարել է՝  և Բաքվում, և Երևանում քննարկումներ են եղել քաղաքական երկխոսության վերսկսման առնչությամբ:

Ադրբեջանի ռազմական որոշումները քաղաքական իրավիճակ փոխելու նպատակով են, սակայն նույնիսկ Բաքվում համոզված են՝ իրենց նախանշած արդյունքը չեն ստանա: Հայկական կողմը հստակ դիրքորոշումներ, նախապայմաններ ունի և ընգծում է փաստը, որ Ադրբեջանը բանակցային փուլին զուգահեռ նոր պատերազմի է նախապատրաստվում: Այդ ընթացքում հայկական զինուժի գլխավոր խնդիրներից է հստակեցնելը, թե ինչ թիրախներ է փորձում խոցել Ադրբեջանը լոկալ ռազմական հարձակումների ժամանակ: Կանխարգելիչ գործողությունները դրանց հնարավոր արդյունքները չեզոքացնելու լավագույն լուծումն են: Մանավանդ, որ Պաշտպանության բանակը դիվերսիոն գործողությունների որոշ ձևեր արդեն բացառել է:

Գրել կարծիք