[Բացատրագիր] Բաքվի նոր ակտիվության 3 պատճառները

[Բացատրագիր] Բաքվի նոր ակտիվության 3 պատճառները

TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ հակառակորդը վերջին անգամ կիրառել էր ապրիլյան ագրեսիայի ժամանակ

Այս անգամ արձակել է միանգամից 5 արկ՝ թիրախավորելով Արցախի հարավային զորամասերից մեկի հրամանատարական կետը: Ադրբեջանի զինված ուժերը կայանքը տեղակայել են սահմանամերձ Ալիխանլու գյուղի մեջ: Միաժամանակ, նույն ուղղությունից  գործի են դրել նաև տարբեր տրամաչափի ականանետեր:

Նախ, սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են արձակում իրենց իսկ բնակավայրի տարածքից: Դեռ անցած տարի Արցախի ՊՆ-ն լուսանկարներ էր հրապարակել, որոնք վկայում էին՝ Բաքուն տեխնիկա է տեղադրում հենց բնակավայրի մեջ, կամ անմիջական հարևանությամբ ու կրակում հայկական կողմի վրա: Նման դեպքերում քաղաքացիական անձանց կյանքը վտանգելու պատասխանատվությունը կրակակետը լռեցնողի վրա որևէ կերպ չի ընկնում: Մեղավորը գործի դրվող ռազմական տեխնիկան գյուղում տեղադրողն է: Պատասխանողը մեղավոր չէ, որ իր վրա կրակում են:

Արցախյան կողմը կտրուկ ակտիվացած և հրամանատարական կետը թիրախավորած ադրբեջանական կայանքը լռեցրել է: Ալիխանլու գյուղում զոհվել են նաև բնակիչներ:

Ադրբեջանական լրատվամիջոցները, խախտելով զոհվածների հարազատների իրավունքները, մարդկային բոլոր նորմերը, անմիջապես զոհերի լուսանկարներն են տարածել՝ յուրաքանչյուր վերնագրում շեշտելով՝ հայերն են սպանել:

Աղմուկին զուգահեռ լռել են ադրբեջանի զինված ուժերը: 

Վերլուծաբանները հանգում են եզրակացության, որ տեղի ունեցածը դժվար թե հանգեցնի մեծ էսկալացիայի: Երբ իրավիճակը որոշակի ժամանակահատվածում հանգիստ է մնում, Բաքուն դիմում է իռացիոնալ որևէ սադրանքի: Այդպես եղավ հունիսին, այդպես է լինում անընդհատ: Պատճառը՝ Բաքուն դժգոհ է, որ հակամարտությունը գերտերությունների առաջնահերթ օրակարգից դուրս է: Պետք է լարում՝ մի կողմից աշխարհում չմոռացվելու, մյուս կողմից երկրի ներսում պատերազմի վախը թարմացնելու համար:

Հիմա: Այս շաբաթ Համբուրգում կկայանա G-20-ը: Աշխարհի 20 առաջատար երկրների ղեկավարները կհանդիպեն մոլորակի խնդիրները քննարկելու համար: Լավ առիթ է հիշեցնել հակամարտության մասին, ստիպել եռանախագահ երկրների ղեկավարներին քննարկել  նաև Արցախը, մտորել իրավիճակը կայունացնող նոր առաջարկությունների մասին, քանի որ գործող օրակարգը կյանքի կոչել չի ստացվում: Ալիևը չի համաձայնում:


Կարդացեք նաև.


Երկրորդը՝ անցած շաբաթ պարզվեց, որ այս ամսվա մեջ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում: Ռուսական լրատվամիջոցները նույնիսկ օր ու վայր նշեցին՝ Ավստրիա՝ հուլիսի 11: Քննարկելու որևէ հարց իրականում չկա: Հայաստանը սպասում է, թե երբ է Ալիևը կատարելու Վիեննայում իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնցից հրաժարվել էր տուն վերադառնալուց հետո: Արդեն ավելի քան մեկ տարի Ադրբեջանին նոր օրակարգ է պետք, Բաքուն պահանջում է անհապաղ ու գործնական բանակցություններ՝ հետաքննության մեխանիզմների հարցը թողնելով կարգավորման եզրափակիչ փուլին: Սրան բոլորը դեմ են, նաև համանախագահները: Պայմանավորվածությունների վերանայման, նույնիսկ նախարարների մակարդակով քննարկելու նոր թեմա գտնելու միակ ելքը Ադրբեջանը տեսնում է էսկալացիայի մեջ:

Երրորդ, Բուլղարիայում հասունանում է մեծ սկանդալ: Ցանցահենները անցած շաբաթ կոտրել էին այդ երկրում Ադրբեջանի դեսպանության ցանցը և հրապարակել հսկայական քանակությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են՝ Բաքուն անօրինական զենք է մատակարարել հակամարտության գոտիներ՝ Կոնգոյից մինչև Աֆղանստան: Բաքուն փաստացի կարևոր օղակ է եղել անօրինական զենքի շրջանառության մեջ, իսկ սա ահաբեկչության կենսունակության գլխավոր գրավականներից մեկն է, քանի որ բոլոր գործարքները, որոնցով Բաքուն զենք է վաճառել, խիստ կասկածելի են, զենքի իրական հասցեատերերը՝ նույնպես: Փաստաթղթերի հետազոտությունն ու սպասվող աղմկահարույց բացահայտումները ցանկալի է լռեցնել՝ շեղելով ուշադրությունը: Լավագույն միջոցը՝ քաղաքացիական անձանց զոհվելն է և վերնագրերը՝ հայերն են սպանել:

Գրել կարծիք