[Ոսկե Ծիրան 2017] Իլդիկո Էնյեդիի պոետիկ ու սառը պատմությունը մարմնի և հոգու մասին է

[Ոսկե Ծիրան 2017] Իլդիկո Էնյեդիի պոետիկ ու սառը պատմությունը մարմնի և հոգու մասին է

Կինոռեժիսոր Իլդիկո Էնյեդիի «Մարմնի եւ հոգու մասին» ֆիլմը այս տարվա Բեռլինի կինոփառատոնին «Ոսկե արջ» մրցանակի է արժանացել

Անդրեն և Մարիան աշխատում են սպանդանոցում, զբաղվում են որակի վերահսկմամբ, նոր աշխատակիցների ընդունմամբ, պարզում, թե ով է գողացել զույգավորման համար նախատեսված նյութը: Այդ ժամանակ սպանդանոցում հայտնվում է հոգեբանն, ով ինտիմ հարցերի շնորհիվ փորձում է գտնել զույգավորման նյութի գողին: Նման տարօրինակ հետաքննության արդյունքում հոգեբանը նաև պատահաբար պարզում է , որ Անդրեն և Մարիան տեսնում են նույն երազները, որտեղ իրենք վեհ եղջերուներ են և թափառում են ձնառատ անտառում:

Իլդիկո Էնյեդին հունգարացի ռեժիսոր և սցենարիստ է, ով 1999-ին «Մոգ Սիմոնը» ֆիլմից հետո նկարահանել է երկու կարճամետրաժ  և աչքի չի ընկել գերակտիվ և աշխաչհագրապես լայն փառատոնային մասնակցությամբ՝ 1989-ին Կաննի ՄԿ-ին Լավագույն դեբյուտի համար արժանացած Ոսկե տեսախցիկի հետո: Եվ ահա այս տարվա Բեռլինալեի ժյուրին անսպասելիորեն շնորհում է Էնյեդիին «Ոսկե արջ»՝ կարևորագույն կինոփառատոնի գլխավոր մրցանակը լավագույն ֆիլմի համար: Հերոսները խուսափում և անգամ վախենում են ֆիզիկական կոնտակտից, երկուսն էլ ապրում են սեփական աշխատանք-տուն-աշխատանք ռեժիմով, իսկ չափավոր ընթրիքներն ու աշխատավայրի՝ բամբասանքներով համեմված լանչերը պարզապես հանդիպումներից վերածվում են զգացումներն արտահայտող կամուրջների, որոնցով Անդրեն և Մարիան քայլ առ քայլ, անվստահ գնում են իրար ընդառաջ և փորձում պարզել երազներում կատարվող անշտապ իրադարձությունները:

Նիցշեական վերնագիրը կարելի է վերլուծել որպես հոգու և մարմնի միավորում. երկու միայնակ և ոչ այնքան երջանիկ մարդու հանդիպում, որտեղ տարօրինակ աղջիկը, ով անգիր հիշում է իր հետ զրուցող մարդկանց նախադասություններն ու իր կենսագրության բոլոր տարեթվերը և հավասարակշռված, մտածկոտ ու սպանդանոցի տնօրենի  համար չափազանց նրբանկատ տղամարդը փորձում են անհամարձակ քայլերով կառուցել սեփական երջանկությունը՝ պոետիկ, սենտիմենտալ և գուցե չափից շատ քաղցրահամ պատմությունում:

Գրել կարծիք