Հայկական ֆիլմերը հետաքրքիր են և ոչ ավելի. հարցազրույց Կաննի մեր տարածաշրջանի ֆիլմերը ընտրող մասնագետի հետ

Հայկական ֆիլմերը հետաքրքիր են և ոչ ավելի. հարցազրույց Կաննի մեր տարածաշրջանի ֆիլմերը ընտրող մասնագետի հետ

newmag-ը զրուցել է Կաննի փառատոնի համար տարածաշրջանի ֆիլմերն ընտրող մասնագետի հետ: Փորձել ենք հասկանալ` ինչու հայկական կինոյին չի հաջողվում դուրս գալ միջազգային փառատոներ:

Ժոել Շապրոնը UNIFRANCE-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կինեմատոգրաֆի առաջատար մասնագետն է: Նա ավարտել է Սորբոնի ռուսական ֆակուլտետը: UNIFRANCE-ը արտասահմանում ֆրանսիական կինոյի պորպագանդայով է զբաղվում:  Արդեն 20 տարուց ավելի է Ժոել Շապրոնը Կաննի միջազգային կիոնփառատոնի համար ընտրում է նախկին Խորհրդային և Արևելյան Եվրոպայի երկրների ֆիլմերը:

– Դուք Կաննի ընտրի՞չն եք:

Ճիշտն ասած ես ընտրիչ չեմ, ավելի շուտ «որսահալած՝ որսի ժամանակ»։ Բառի բուն իմաստով Կաննում կա միայն մի ընտրող՝ Թյերի Ֆրեմոն, որը նաև փառատոնի տնօրենն է և որի շուրջ հավաքվել են ըստ տարածաշրջանների մասնագիտացած մարդիկ։ Եվ ես նրանցից մեկն եմ։ Ես իրեն խորհուրդ եմ տալիս, առաջարկում եմ, բայց ֆիլմերն ընտրում է միայն ինքը։ Ես «կենդանիներին քշում եմ ուր պետք է» , բայց ընտրողն ինքն է։ Իմ անձնական նախասիրությունները նույն կերպ սուբյեկտիվ են, ինչպես և գլխավոր ընտրիչինը։

– Ի՞նչ ֆիլմեր եք ընտրում։

Փնտրում ենք կինո: Այսինքն ոչ թե հետաքրքիր երաժշտություն, ոչ թե չտեսնված, ցնցող դերասանական խաղ, այլ այդ ամենը` մեծ, ուժեղ ռեժիսուրայի համադրությամբ։ Եվ այդ ամենը միասին հազվադեպ է հանդիպում։ Հիմնականում ռեժիսորն ուղղակի արձանագրում է այն, ինչ տեսնում է, բայց մեզ պետք է ավելին։ Անձամբ ինձ դուր է գալիս շատ բան. Զվյագինցևի, Գայ Վան Սանթի, Լեոս Կարակսի և բոլոր այն ռեժիսորների ֆիլմերը, որոնք կինոյին մոտենում են որպես մեծ արվեստի։ Եվ դա հենց այն է, ինչ մենք փնտրում ենք։

– Զգացմունքայնությունը պարտադի՞ր նախապայման եք համարում կինոյի համար:

Արցունք կորզող ֆիլմ ստեղծելը բարդ չէ։ Կարելի է ցույց տալ ցանկացած երեխայի, որն ունի մեկ ձեռք, և բոլորը կլացեն։ Դա դժվար չէ: Դժվարը զգացմունների անսպասելի բեմադրմա՛մբ մեզ վրա տպավորություն գործելն է:

– Որո՞նք են, ըստ Ձեզ, հայկական կինեմատոգրաֆի գլխավոր խնդիրները, որոնք մեր ֆիլմերին թույլ չեն տալիս մոտենալ առաջատար կինոփառատոներին։

Բարդ հարց է։ Ինչ ես տեսել եմ Հայաստանից վերջին 15 տարիների ընթացքում` եղել է պարզապես հետաքրքիր և ոչ ավելի։ Ես չեմ հիշում դեպք, որ այն իսկական արվեստի նմուշ լիներ։ Հաստատ գիտեմ մի բան՝ խնդիրը գումարը չէ։ Ստույգ ինչն է՝ չեմ կարող ասել, բայց հաստատ փողը չէ։ Եվ դա միայն Հայաստանի խնդիրը չէ. օրինակ` Ղազախստանում փող կա, բայց այնտեղ լավ ֆիլմը հազվագյուտ բան է:

Գրել կարծիք