Փախուստ պատերազմական և ազգային «Նեղվածքից». Կանտեմիր Բալագովի դեբյուտը Կաննում

Փախուստ պատերազմական և ազգային «Նեղվածքից». Կանտեմիր Բալագովի դեբյուտը Կաննում

newmag-ի կինոքննադատը դիտել է Ալեքսանդր Սոկուրովի սանի դեբյուտային ֆիլմը: Լազուրյան ափում այն ընդունել են դրական:

Կանտեմիր Բալագովը 26 ամյա դեբյուտանտ է, անցել է Ալեքսանդր Սոկուրովի ձեռքի տակով։ Անցած տարի Սոկուրովի մեկ այլ աշակերտ՝ Կիրա Կովալենկոն, հանդես է եկել «Սոֆիչկա» դեբյուտով, որտեղ Բալագովը համասցենարիստ էր։ Եվ ահա, կես տարի անց` երիտասարդ կինեմատոգրաֆիստը Կաննի «Հատուկ հայացք» ծրագիրը գրոհում է «Նեղվածք» (Теснота) ֆիլմով, որը դժվար է դասել որևէ ժանրի։ Բալագովը բացման տեսարանում ներկայանում է հանդիսատեսին՝

«Ես Կանտեմիր Բալագովն եմ, Նալչիկ քաղաքից: Այս պատմությունը տեղի է ունեցել մեր քաղաքում»։

Հրեական ընտանիքում տոն է, որը մի քանի ժամ անց վերածվում է ողբերգության։ Որդին պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստվում է ամուսնանալ իր սիրելի աղջկա հետ, սակայն զույգին առևանգում են, երբ սիրահարները դուրս են գալիս գիշերային զբոսանքի։ Կովկասյան Ռուսաստան, 90-ականներ։ Նորմալ է։ Ծնողները դիմում են համայնքի օգնությանը, հավաքվում է պահանջված գումարի կեսը: Որոշվում է փրկագինը տալ միայն հարսի համար։ Տղայի ծնողները որոշում են՝ պետք է ամուսնացնել աղջկան՝ Իլային (Դարյա Ժովներ): Ընտանիքի միակ դուստրը չափից դուրս ինքնուրույն է, պահվածքը՝ «ոչ հրեական», օր ու գիշեր հոր ավտոարհեստանոցում է, չի շպարվում, զգեստներ չի կրում, գիշերները զվռնում է բենզալցակայանում աշխատող կաբարդինցու հետ։

Այո, ավելի լավ կլինի, եթե Իլան ամուսնանա լավ հրեական ընտանիքից ելած համեստ հրեայի հետ։ Բալագովի նեղվածքը երևում է ամեն տեղ. նեղ բնակարաններից մինչև ճնշված ընտանիքներ։ Սոցիալական խնդիրները միահյուսվում են քաղաքականների հետ, շնչելու օդը պակասում է, հերոսները փորձում են ամեն կերպ դուրս պրծնել կլաուստրաֆոբիկ վակուումից։

Դերասանուհի Դարյա Ժովները կրում է պատմության հիմնական կոնֆլիկտային գիծը և էմոցիոնալ բեռը։ Նրա կերտած Իլան հարազատ կերպար է` ջինսե տաբատով և օվերսայզ բաճկոնով. կարծես կողքի շենքից լինի։ Աղջկա խնդիրը սովորական երիտասարդական ըմբոստություն չէ: Նրան կարեկցում ես, բայց ոչ`խղճահարությունից դրդված: Իլայի ընտանիքը թվում է մտերիմ, նրանց խնդիրները դառնում են քոնը։

Պատերազմական և ազգային շերտը ֆիլմում հիմնական ֆոն չէ, ավելի շուտ հիշեցում է, ճեղք: Եվ հերոսները փորձում են փրկվել` «ճղելով արանքը», փորձելով դուրս սողոսկել «Նեղվածքից»։

Գրել կարծիք