Կյանքը դիակների հետ. աշխարհում կա վայր, որտեղ մահացածներին հողին չեն հանձնում, այլ խնամում են նրանց

Կյանքը դիակների հետ. աշխարհում կա վայր, որտեղ մահացածներին հողին չեն հանձնում, այլ խնամում են նրանց

Մահացածներն Ինդոնեզիայի Սուլավեսիի կղզու բնակիչների ամենօրյա կյանքի անբաժան մասն են: Ուշադրություն. որոշ նկարներ ընթերցողների մոտ կարող են շոկ առաջացնել

Առանց կահույքի և ընդամենը պատին  մի քանի նկարներով սովորական, փայտաշեն հյուրասենյակում  ձայները չեն լռում և սուրճի բույր կա: Նեղ, ընտանեկան շրջապատով հավաքույթ է:

_ Ինչպե՞ս է ձեր հայրը, – տանտիրոջը հարցնում է հյուրերից  մեկը և տրամադրությունը հանկարծակի փոխվում է: Բոլորը հայացք են գցում փոքրիկ սենյակի անկյունին, որտեղ ծաղկավոր մահճակալին պառկած է ծերունին:

_ Դեռ հիվանդ է,- հանգիստ պատասխանում է աղջիկը՝ Մամակ Լիսան:

Դեմիքին ժպիտով Մամակ Լիսան կանգնում է, մոտենում է ծերունուն և թեթևակի օրորում է նրան.

_ Հայր, քեզ մոտ հյուրեր են եկել, հուսով եմ՝ դա քեզ չի անհանգստացնի և  չի բարկացնի, – ասում է նա:

Հետո նա ինձ հրավիրում է ներս մտնել և ծանոթանալ Պաուլո Սիրինդայի հետ:

Իմ հայացքը գամված է մահճակալին: Պաուլո Սիրինդան պառկած է առանց շարժման, նույնիսկ չի թարթում աչքերը, չնայած դժվարությամբ եմ կարողանում տեսնել նրա աչքերը փոշոտ ակնոցների միջով: Նրա մաշկը կոպտացած և մոխրագույն է, ծածկված է անհամար անցքերով, ասես ցեցոտվել է միջատների խայթոցից: Մարմնի մնացած մասը ծածկված է հագուստի մի քանի շերտով:

Աչք չէի կարողանում կտրել, մինչև նրա փոքր թոռնիկները զվարթ ներս չմտան սենյակ և ինձ չվերադարձրեցին իրականություն:

_ Ինչու՞ է հայրիկը ամբողջ օրը քնոււմ՚, – չարաճճիորեն ծիծաղելով հարցնում է նրանցից մեկը:

_ Հայրիկ, վերկաց և արի հաց ուտենք, – գոռում է մյուսը:

ՙ_ Թսսսս…. Մի անհանգստացրեք պապիկին, նա քնած է, – ասում է Մամակ Լիսան, –այլապես կբարկանա:

Հիմա հետաքրքիր փաստ: Այս մարդը՝ Պաուլո Սիրինդան, մահացել է 12 տարի առաջ, սակայն  նրա ընտանիքը մինչև հիմա նրան կենդանի է համարում:

Քաղաքակիրթ աշխարհում անկենդան մարդու մարմինը տանը պահելը վայրենություն է համարվում: Սակայն Սուլավեսիի 1 միլիոն բնակչության համար սա բազմադարյա ավանդույթ է: Այստեղ ոգեպաշտական համոզմունքը վերացնում է այս և հանդերձյալ աշխարհի միջև եղած սահմանը:

Մարդու մահից մինչև նրա թաղումը կարող է տևել ամիսներ, և նույնիսկ՝ տարիներ: Այդ ընթացքում հարազատները մահացածի մարմինը պահում են տանը և խնամում այն, ինչպես՝ հիվանդին: Օրը երկու անգամ սնունդ են բերում, խմիչք և ծխախոտ: Նրանց պարբերաբար լվանում են և փոխում հագուստը: Սենյակի անկյունում նույնիսկ թասիկ կա, որը ծառայում է որպես զուգարան:

Բացի այդ, մահացածներին երբեք միայնակ չեն թողնում. սենյակում լույսը միշտ վառ է, եթե դրսում մութ է: Հարազատները վախենում են, որ եթե համապատասխան ձևով չխնամեն մահացածներին, նրանց հոգիներն իրենց մտերիմներին անհաջողություններ կբերեն:

Նախկինում մարմինը պահպանելու համար  քսում էին հատուկ տերևներ և դեղաբույսեր: Հիմա, սակայն, մահացածներին ֆորմալինի լուծույթ են ներարկում: Դրանից սենյակում քիմիկատի ուժեղ հոտ է գալիս:

Նուրբ շոյելով հոր այտոսկրերը, Մամակ Լիսան ասում է, որ մինչև հիմա ուժեղ էմոցիոնալ կապ է զգում նրա հետ:

_ Չնայած մենք քրիստոնիաներ ենք, -, ձեռքերը սրտին դնելով բացատրում է նա,  – հարազատները հաճախ այցելում կամ զանգում են՝ հարցնելու, թե ինչպես են հայրիկի գործերը: Մենք հավատում ենք, որ նա մինչև հիմա այստեղ է և լսում է մեզ:

Չնայած այս ամենին՝ ես հարմարվել եմ, այստեղ մահացածներից չեն վախենում:

Իմ հայրը մահացել է մի քանի տարի առաջ և միանգամից թաղվել է, մինչև կհասկանայի կատարվածը: Ես մինչև հիմա չեմ հաղթահարել վիշտս:

Հակառակ իմ զարմանքին, Լիսան ասում է, որ հոր տանը լինելը օգնում է նրան դանդաղ համակերպվել մահացածի նոր վիճակին:

Թորաջայի ժողովուրդը ամբողջ կյանքում աշխատում է, որպեսզի միջոցներ հավաքի: Սիրինդան կմնա այստեղ պառկած, քանի դեռ նրա ընտանիքը պատրաստ չի լինի հրաժեշտ տալ նրան, ինչպես բարոյապես, այնպես էլ ֆինանսապես: Նրա մարմինը կլքի տունը աներևակայելի շքեղ թաղմամբ` գյուղում մեծ երթ կազմակերպելով:

Համաձայն թորաջացիների հավատամքի, թաղման ժամանակ հոգին վերջնականապես լքում է երկիրը և սկսում է երկար, դժվարին ճանապարհը դեպի Պույե՝ հանդերձյալ կյանքի վերջին փուլը, որտեղ հոգին վերամարմնավորվում է: Համարվում է, որ դեպի հանդերձյալ կյանք հոգին տանում են գոմեշները և հարազատները: Մահացածի ճանապարհն էլ հեշտացնելու համար շատ զոհաբերություններ են անում:

Թորաջացիները այս արարողակարգերի վրա ծախսում են ամբողջ կյանքում վաստակած միջոցների կեսից ավելին:

Հենց հավաքվում է անհրաժեշտ գումարը, նրանք ամբողջ աշխարհից հրավիրում են ընկերներին և հարազատներին: Որքան հարուստ էր մահացածը կենդանի ժամանակ, այնքան մեծ և կազմակերպված է լինում  թաղման արարողությունը:

Ես եղել եմ Դենգեն անունով տղամարդու թաղմանը, որը մահացել էր տարիներ առաջ: Դենգենը հարուստ և ազդեցիկ մարդ էր: Նրա թաղման արարողությունը տևեց 4 օր, որի ընթացքում զոհաբերվեց 24 գոմեշ և հարյուրխոզ: Հետո միսը բաժանում են հյուրերին և բոլորը միասին փառաբանում են Դենգենի անցած կյանքը և տոնում են նրա գալիք ռեինկարնացիան: Նրա որդին ինձ ասում է, որ թաղման վրա ծախսվել է 50 հազար դոլար, որը գերեզանցում է նրանց մեկ տարվա միջին եկամուտը:

Ակամայից  սկսեցի այդ շքեղ, աղմկոտ և գունավոր փողոցային թաղումները համեմատել պարերի, տոնական երաժշտության, ծիծաղի և, իհարկե,հորս թաղման հետ: Նրա համար մենք անցկացրեցինք փոքրիկ արարողություն ընտանեկան նեղ շրջապատով՝ փոքրիկ, մութ և հանգիստ մի վայրում: Այդ օրվանից ինձ մոտ մնացին շատ տխուր և մռայլ հիշողություններ, որոնքտարբերվում են նրանից, ինչ կհիշեն Դենգենի թաղմանը ներկա նրա հարազատները:

Վերջապես  եկավ հուղարկավորության ժամանակը:

Թորաջացիները հազվադեպ են իրենց մահացածներին հողին հանձնում: Դրա փոխարեն նրանց տանում են ընտանեկան դամբարաններ կամ քարանձավի ներսում կամ դրսում. սա լեռնային վայր է և քարանձավներն այստեղ շատ են:

Այս քարանձավները ևս մի միջոց են, որտեղ հանդերձյալ աշխարրհը  միահյուսվում է երկրի հետ: Որոշները կիլոմետրերով հեռու են.այնտեղ կան անհամար գերեզմաններ և մահացած մարմիններ, երբեմն գանգեր և ոսկորներ: Ընկերները և հարազատները իրենց հանգուցյալներին են բերում ամենաանհրաժեշտը՝ գումար և ծխախոտ:

Ըստ ավանդույթի, նախքան լուսանկարի գյուտը, մահացած ազնիվ տղամարդկանց և կանանց նկարները խնամքով կտրվում էին ծառերից: Տաու-Տաու անվամբ այդ քանդակները հագուստով, զարդարանքով և նույնիսկ մեռած մարդկանց մազերով էին, ովքեր հետևում են մեր երկրին այլ աշխարհից: Յուրաքաննչյուր նկարի համար միջինում վճարում են 1000 դոլար:

Բայց հուղարկավորությամբ ոչինչ չի ավարտվում: Մահացածների և ապրողների միջև ֆիզիկական շփումները  դեռ երկար են շարունակվում ծեսի միջոցով, որը անվանում են մանենե,  կամ «մեռյալների մաքրում»: Ամեն տարի հարազատները դամբարաններից հանում են վաղուց մահացած իրենց մտերիմների դագաղները և բացում են դրանք՝ հանգուցյալների հետ վերամիավորվելու համար: Մանենեյի արարողության ժամանակ հանգուցյալի հարազատները և ընկերները նրան հյուրասիրում են ծխախոտ, ինչպես նաև սիրով լվանում են նրա մարմինը և ամեն ինչ կարգի են բերում: Հետո ընտանեկան նկարի համար բոլորը նրա հետ նկարվում են:

Թորաջինի հասարակագիտության պրոֆեսոր Էնդի Թանդի Լոլոն սա անվանում է «կենդանի և անկենդան մարդկանց միջև հասարակական փոխազդեցության» պահպանում:

Եկեղեցում կիրակնօրյա աղոթքից հետո բնակիչների հետ գնում եմ ուղղանկյունաձև նարնջագույն սալիկներով և առանց պատուհանների մի կառույց : Սա ընտանեկան դամբարան է: Կրոնական երգերը կանանց լացի հետ միասին ստեղծում են սյուրռեալիստական մթնոլորտ:

Մանենեյի այս արարողակարգը Մարի Սոլոյի համար է, ով մահացել է 3 տարի առաջ, հիմա, մտերիմների խոսքով, նա 93 տարեկան է: Այդ դամբարան նրան մեկ տարի առաջ են տեղափոխել և հիմա նրան այդտեղից դուրս բերելու ժամանակն է:

Տղամարդիկ հանում են կարմիր դագաղը, որը զարդարված է ոսկիներով և արծաթե երկրաչափական նախշերով: Դրա վրա մտերիմները կոկայի տերևներ, ծխախոտ, ընկույզ և գոմեշի ականջներ են տեղադրում: Սակայն նախքան դագաղը բացելը, հարկ է մեկ արարողակարգ էլ անցկացնել. գոմեշին զոհաբերել:

Վերջապես դագաղը բացում են և նորից օդը լցվում է մուսկուսի և ֆորմալինի սուր հոտով: Փոքրիկ, ծեր կնոջ մարմինը անժարժ պառկած է դագաղում: Նրա գորշ մազերը խնամքով սանրած են դեպի հետ: Բերանը և աչքերը կիսաբաց են, և մոխրագույն մաշկը նրան ավելի շատ նմանեցնում է արձանի, քան մահացած կնոջ:

Ի՞նչ են զգում երեխաները իրենց մորը այդ վիճակում տեսնելով: Նրա ավագ որդին, բեյսբոլի գլխարկով բիզնեսմենը, ապրում է Ինդոնեզիայի Ջակարտե մայրաքաղաքում, թվում է շատ հանգիստ է: Նա ինձ ասում է, որ սա բոլորովին իրեն չի անհանգստացնում, բացի այդ, սա նրան հիշեցնում է, թե ինչպիսի համբերատար է իր մայրը և որքան ուժեղ է իրեն սիրում:

Ինչպես և Պաուլո Սիրինդայի ընտանիքը, Մարի Սոլոյի հարազատները նրա մասին դեռ ներկա ժամանակով են խոսում, ասես նա չի էլ մահացել:

Հենց երևում է նրա մարմինը, վշտի և լարման մթնոլորտն անհետանում է: Նույնիսկ ես եմ դադարում անհանգստանալ:

Մարի Սոլոյին մտերիմ ևս մեկ հյուր Էստերսոբոնն է՝ նրա հարսը: Նա ինձ ասում է, որ մանենեյի արարողությունը իրեն հանգստանցում է և օգնում է թարմացնել նրա հետ կապված հիշողությունը:

Էստերսոբոնին ասում եմ, որ ցանկանում եմ հիշել հանգուցյալ հորս ինչպիսին եղել է կենդանի ժամանակ,  և որ վախենում եմ նրան տեսնել մահացած, չէ՞ որ կփոխվեն նրա մասին իմ հիշողությունները: Սակայն Էստերսոբոնը պնդում է, որ իր հիշողությւոնները սա ոչ մի կերպ չի փոխում:

Մարիի հետ որոշ ժամանակ անցկացնելուց հետո ժամանակն է փոխել նրա սպիտակեղենը, որպես հագուստի փոխման սիմվոլ: Շատ գյուղերում մարդիկ ամբողջությամբ են փոխում հագուստը և նույնիսկ մարմինը գյուղով մեկ շրջում են:

Սակայն այս պրակտիկան հետզհետե անհետանում է: Ժամանակի ընթացքում թորջացիների 80 տոկոսը հրաժարվել են նախնիների անիմիստիկական կրոնից՝ ալուկ տոդոլից և դարձել են քրիստոնիա: Հին ավանդույթները քիչ թե շատփոխվում են:

Էնդի Տանդի Լոլոն պատմում է, որ երբ հարյուր տարի առաջ այստեղ եկան հոլանդացի առաջին  քարոզիչները, նրանք փորձեցին արգելել այս բոլոր անիմիստիկական արարողակարգերը: Սակայն 1950-ական թվականներին նրանք հասկացան. որպեսզի թորաջացիներին ստիպենք ընդունելու նոր հավատք, պետք է ճկունություն ցուցաբերել և թույլ տալ շարունակելու  անցկացնել արարողակարգերը:

Քաղաքակիրթ աշխարհում այս ավանդույթները կարող են թվալ վայրի: Սակայն հնարավոր է, որ նրանց հիմքերում կանգնած սկզբունքները այդքան էլ չեն տարբերվում այլ մշակույթներից: Մեզնից շատերը փորձում են չմոռանալ իրենց հանգուցյալներին: Թորաջացիները այս ամենին այլ կերպ են նայում:

BBC

Գրել կարծիք