«Վատ բան չկա, որ քեզ հարգում են ինչպես Դոնի». մահափորձ Դոն Պիպոյի դեմ

«Վատ բան չկա, որ քեզ հարգում են ինչպես Դոնի». մահափորձ Դոն Պիպոյի դեմ

newmag-ն առանձնացրել է Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպո»-ի ՝ մամուլին տված տարբեր  հարցազրույցների ամենաուշագրավ տեղեկություններն իր անձի և իր շուրջը պտտվող լեգենդների մասին:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը պարզել է, որ մի խումբ զինված անձինք սպանություն կատարելու նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածնում,  ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և նախապատրաստվել սպանության:

Ոստիկանությանը հաջողվել է   կանխել   ծանր հանցագործությունը՝ վարձակալած բնակարանից  բերման ենթարկելով 3 անձի: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ  մահափորձը ծրագրվել է  հայտնի հեղինակություններ «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանի և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած «Դոն Պիպո» մականվամբ գործարար Արթուր Ասատրյանի դեմ: Նշված անձիք չեն տուժել:

Մամուլի որոշ հրապարակումների համաձայն, թիրախում եղել է Արթուր Ասատրյանը, քանի որ Էջմիածնում, հենց նրա տան հարևանությամբ են  հանցագործները վարձել բնակարանը:  Ըստ նույն հրապարակումների, մահափորձի պատվիրատուն 2010 թվականին մահացած հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրն է՝ Արտյոմ Կանևսկոն:

Համացանցում Արամ Վարդանյանի՝  «Վստրեչի ապերի» տեղեկությունները կապված են տարբեր քրեական միջադեպերի հետ, իսկ լուսանկար ընդհանրապես չկա: Մամուլն ավելի շատ նրա մասին սկսեց գրել այն բանից հետո, երբ նա ամուսնացավ սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ: Ի տարբերություն Արամ Վարդանյանի, Արթուր Ասատրյանը այն եզակի հեղինակություններից է, որը հասանելի է մամուլի համար և շատ հարցազրույցներ է տալիս:

***

-Ինչո՞ւ եք մեկնել Հայաստանից և բնակություն հաստատել Իտալիայում:

 – 1993-ին տեղափոխվել եմ Ռուսաստան՝ Մոսկվա, այնուհետև երկու տարի այնտեղ բիզնես գործունեություն ծավալելուց հետո տեղափոխվել Հայաստան, 1998-ին բիզնես նպատակներով նորից տեղափոխվել եմ Մոսկվա, յոթ տարի Մոսկվայում բիզնես ծավալելուց հետո 2005-ին՝ բիզնեսը Եվրոպայում ընդլայնելու, ինչպես նաև երեխաներին կրթություն տալու նկատառումներով  տեղափոխվել եմ Եվրոպա և 2005-ից մինչև առ այսօր ես ընդլայնում եմ իմ բիզնեսը Եվրոպայում, ապրում եմ Իտալիայում, ինչպես նաև բավականին ժամանակ եմ անցկացնում Մոսկվայում: Երբ արդեն բիզնես ոլորտում բավականին կայացել էի, արդեն չէի կարող վերադառնալ Հայաստան մշտական բնակության նպատակով, քանզի բիզնեսի կայությունն ու հետագա զարգացումն ապահովելու համար պետք է մշտապես հետևել բիզնեսին: Աշխարհն այսօր շատ արագ է զարգանում, և չի կարելի նույն տեղում մնալ, իսկ հեռվից ինչքան էլ այսօր նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս կառավարել, միևնույն է գերազանց արդյունք հնարավոր չէ ստանալ: Սակայն, ես մշտապես գալիս եմ Հայաստան: Ինչքան էլ  հեռվում լինեմ, միևնույն է՝ հետևում եմ հայրենիքիս, ուրախանում նրա հաջողություններով և փորձում  իմ հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի կայացմանը:

 -Ինչո՞ւ  Ձեզ կնքեցին Դոն Պիպո անունով:Կարծիքներ կան, թե իտալական մաֆիան է Ձեզ Դոն կնքել:

-…Այո, իրականում նման բան եղել է: Բայց առհասարակ, ամեն մարդ իր ձևով է ընկալում ցանկացած բան, որ լսում է: Հիշում ե՞ք Դոն Կոռլեոնեին. նրան հարգում էին ոչ թե որպես մաֆիոզի, այլ որպես հարգանք ու հեղինակություն ունեցող մարդու: Ի վերջո, ի՞նչ է նշանակում Դոն: Դոն՝ նշանակում է պարոն, իսկ այդպես դիմում են այն մարդկանց, ում հարգում են: Իհարկե ես չեմ թաքցնում, որ և՛ Իտալիայում, և՛ շատ այլ քաղաքներում ես մեծ կապեր ունեմ՝ պաշտոնական և իհարկե բիզնես շրջանակում, ( ու անշուշտ իմ խոսքն ունեմ), բայց և պետք է նշեմ, որ ցանկացած շփում, հարաբերություն, փոխադարձ հարգանքի դաշտում է ձևավորվում: Մենք ընկերություն ենք անում: Որևէ վատ բան չկա, որ քեզ հարգում են ինչպես Դոնին, եթե կարողանում ես քեզ այնպես դրսեւորել, որ բոլորը քեզ հարգեն, դա վատ բան չի: Այն էլ Իտալիայում, Հռոմում, ուր եթե քեզ սխալ պահես՝ չես կարող ոտքերիդ վրա ամուր կանգնել: 

Եթե դու կարողացել ես հասնել այդ հարգանքին, որ քո մասին Իտալիայում այդպես խոսեն՝ ընդունեն, Դոնի պես սիրեն-հարգեն, դրանում որևէ վատ բան պետք չի տեսնել: Դա դիմելաձև է, ոնց որ մեր պարոնը, ընդամենը դիմելու, հարգանքի նշան է: Իտալացիք պարզապես մարդկանց հարգել-սիրել ու գնահատել գիտեն: Իտալայիում առաջնահերթը՝ սեփական ժողովրդի, երկրի ու պետության շահն է, հետո նոր անձնականը: Իսկ Հայաստանում,  ցավոք սրտի առաջին պլանում անձնական շահն է, հետո նոր մնացածը: Տենց ճիշտ չի. մարդ պիտի կարողանա  ճիշտ ապրել, որ հետո իր արածների համար ոչ մի տեղ չամաչի: Մարդու արժեքը գիտե՞ք որն է՝ ճիշտ ապրելը:

Ի դեպ, Արթուր Ասատրյանը Հայաստանի ներդրողների ակումբի անդամ է:

Գրել կարծիք