[Բացատրագիր] Ինչո՞ւ ոչ մեկին հետաքրքիր չէին կիրակի կայացած ՏԻՄ ընտրությունները

[Բացատրագիր] Ինչո՞ւ ոչ մեկին հետաքրքիր չէին կիրակի կայացած ՏԻՄ ընտրությունները

Ոչ կուսակցությունները ակտիվություն դրսեւորեցին, ոչ քաղաքական գործիչները եւ ոչ էլ մամուլը առանձնապես ուշադրություն դարձրեց այդ ընտրություններին: newmag-ը փորձել է պարզել, թե որն է այդ անտարբերության պատճառը:

Ընտրություններին մասնակցող 9 համայնքներից 3-ում`Արագածոտնի Մեծաձոր, Շիրակի` Բայանդուրում եւ Կարմրաքարում առաջադրված էին 1-ական թեկնածուներ, այսինքն` այս համայնքներում բացարձակ մրցակցություն չկար: 3 թեկնածուներն էլ գործող համայանքապետերն էին, երեքն էլ Հանրապետական կուսակցությունից:

Այս ընտրություններում ամենամրցակցային համայնքները 2-ն էին` Արագածոտնի Սաղմոսավանն ու Արմավիրի Տարոնիկ համայնքները, որտեղ ներկայացված էին երեքական թեկնածուներ: Տարոնիկում երեք անկուսակցական թեկնածուներից վերընտրվեց գործող գյուղապետը, Սաղմոսավանում ՀՀԿ թեկնածու Գեւորգ Ավագյանը, որը մրցում էր ՀՅԴ եւ անկուսակցական թեկնածուների հետ:

Ընտրություններին մասնակցող ամենամեծ համայնքը Նոր Հաճընն էր, որտեղ վերընտրվեց գործող քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը: Նա մրցում էր նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի հետ, որը մի քանի տարի առաջ փողոցում կենցաղային պատճառներով գնդակահարել էր իր ընկերոջն ու 3 տարի ազատազրկվել: Գործող քաղաքապետը նախկինին հաղթեց քվեների բացարձակ առավելությամբ: Մնացած երեք` Պռոշյան, Սուրենավան եւ Հովիտ համայնքներում երկու մրցակիցներից հաղթել են հանրապետական թեկնածուները:

Այս ընտրություններն անկախ թեկնածուների կուսակցական պատկանելիությունից, քաղաքական ընտրություններ չէին: Բանն այն է, որ համայնքներում թեկնածուները հաղթում են ոչ թե ներկայացրած ծրագրերի` հատկապես, որ այդպիսիք հիմնականում չկան, ոչ թե կուսակցական պատկանելիության համար, այլ այն պատճառով, որ մեծ գերդաստան, կամ ընկերական մեծ շրջապատ ունեն:Բացի այդ, կուսակցությունները համայնքային ընտրությւոնների համար ներդրումներ չեն անում` ոչ ֆինանսական, ոչ կոնյուկտուրային:


Ինչպե՞ս restart անել Հայաստանը 2 քայլով


Նույնիսկ Երեւանի, Գյումրիի ու Վանաձորի նման մեծ քաղաքներում, որտեղ այլ ընտրական մոդել է գործում, քաղաքապետի ընտրությունը քաղաքական չէ: Այս համայնքներում կուսակցությունները ներդրում անում են, բայց միեւնույն է ընտրությունը միայն ձեւով է քաղաքական, բովանդակությամբ ապաքաղաքական է` հաղթում է նա, ով խոստանում է տանիքներ նորոգել, խաղահրապարակներ կառուցել, վերելակներ նորոգել:

Բացի այդ` այս ընտրությունները անհետաքրքիր են հասարակության համար, որովհետեւ մրցակցային չէին` ինչպես  Մեծաձոր, Բայանդուր եւ Կարմրաքար համայնքների դեպքում էր այս անգամ, որտեղ ներկայացված էին մեկական թեկնածու: Նույնիսկ արտաքուստ մրցակցային թվացող ՏԻՄ ընտրությունները մրցակցային չեն: Այսինքն` հաճախ գործող գյուղապետի առաջարկով իր մերձավորներից մեկը թեկնածություն է դնում, որպեսզի ցույց տան մրցակցային ընտրություններ: Պարզ է, որ գյուղապետի «մրցակից» քարտուղարուհին, կամ եղբորորդին գյուղապետ չի լինելու, բայց Եվրոպական զեկույցներում, կուսակցության գլխամասային գրասենյակներում կարձանագրվի` այս գյուղում կատաղի մրցակցության արդյունքում հաղթել է այս կուսակցության ներկայացուցիչը: Սրանք ավելի շատ ընտրություններ են վիճակագրության համար:

Գրել կարծիք