Ինչո՞ւ է այդքան կարևոր ԵՄ ԱլԳ նոյեմբերյան գագաթնաժողովը

Ինչո՞ւ է այդքան կարևոր ԵՄ ԱլԳ նոյեմբերյան գագաթնաժողովը

Գրեթե ամեն օր հայկական լրատվական դաշտն անդրադառնում է Բրյուսելյան գագաթնաժողովի ընթացքում ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրմանը:

Սա Հայաստանի համար կարևոր իրադարձություն է, բայց գագաթնաժողովը Հայաստանի համար չափազանց կարևոր է նաև այլ պատճառով: ԵՄ 28 անդամ և ԱլԳ 6 երկրների անունից ընդունվելու է հռչակագիր, որի տեքստում անդրադարձ է լինելու նաև ղարաբաղյան խնդրին: Ու այստեղ համաձայնություն դեռ չկա:

ԵՄ ԱլԳ հռչակագիրը փաստաթուղթ է, որը չի կարող ընդունվել, եթե գագաթնաժողովի մասնակից երկրներից մեկը դեմ է դրան: Այս պահին տեքստը համաձայնեցված է ԵՄ անդամ բոլոր երկրների հետ, լուրջ խնդիրներ չկան նաև ԱլԳ 6 երկրներից 5-ի հետ: Ամբողջ իրադարձությունը կաթվածահար լինելու վտանգի տակ է միայն Ադրբեջանի պատճառով, և ահա, թե ինչու:  

Նախորդ՝ Ռիգայի հռչակագիրը 2 տարի առաջ տապալման եզրին էր: Ադրբեջանի ԱԳ նախարարը դեմ էր տեքստում ամրագրված ձևակերպմանը, որտեղ հիշատակվում էին ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրների ղեկավարների 5 հայտարարությունները: Հռչակագիրը փաստացի վերաամրագրում ու կարծրացնում էր ԵՄ և ԱլԳ երկրների միասնական դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ՝ ընդգծելով 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը:

Ուկրաինայի և Վրաստանի դեպքում հռչակագիրն առանձին ընդգծում էր այդ երկրների տարածքային ամբողջականության կարևորությունը, Ադրբեջանի դեպքում՝ ոչ, քանի որ ղարաբաղյան խնդիրն առանձին հարց է, ներգրավված կողմերը այլ են, միջնորդական ֆորմատը՝ եզակի: Եվ Ադրբեջանը պատանդ վերցրեց փաստաթուղթը՝ սպառնալով տապալել ամբողջ գագաթնաժողովը, եթե իրենց նկատմամբ նույնպես չլինի նույն վերաբերմունքը, ինչ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում: Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռացավ դահլիճից և նրան գտնելու փորձերը հաջողություն չունեցան: Ամբողջ ԵՄ-ն սպասում էր Բաքվի պատվիրակին:

Արդյունքում, ոչինչ էլ չփոխվեց, Ադրբեջանը առանձին հայտարարություն արեց, որը ի պահ հանձնեցին հռչակագրի հետ:

Այժմ պատմությունը կրկնվում է: Հռչակագրի տեքստը համաձայնեցնելու գործընթացը վաղուց է սկսվել, Բրյուսելը ցանկանում է խուսափել Ռիգայի իրավիճակից, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը նույնիսկ հայտարարում է, թե պետք է դասեր քաղել և խուսափել աղետից՝ ցուցադրելով որոշակի փոխզիջման գնալու պատրաստակամություն: Մյուս կողմից, եթե ԵՄ-ն ենթարկվի Բաքվի շանտաժին, ստիպված կլինի փոխել վերաբերմունքը ԼՂ հակամարտության նկատմամբ: Սա փակուղի է, քանի որ անդամ 28 երկրները դժվար թե մեկ ամսում միաձայն համաձայնություն տան դիրքորոշման փոփոխությանը, որը կարծրացել է մեկ տասնամյակի ընթացքում, առավել ևս, որ այդ երկրների շարքում է ՄԽ համանախագահ Ֆրանսիան:

Բաքվի դիվանագիտական շանտաժի պատճառով առաջացած իրավիճակը կարող է հարթվել երկու առանձին ձևակերպումների միջոցով: ԵՄ-ը մտադիր է ընդհանուր նախադասություններով ստեղծել իրավիճակ, որտեղ հայկական ու ադրբեջանական կողմերը կկարողանան մեկնաբանել տեքստն այնպես, ինչպես կցանկանան:


Կարդացեք նաև․


Մյուս կողմից, փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանին տեղի տալը հանգեցնում է նորանոր պահանջների և անընդունելի շանտաժի: Եթե Վրաստանի և Ուկրաինայի հետ նույն շարքում հայտնվի Ադրբեջանը, կստացվի, որ ԵՄ-ն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ չկարևորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գոյությունը և կարգավորման հիմնարար մյուս սկզբունքները՝ ինքնորոշման իրավունքն ու ուժի չկիրառումը: Այսինքն, այս երկու սկզբունքները ԵՄ ու ԱլԳ երկրների համար դառնում են լավագույն դեպքում երկրորդական: Հռչակագիրը միջազգային փաստաթուղթ է, հետևաբար, այնտեղի ձևակերպումները հիմք են ԵՄ անդամ բոլոր երկրների համար: Եթե այստեղ ձևակերպումները լինեն այնպես, ինչպես Ադրբեջանն է պահանջում, ՄԽ միջնորդական ամբողջ աշխատանքը ծանր հարված է ստանալու, համանախագահության մանդատը թուլանալու է, Բաքուն էլ ունենալու է փաստաթուղթ, որին հղում անելով կարող է արդարացնել չբանակցելը, սահմանին կրակելը և Արցախի անկախության գաղափարը շրջանառությունից հանելու պահանջը: ԵՄ անդամ երկրներում էլ հնարավոր կլինի օրենսդրական տարբեր նախաձեռնություններով ընդունել Ադրբեջանին սատարող բանաձևեր, որոնց քաղաքական լեգիտիմությունը բխելու է հենց ԵՄ ԱլԳ հռչակագրից:

Սա նշանակում է, որ ԵՄ ԱլԳ հռչակագրում Ուկրաինայի, Վրաստանի տարածքային ամբողջականության հետ նույն շարքում «և Ադրբեջանի» ձևակերպումը կլարի վիճակը սահմանին, կլինի նոր զոհերի պատճառ, կհետաձգի առանց այդ էլ ծանր վիճակում հայտնված բանակցային գործընթացը և կհեղինակազրկի ՄԽ համանախագահներին՝ պարարտ հող ստեղծելով ևս մեկ ագրեսիայի համար:

Այնպես որ, ստեղծված վիճակում ԵՄ-ը պետք է մտահոգվի՝ արդյոք կարող է վերցնել այդպիսի պատասխանատվություն: Գուցե Բաքվի հետ փոխզիջումը ավելի՞ ծանր հետևանքներ ունենա:

Գրել կարծիք