Վիգեն Դերդերյան. Ամերիկացի դիզայների հայկական ոգեշնչումը

Վիգեն Դերդերյան. Ամերիկացի դիզայների հայկական ոգեշնչումը

Դիզայներ Վիգեն Դերդերյանը Հայաստանում էր: Պատրաստում է նոր հավաքածու և ոգեշնչվում «հող ու ջրից»: newmag-ը նրա հետ զրուցել է ամերիկյան նորաձևության, ճարտարապետության և հայկական ոգեշնչման մասին:

Մեզ մոտ թե՛ պատվիրատուները, թե՛ կատարողները շատ են: Ասեմ ավելին. «նորաձևությամբ» հետաքրքրվողները նույնպես զգալի մաս են կազմում: Դա, իհարկե, այն նորաձևությունը չէ, որ Փարիզում կամ Միլանում է. այն ավելի քան երկրորդական է և միջազգային նորաձևության, արևելյան էսթետիկայի և սեփական պաթոսի մուտացիոն հավաքական է, բայց այդ նորաձևությունը կա, և այն պարբերաբար փոխվում է:

– «Թումո»-ում նորաձևության դասեր տվեցիք 6 շաբաթ: Երիտասարդներին սովորեցրիք հագուստ ստեղծելու ընթացքը՝ մոդելը գծելուց մինչև կտրվածքն անելը, ձևելը և ի վերջո՝ կարելը: Նրանց ստեղծած հագուստները, իհարկե, դժվար է կատարյալ համարել, բայց երիտասարդները շատ արագ էին սովորում: Նրանց ստեղծած դիզայնները շատ առաջադեմ էին: Անդրադառնանք Ձեր կրթությանը: Դուք ավարտել եք Սան Ֆրանցիսկոյի Արվեստի համալսարանը, որը ֆեշն բնագավառում մասնագետների պատրաստման հարցում Միացյալ Նահանգներում հեղինակավոր համալսարան է: Եվ որպես լավագույն ուսանող Ձեր ավարտական հավաքածուն ցուցադրել եք «New York Fashion Week»-ում:

– Նախքան նորաձևություն ուսումնասիրելը ես ճարտարապետական կրթություն եմ ստացել: Ամեն տարի ընդամենը հինգ շրջանավարտ է ստանում «New York Fashion Week»-ում ավարտական հավաքածու ցուցադրելու հնարավորություն: Վերջին ուսումնական տարում, ուսանողների ավարտական հավաքածուի ստեղծման պրոցեսին հետևելով, առանձնացնում են լավագույններին, որոնք մասնակցում են հեղինակավոր fashion week-ին: Նման է project runway-ի. ուսանողներին աստիճանաբար «մաղում են»՝ թողնելով լավագույն աշխատանքները: Ես, անկեղծ ասած, չէի ակնկալում այնտեղ հասնել, որովհետև իմ մոդելները ոչ թե նորաձևության, այլ ճարտարապետության մոտեցումներով էին պատրաստված: Եվ դա, իսկապես, մեծ նորաձևության տների հետ նույն հարթակում հավաքածու ներկայացնելու հրաշալի հնարավորություն էր:

– Դրանից հետո Դուք երկրորդ անգամ մասնակցում եք Լոս Անջելեսի նորաձևության շաբաթին: Ինչո՞ւ չեք շարունակում Նյու Յորքում և գերադասում եք Լոս Անջելեսի fashion week-ը:

– Նյու Յորքում ցուցադրվելը շատ թանկ է: Բացի դրանից՝ ավելի հարմար էր սկսել հենց Լոս Անջելեսում, քանի որ այնտեղ եմ ապրում: Ավարտական հավաքածուն Նյու Յորքի fashion week-ում ցուցադրելուց հետո «BCBG Max Azria» բրենդի թիմում աշխատելու առաջարկ ստացա: Միացա մի քանի հավաքածուների ստեղծման աշխատանքին, որոշ հագուստներ աստղերը կարմիր գորգի վրա կրեցին… Դա ինձ համար մեծ փորձ էր, բայց միշտ մտածում էի սեփական հավաքածու և ապրանքանիշ ստեղծել: Առաջին հավաքածուն ստեղծեցի ընդամենը 3 շաբաթվա ընթացքում և ներկայացրեցի «LA Fashion Week»-ում: Եվ պատկերացրե՛ք, որ այն լավ արձագանք ստացավ:

– Բոլորս գիտենք՝ ինչպես է աշխատում «New York Fashion Week»-ը: Դիզայները ներկայացնում է հավաքածուն, գալիս են բայերները, որոնք տեղադրում են պատվերները, և միջազգային մամուլը լուսաբանում է հավաքածուն… Ինչպե՞ս է աշխատում «ԼԱ ֆեշն ուիք»-ը:

– Նույն սխեմայով, պարզապես Նյու Յորքում ծախսն ավելի շատ է… BCBG-ի փորձով ասեմ. որպեսզի հավաքածուն Նյու Յորք գնա, ամեն անգամ մոտ մեկ միլիոն դոլար է ծախսվում: Ես դեռ այդպիսի հնարավորություն չունեմ: Լոս Անջելեսը սկզբի համար լավ է: Իհարկե, ֆեշն մամուլի ներկայացուցիչները Լոս Անջելեսում այնքան շատ չեն, որքան Նյու Յորքում, բայց սա լավ վայր է փորձարկումների համար:



– Իմ կարծիքով, ամերիկյան նորաձևությունը, չնայած գլոբալացմանը, կտրված է եվրոպական և համաշխարհային միտումներից: Օրինակ՝ «Vetements» բրենդը, որ այժմ մեծ աղմուկ է բարձրացրել Եվրոպայում և Ասիայում, կարծես ոչ մեկի չի էլ հետաքրքրում Լոսում: Այսպիսի կտրվածությունը լա՞վ է, թե՞ վատ: 

– Իմ հայացքը միշտ ուղղված է Եվրոպային, եվրոպական նորաձևությանը և ավանդույթներին: Ամերիկան կարծես ավելի հակված է fast fashion-ին. հագուստը արագ գնել, հագնել ու թափել: Բայց դա իմ ուզածը չէ: Մենք շատ ենք հետաքրքրված արվեստով, ձեռագործ աշխատանքով: Ցանկանում եմ, որ նրանք, ովքեր գնում են մեր հագուստը, զգան, որ մեջը հոգի կա: Չեմ ուզում պարզապես հագուստ վաճառել: Կգերադասեմ վաճառել գաղափար, վաճառել lifestyle:

– Եկեք վերադառնանք ճարտարապետության թեմային: Այնպես է ստացվել, որ նորաձևության պատմության մեջմշտապես ի հայտ են եկել դիզայներներ, որոնց արվեստը լիովին հիմնված է եղել ճարտարապետության վրա. Balenciaga, Azzedine Alaia: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այդպես, և ո՞րն է ճարտարապետության ու նորաձևության կապը :

– Ինձ համար այդ կապը նախ և առաջ «մարմնի ճարտարապետությունն» է: Ես մարմնին նայում եմ ոչ թե որպես մարդու մարմնի, այլ որպես ճարտարապետական մարմնի: Օրինակ՝ այս կողմից ես կարո՞ղ եմ ինձ կառուցել: Ինձ նաև շատ է հետաքրքրում գրավիտացիան: Օրինակ՝ թե ինչպես է կտորը մարմնից կախվում, ինչպես է շարժվում, երբ ամրացված է մարմնին: Հագուստ ստեղծելը ինձ համար նման է շենք կառուցելուն: Բացի դրանից՝ ես մարդու մարմինը երբեք չեմ առանձնացնում շրջակա միջավայրից:

– Ինչպե՞ս են հագնվում երևանցիները:

– Լավը կա, և վատը կա: Հայաստան առաջին անգամ եկել եմ 1990 թվականին: Ժամանակի ընթացքում նորաձևությունը շատ է առաջադիմել: Կարծում եմ՝ Հայաստանի աղջիկները լավ են հագնվում, զգացվում է նկատելի և գեղեցիկ լինելու ցանկությունը: Ինձ համար Հայաստանը հագուստի առումով շատ հետաքրքիր վայր է. հետաքրքիր է երկխոսությունը մարդկանց և նորաձևության միջև: Այստեղ կարող ես տեսնել եվրոպական, ամերիկյան, հիփ-հոփի կամ Արևելքի ազդեցությունը: Բացի դրանից՝ հետաքրքիր է, որ այստեղ գրեթե ամեն շենքի տակ կա կարի արհեստանոց, որտեղ մարդիկ հագուստ են պատվիրում: Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ այսպիսի բան չես տեսնի: Ես դրա մեջ տեսնում եմ հետաքրքիր արտիստիկ մոտեցում:

– Երբ դիտում եմ Ձեր հավաքածուները, տեսնում եմ հայկական ազդեցությունը, չնայած այդ ազդեցությունն այնքան էլ ակնհայտ չէ: Այնուամենայնիվ, հագուստի մեջ հայկական ի՞նչ տարրեր են Ձեզ համար հետաքրքիր:

– Որպեսզի հագուստի մեջ լինի հայկական շունչ, ամենևին էլ պարտադիր չէ, որ այն զարդարված լինի հայկական զարդանախշերով կամ եռագույնով: Ես դրան դեմ չեմ, բայց դա իմը չէ: Ինձ հետաքրքիր է հայկական ձեռագործը: Կուզեմ փորձել «խաղալ» ավանդական ձեռագործ մոտեցումները և ստեղծել նորը:

– Ի՞նչն է ձեզ ոգեշնչում Հայաստանում:

– Հայաստանում ինձ համար ամենակարևոր բանը texture-ն է: Նախ և առաջ՝ քարերի: Երկրորդը, ինչն ինձ միշտ տպավորում է, այն է, որ մարդիկ միշտ դրսում են, քայլում են, շփվում են ու շատ ջերմ են: Բայց ամենակարևորը Հայաստանում ինձ համար պայքարի գաղափարն է. անդադար պայքարը, որը հայ ժողովուրդը միշտ տանում է: Այսպես ասեմ. քարերի վրայով քայլելու ժամանակ ոտքերը գուցե ցավում են, բայց դա ստիպում է զգալ կյանքը:

newmag #76

Գրել կարծիք