Զորակոչը Վրաստանում. հայրենիքի պաշտպանությո՞ւն, թե՞ անվճար պահակախումբ

Զորակոչը Վրաստանում. հայրենիքի պաշտպանությո՞ւն, թե՞ անվճար պահակախումբ

Վրաստանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն՝ Վրաստանի քաղաքացի 18-27 տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են բանակում 12-ամսյա ժամկետային ծառայություն անցնել:

JAMNEWS, ԶԱԶԱ ԱԲԱՇԻՁԵ, ԹԲԻԼԻՍԻ,

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԳԵՈՐԳԻ ԶԵԴԳԻՆԻՁԵԻ

Վրաստանի ՆԳՆ պայմանագրային զինծառայողների երդման արարողությունը, 2014 թ. Լուսանկարը՝ Police.ge

Վրաստանում համընդհանուր զինապարտություն է գործում: Սակայն եթե դուք փող ունեք, պետք եղած կապեր կոմիսարիատում կամ գոնե ծանոթ-քահանա, դուք միանգամայն կարող եք խուսափել զորակոչից: Աղքատների և կապեր չունեցողների բախտն ավելի քիչ է բերում. նրանք մեկ տարով ստիպված են հրաժարվել իրենց սովորական կենսաձևից, աշխատանքից, ընտանիքից և փոխարենը, շատ հնարավոր է, ծառայության ավարտից հետո այդպես էլ կրակել սովորած չլինեն:

 19-ամյա Գեորգի Բոկուչավան աշխատանք գտնելու նպատակով Թբիլիսի է եկել Վրաստանի արևմուտքում գտնվող փոքր քաղաքից: Շուտով նա սկսել է զբաղվել բնակարանների վերանորոգմամբ, փոքրիկ եկամուտ ունենալ: Գումարի մի մասը նա ուղարկում էր ծնողներին
Սակայն շուտով բանակ գնալու ծանուցագիր է ստացել: Ի տարբերություն իր այլ հասակակիցների, Գեորգին զինկոմիսարիատում ծանոթներ չուներ, իսկ զինակոչը12 ամսով հետաձգելու հաար 2000 լարի գումար (մոտ 820 դոլար) չկարաղացավ գտնել: Եվ պարզվեց, որ արդյունքում նա մեկ տարով զորակոչվեց զինվորական ծառայության:

Այսօր նա ասում է, որ զինվորական գործ ծառայության ժամանակ չեն սովորեցրել«Ամեն օր մի քանի կիլոմետր վազում էինք, մի քանի անգամ տարել են կրակելու և վերջ: Այնուհետև մեզ ուղարկեցին տարբեր օբյեկտներ»,- ասում է Գեորգին:

Կարճ զինվորական պատրաստությունից հետո Գեորգին մեկնել է Թբիլիսիի պետական հիվանդանոցներից մեկի պահակախումբ: Երեք օրը մեկ 24 ժամով հերթափոխի է դուրս եկել, որի ընթացքում 3 ժամից ոչ ավել է հաջողվել քնել«Այդ ժամանակը մեկ դրական կողմ ուներ. ես հասկացա, որ երբեք այդպիսի աշխատանքի չեմ գնա: Ֆիզիկական աշխատանքն ավելի լավ է», – ասում է Գեորգին:

«Սովորեցրու և զինիր». թե ինչպես էր ստեղծվում պրոֆեսիոնալ բանակը

90-ականների սկզբին՝ Վրաստանի անկախության վերականգնումից հետո, երկրի զինված ուժերը համալրվում էին զորակոչի նախկին՝ խորհդային, սկզբունքով: 2002թին սկսվեց ԱՄՆ կողմից ֆինանսավորվող «Սովորեցրու և զինիր» ծրագրի իրականացումը, որի ընթացքում ամերիկացի ինստրուկտորները 2 հազար վրացի զինվորական են պատրաստել: 64մլն դոլար արժողությամբ ծրագրի արդյունքում Վրաստանը ստացավ լավ պատրաստված զինվորների, որոնք աշխատավարձ էին ստանում և իրենց մասնագիտությունը հեղինակություն վայելող էին համարում: Այդպես Վրաստանում հայտնվեցին պայմանագրային զինծառայողների առաջին ստորաբաժանումները:

Վրացի զինվորականները, «Սովորեցրու և զինիր» ծրագրի մասնակիցները, 2013թ, լուսանկարը՝ Էլեպտեր Լապաչի, Վրաստանի ազգային գրադարանի արխիվ

2003թի «Վարդերի հեղափոխությունից» հետո նոր իշխանությունները առաջնահերթություններից մեկը հայտարարեցին զինված ուժերի ուժեղացումը:Սահակաշվիլիի կառավարությունը խոստացավ կարճ ժամանակում բանակը լիովին պրոֆեսիոնալ հիմքերի վրա դենլ: Սակայն դա տեղի չունեցավ:

2005թին Վրաստանի զինված ուժերում սովորական զորակոչին զուգահեռ ռեզերվի համակարգ ստեղծվեց: Բոլոր 18-40 տարեկան զինապարտները տարին մեկ անգամ 18-օրյա զինվորական հավաքներ էին անցնում: Երեք անգամ անցկացված հավաքներ անցածներն ազատվում էին ժամկետային ծառայության զորակոչից:

Սակայն ռեզերվի համակարգի թերություններն ի հայտ եկան 2008թի օգոստոսյան պատերազմի ժամանակ. գլխավոր խնդիրը պահեստազորի պատրաստության ցածր որակն էր և ստորաբաժանումների անկազմակերպ լինելը: Նախորդ կառավարությունը փորձեց դասեր քաղել և բարեփոխել համակարգը, սակայն 2012թին «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո պահեստազորը լուծարվեց, և պահեստազորի զինվորկանների զինվորական հավաքները դադարեցվեցին:

Սակայն վերջերս իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ պատրաստվում են վերականգնել պահեստազորային ծառայությունը:Պաշտպանության նախարարությունն արդեն նախապատրաստել է «բոլորովին նոր» համակարգի հայեցակարգը:

Վրաստանում զինծառայողների ընդհանուր թիվը պարբերաբար փոխվում է: Վերջին 8 տարվա ընթացքում անձնական կազմի թվաքանակը կայուն կազմում է 37 հազար մարդ:

Ի տարբերություն ժամկետային ծառայության զորակոչիկների, պայմանագրային զինծառյողները մրցույթ են անցնում և պետության հետ պայմանագիր կնքումտարի ժամկետով: Պրոֆեսիոնալ զինվորականների աշխատավարձը մոտ հազար լարի է (400 դոլարից մի քիչ ավել), ինչին գումարվում են տարբեր արտոնություններ:

2008թի օգոստոսյան պատերազմից հետո շատ փորձագետներ սկսեցին խոսել այն մասին, որ պետությունը պետք է շեշտադրում անի առաջին հերթին պրոֆեսիոնալ բանակի վրա, չնայած այն բանին, որ պետությունը կհրաժարվի զորակոչից, քչերն էին հավատում: Եվ դա իր պատճառներն ունի:

Զորակոչ Վրաստանի բանակ և ինչպես դրանից խուսափել

Վրաստանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն՝ Վրաստանի քաղաքացի 18-27 տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են բանակում 12-ամսյա ժամկետային ծառայություն անցնել: Բացառություն են արվում նրանց համար, ովքեր օրենքով նախատեսված հստակ պատճառ ունեն: Մասնավորապես, դա

  1. առողջական խնդիրներն են,
  2. ծանր կամ միջին ծանրության հանցագործություն կատարելը,
  3. այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելը, 
  4. առանձնահատուկ տաղանդի առկայությունը. hետաքրքիր է, որ մարդու մոտ տաղանդի առկայությունը պետք է հատուկ հրամանով հաստատի վարչապետը:

Հնարավոր է զորակոչի հետաձգում, օրինակ, եթե զինապարտը սովորում է բուհում, կամ հիվանդության պատճառով: Ինչպես նաև, եթե հոգևորական է դարձել կամ երկուսից ավել մանկահասակ երեխաներ ունի: Օրենքի համաձայն՝ հետաձգելու համար կարելի է վճարել, դա տարեկան 2 հազար լարի արժե:

Վրաստանում զորակոչիկները սովորել են ճարպկորեն օգտագործել այդ բացառությունների ցանկը: Օրինակ, JAMnews-ը գտել է մի երիտասարդի, որը պատմել էոր բանակում ծառայելուց նրան փրկել է ծանոթ քահանան: «Քահանան ինձ օգնեց, պաշտոնական նամակ գրեց այն մասին, որ ես սարկավագ եմ և ծառայություն եմ անցկացնում: Դրանից հետո ինձ հանգիստ թողեցին, այլևս ծանուցագրեր չեն ուղարկում», – ասել է 23-ամյա երիտասարդը:

Իսկ մյուսներին զինկոմիսարիատում «ճիշտ» ծանոթություններն օգնել են խուսափել ծառայությունից:

Զորակոչի կետի ներկայացուցիչները զորակոչիկների հաշվառում են իրականացնում: Զուգդիդի քաղաք, 2016թ-ի մայիս, լուսանկարը՝ Զուգդիդիի մունիցիպալիտետի վարչակազմի

Զինկոմիսարիատում JAMnews-ի աղբյուրը պատմել է, որ զորակոչիկները հաճախ իրենց վնասվածքներ են պատճառում. «Օրինակ, ծխախոտով այրում են մարմնի տարբեր մասերը, փորձում են մինչև բժշկական հանձնաժողովին ներակյանալը նիհարել, հոգեկան շեղում խթանել: Շատ բաներ են լինում»:

Իր պատմությունը մեզ պատմեց նաև Իլյա Շիմշիլաշվիլին, որն օրենքով խուսափել է զինվորական ծառայությունից: Իլյան ավարտել է Վրաստանի ամենահեղինակավոր բուհերից մեկը՝ Ազատ համալսարանը, և ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է մյուս բուհը: Ընդհանուր նա 4 բուհ է ավարտել միայն նրա համար, որ խուսափի բանակից:

«Իմ անվերջանալի ուսանողություըն 12 500 լարի նստեց ինձ վրա (ավելի քան 5 հազար դոլար): Մի մասն իմ գրպանից եմ մուծել, մի մասը վճարել է պետությունը գրանտերի տեսքով: Իրականում ես չպետք է սովորեի այդքան համալսարաններում: Վնաս կրեցինք և ես, և պետությունը», – ասում է Իլյան:

Իսկ նրանք, ովքեր վճարում են զորակոչը հետաձգելու համար, հաճախ վարկ են վերցնում բանկից, ինչն ինքնըստինքյան բեռ է դառնում նրանց ընտանիքների համար:

Սակայն հետաձգումը կարելի է գնել միայն մինչև 25 տարեկանը: Դրանից հետո խուսափելու ամենաարդյունավետ միջոցը ֆիկտիվ ուսումն է, իսկ ամենագայթակղիչ միջոցը՝ 2 տարով անվճար ֆակուլտետում մագիստրատուրա սովորելն է (դրանք ընդհանուրն տասն են):

Արդյունքում ստացվում է, որ բանակ են գնում ամենաաղքատները, որոնք ոչ գումար ունեն, ոչ էլ հարկ եղած կապեր:

Զինված պահակները

Գործող համակարգի համաձայն՝ ամեն տարի զորակոչը վերաբերում է 6-7 հազար մարդու: Զորակոչն իրականացվում է տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը:

Իրենց կարիքների համար զորակոչիկներին հավաքագրում է երեք գերատեսչություն՝ պաշտպանության նախարարությունը, ՆԳՆն և պատիժների իրականացման նախարարությունը: Զորակոչիկների միայն 25%-ն է զինված ուժերում հայտնվում: Օրինակ, 2015թին 6400 զորակոչիկներից 1600-ն են բանակում հայտնվել: Մնացածը՝ ՆԳՆ կից ոստիկանական պահակազորում կամ բանտերի պահակախմբերում: Նրանք զինվորական պատրաստություն գրեթե չեն անցնում և ծառայում են՝ այդ թվում պահպանելով մասնավոր օբյեկտներ կամ անվճար կամ 75 լարի խորհրդանշական աշխատավարձով (մոտ 30 դոլար):

«Ես անգամ նորմալ կրակել չգիտեմ, մեկ տարի պահակ եմ աշխատել», – հիշում է Նիկան, որը ծառայությունից մի քանի ամիս առաջ է վերադարձել:«Աշխատավարձը» հերիքում էր աշխատավայր հասնելու և մի քանի տուփ ծխախոտ գնելուն:

JAMnews-ի հարցումը Թբիլիսիում: Երիտասարդությունը դեմ է զորակոչի գործող մոդելին:

Իշխանությունների փաստարկները. զորակոչիկներն էժան են

Յուրաքանչյուր կառավարություն իշխանության գալուց հետո իր նպատակ է հռչակում ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելն ու զորակոչի լուծարելը: Դեռևս 2014թին պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հայտարարեց, որ դա տեղի կունենա 2017թին: Ավելի արմատական հայտարարություն արեց պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին՝ նախորդ տարի նշելով, որ զինված ուժերը հրաժարվում են զորակոչիկներից:

Ճիշտ է, նրան այդ պաշտոնում փոխարինած ներկայիս նախարար Լևան Իզորիան կրկին վերականգնեց զորակոչը: Գլխավոր պատճառն, ինչով իշխանությունները դա բացատրում են, այն է, որ համընդհանուր զինապարտության պարագայում պետությունն ավելի քիչ գումար է ծախսում պաշտպանության վրա: Իզորիայի խոսքով՝ մեկ պայմանագրային զինծառայողը տարեկան պետության վրա 26 հազար լարի է նստում, իսկ զորակոչիկը՝ միայն 9 հազար:

Պաշտպանության խորհրդարանական կոմիտեի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին ի պաշտպանություն զորակոչի պրակտիկայի օրինակ է բերել Իսրայելը: Սակայն նրա ընդդիմադիրները հիշեցրել են, որ Իսրայելում զորակոչիկները որակյալ պատրաստություն են անցնում, այլ ոչ թե աշխատում են որպես պահակներ: Եվս մեկ փաստարկ ի օգուտ զորակոչի. բալթյան երկրների փորձը, որտեղ զորակոչը գործում է Էստոնիայում և վերջերս վերականգնվել է Լիտվայում:

Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշվիլին՝ զորակոչի համակարգի ծրագրավորվող բարեփոխման մասին, 2015թ.

Ընդդիմության փաստարկները. դրամաշորթություն և անվճար աշխատուժ

Քաղաքացիական հատվածում, ինչպես նաև քաղաքական ընդդիմությունում այսօր գրեթե միաձայն քննադատում են զորակոչի առկա մոդելը: Հանրության մի մասը հանդես է գալիս ամբողջապես պայմանագրային բանակի օգտին, մի մասը՝ մոդելի կատարելագորման:

Պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին JAMnews-ի հետ զրույցում կտրուկ քննադատեց գործող պրակտիկան: Նա կարծում է, որ առաջին հերթին ծառայության ժամկետը պետք է կրճատվի մինչև 6 ամիս: Պետք է նաև դադարեցվի զորակոչիկներին որպես պահակ օգտագործելը, և նրանք լիարժեք զինվորական պատրաստություն պետք է անցնեն:

«Կոռուպցիայի աղբյուր և դրամաշորթություն», — JAMnews-ի հետ զրույցում զորակոչի գործող մոդելն այսպես է բնութագրում «Գիրչի» քաղաքական շարժման առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն: Նրա խոսքով՝ «պետությունը խախտում է մարդու հիմնարար իրավունքները և քաղաքացիներին օգտագործում է ինչպես բյուջեն լցնելու համար, այնպես էլ որպես անվճար աշխատուժ»:

«Գիրչի» լիբերալ շարժումն արշավ է կազմակերպել բանակի զորակոչը չեղարկելու նպատակով, այդ թվում՝ ակցիաներ է անցկացրել և տեսանյութեր տարածել:

 Ներկայիս համակարգը դուր չի գալիս նաև «Ռազմաքաղաքացիական փոխհարաբերությունների կենտրոնի» հիմնադիր Գեորգի Նոնիաշվիլիին: Նա համարում է,որ զորակոչը պետք է որքան հնարավոր է քիչ կտրի քաղաքացիներին տնտեսական և սոցիալական կյանքից: Իսկ ինչ վերաբերում է զորակոչիկների 75%-ին, որոնք գնում են ոչ զինվորական ծառայության, անվտանգության տեսանկյունից «նրանք ամբողջությամբ ոչ արդյունավետ են և ոչնչի ունակ չեն»:

«Ելքը պահեստազորի լավ կազմակերպված համակարգն է՝ եվրոպական անալոգների օրինակով: Այդպես պետությունն ավելի ռացիոնալ կօգտագործի փողերը,իսկ քաղաքացիները կսովորեն ռազմական գործը», – եզրակացրել է փորձագետը JAMnews-ի հետ զրույցում:

«Ռազմաքաղաքացիական փոխհարաբերությունների կենտրոնի» համահիմնադիր Գեորգի Նոնիաշվիլի:

Գրել կարծիք