Ինչպես կարող է Հայաստանը մտնել եվրոպական 500 մլն.-ոց շուկա. բացատրում է եվրապաշտոնյան

Ինչպես կարող է Հայաստանը մտնել եվրոպական 500 մլն.-ոց շուկա. բացատրում է եվրապաշտոնյան

newmag-ը զրուցել է եվրոպական հանձնաժողովի քաղաքական հարցերով պատասխանատու` Յուլիկա Պեսշուայի հետ: Նա GSP+ համակարգողն է:

Եվրոպայում նա է առաջիններից մեկը, որ տեղյակ է, թե Հայաստանից որ ապրանքատեսակներն են GSP+ համակարգով Եվրոպա մտնում: Պեսշուան զրույցը լավ լուրով սկսեց. անցած տարվա ընթացքում Հայաստանից դեպի Եվրամիություն 342 մլն. դոլարի ապրանք է արտահանվել: Դրանից 128 մլն.-ը` ապրանքների 80 տոկոսը, արտահանվել է GSP + համակարգի արտոնությամբ:

«Ցուցանիշը շատ դրական է, համեմատած այլ երկրների հետ, որոնք ընդգրկված են GSP + համակարգում: Սակայն այստեղ կատարելագործման տեղ կա: Բանն այն է, որ Հայաստանից դեպի Եվրոպա ապրանքերի արտահանումը չափից դուրս կենտրոնացած է` ավելի շատ հանքահումքային ապրանքների վրա», – ասաց Յուլիկան:

Աշխարհում 9 երկիր է օգտվում GSP + արտոնյալ առևտրային համակարգից: Այդ համակարգում վերջին ընդգրկված պետությունը Շրի Լանկան է: Հայաստանն այդ համակարգից օգտվում է 2013-ից: Պետությունը, որն օգտվում է GSP + համակարգից` 6400 անուն ապրանքների արտահանման համար զրոյական, նաև ցածր դրույքաչափով մաքսատուրքից կարող է օգտվել: Մեր երկիրը ևս այդ ցանկում է:

Դեպի Եվրոպա GSP+ համակարգով ապրանք արտահանելու համար ծագման սերտիֆիկատ է պետք: Եվրոպական հանձնաժողովի քաղաքական հարցերով պատասխանատու` Յուլիկա Պեսշուան հայտնեց, որ ևս մեկ լավ լուր կա հայ տնտեսվարողների համար: Այն կգործի 2018-ի հունվարից և կհեշտացնի տնտեսվարողի կյանքը: Դա REX համակարգն է: Այդ դեպքում Եվրոպա ապրանք արտահանելու համար`սերտիֆիկատ ներկայացնելու կարիք չի լինի: Մեկ փաստաթուղթ ունենալու պահանջը հանվում է: «Ռեքսը» հնարավորություն կտա ապրանքն արտահանել նաև Նորվեգիա և Շվեյցարիա: «Բանն այն է, որ եթե տնտեսվարողը գրանցվում է REX համակարգում`հայկական ապրանքն ինքնահայտարարգրվում է: Յուրաքանչյուր ապրանք արտահանելու դեպքում կարիք չկա էլ գնալ պալատ, ծագման սերտեֆիկատ ունենալ, վճարել դրա համար», – նշեց Յուլիկան Պեսշուան:

Հայաստանում GSP+ համակարգից օգտվող հիմնական ապրանքնային խմբերը լեռնամետալուրգիայի, տեքստիլի, սննդի վերամշակման, խմիչքի, ձկնամթերքի ոլորտում են: Այս ապրանքների արտահանման դեպքում մաքսատուրքը զրոյացվում է կամ իջեցվում է: Դեպի Եվրոպա ապրանք արտահանողները կարող են օգտվել Export Helpdesk կայքից: Այն տեղեկություն կտրամադրի` Եվրոպա արտահանվող ապրանքի մաքսատուրքի դրույքաչափի ու ստանդարտների մասին:

Գրել կարծիք