[Exclusive] Գալուստ Գյուլբենկյան թանգարանը Լիսաբոնում. Պորտուգալիայի հպարտությունը

[Exclusive] Գալուստ Գյուլբենկյան թանգարանը Լիսաբոնում. Պորտուգալիայի հպարտությունը

Նավթային հայ մագնատի հավաքածուն եվրոպական արվեստի ցուցանմուշներով ամենահարուստ ու հայտնի must see թանգարաններից է: newmag-ի շրջայցը Լիսաբոնում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի թանգարանում:

Լիսաբոնում 4 օր ունեի: Պորտուգալիայի մայրաքաղաքում տեսարժան վայրեր շատ կան, և ինչպես բոլոր զբոսաշրջիկների համար, ինձ համար էլ ընտրություն կատարելը բարդ էր: Բայց սկսեցի ինձ հետաքրքրող վայրի՝ Գալուստ Գյուլբենկյանի թանգարանից: Նաև ընկերներս էին խորհուրդ տվել անպայման այցելել: Ես էլ եմ նույնը խորհուրդ տալիս:

Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը հայտնի է ամբողջ աշխարհում, տուրիստների համար սիրելի վայր է։ Պորտուգալիայում՝ առավելապես Լիսաբոնում, շատ են գնահատում «Պարոն 5 տոկոսի» (Mr. Five Percent) որոշումը՝ իր հավաքածուն 2-րդ աշխարհամարտի ժամանակ Պորտուգալիա տեղափոխելը։ Սա զարգացնում է տեղի զբոսաշրջությունը և մշակութային աննկարագրելի արժեք է երկրի համար։ Սա ինտելեկտուալ հայի քաղաքակրթական քարն է արևմտաեվրոպական արժեքային համակարգի միջնաբերդում։

– Ներեցե՛ք, ինչպե՞ս կարող եմ գնալ թանգարան:

– Գալուստ Գյուլբենկյանի՞ թանգարան:

– Այո՛: Իսկ ինչի՞ց ենթադրեցիք, որ ես հենց այդ թանգարանը նկատի ունեի:

– Այդ թանգարան գնում են բոլորը: Զբոսաշրջիկները սիրում են: Գյուլբենկյանի թանգարանը Լիսաբոնի այցեքարտերից մեկն է:

Փողոցում այսպիսի փոքրիկ զրույց ունեցա մի կնոջ հետ, երբ ընկերոջս հետ փնտրում էի հայ նավթային մագնատ, գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը: Բնականաբար, հաճելի էր կնոջ արձագանքը։ Նա այնքան մանրակրկիտ ներկայացրեց ճանապարհը, որ շեղվելն անհնար էր: Վերջում ասաց, որ մեզ հիանալի ճանապարհորդություն է սպասում թանգարանում:

10 եվրո. թանգարանի մուտքի վճարն էր: Վերցնում ես տոմսը, բացում դռները, և քո դիմաց այլ աշխարհ է:

Երբ մտա դռներից ներս, մի փոքր ճնշվեցի: Մտածում էի՝ կհասցնե՞մ տեսնել բոլոր նմուշները, լինել բոլոր սենյակներում, լուսանկարել գլուխգործոցները: Երևի կհասցնեմ: Մոտ կես ժամ պտտվեցի անչափ հետաքրքիր սենյակներով, սակայն ինձ ավելի շատ հետաքրքրում էր, թե երբ կգտնեմ հայկական որևէ նմուշ կամ Հայաստանին վերաբերող հավաքածու կամ գոնե մեկ իր:

-Ցույց կտա՞ք, թե որտեղ են Հայաստանին վերաբերող նմուշները,- դիմում եմ թանգարանի աշխատակցին:

– Իհարկե: Բայց ինչո՞ւ հենց Հայաստանի: Այստեղ ավելի հայտնի հավաքածուներ և ցուցանմուշներ կան:

– Դրանց կանդրադառնանք հետո: Մենք հայ ենք, Հայաստանից։

Գյուլբենկյանի թանգարանում մեզ ավելի շատ հետաքրքրում էր թանգարանի հայկական մասը։ Զբոսա-շրջիկները, բնականաբար, նախընտրում էին տեսնել ավելի համամարդկային արժեքներ։ Մեծ թանգարանում սենյակները հաջորդում էին իրար մեկը մյուսի միջով։ Թվում էր, թե լաբիրինթոս եմ ընկել։ Մի քանի գլխապտույտ րոպե, և տեսանք թանգարանի հայկական հավաքածուն։ Շատ չէր։ Չորս կամ հինգ օրինակ։

Հետո շրջեցինք ամբողջ թանգարանով։ Գալուստ Գյուլբենկյանի անվան թանգարանը բացվել է 1969 թվականի հոկտեմբերի 2-ին: Պատկանում է «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ»-ին, որի տարեկան բյուջեն կազմում է 3,5 մլն դոլար։ Այս բացառիկ թանգարանն ունի մոտ 6000 ցուցանմուշ, որոնցից ցուցադրվում են 1000-ը: Առանձին բաժիններ հատկացված են արևմտաեվրոպական կահույքի կտորներին, 18-րդ դարի դեկորատիվ-կիրառական արվեստին: Ամեն անկյունում կարող ես գտնել միջնադարյան ձեռագրեր, կովկասյան և պարսկական գորգեր, զարդեր, հուշարձաններ ու հայկական մշակույթի գործեր: Այս ամենին շրջապատում է գեղեցիկ, կանաչապատ, փարթամ բուսականությամբ հարմարավետ այգին:

Գրել կարծիք