Կարո՞ղ է Իրանը դառնալ Հայաստանի ռազմական ու ռազմավարական դաշնակիցը

Կարո՞ղ է Իրանը դառնալ Հայաստանի ռազմական ու ռազմավարական դաշնակիցը

newmag-ի սյունակում Զոհրաբ Հարոյանը հայ-իրանական հարաբերությունների մասին. մեր հարավային հարևանը արդյո՞ք կկդառնա Հայաստանի ռազմավարական դաշնակիցը:

Հայաստանի եւ Իրանի հարաբերություններին հետեւում են ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան՝ վերլուծում փոխադարձ համակրանքը, քաղաքական պայմանավորվածություններն ու ռազմաքաղաքական հայտարարությունները, այլեւ Միացյալ նահանգներն ու Ռուսաստանը: Այդ իմաստով Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները ոչ միայն երկու երկրների, տարածաշրջանի երկրների, այլեւ գերտերությունների ուշադրության կենտրոնում է:

Անկախ այդ ուշադրությունից, հայ-իրանական գործակցությունը դինամիկ զարգացում է ապրում՝ սկսած 1992 թվականի փետրվարի 9-ից, երբ Թեհրանի Էսթեղլար հյուրանոցում ստորագրվեց դիվանագիտական հարաբերություն սկսելու հռչակագիրը: Դրան անմիջապես հաջորդած Հայաստանի էներգետիկ ճգնաժամի տարիներին հենց Իրանն էր, որ ձեռք էր մեկնում Հայաստանի տնտեսությանը: Գուցե նաեւ հենց այդ պատճառով է, որ Իրանի հետ հարաբերությունները սովորական հարաբերություններ չեն՝ այլև նոստալգիկ ու էմոցիոնալ:

Իրականում՝ գրեթե նույնատիպ վերաբերմունք էլ ունի Իրանի քաղաքական ղեկավարությունը Հայաստանի հանդեպ: Եթե 2002-ին Իրանի Պաշտպանական գերատեսչության ղեկավար, ծովակալ Ալի Շամիանին Երեւանում համարեց, որ Հայաստանի հետ ունեն առանձնահատուկ հարաբերություններ, ապա 2004-ին Իրանի նախագահ Խաթամիի ձեւակերպմամբ Իրանը Հայաստանի հետ ունի հատուկ հարաբերություններ: Իսկ այս օրերին Իրանում պաշտոնական այցով գտնվող Վիգեն Սարգսյանի հետ բոլոր հանդիպումներում քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ Հայաստանի հետ ունեն բարեկամական հարաբերություններ: Առանձնահատուկ, հատուկ եւ բարեկամական, թվում է եւս մեկ քայլ ու դիվանագիտական ձեւակերպումներում կարող է հայտնվել ռազմավարական դաշնակից ձևակերպումը: Իսկ ինչո՞ւ ոչ:

Հայաստանի ու Իրանի միջեւ անվտանգության ոլորտում գործակցությունը սկսվեց 90-ականների վերջին եւ դինամիկ զարգացավ երկուհազարականների սկզբին: 2001-ին անվտանգության ոլորտում կնքվեց հուշագիր, որը նախատեսում էր գործակցել սահմանային անվտանգության ոլորտում, միասնական դիրքորոշում հայտնել միջազգային կառույցներում տարածաշրջանի խաղաղության հարցերով: Մեկ տարի անց ծովակալ Ալի Շամիանին Երեւանում հայտարարեց, որ ցանկանում են պաշտպանության ոլորտում զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները և այն ուղղված չէ որեւէ մեկի դեմ: Հայտարարությունից 1 օր անց կնքվեց նոր հուշագիր, որը նախատեսում էր երկկողմ ու բազմակողմ գործակցություն և տեղեկատվության փոխանակում:

2010-ին արդեն քննարկվում էր Թիկունքի ապահովման, հումանիտար ականազերծման, ռազմական բժշկության ու առեւտրաարդյունաբերական բնագավառում գործակցության հարցեր: Հիմա արդեն քննարկվում է ռազմաարդյունաբերական գործակցության հնարավորությունները: Այս փաստաթղթային ու հրապարակային կենսագրությունը կարող է նպաստավոր պայմանների դեպքում վերածվել ռազմավարական դաշինքի:

Հայաստանն ու Իրանը կարող են լինել ռազմավարական դաշնակիցներ, որովհետեւ դա ձեռնտու է Թեհրանին տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար: Հայաստանն իր աշխարհագրական դիրքով, ինչպես ընդունված է ասել, սեպի նման խրված է Թուրքիայի եւ Ադրբեջանի մեջտեղում, ինչը թույլ չի տալիս ձեւավորել լիարժեք տարածաշրջանային դաշինք: Իսկ տարածաշրջանային տերությունների մրցավազքում, նա ով տրորում է հակառակորդի կոշտուկները, ամենացանկալի գործընկերն է:


[ Իրականում` ոչ ]


Բացի այդ՝ Հայաստանը Իրանի 14 հարեւաններից միակ քրիստոնյա երկիրն է, իսկ Իրանը միջազգային հանրության աչքում այնքան էլ չի փայլում իր հանդուրժողական հարևանությամբ: Հայաստանի հետ ունենալով դաշնակցային հարաբերությունները, իրանը ամբողջ աշխարհին առնվազն կարող է ապացուցել իր կրոնական հանդուրժողականությունը:

Իրանը անընդհատ ձայնի խնդիրներ ունի միջազգային կառույցներում: Չէ որ միաժամանակ քաղաքական ու դիվանագիտական պայքար է մղում ԱՄՆ-ի, Արաբական լիգայի երկրների ու Իսրայելի դեմ: Դառնալով Հայաստանի ռազմավարական գործընկերը, Իրանը ՄԱԿ-ում Հայաստանին չի խնդրի իր օգտին քվեարկել, դա գործընկերը կանի առանց ավելորդ սեթեւեթանքի: Փոխարենը Հայաստանը կարող է ունենալ, իրեն սահմանակից, հզոր ռազմավարական դաշնակից:

Բայց Իրանը կարո՞ղ է դառնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը 

Իրականում` ոչ: Բանն այն է, որ Իրանը հիմա էլ է կարողանում միջազգային կառույցներում Հայաստանից ձայներ վերցնել: Ռազմավարական դաշինք նշանակում է ոչ միայն վերցնել, այլեւ՝ տալ: Օրինակ՝ տալ շփման գծի վրա սավառնող իսրայելական անօդաչուները ոչնչացնող զինտեխնիկա, տալ ադրբեջանական նավթի գումարներով գնվող զինտեխնիկային համարժեք հակազդող զինատեսակներ: Տալ ավելին, քան կպահանջի դաշնակիցդ, իսկ արդյո՞ք միջազգային կառույցներում մեկ ձայնն արժե այդքան, հատկապես, որ հիմա էլ Հայաստանն այդ ձայնը տալիս է առանձնապես սակարկելվւ:

Իրանը չի կարող դառնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, որովհետեւ դա ամենից առաջ վտանգավոր է հենց Իրանի համար: Հայաստանի եւ Իրանի միջեւ՝ ամբողջ Իրանի հյուսիսը բնակվում են ազերներով եւ ուղղակի ու բացահայտ գործակցությունը Հայաստանի հետ կարող է ռումբի նման պայթյուն առաջացնել Իրանում: Դրա համար, Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայի: Հետեւաբար Իրանի բացահայտ ու հրապարակային առաջարկը չի կարող ավելին լինել, քան կա:

Իրանն ու Հայաստանը չեն կարող լինել ռազմավարական դաշնակիցներ, որովհետեւ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն արդեն Ռուսաստանն է: Այսինքն՝ նոր դաշնակցային հարաբերությունների համար, կամ անհրաժեշտ է հին դաշնակցի հետ պայմանավորվել, կամ խզել կապերը: Պայմանավորվել դաշնակցելու հարցում նշանակում է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է դաշնակցեն, իսկ դա անհնար է այդ երկրների պատմական անցյալի պատճառով ու երկու երկրների տարածաշրջանային հավակնությունների հետեւանքով: Հատկապես, որ մինչեւ հիմա Իրանը հոգու խորքում Հայաստանը համարում է իր ազդեցության գոտի, կամ տարածք, որն իրենից խլել է Ռուսաստանը: Մնում է հրաժարվել հին դաշնակցից: Հրաժարվել նշանակում է, հանել ռուսական 102-րդ ռազմաբազան, Թուրքիայի հետ սահմանը սեփական ուժերով պահել, կամ հանձնել իրանցի սահմանապահներին: Իսկ դա խելամի՞տ է:

Հիմա՝ Իրանը կարո՞ղ է դառնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը

Եվս մեկ անգամ՝ ոչ:  Բայց հաշվի առնելով Իրանի եւ Հայաստանի փոխադարձ շահերը, կարելի է գործակցել լուռ, առանց աղմուկի, առանց բարձրագոչ հայտարարությունների: Եթե իսրայելական անօդաչուներ են սավառնում սահմանիդ, կարող ես իրանական արտադրության ֆագոտներ հակադրել դրանց, ինչ պարտադիր է, որ այդ մասին հայտարարես:

Իրանը սովորական երկիր չէ՝ բազմաշերտ է, կուտակված բազմաթիվ խնդիրներով, չլուծված հարցերով, իրենց գրականության նման՝ պերճախոս ու երկիմաստ: Քաղաքական համընկնումներից օգտվելու համար ճիշտ հակառակն է պետք լինել՝ լակոնիկ ու պրագմատիկ:

Գրել կարծիք