[Իրականում` ոչ] Քաղաքակա՞ն  են Ջրառատի կրակոցները

[Իրականում` ոչ] Քաղաքակա՞ն են Ջրառատի կրակոցները

Ջրառատի դպրոցի աշակերտների վեճը վերածվեց քաղաքական առճակատման: Վելուծում ենք, թե ինչու այդ դեպքերը ամեն դեպքում չեն կարող քաղաքական համարվել:

Մարտի 14-ին Ջրառատի դպրոցի աշակերտների միջև սկսված վիճաբանությանը միջամտեցին մեծահասակները, և վեճը վերածվեց կրակոցների: Դրա հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածք ստացավ, մեկը՝ հրազենային, մեկ ուրիշը` կտրող ծակող-գործիքով, մեկն էլ ձեռքի կոտրվածք: Տուժածները ՕՐՕ դաշինքի համակիրներ են: Դաշինքի տարածած հաղորդագրության համաձայն, ՕՐՕ-ի համակիրների վրա հարձակվել են ՀՀԿ կառույցի զինված ներկայացուցիչները:

Մինչեւ այս` մարտի 12-ին, ՕՐՕ դաշինքի քարոզարշավի ժամանակ, նույն գյուղում մեկ այլ միջադեպ էր եղել կողմերի միջեւ, որի հետեւանքով  Լեռնիկ Երանոսյանը` փակ գանգուղեղային տրավմա ախշտորոշմամբ, տեղափոխվել էր հիվանդանոց: Տուժողը ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբայրն է: Միջադեպի հետևանքով 5 անձ բերման էր ենթարկվել, 1-ը ներկայացել էր կամավոր: Հետո բոլորն էլ ազատ էին արձակվել:

Այս կրակոցներն ու միջադեպերը քաղաքական են, որովհետեւ տեղի են ունեցել քաղաքական միջոցառման ժամանակ և քարոզարշավի առիթով: Դաշինքի պնդմամբ, Լեռնիկ Երանոսյանի բարեկամ գյուղապետն իրենց համակրին սպառնացել է քարոզարշավի առիթով, ինչի հետեւանքով դաշինքի կողմնակիցները ստիպված ծեծել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Լեռնիկ Երանոսյանին: Նա էլ ատրճանակից օդ էր կրակել, համակիրներն էլ ստիպված խլել են ատրճանակը:

Սա քաղաքական իրադարձություն է, որովհետեւ բախումը տեղի է ունեցել քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ: Մի կողմում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ գյուղապետն է` իր բարձրաստիճան ոստիկան հովանավորով, որն աչքի է ընկնում քաղաքական էքսցեսների ժամանակ ընդգծված բիրտ ուժի կիրառմամբ (նաև լրագրողների դեմ): Խոսքը Էլեկտրիկ Երեւանի եւ նախորդ ամռանը Սարի թաղում ոստիկանական գործողությունների ժամանակ լրագրողների դեմ դաժան վարքի մասին է, որն իրենց թույլ տվեցին Լեւոն Երանոսյանի ենթակաները: Մյուս կողմում ընդդիմադիր ՕՐՕ-ի ներկայացուցիչներն են` պաշտոնաթող գեներալների` իրե՛նց հովանիով: Ի դեպ` պնդումներ կան, թե այս իրադարձությունները հրահրել է ՕՐՕ-ի շտաբի պետ Սամվել Բաբայանը: Այսինքն` գործող անձինք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, չի բացառվում, որ գործում են նույն կենտրոնից:


[Իրականում` ոչ]


Այս կրակոցները քաղաքական էին, որովհետեւ տեղի են ունեցել նախընտրական շրջանում, երբ ամեն ինչն է քաղաքական, նույնիսկ մշակույթն ու արվեստը: Ավետ Բարսեղյանը վարում է ՀՀԿ նախընտրական քարոզարշավը և կոչ անում ձայն տալ ՀՀԿ-ին: Անդրեն է երգում քարոզարշավի բեմում, որտեղ մի քանի րոպեից ելույթ է ունենալու Կարեն Կարապետյանը: Ի՞նչ է: Քաղաքականություն չէ՞: Առավել եւս կրակոցները, որ հնչում են քարոզարշավի ժամանակ: Շատ էլ քաղաքական կրակոցներ են:

Բայց` քաղաքակա՞ն են Ջրառատի կրակոցները: Իրականում` ոչ:

Բանն այն է, որ այս գյուղական երկու կլանների միջեւ հակասությունը նոր չէ եւ ամենեւին էլ քաղաքական չէ: Քաղաքական որեւէ իրադարձություն ընդամենը պատրվակ է, որ միմյանց դեմ պայքարող երկու գերդաստանները սկսեն իրար վրա կրակել` առաջին իսկ պատեհ կամ անպատեհ առիթի դեպքում: Անցած տարվա սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Ջրառատում գյուղապետի 4 թեկնածուներից 2-ի մեջ էր հիմնական պայքարը՝ այժմյան գյուղապետ Սամվել Գալստյանի և այժմյան տուժող Հակոբ Մելքոնյանի: Ըստ ընտրության արդյունքի՝ Սամվել Գալստյանը հավաքել էր 647 ձայն, իսկ Հակոբ Մելքոնյանը՝ 394 ձայն: Նախընտրական քարոզարշավը հարմար առիթ էր միմյանց սպառնալու, «հրաձգության վարպետությունը» խեղճուկրակ համագյուղացիներին ցուցադրելու համար: Մի՞թե երկու կլանի միջեւ ավանդական ծեծ ու ջարդը քաղաքականություն է: Երկու կլանները իրար վրա կարող էին կրակել և քարոզարշավի առիթով, և հարսանիքի, և թաղման, և Օսկարի, և Օլիմպիական խաղերի բացման, և հունիսի 1-ի կապակցությամբ:

Այս կրակոցները քաղաքական չեն, որովհետեւ բախման պատճառն ամենեւին էլ գաղափարական չէ: Երկու հակառակորդ կլանները գեղամիջում կրակում են ոչ այն պատճառով, որ մեկը կողմ է ազատ շուկայական հարաբերություններին, իսկ մյուսը սահմանադրական միապետության կողմնակից է, այլ որովհետև մրցում են, թե ով է առավել անպատժելի:

Սա քաղաքական իրադարձություն չէ: Հետո՞ ինչ, որ կողմերը ներկայացնում են այս, կամ այն կուսակցությունը: Կուսակցություն ներկայացնելը կամ համակրելը դեռեւս չի նշանակում իրադարձությունը դարձնել քաղաքական: Եթե մի կողմը կաթոլիկ եկեղեցում մոմ վառեր, մյուսը` ուղղափառ, ու հայոյանքի համար իրար ծեծեին, ասելու էինք` Ջրառատում միջկրոնական պատերա՞զմ է սկսվել: Ոչ, սա քաղաքական իրադարձություն չէ:

Հիմա` քաղաքակա՞ն են Ջրառատի կրակոցները

Եվս մեկ անգամ` ոչ:  Տեղի ունեցածը թաղային, կենցաղային, գյուղական կլանների միջեւ միջանձնային բախում է եւ ոչ մի կապ չունի քաղաքականության հետ: Բայց` առնվազն միամիտ պետք է լինես, որ սեփական կուսակցություն ունենալով` այս շրջանում, այսպիսի «համեղ պատառը» ձեռքիցդ բաց թողնես: Եթե ընդդիմադիր ես` հատկապես աններելի քաղաքական անհեռատեսություն կլինի դա: Չէ՞ որ ցանկացած կրակոցի համար պատասխանատու է իշխանությունը: Այսինքն` ցանկացած միջադեպ այս շրջանում արագ իր տերը կգտնի` կհայտնվեն ընդդիմադիրներ, որոնք կհայտարարեն` մեզ հալածում են:

Մյուս կողմից` կրակոցներով «հարցեր են լուծվում» այն ժամանակ, երբ խոսելու բան չկա այլեւս: Երբ վերջանում են գաղափարները, երբ ծրագրային բոլոր դրույթներն ու տրամաբանական բոլոր կռվանները հանգում են միևնույն տրամաչափին. 5.45-ին: Որոշ դեպքերում` 7.62-ին:

Գրել կարծիք