[Բացատրագիր] Ի՞նչ է կատարվում Կատարում և ի՞նչ են պահանջում արաբ հարևանները

[Բացատրագիր] Ի՞նչ է կատարվում Կատարում և ի՞նչ են պահանջում արաբ հարևանները

Կատարն իր չափերի համար անհավանական ազդեցություն ունի: Այնքան հարուստ է, որ արդեն 6 տարի գրեթե ամբողջությամբ փորձում է անկախ քաղաքականություն վարել  Արաբական թերակղզու առաջնորդ համարվող Սաուդյան Արաբիայից:

Նախ, Կատար: Ոչ Քաթար, ոչ էլ Քատար: Արաբական այս երկրի անունն է Կատար՝ رقط :

Համբերությունն ի վերջո պայթեց: Ամսվա սկզբին արաբական 4 երկրներ մեկը մյուսի հետևից խզեցին կապերը Կատարի հետ: Գլխավոր մեղադրանքը՝ ահաբեկիչների ֆինանսավորումն է:

Կատարն ակտիվ աջակցում է «Մուսուլման եղբայրներ» շարժմանը, որը արաբական մի շարք երկրներում իշխանության ամենամեծ գլխացավանքն է: Այս փոքր երկիրը չի ենթարկվում Ծոցի արաբական երկրների միասնական որոշումներին, որոնք սովորաբար կայացնում է Սաուդյան Արաբիան: Ավելին՝ հանդգնում է սերտացնել կապերը սաուդցիների գլխավոր հակառակորդ Իրանի հետ:


Կատարի մասին կարդացեք նաև


Սաուդյան Արաբիայի պատժիչ գործողությունները շարունակվում են: Կատարը շրջափակման մեջ է: Արաբական երկրին օգնության են հասել թուրքերն ու իրանցիները: Պարզվել է, թե ինչ են պահանջում արաբական երկրները՝ սաուդցիները, Եգիպտոսը, Բահրեյն ու ԱՄԷ-ը: Լրատվամիջոցները տեղեկացնում են՝ կա 13 կետանոց վերջնագիր ու կատարման համար 10-օրյա ժամկետ: Գլխավոր պահանջներն են՝

-Դադարեցնել կապերը Իրանի հետ

-Փակել թուրքական ռազմաբազան

-Խզել կապերը «Մուսուլման եղբայրների» հետ

-Փակել «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը՝ որպես ահաբեկիչների քարոզչամեքենա

Պահանջների բովանդակությունը ցույց է տալիս, որ Կատարի գլխավոր սխալը «սխալ» ահաբեկիչներին ֆինանսավորելն է:

Սաուդյան Արաբիան աջակցում է Սիրիայում կռվող ազդեցիկ խմբերի, ամբողջ աշխարհում ֆինանսավորում է իսլամական կրոնական գործունեություն ծավալողներին, բայց արաբական երկրներից միայն Սիրիան է խոսում դրա վտանգների մասին:

Արաբական այս պառակտումն ամենաշատը կարող է ուրախացնել Բաշար Ասադին, որն արդեն 6 տարի աղաղակում է՝ ահաբեկիչներին ստեղծում են Կատարն ու Սաուդյան Արաբիան՝ գուցե դա անում են առանձին, բայց, ըստ էության, գործում են միասին:

Արաբական տան կռիվը շարունակվում է:

Գրել կարծիք