Քրդական երազանքի ամենամեծ բեկորը. ինչպե՞ս Քրդստանը կորցրեց Քիրքուքը

Քրդական երազանքի ամենամեծ բեկորը. ինչպե՞ս Քրդստանը կորցրեց Քիրքուքը

Քիրքուքը պետք է դառնար նոր ստեղծվող պետության ֆինանսական դրամապանակը, բայց անկախության ճանապարհին Քրդստանն այն կորցրեց:

Լաց լինելով ու զայրույթով քրդերը հեռացան Քիրքուքից: Հիասթափված են` հետ են քաշվում առանց մարտերի, երբ քաղաք էին մտել արյունահեղությամբ: Հիմա զիջում են այն զորքին, որը երկու տարի առաջ չկարողացավ պաշտպանել ռազմավարական բնակավայրը:

Քրդերը Քիրքուքում տեր-տիրական էին դարձել, երբ իսլամական ահաբեկիչներն Իրաքի կեսը գրավելով գրոհեցին նավթային այս կենտրոնի ուղղությամբ: Իրաքի բանակը չկարողացավ պաշտպանել դիրքերը: Պաշտպանեցին քրդական զորամիավորումները:

Մենք երկու հազար զոհ տվեցինք իսիսի դեմ կռիվներում: Մենք չենք վախենում իրաքի բանակից: Ինչու են մեզ հրամայում առանց կռվելու դուրս գալ քաղաքից, ասում են այդ զորամիավորումների մարտիկները

Բացատրում է Բաֆել Թալաբանին: Նա քրդական ամենաազդեցիկ երկու գերդաստաններից մեկն է ներկայացնում` փոխարինելով հորը` իրաքի նախկին նախագահ ջալալ Թալաբանիին, որը երկու շաբաթ առաջ է մահացել: Թալաբանիների մրցակիցը անկախության հանրաքվեի հեղինակ Բարզանիներն են: Վարկած կա, որ թալաբանիականները գաղտնի համաձայնության են եկել Իրանի հետ:

Այս անգամ մենք որոշեցինք արյուն չթափել: Մեղավորը նրանք են, ովքեր հապշտապ անկախության հանրաքվե անցկացնելով այս իրավիճակը ստեղծեցին, ասում է Բաֆել Թալաբանին

Քիրքուքը բոլոր ժամանակներում և միշտ է կռվախնձոր ու որոշիչ եղել: Այն Միջին Արևելքի նավթային հարստության միջուկում է: Ապահովում էր Իրաքյան Քրդստանի բյուջեի 50 տոկոսից ավելին: Քրդական վերահսկողությամբ նավթի 85 տոկոսն անցնում էր թուրքական Ջեյհան նավահանգիստ ձգվող նավթամուղով: Գլխավոր գնորդը` Իսրայել: Այսինքն` Քիրքուքից քրդերի հեռանալն առաջին հերթին հարված էր Անկարային և Թել Ավիվին:


Կարդացեք նաև.


Իրաքի երկու ազդեցիկ ընտանիքների գլխավորությամբ գործող կուսակցությունները կրում են հարևան երկրների ազդեցությունը: Բարզանիների ավանդական գործընկերը Թուրքիան է, Թալաբանիներինը` Իրանը: Եվ հիմա, երբ Էրդողանի ընկեր Բարզանին հեղինակազրկված է, Իրանի աջակցությունը վայելող ուժերը դադարեցնում են Թուրքիայի և Իսրայելի նավթային բիզնեսը: Իրաքում նույնիսկ քիրքուքյան նավթն է անցել Իրանի վերահսկողության տակ:

Իրաքի բանակի հետ Քիրքուքը քրդերից վերցրեց Հաշդ ալ-Շաբն զորամիավորումը: Նրանց ասում են Իսլամական պետության ահաբեկիչների շիայական տարբերակ, բայց նրանց ամբողջ դաժանությունը թափվել է հենց իսլամական պետության ահաբեկիչների գլխին: Այստեղ հիմնականում այնպիսի մարդիկ են, որոնց հարազատներին ահաբեկիչները սպանել են, վաճառել ստրկության: Եվ նրանք վրեժ են լուծում Իրանի հովանավորությամբ:

Իրանն այս պատմության մեջ իրավիճակի բոլոր դետալները ճիշտ հաշվարկած միակ կողմը դուրս եկավ: Անկախության հանրաքվե նախաձեռնած թուրքա և իսրայելամետ ուժերը հաշվի չէին առել, որ Իրսայելից իրենց ակնկալիքները չափազանց մեծ են: Իսկ Իրանը ուժով խնդիր լուծելու համար նույնիսկ կարիք չունի իր զորքը մտցնել Իրաք: Կուլիսային աշխատանքով էլ Թեհրանը միշտ է փայլել:

Գրել կարծիք