Կաննի էրոտիկ ամփոփում. Ֆրանսուա Օզոնը բառացիորեն ցույց է տվել կնոջ ներաշխարհը

Կաննի էրոտիկ ամփոփում. Ֆրանսուա Օզոնը բառացիորեն ցույց է տվել կնոջ ներաշխարհը

newmag-ը դիտել է Ֆրանսուա Օզոնի չափազանց ինտրիգային, էրոտիկ ու իրական ֆիլմը. ո՞վ է կինը, ի՞նչ է նրա ուզածը:

Ի՞նչ է ուզում կինը, ի՞նչ է զգում կինը, ի՞նչ է պատկերացնում կինը… Ակտիվ նկարահանող ռեժիսորները վերջին մի քանի տարվա ընթացքում փորձել են պատասխանել այս հարցին՝ ժամանակակից կնոջը տեղադրելով ազատ և անկախ, հարմարավետ և ապահովված խավի ինտերիերում (Elle, Nocturnal Animals):

Օզոնի նոր ֆիլմի հերոսուհին՝ 25-ամյա Քլոեն (Մարինա Վակտ), վերջին տարվա արթ-մեյնսթրիմի հոգեբանական խնդիրներ ունեցող հերոսուհիների պես, գեղեցիկ է և շրջապատված է գեղեցիկով, աշխատում է թանգարանում, տանն ունի սիրելի սև կատու։ Նաև ստամոքսի ցավեր ունի. ըստ գինեկոլոգի`խնդիրը հոգեբանական է: Նա սա բացատրում է ֆիլմի շոկային և անսպասելի բացման տեսարանում (բժշկական ապարատուրան պահում է լայն բացված, բաց վարդագույն հեշտոցը)։ Քլոեն սկսում է այցելել հմայիչ հոգեթերապևտ Պոլին (Ժերեմի Ռենյե): Մի քանի սեանսից հետո զույգը սկսում է հանդիպել և ապրել միասին, նույն բնակարանում։

Հենց այդ` բնակարանային պահից սկսած, Օզոնի թրիլերը հիշեցնում է և՛ Պոլանսկու «Ռոզմարիի երեխան», և՛ Քրոնենբերգի էրոտիկա-հոգեբանական խաղերը, և՛ գուցե որոշ դրվագներում անգամ ալմոդովարական զգացմունքայնությունը։ Քլոեի հիվանդագին տարվածությունը Պոլով և, ինչպես քիչ անց պարզվում է սյուժեից, Պոլի երկվորյակ եղբայրով, աղջկան նետում է ֆանտազիաների, կասկածների և մոլեգնության գիրկը։ Մոր հետ բարդ հարաբերությունները, ժամանակին չստացված ընտանեկան ջերմությունն ու չստացած սերը Քլոեին գցում են սյուրռեալիստիկ չափման մեջ։

Թեման հին է, ինչպես ֆրանսիական կինեմատոգրաֆը: Օզոնը խաղում է հանդիսատեսի հետ, խառնաշփոթ սարքում, մանիպուլյացիայի ենթարկում։ Եթե ոչ վերջին սյուժետային թվիսթը (որի մասին մենք կլռենք, որպեսզի խուսափենք մեծ սփոյլերից), ապա ֆիլմն ուղղակի սովորական ֆրոյդական ցնորք է՝ սեքսուալ, անչափ էսթետիկ և գրավիչ, բայց ոչ այնքան խորը, որքան Քլոեի երևակայական հորձանուտը։

Գրել կարծիք