«Ֆրեքզիթ» չի լինի. Ֆրանսիան ընտրեց 8-րդ նախագահին` «Լուսնից իջած» երիտասարդ շիկահերին

«Ֆրեքզիթ» չի լինի. Ֆրանսիան ընտրեց 8-րդ նախագահին` «Լուսնից իջած» երիտասարդ շիկահերին

Ֆրանսիայում ավարտվեց նախագահական ընտրությունը: Երկրորդ փուլում մրցում էին Մարին լը Պենը և Էմանուել Մակրոնը: Պատմում ենք, թե ինչպես ֆրանսիացները կայացրեցին իրեն ընտրությունը:

Բեթհովենի երաժշտությամբ Լուվրի բակում ֆրանսիացիները դիմավորեցին նորընտիր նախագահին: Սա Եվրամիության օրհներգն է՝ որպես ուղերձ. «Ֆրեքզիթ» չի լինելու:

Էմանուել Մակրոնը 5-րդ հանրապետության 8-րդ նախագահն է: Պատմության մեջ՝ ամենաերիտասարդը: 39-ամյա կենտրոնամետ, քաղաքական մեկնաբանների համար՝ Լուսնից իջած թեկնածուն ստացավ ֆրանսիացիների 2/3-ի աջակցությունը:

Merci mes amis!

Հաղթական ելույթը Մակրոնը սկսեց մրցակցից: «Ցանկանում եմ դիմել նրանց, ովքեր ընտրել են մադամ լը Պենին: Նրանք դրանով արտահայտել են իրենց զայրույթը, և ես դա հարգում եմ: Խոստանում եմ առաջիկա 5 տարիներին այնպես անել, որ այլևս երբեք մարդիկ չզգան ծայրահեղականության օգտին քվեարկելու կարիքը»:

Ֆրանսիացիներն իսկապես զայրացած են: Դրա դրսևորումները՝ ոմանք ընտրել են Չակ Նորիսին, մուլտֆիլմի հերոս Պեպպա խոզուկին: Քաղաքացիներից մեկն էլ քվեաթերթիկի վրա գրել է՝ խեղճ Ֆրանսիա:

Մակրոնի հաղթանակը տոնել են ամբողջ գիշեր: Հանգիստ շունչ են քաշել հատկապես ներգաղթյալները: Շատերն իրենց հայրենի երկրների դրոշներով դուրս են եկել փողոցներ: Եթե հաղթեր ազգայնական լը Պենը, շատերը ստիպված էին լինելու հավաքել ճամպրուկները:

Մրցակցի ճամբարում հիասթափված են, սպասում էին ավելին, բայց պարտությունն ընդունել են օրինակելի հպարտությամբ.  «Ես զանգել եմ պարոն Մակրոնին և հանուն մեր երկրի՝ շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ: Ես նրան հոջողություն եմ մաղթում՝ Ֆրանսիայի առջև ծառացած հսկայական խնդիրները լուծելու գործում»:

Նորընտիր նախագահը Եվրամիությունը բարեփոխելու և ամրացնելու ջատագով է: Հետևաբար՝ առաջինը նրան շնորհավորել են Եվրամիության ղեկավարները: Ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահը՝ վստահություն հայտնելով, որ հայ-ֆրանսիական կապերն ավելի կխորանան:

«Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր և շարունակական ջանքերը Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը»։

Խիզախությամբ նա աչքի է ընկնում նաև անձնական կյանքում: Մակրոնը երեխա չունի, բայց անհավանական լավ պապ է կնոջ 7 թոռների համար: Նա քաղաքական սպառված համակարգի այլընտրանքն է: Չունենալով ավանդական ուժերից և ոչ մեկի աջակցությունը, Մակրոնն այժմ պետք է ստեղծի իր հենարանը երկրի խորհրդարանում:

Պարտված թեկնածուն այդքան էլ չի տխրել: Մարին լը Պենը ձախողված քվեարկությունը վերածել է տոնակատարության: Այսօր հանգստանում են՝ վաղվանից պատրաստվում խորհրդարանական ընտրության: Լը Պեն-Մակրոն առճակատումը դեռ նոր է սկսվում՝ տեղափոխվում է այլ հարթություն:

Vive La Republic, Vive La France!

Գրել կարծիք