Կուրտիզանուհու 3 կյանքերը. Ով էր իրականում Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը», նույն ինքը` Վերդիի «Լա Տրավիատայի» Վիոլետան

Կուրտիզանուհու 3 կյանքերը. Ով էր իրականում Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը», նույն ինքը` Վերդիի «Լա Տրավիատայի» Վիոլետան

Այդ «հազվադեպ և հուզիչ կնոջ» կենսագրությունը արժանի էր անմահ լինելուն` ասում էր Անդրե Մորուան: Ու նա չէր սխալվում. մի կուրտիզանուհու կյանքը եղավ Դյումա-որդու ամենահայտնի վեպի, Վերդիի ամենասիրուն օպերայի հիմքում:

Մարի

Ժամանակը անխուսափելիորեն փոխում է կնոջ գեղեցկության մասին պատկերացումները: Գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչներին, որոնց գեղեցկությամբ հիացած էին ժամանակակիցները, հաջորդ սերունդները նայում են անտարբերությամբ: Ամեն դեպքում գեղեցկությունն ու հմայքը բոլորովին տարբեր բաներ են…Խունացած կտավից մեզ է նայում մի կին, որին գեղեցիկ չես կոչի: Բայց միևնույնն է, նա աննկարագրելի հմայիչ է: Ամբողջ հմայքը նրա մելանխոլիկ հայացքի և ասես ցավից կծկված շրթունքների մեջ է: Նրա մահից հետո կազմակերպված աճուրդի ժամանակ ներկա էին Էժեն Սյուն և Չարլզ Դիքենսը, նրա սիրավեպերից մեկի պատմությունը հիմք է ծառայել Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» վեպի համար, փառք է բերել իրեն և արժանացրել հայտնի քննադատ Ժյուլ Ժանենի ակնարկին: Ռոզա Ալֆոնսինա Պլեսին, ով նախընտրում էր իրեն կոչել Մարի Դյուպլեսի, սովորական կուրտիզանուհի էր, վառ թիթեռնիկ փարիզյան կանանց հավաքներում:

«Աշխարհի բարգավաճման շրջանում, երբ երիտասարդ Ֆրանսիան ողողված էր տաղանդներով, գեղեցկությամբ և հարստությամբ» (Ժ.Ժանեն), Փարիզում Մադլեն բուլվարի համար 11 տանը ապրում էր ամենահայտնի ու հարուստ տղաներին գերող երիտասարդ մի աղջիկ, նորաձև, միշտ ճոխ հագնված և կապույտ կառքով:

Միգուցե, եթե նրա կյանքում չլիներ կարճատև սիրավեպ Ալեքսանդր Դյումա-որդու հետ, սիրային պատմությունների սիրահարները նրա գերեզմանը չէին փնտրի Մոնմարտրյան գերեզմանոցում: Սակայն այս կինն ուներ նաև սեփական արժանիքները: Մինչև տասնհինգ տարեկանն ապրելով գյուղում և չիմանալով նույնիսկ, թե ինչ են կոշիկները, նա սովորել էր իրեն պահել արժանապատվորեն: Լավ հասկանում էր պոեզիայից ու երաժշտությունից, հետաքրքիր զրուցակից էր, շփվում էր ժամանակի մեծանուն մարդկանց հետ՝ Ալֆրեդ դե Մյուսե, Էժեն Սյու,Ֆերենց Լիստ:

Թեթևաբարո աղջնակ, որ դարձել էր նորաձև հարճ, Մարի Դյուպլեսին մի հարուստ սիրեկանից գնում էր մյուսի մոտ: Բայց նրա անցյալը չէր խանգարում նրանցից նույնիսկ ամենապատվավորին՝ կոմս Էդուարդ Պերեգոյին քաղաքացիական ամուսնություն կնքել նրա հետ: Կոմսի պատրաստակամությունը (մոր կողմից նա դուքս Տարենտսկու թոռն էր, իսկ հոր՝ Ֆրանսիական բանկի ղեկավարի թոռը) կատարել նման անհավասար ամուսնություն (մեզալյանս) խոսում է այն մասին, որ կուրտիզանուհու անձի մեջ կար ինչ-որ անսովոր բան: «Ընդհանրապես ինձ դուր չեն գալիս Մարիոն Դելորմի կամ Մանոն Լոսկոյի նման կանայք: Բայց սա բացառություն էր: Նա շատ բարի էր…»,– գրում էր Լիստը: Իսկ Դյումա-որդին ասես ընդօրինակում էր նրան.«Նա կուրտիզանուհիների այն հազվադեպ տեսակներից էր, որոնք սիրտ ունեն»:

Ալեքսանդր Դյումա-որդին ծանոթանում է Մերի Դյուպլեսիի հետ 1844 թվականին և տարվում նրանով («Կամելյազարդ տիկինը» գրքում Մարգարիտա Գոթյեն ասում է.«Եթե ես ստիպված լինեի լսել բոլորին, ովքեր ինձ սիրում են, իմ ժամանակը չէր բավականացնի նույնիսկ ճաշի համար»): Նրա զգացմունքներում այդ կնոջ նկատմամբ միախառնված էին սերն ու խղճահարությունը.Մարին հիվանդ էր թոքախտով: Կարեկցությունը Դյումային նետեց նրա ոտքերի առաջ: Նրանց ծանոթության երեկոն վավերագրական ճշգրտությամբ գրված է վեպում և ներկայացման մեջ:

Երիտասարդ Դյուման հարուստ չէր և չէր կարող Մարիին առաջարկել ո՛չ շքեղ բնակարան, ո՛չ զարդեր: Նա նրա համար դարձավ ոչ թե հերթական սիրեկան-հովանավոր, այլ իսկական ընկեր: Իսկ նա Դյումայի համար՝ ընկերուհի, սիրված հիվանդ երեխա և ուսուցիչ իսկական սիրո մեջ:

Նրանց միացնում էին ազնիվ զգացմունքներ: Դրա ապացույցն է Ալեքսանդր Դյումայի հրաժեշտի նամակը.«Սիրելի Մարի, ես այնքան հարուստ չեմ, որ սիրեմ ձեզ այնպես, ինչպես ես կցանկանայի, և այնքան էլ աղքատ չեմ, որ սիրված լինեմ այնպես, ինչպես որ Դուք կուզեիք: Եվ եկեք երկուսս էլ մոռանանք.Դուք՝ անունը, որ Ձեզ համար միևնույնն էր, ես՝ երջանկությունը, որն ինձ այլևս հասանելի չէ: Անիմաստ է պատմել Ձեզ, թե որքան տխուր եմ ես, որովհետև Դուք ինքներդ էլ գիտեք, թե ինչպես եմ ես Ձեզ սիրում: Բարով մնաք: Դուք բավական ազնվական եք, որ չհասկանաք պատճառները, որոնք ինձ ստիպել են գրել Ձեզ այս նամակը, և չափազանց խելացի, որ չներեք ինձ»:

Իզաբել Յուպերը Մարի Դյուպլեսիի դերում

Ալեքսնադրը բաժանվում է իր սիրեցյալից: Նրան հանգիստ չի տալիս այն, որ Մարիի կյանքում, չնայած նրա անկեղծ զգացմունքներին, շարունակում են դեր խաղալ այլ տղամարդիկ: Նա մեկնում է Իսպանիա ճանապարհորդության՝ չիմանալով, որ Փարիզում կառնավալի տոնախմբության ժամանակ մահանում է այն կինը, որին դեռ կարոտում էր նրա սիրտը: Նրա հոգեվարքը երկար էր տևել, բայց Ալեքսանդրը նրան ողջ չգտավ:

Չարլզ Դիքենսը գրել է.«Ինչ-որ մեկը կարող էր մտածել, որ Մարին Ժաննա դ’Արկն է կամ այլ ազգային հերոսուհի.այդպես խորն էր համընդհանուր վիշտը»: Բայց նրա դագաղի առջևից գնում էին միայն երկու մարդ՝ դուքս Շտակելբերֆն ու կոմս Պերեգոն (վերջինս գերեզմանոցում տարածք էր վերցրել): Վերադառնալով Փարիզ Դյումա-որդին մասնակցում է Մարիի բնակարանում կազմակերպված աճուրդին և որպես նրանից հիշատակ գնում է ոսկյա շղթա: Դառը և կրակոտ բանաստեղծությունը սիրելիի հիշատակի համար մնացել է անգերազանցելի նրա բանաստեղծական ժառանգության մեջ:

Մարի Դյուպլեսիի պատմությունը չի վերջացել նրա մահով: Այդ «հազվադեպ և հուզիչ կնոջ» (Ա.Մորուա) կենսագրությունը արժանի էր անմահ լինելուն: Եվ շուտով դա տեղի ունեցավ:

Բաժանվել եմ ձեզնից ես, իսկ ինչու՝ չգիտեմ,

Անհեթեթ էր պատճառը.ինձ թվում էր՝ սերը

Ուրիշին եք տվել Դուք…օ՜, ունայնություն երկրային:

Ինչու՞ հեռացա ես: Ինչու՞ վերադարձա կրկին:

Հետո ես Ձեզ գրեցի շուտափույթ գալստյան մասին,

Այն մասին, որ կգամ Ձեզ մոտ և կաղաչեմ,

Որ ինձ նվիրեք ողորմածություն և ներում:

Ես հույս ունեի նորից տեսնել Ձեզ:

Եվ ահա շտապեցի Ձեզ մոտ: Եվ ի՞նչ եմ տեսնում ես, Աստված իմ:

Փակված պատուհան և կողպած դուռ:

Սպասավորներն ասացին ինձ, որ գերեզմանում որդերն են ուտում

Նրան, ում ես այդքան սիրում էի, նրան, ով արդեն մեռած է:

Միայն մի մարդ էր գլխիկոր

Ձեր անկողնու մոտ կանգնած վերջին պահին:

Ընկերները Ձեզ մոտ չէին եկել: Ես գիտեմ, միայն երկուսն էին

Որ վերջին անգամ ուղեկցում էին Ձեզ:

Օրհնում եմ նրանց: Միայն նրանք են համարձակվել

Արհամարհանքով մոտենալ այն ամենին, ինչ կասեն,

Մահացած կնոջը ոչ թե խոսքերով, այլ գործով՝

Տալով վերջին պարտքը անցած տարիների համար:

Այդ երկուսը մինչև վերջ հավատարիմ են եղել նրան,

Բայց լորդը մոռացել է նրան և իշխանը չի կարողացել գալ,

Նրանք նրա սերը գումարով էին գնում

Իսկ ծաղկեպսակ գնել չեն կարողացել:

Ալեքսանդր Դյումա.  «Մարի Դյուպլեսիի հիշատակին»

Մարգարիտա

Մարի Դյուպլեսին մահացել է 1847 թվականի փետրվարի 3-ին, իսկ մայիսին Ալեքսանդր Դյուման գնում է թատրոն, որտեղ առաջին անգամ տեսել է նրան: Կորստյան ցավը դեռ չէր անցել: Ալեքսանդրը հիշում էր Մարիի արտաքինը, նրա սովորությունները, շարժուձևը, բառերը: Նա աշխարհից առանձնացել էր «Սպիտակ ձի» հյուրանոցում և վերստեղծել նրա կերպարը, ում այդքան սիրում էր: Վեպը կոչվում էր «Կամելիազարդ տիկինը»: Այդ մականունը Մարին ստացել է անհոտ ծաղիկների հանդեպ մեծ սեր ունենալու համար: Հերոսուհուն, ում գրական դիմանկարը ստեղծված է Մարիի կերպարանքով («Պատկերացրեք հրաշալի ձվաձև դեմքի  վրա սև աչքեր և դրանց վերևում հոնքեր, կարծես նկարված, աչքեր երկար թարթիչներով, որոնք ստվեր են գցում վարդագույն կոպերի վրա, նկարեք բարակ, ուղիղ քիթ, թույլ բացված քթանցքերով,  պատկերեք ճիշտ բերան, գեղեցիկ շուրթեր, որոնք ծածկում են կաթնագույն սպիտակ ատամները, պատեք մաշկը թավշյա աղվամազերով, և դուք կստանաք այդ հրաշալի գլխի ամբողջական պատկերը»), նա տալիս է Մարգարիտա Գոթյե անունը: Անվան ընտրությունը առաջին քայլն է դեպի իդեալականացում, որն էլ հենց Դյումայի նպատակն էր: Նա կնոջը տալիս է համեստ ծաղկի անուն և արդյունքում բարի ժպիտով պատկերացնում է, թե ինչպես է «այդ կուրտիզանուհին, որը ստիպում է ծաղկեփնջերի վրա ծախսել ավելին, քան հարկավոր է մի ամբողջ ընտանիքի սուղ կյանքի համար, ժամերով նստում էր մարգագետնին՝ նայելով մի հասարակ ծաղկի, որը կրում էր իր անունը»:

Դյումայի ստեղծած կերպարը ուներ այն նույն անուշահոտ հմայքը, որը և հին դիմանկարը: Մարգարիտայի կանացիությունը, որի անբաժան մասն են կազմում թե՛ սերը դեպի ճոխությունը, թե՛ կապրիզները, թե՛ անսահմանափակ աշխատանքը, թե՛ հանդուրժողականությունը մարդկանց հանդեպ, որոնք արժանի չէին դրան, անշուշտ ազդում են ընթերցողի վրա: Իրական Մարիի մասին հիշողությունը տեղն աստիճանաբար զիջում է այլ կնոջ, չնայած նուրբ հարաբերությունները պահպանվում են:

Մարի Դյուպլեսին փորձեր չէր էլ անում բաժանվել իր հարուստ սիրեկաններից հանուն համեստ, բայց սիրող Ադի (այսպես էր սկզբնատառերով նա կոչում Դյումային):  Նա հաճախ էր ստում նրան, իսկ երբ նրան հարցնում էին՝ ինչու, նա պատասխանում էր.«Ստից ատամները սպիտակում են»:Մարգարիտա Գոթյեն, որ սիրահարված էր Արման Դյուվալին (վեպի հերոսի և հեղինակի անվան սկզբնատառերը համնկնում են), միայն սկզբում է փորձում վարել նախկին կյանքը, բայց շուտով, ամբողջովին սիրով տարված, թողնում է ամեն ինչ՝ սիրահետողներին, ընկերուհիներին, աղմկոտ հավաքույթները: Ալեքսանդրը Մարիի մեջ տեսնում էր «ուրախության, թախիծի, անկեղծության, վաճառվածության խառնուրդ…գերդյուրագրգիռություն և գերզգայունություն»: Մարգարիտային նա նկարագրում է որպես «անբասիր աղջիկ, ում մի սխալ դեպքը դարձրել է կուրտիզանուհի, և կուրտիզանուհի, ում փոքր պատահարը կարող էր դարձնել ամենասիրող և ամենամաքուր կնոջ»:

Ալեքսանդրը լավ է ճանաչում այն աշխարհը, որի մասին գրում է: «Կամելիազարդ տիկինը»  փարիզյան կյանքի իրատեսական պատկերն է, ամենայն մանրամասնորեն նկարագրված է կենցաղը, վախեցնող իրականությունը: Մարգարիտայի կողքին հայտնվում է Պրյուդանսի կերպարը՝ կանացի գլխարկներ պատրաստող անհաջողակ կին և հնարամիտ կավատուհի, անփոխարինելի, երբ պետք է լավ ընթրել կամ ինչ-որ բան դնել գրավատուն, և աներես, երբ պետք է նույնսիկ մահվան օրը թալանել անբախտ ընկերուհուն: Նրա անթաքույց և գռեհիկ գործարարությունը ոչ միայն ընդգծում է Մարգարիտայի անձնազոհությունը, այլև անդադար հիշեցնում հերոսուհու կապը առուծախի աշխարհի հետ: Պրյուդանսը Արմանին ներշնչում է Մանոն Լեսկոյի փիլիսոփայությունը, ով սիրում էր հարուստների գումարը ծախսել գրավիչ և աղքատ սիրեկանի հետ: Բայց և Մարգարիտան սկզբում պատրաստվում էր ամառն անցկացնել սիրելիի հետ գյուղում ծեր դուքսի հաշվին: Ավելին, Արմանը զայրացած հետևում է, թե «ինչպես  է այդ 20-ամյա հրաշալի արարածը խմում, խոսում է բեռնակիրների լեզվով և ծիծաղում ամեն անհեթեթ բանի վրա»: Այս ամենը վերցված է Մարի Դյուպլեսիի կյանքից: Պրյուդանսը իրական դեմք է: Իսկ Մարիի մեջ ավելի շատ կար Մանոն Լեսկո, քան Մարգարիտա Գոթյեի մեջ:

«Բայց Մարի Դյուպլեսին չէր կարող վերապրել այդ վշտերը, որոնք ես գրել էի Մարգարիտա Գոթյեի համար…Մարին կարող էր խաղալ իմ պիեսի միայն առաջին երկու գործողություններում»,- նկատում է Դյուման տարիներ անց:

Գրետա Գարբոն Մարգարիտա Գոթյեի դերում

Վիպասանի կամքով Մարգարիտան անում է այն, ինչ երբեք չէր անի Մարին: Թողնում է իր ապրելակերպը և վաճառում իր բոլոր իրերը հույսով, որ Արմանի հետ կապրի ամենահասարակ կյանքով: Բայց նա ընդունակ է ավելիին՝ զոհել իր կարճատև և միակ երջանկությունը.Արմանի հայրը՝ միջակ բուրժուա, համոզում է Մարգարիտային, որ իր անցյալը նրանց ընտանիքին հասցնում է անուղղելի վնաս, դրանով իսկ վստահեցնելով, որ հարճը ներում չունի:

Այստեղ ավարտվում է իրականությունը և սկսվում է առասպելաբանությունը: «Հարկ է հիշել, որ Վագները երաժշտական դրամաների համար լավագույն սցենար էր համարում առասպելները: «Կամելիազարդ տիկինը» գրքի բովանդակությունը առասպել է, ունիվերսալ առասպել, ժամանակակից և միջակ»,- գրում է անվանի անգլիացի հետազոտող Ջուլիան Բադենը: Այս ժամանակակից առասպելում դաժան իրականությունը ամենախաղաղ ձևով խառնվում է հիստերիայի հասնող զգացմունքներին: Ինչ արժեն Արմանի խելահեղ արարքները, ով անընդհատ վիրավորում է իրեն լքած Մարգարիտային, հերոսուհու անտանելի նամակները և նրա սարսափելի ճիչերը մահից առաջ: Գիրքը թվում է փքված՝ թափված արցունքների պատճառով: Քիչ արցունք չեն թափել նաև նրանք, ովքեր գիրքը վերցրել են ձեռքը: Վեպը սկսում է մեծ հաջողություն վայելել: «Թոքախտն ու գունատությունը այժմ ձեռք են բերել մռայլ հմայք»:

4 տարի անց, անցնելով գրաքննության միջով, Դյուման սիրելի ստեղծագործությունը բարձրացնում է «Վեդովիլ» թատրոնի բեմ (այստեղ եղել է նաև Մարի Դյուպլեսին): Երիտասարդ հեղինակը կարողացավ հսկայական գրական նյութի գլխավոր իմաստը ներկայացնել 2-3 տեսարաններով: Կերպարներն այստեղ ավելի հստակ են: Հատկապես Արմանի հայրը՝ պարոն Դյուվալը: Նրա կերպարը ծառայում է հեղինակի սոցիալ-քննադատական գաղափարին:

«Կամելիազարդ տիկինը» չես դասի գլուխգործոցների շարքին: Այն մելոդրամա է, որը չի կարող անցնել առանց թափանցիկ բարոյախոսականի և առանձնահատուկ բեմական հնարքների: Այն պատկանում է ֆրանսիական տոհմի «լավ բեմդրված պիեսի»: Հենց նրա մեջ տեղ են գրավում «զվարճանքն ու ազատականությունը », որոնք Հանս Գալը նկատում է օպերայում, որը ստեղծվել է գրքի հիման վրա: Այդ պիեսը այնքան լավ է «արված», որ մեկ տարի անց դրա սյուժեի վրա ստեղծվում է արվեստի անմահ գործ:

Վիոլետա

«Տրավիատայում» հերոսուհու իդեալականացման գորընթացը ընթանում է բավականին արագ: Այն ամենը, ինչ արատավորում է Մարգարիտային կամ դարձնում նրա կերպարը անորոշ, հաստատակամորեն փոխվում է:

Ֆրանչեսկո Պյավեի լիբրետոն վեպ չէ, այլ պիես: Նրա գերազանց կառուցված կոմպոզիցիան, անկասկած, օգնում է լիբրետիստին: Բայց կողմնակի հերոսները անհետանում են: Պրյուդանսը տեղը զիջում է Ֆլորային: Վերանում են նաև այն տեսարանները, որտեղ հերոսուհին ներկայացված էր ամենամռայլ երանգներով.երկրորդ գործողությունից հետք էլ չի մնում, որտեղ Մարգարիտան (օպերայում՝ Վիոլետա, երաժշտական տարբերակում էլ է հերոսուհին կրում համեստ ծաղկի անուն) իր երկրպագուից խնդրում է 15 հազար ֆրանկ, որ սիրելիի հետ ամառն անցկացնի գյուղում: Հայտնի նախերգանքում լարային գործիքները ստեղծում են մի հրաշալի կերպար: Եվ արդեն վայրկյաններ անց մենք զգում ենք, թե ինչպես է վեր բարձրանում մարդկային հոգին: Դա իդեալական, անսահման սիրո կերպար է: Սերն ու աղմկոտ իրարանցումը մարտնչում են, բայց հաղթանակում է մահը. նուրբ հնչյունները աստիճանաբար մարում են:

Օպերայի առաջին տեսարանը ունկնդրին նետում է աշխարհի իրարանցման մեջ, որի մեջ ստիպված էր ապրել հերոսուհին: Պարահանդեսի երաժշտությունը փայլուն և անհոգի է, պարզունակ նվագակցությամբ, հնչում է բոլորի համար, բացի Վիոլետայից.հուզումնալից, փոքր-ինչ տենդային մինոր թեման հասկացնում է, որ այս կինը բարձր է բոլոր իրեն շրջապատողներից:  Ալֆրեդի հայտնվելը ուղեկցվում է ջութակների հաճելի մեղեդիով: Այն խոսում է սիրո մասին՝ միաժամանակ պատկերելով հերոսի փափուկ և փոքր-ինչ մանկական կերպարը: Անզուգական «բեսթսելլերի» մեջ նույնպես նա այրվում է անհամբեր պատանեկան կրքով:

«Տրավիատայի» մեջ կան նաև վալսի ռիթմեր: Այսուհետ նրանք պիտի ներթափանցեն օպերայի մեջ՝ ապացուցելով իրենց ունիվերսալությունը: Մակերեսային վալսային երաժշտությունը լսվում է հարևան սրահից, որտեղ այնհյուրերն են, որոնք ցանկանում են պարել: Ամենահասարակ և անկեղծ վալսը Ալֆրեդի խոստովանությունն է Վիոլետային: Ամենագրգռված ու տենդային վալսով նրան պատասխանում է անբախտ հոգնած մի կին, ով մինչ այդ չէր տեսել իսկական սեր:

Առաջին գործողության սոլո ավարտը կառուցված է 2 հասարակ և արտահայտիչ վալսերից: Այն  հերոսուհու ամբողջական դիմանկարն է: Հետևելով հաստատված ավանդույթին՝ Վերդին գրում է մեներգ՝ բաղկացած դանդաղ քնարական մասից և կաբալետից, բայց երաժշտության մեջ դրված է անտեսանելի հոգեբանական բովանդակություն: Երջանկության մասին կարոտը հնչում է անդանտեի մեջ, կեղծ փայլից ձերբազատվելու ցանկությունը՝ ալեգրոյում: Բոլորից վեր հոգեկան մաքրության զարմանալի զգացողություն է, որի արտահայտությունը հասանելի է միայն երաժշտությանը: Մեր առաջ հրաշալի կին է, և նրա երկիմաստ դիրքը հասարակության մեջավելի շատ է, քան գրական նախատիպի մոտ:

Ալֆրեդի կերպարում կարելի է նմանություն տեսնել «Ռիգոլետոյից»Մանտուանյան դուքսի հետ: Օպերայի այս անկարևոր կերպարը այդքան էլ հարուստ հատված չէ քնարական տենորի համար:  Ալֆրեդը՝ սովորական մի տղա, ով տարված է մի կնոջ սիրով, և նրա դիրքը նվաստացուցիչ է.հենց այդ կինն է ապահովում նրա երջանկությունը:

«Տրավիատան» կնոջ հոգու մեծության մասին օպերա է, և նրա կողքին, ում տրված է այդ մեծությունը, չի կարող դիմակայել նրան շրջապատող և ոչ մի տղամարդ: Կիսահերոս Ալֆրեդի ետևից հայտնվում է հակահերոս՝ նրա հայրը: Եթե վեպում պարոն Դյուվալը փորձում է սկզբում ազդել որդու վրա, որ նա վերջ դնի վարկաբեկող կապին, ապա պիեսում Դյուվալը, իսկ օպերայում Ժորժ Ժերմոնը գնում է դեպի հերոսուհին: Ժերմոնն այնքան անզգա էր և պայմանականությունների ստով տարված, որ անտակտ ձևով գովաբանում է իր «մաքուր ինչպես հրեշտակը» աղջկան Վիոլետայի մոտ: Իսկ կնոջ ցավով լի խոստովանություններին դեպի իր որդին պատասխանում էչափավոր և սառնասրտորեն.մեղեդիի կցկտուր հնչյունները ընկնում են ճակատագրի հարվածների նման:

«Վերդին նրա համար գրել է (Ժերմոն Ի.Ս.) ամուր հատված և, կարծես՝ այլ կերպ չէր էլ կարող: Բայց գտնել մեղեդի գեղեցիկ հագնված այդ կեղծավոր մարդու համար դժվար էր: Վերդին չի կարողանում ստել: Այն, ինչ նա տալիս է նրան վերցված է բելլինիական ձեռքերից»,- գրում է Հանս Գալը: Իսկապես, Վիոլետայի և Ժերմոնի ցնցող դուետը երկրորդ գործողության մեջ, բոլորովին նոր էր այդ ժամանակվա իտալական օպերայում, պահպանում է  երգեցիկությունը:  Ժերմոնի հատվածում իշխում է քնարականությունը, բայց վերդիական քնարական կիրքը, լարվածությունը այստեղ ճկուն է: Ուժի, խառնվածքի բացակայությունը հանդիսանում է այս չնչին անձնավորության ամենահամոզիչ առանձնահատկությունը:

Ալֆրեդն ու Ժերմոնը ավանդական մելոդրամայի կերպարներ են, նրանց լեզուն՝ քնարական մեներգեր, կաբալետներ և մեղեդային զարգացող սոլոներ դուետներով: Նրանք կատարում են նաև բոլոր ազդեցիկ ժեստերը (բայց ոչ արարքները) հատուկ միայն այս ժանրի հերոսներին.Ալֆրեդը նետում է գումարը կիսամեռած կնոջ դեմքին, իսկ նրա հայրը հայտնվում է որպես անսպասելի փրկություն (Deux ex machina) ՝ որդուն խրատելու նպատակով  բուրժուական պարկեշտության տեսանկյունից:

Վիոլետայի  անչափ միայնակությունը, նրա հոգու անսովոր վիճակըՎերդիին ստիպում են հրաժարվել ավանդական երաժշտական լուծումներից: Երկրորդ գործողության առաջին պատկերում նա երգում է Amami Alfredo անմոռանալի կտորը, բարձր մաքրություն և կիրք, որոնք արժեն ավելին, քան Ալֆրեդի և նրա հոր անզոր քնարական հատվածները: Իսկ կարճ 8-տակտանի մեղեդին երկրորդ արարում, նրան հասցնում է ողբերգական բարձունքին  և ապա անհետանում, սակայն զգացմունքայնորեն «փակում է» հերոսների հազարավոր ձայները, որոնք ներկայանում են վերջնական արարի խաղաքարտային տեսարանում: Ողբերգական բարձունքը Վիոլետայի մեներգն է մահվանից առաջ: Ամենազարմանալին այն է, որ դա նույնպես վալս է, և հնարավոր է, որ ժանրի ամենաօրիգինալ արտահայտումներից մեկը:

Հերոսուհու մահից մի քանի րոպե առաջ Ալֆրեդի հայտնությունը, նրա երգեցողությունը կրկին վերադառնում է ավանդական մելոդրամային, բայց գեղեցիկ  Parigi,o cara noi lasceremo դուետում Վիոլետայի ձայնը լոկ հետևում է Ալֆրեդի ձայնին՝ ևս մեկ անգամ ապացուցելով նրա օտարականությունը աշխարհի հանդեպ: «Վիոլետան հետաքրքիր բնություն ունի, նա նման չէ մնացածին: Նուրբ ճաշակի և թափանցիկ գեղեցկության շնորհիվ նա գտնվում է իրադարձությունների կողքին և ապրում է իր կյանքը բոլորովին չարատավորելով ինքն իրեն»,- գրում է Տիտո Գոբբին:

Այս օպերայի հետ կապված է ևս  մի կնոջ  գաղտնի պատմություն: ««Տրավիատան» կարելի է դիտել որպես մեծ սեր դեպի Ջուզեպինա Ստրեպոնին»,- գրում է Վերդիի կենսագրության հեղինակ Ջուզեպե Տարոցին: Վերդիի անձնական կյանքն օպերան գրելու ժամանակաշրջանում զարմանալիորեն նման է «Կամելիազարդ տիկնոջ» գործողություններին.Ջուզեպինա Ստրեպոնիի կասկածելի անցյալը, նրա արտաամուսնական կապը այլ տղամարդկանց հետ, երգահանի և նրա կողակցի  միայնակ կյանքը Վերդիի  հայրենի քաղաք Բուսետոյում, տեղաբնակների քննադատող հայացքները, և վերջապես, նախկին աներոջ՝ Անտոնիո Բարեցիի անտակտ միջամտությունը, որին Մաեստրոն պատասխանել է հաստատակամորեն և կտրուկ:

Ալեքսանդր Դյումա-որդու և Մարի Դյուպլեսիի, Արման Դյուվալի և Մարգարիտա Գոթյեի, Ջուզեպե Վերդիի և Ջուզեպինա Ստրեպոնիի, Ալֆրեդ Ժերմոնի և Վիոլետա Վալերի ճակատագրերի բախումը զարմանալի օրինակ է այն ամենի, թե ինչպես են հեղինակի անձնական փորձը և իրական դեպքերը, մտնելով արվեստի գործի մեջ, առասպելացվում, բայց դառնալով առասպել,ներկայացնումեն ավելի բարձր և նշանակալի ճշմարտություն, քան իրական կյանքի ճշմարտությունը:

Եզրափակիչ երկու տող

Մոնմարտրյան գերեզմանոցը սիրելի արտիստների հետ հանդիպման վայր է, որոնցից շատերը դարձել են անփոխարինելի ընկերներ.Ադոլֆ Ադան, Ժակ Օֆենբախ, Սոֆի Տալոնի՝ հայտնի Մարիի մայրը, Ստենդալ, Ալեքսանդր-Դյումա որդին, Գոնկուր եղբայրները, Հեկտոր Բերլիոզ, Էդգար Դեգա, Էմիլ Զոլյա, Վացլավ Նիժինսկի… Այս վայրի խաղաղ հանգիստը ապահովում էր «Տրավիատայի երաժշտությունը»: Էքսկուրսիան, որին մասնակցում էին ծեր և պարկեշտ պարոններ, տեղադրել էր CD-նվագարկիչ հենց Մարի Դյուպլեսիի շիրմաքարի վրա, և հավաքվածները մեծ ոգևորվածությամբ լսում էին Մարիա Կալասի ձայնը…

Belcanto

Գրել կարծիք