Մեծամոր՝ ատոմակայան. Հայաստանի ամենաերիտասարդ քաղաքի անցյալը, ներկան ու անհայտ ապագան

Մեծամոր՝ ատոմակայան. Հայաստանի ամենաերիտասարդ քաղաքի անցյալը, ներկան ու անհայտ ապագան

1969 թվականին էներգետիկներն ու շինարարները գցեցին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հիմքերը: Նույն թվականին հիմնադրվեց նաև Մեծամորը:

Խորհրդային մակնիշի շագանակագույն «Մոսկվիչ»-ից իջնող տղամարդը քայլերն ուղղում է դեպի ինձ, լայն ժպտում ու ձեռքն առաջ մեկնելով ասում. «Բարև ձեզ, ես Ֆելիքսն եմ, ատոմակայանի աշխատակիցներից, ինձ հետ եք խոսել հեռախոսով, ինչպե՞ս հասաք Մեծամոր, Երևանից մեր քաղաք եկող տրանսպորտ էլ չկա»: Պատախանի փոխարեն ցույց եմ տալիս արդեն հեռացող տաքսին:

68-ամյա Ֆելիքս Մարտիրոսյանը կյանքի 44 տարիները անցկացրել է Մեծամորի ԱԷԿ-ում, որպես ճառագայթների արատզերծող: Քայլելիս մի փոքր կաղում է, բացատրում է. ատոմակայանում աշխատելու երկարատև տարիների հետևանքն է,  դրան գումարվել է նաև Չեռնոբիլի փրկարարական աշխատանքներին մասնակցելու ժամանակ հավաքած բեռը:

 

Ֆելիքսի հնամաշ «Մոսկվիչ»-ով անցնում ենք Երևանից 36 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի ամենաերիտասարդ ու կարևոր քաղաքներից  մեկով, որտեղ ստեղծվում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսը: Քաղաքի ցանկացած կետից երևացող Մեծամորի ատոմակայանի հովվացման  երեք աշտարակներն ու դրանցից դուրս եկող գոլորշին, ասես, քաղաքի խորհրդանիշը լինեն:

Ափսոսանքի մի հայացք նետելով  էներգետիկների քաղաքին Ֆելիքսն ասում է. աշխատանքային վաղեմի Մեծամորից այսօր միայն հիշողություններ են մնացել, իսկ ընդամենը 30 տարի առաջ Մեծամորում բոլորն էին աշխատում:

 

Քաղաքի մի հատվածը մատնացույց անելով,  Ֆելիքսը պատմում է. ժամանակին այդտեղ  տնակային թաղամաս էր, որտեղ ժամանակորապես տեղավորել էին ապրելու ԽՍՀՄ տարբեր քաղաքներից Մեծամորում աշխատելու եկած  մասնագետներին:

«Ատոմակայանի շինարարությանը զուգահեռ սկսեցին  նաև քաղաքի կառուցումը:  Մեծամորը վերածվել էր վիթխարի շինհրապարակի: Կայանի աշխատողներին սկսեցին ապահովել բնակարաններով, 1972 թվականին էլ ես բնակարան ստացա»,-  պատմում է երկու տղաների հայրն ու վեց թոռների պապիկը:

1969 թվականին էներգետիկներն ու շինարարները գցեցին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հիմքերը: Նույն թվականին հիմնադրվեց նաև Մեծամորը: 1970 թվականին Մեծամորն ընդունեց իր առաջին բնակիչներին, որոնց մեջ կային ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից եկած 32 ազգությունների ներկայացուցիչներ:

 

Ֆելիքսին ուղեկցող  ընկերներից 70-ամյա  Յուրա Ինվիյանը,  ով 35 տարի աշխատել է Մեծամորի ԱԷԿ-ում հիշում է. քաղաքի 25 և 26 շենքերում տեղակայված էին հանրակացարանները, որոնցից մեկում ապրում էին կանայք, մյուսում տղամարդիկ:

 

«Դա 1978 թվականին էր,  շաբաթ ու կիրակի օրերին պարահրապարակ էին կազմակերպում… Մուրմանսկից կանայք էին եկել աշխատելու՝ Մարուսյան, Սաշան, Կատյան… շատերն այստեղ էլ ամուսնացան: Փլուզումից հետո ոմանք հեռացան, բայց կան ռուսներ, որ մինչև այսօր էլ դեռ Մեծամորում են»,- ասում է Ինվիյանը:

 

 

Լուսանկարները՝ HAEKSHIN construction company կայքից

Վերջին 25 տարում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները փոխել են նաև Մեծամոր քաղաքի դիմագիծը:  Այսօր քաղաքի 10665 բնակիչներից ընդամենը 20 տոկոսն է աշխատում ատոմակայանում: Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը նշում է, որ քաղաքը  ատոմակայանին չի պատկանում, 1992 թվականից ունի իր տեղական ինքնակառավարման համակարգը:

Ֆելիքսի մեքենան կանգնում  է քաղաքի մանկապարտեզներից մեկի մոտ, որտեղ հավաքվել են «Հույսի Մեծամոր»  հասարակական կազմակերպության երիտասարդ  աշխատակիցները: Նրանց ծնողները ժամանակին աշխատել են ատոմակայանում, հիշում են իրենց ինտերնացիոնալ քաղաքը, այն տարիների աշխուժությունը:

Մեծամորցի, մասնագիտությամբ լոգոպեդ 28-ամյա Վարդթիթեռ Հովհաննիսյանը խոստովանում է. կարոտում է Մեծամորի գնացքի շչակի ձայնը, որն ամեն առավոտ կայանի աշխատողներին գյուղերից և Արմավիր քաղաքից հասցնում էր Մեծամոր.

«Այդ շչակի ձայնին  սպասում էինք ամեն առավոտ: Երբ գնացը կանգնում էր կայարանում, մարդկանց հսկայական  հոսքը շարժվում էր դեպի ՀԱԷԿ, հիմա կինոյի նման եմ հիշում այդ ամենը, մի տեսակ ռոմանտիկ բան կար,  խորհրդային հիշողություն: Հիմա էլ կուզեի այդպես լիներ, գնացքը քաղաքի գլխավոր զարկերակն էր,  որն այսօր, ցավոք, այլևս չկա»:

Մասնագիտությամբ սոցիալական մանկավարժ 38-ամյա Հայկանուշ Հարությունյանի  հիշողություններում էլ  ամենավառը մեծ ու դեղին նարինջներն են ու կոկա-կոլաները, որոնք խորհրդային տարիներին Հայաստանում հնարավոր էր միայն Մեծամոր քաղաքում գտնել.

«Ծնողներս աշխատում էին ՀԱԷԿ-ում, մենք էլ, ինչպես բոլորը, օգտվում էինք այդ կտրոններից, որոնք տրվում էին ատոմակայանի աշխատակիցներին:  Նրանք  պատմում էին, որ այդ ամբողջ սննունդը՝ կարագ, միս, պահածոյացված մսեղեն ու ձկնեղեն Մեծամոր էր գալիս Մոսկվայից: Այնքան շատ էր ամեն ինչից լինում, որ բաժանում էինք անգամ մեր հարազատներին: Կարողանում էինք ջինս գնել օրինակ 90 կամ 80 ռուբլով, երբ կոմիսիոններում նույն ջինսը այն ժամանակ 200 ռուբլի էր, կամ, ասենք, «Սալամանդեր» հայտնի ֆիրմայի կոշիկները»:

Նա ասում է. ընդամենը մի քանի տարի առաջ՝ մինչև խորհրդային միության փլուզումը Մեծամորն այլ կարգավիճակ ունեցող քաղաք էր՝ բարձր կենսամակարդակով,  ինչը չի կարող ասել այսօրվա մասին:

«Մեծամորը նման էր մոզաիկայի, այստեղ էին հավաքվել խորհրդային ամենատարբեր ազգերի ինտելեկտուալները, այն դարձել էր մի տեսակ հավաքովի, խայտաբղետ քաղաք: Գյուղերից եկող մասսան ինտեգրվում էր քաղաքային կյանքին ու ինքն էլ էր սկսում զարգանալ: Ռուսները, ուկրաինացիները, բելառուսները իրենց հետ իրենց մշակույթը բերեցին: Ես կարոտում եմ այդ ինտելեկտուալ մթնոլորտը»,- պատմում է Հայկանուշը:

ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը արդյունաբերական շահագործման է հանձնվել 1976 թվին, երկրորդը` 1980-ին: Էներգաբլոկների շահագործման նախագծային ժամկետը 30 տարի էր: 1988 թվի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո անվտանգության խնդիր բարձրացավ, 1989-ին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ դադարեց ՀԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործումը: Դա նաև բնապահպանների պահանջն էր: Սակայն արդեն 1995-ի նոյեմբերին էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար  վերագործարկվեց  ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը:

Ֆելիքսը հուշում է, որ ընկերները  հավաքվել են ու մեզ են սպասում: Շտապում ենք դեպի Ֆելիքսի ամառանոց, որը գտնվում է քաղաքի ու ատմոակայանի միջև ընկած հատվածում:

«Սրանք մեր ամառանոցներն են, սովետի տարիներին, պետությունը այս հողակտորները տվեց ԱԷԿ-ի աշխատակիցներիս, ամառանոցներ կառուցեցինք, այգիներ տնկեցինք: Մեր տղերքից շատերն ամառներն այստեղ են անցկացնում, նայեք  էն կողմում քաղաքն է, մյուս կողմում՝ ատոմակայանը»,- ասում է Ֆելիքսը:

Կողք կողքի  կառուցված տների առջև ձգվում են պտղատու այգիները: Մոսկվիչի շարժիչի աշխատանքը աստիճանաբար նվազում է. տեղ հասանք: Ֆելիքսի ամառանոցի բակում արդեն սպասում են  աշխատանքային ընկերներից մի քանիսը:

Նրանցից ոմանք այլևս չեն աշխատում ԱԷԿ-ում: Խոստովանում են. իրենց լավագույն տարիները մնացին խորհրդային երկրում, վերջին 25 տարիները համարում են գոյատևման ու պայքարի տարիներ՝ հանուն  քիչ թե շատ բարեկեցիկ կյանքի:

62-ամյա դոզիմետրիստ Հովսեփ Դանիելյանը ՀԱԷԿ-ում է արդեն 40 տարի: Մասնակցել է ատոմակայանի առաջին և երկրորդ բլոկերի  մեկնարկման աշխատանքներին: Այսօր իր մասնագիտությամբ է աշխատում  նաև որդին:

«35 տարի աշխատել եմ հատուկ վտանգավոր պայմաններում: Հիմա ստանում եմ 200 հազար դրամ (421$) աշխատավարձ, երկու տարուց թոշակի կանցնեմ ու կստանամ 40 հազար դրամ (84$): Դա կլինի այն գումարը, որով պետք է լուծենք  սոցիալ-տնտեսական բազամթիվ խնդիրները, էն դեպքում, երբ կորցրել ենք մեր առողջությունը: Իսկ Ռուսաստանում մեզ նմանները ստանում են հատուկ հաշմանդամության կենսաթոշակ, ինչպես նաև իրենց սովորական կենսաթոշակը»,- դժգոհում է Հովսեփը:

Ատոմակայանի աշխատակիցները պատմում են, որ խորհրդային տարիներին  աշխատավարձերից եկամտահարկը չէին պահում, լույսի համար վճարում էին 50 տոկոս զեղջով, ամեն տարի ատոմակայանի պրոֆմիության հաշվին մեկնում էին հանգստանալու: Ցավով են նշում, որ անկախությունը իրենց զրկեց շատ արտոնություններից, այն դեպքում, երբ բոլորն աշխատել են հատուկ վտանգավոր պայմաններում և երկրորդ կամ երրորդ կարգի հաշմանդամներ են:

«Փոխվեց փողը, փոխվեցին մեր աշխատավարձերը: Եթե խորհրդային ժամանակներում ես  ստանում էի տարեկան 1300 ռուբլի կենսաթոշակ, քանի որ երրորդ կարգի հաշմանդամ եմ դարձել այս աշխատանքի պատճառով ու 120 ռուբլի էլ աշխատավարձ, հիմա միայն ստանում եմ իմ 80 հազար դրամ ($168) թոշակս: Իսկ 1300 ռուբլով ես իմ չորս հոգանոց ընտանիքով հանգիստ գնում էի Ղրիմում հանգստանում»,- ասում է 70-ամյա Ինվիյանը, ով աշխատել է ատոմակայանում որպես ավագ վարպետ:

Մեծամորից, ինչպես և Հայաստանի ցանկացած մարզից, տղամարդկանց մեծ մասը մեկնում է արտագնա սեզոնային աշխատանքի Ռուսաստան: ՀԱԷԿ-ում աշխատող տղամարդկանցից շատերն էլ մի քանի տարի շարունակ արտագնա աշխատանքի են մեկնել Իրան և Ռուսաստան՝ աշխատելու տեղի ատոմակայաններում:

Նրանք դժգոհում են, որ հետխորհրդային տարածքի բոլոր ատոմակայանների մեջ ամենացածր աշխատավարձը հիմա հայակական ատոմակայանում են ստանում:

«Մեր ընկերնեից շատերը՝ հոյակապ մասնագետներ՝ այսօր Ռուսաստանում են, միակ պատճառը՝ բարձր վարձատրությունն է, մարդիկ ստանում են մինչև 1200 դոլլար, այստեղ 80-100 հազար դրամ ($168-210): Ռուսատանում անգամ Չեռնոբիլի մասնակիցներին երկու միլիոն ռուբլի են տալիս, ինչ ուզում ես արա: Մենք էլ ենք մասնակցել, այդ ճառագայթը կրում ենք մեր մեջ, ամեն տարի էլ ավելի քայքայում մեր առողջություները, բայց ոչ մի ուշադրություն»,- ասում է դոզիմետրիստ Դանիելյանը:

66-ամյա Միշա Նազարյանն ասում է, որ 2010-2014 թվականներին մասնակացել է Իրանում կառուցվող էներգաբլոկի աշխատանքներին: Վարձատրվել է մեկ ամսում մինչև 2000 դոլլար.

«Աշխատում էինք Թեհրանից 1300 կմ հեռու գտնվող Բուշերում, իրենց ամենաշոգ վայրն է: Հայերիս թիվը հասնում էր հարյուրի, մասնագետներ էին, ովքեր ժամանակին աշխատել էին մեր ՀԱԷԿ-ում: Ափսոս աշխատանքերը ավարտվեցին, լինի` նորից կգնամ»:

Հայաստանի  ամենաերիտասարդ քաղաքի բնակինչները շարունակում են իրենց հույսերը կապել Մեծամորի ծերացող ատոմակայանի աշխատանքների շարունակման կամ նոր ատոմակայանի  կառուցման հետ՝ որպեսզի երիտասարդությունը չհեռանա այստեղից:

Այս տարի փետրվարին Մոսկվայում ստորագրվել է «ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի կառավարությանը արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, ըստ որի ռուսական կողմը կտրամադրի 270մլն ԱՄՆ դոլար արտոնյալ վարկ ու 30մլն. ԱՄՆ դոլար դրամանաշնորհ՝ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար:

Եղած էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումը թույլ կտա Հայաստանի իշխանություններին  լրացուցիչ ժամանակ ունենալ  նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ գտնելու համար:

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների  նախկին նախարար Երվանդ Զախարյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ատոմակայանի նոր բլոկը անհրաժեշտ է կառուցել ոչ թե 1000 մեգավատտ, այլ 600 մեգավատտ հզորությամբ, ինչը հիմնավորված է նրանով, որ փոքր ատոմակայանի աշխատանքի ռեժիմները ավելի ճկուն են և ավելի հեշտ է ապահովել դրա համակցումը ընդհանուր ցանցին։

1000 մեգավատտանոց ատոմակայանի կառուցման գինը, ըստ նախնական հաշվարկների, կկազմի մինչև 6 միլիարդ դոլար։  600 մեգավատտանոցի գինը կարող է կազմել 2,5-3 միլիարդ դոլար, որը թերևս մեծացնում է գումարներ հայթայթելու հավանականությունը հայաստանյան իշխանությունների համար:

Ֆելիքս Մարտիրոսյանի ամառանոցում ծավալված ատոմակայանի մասին խոսակցությունները անվերջանալի են: Դժվարությամբ փորձում եմ հրաժեշտ տալ, Ֆելիքսը պատրաստակամություն է հայտնում հասցնել տաքսիների մոտ: «Միայն գործ լինի, որ երեխեքը չհեռանան քաղաքից, մնան մեր կողքին»,- հրաժեշտին ասում է Ֆելքիսը:

Տաքսին շարժվում է դեպի մայրաքաղաքի կողմը, հեռվում մնացած Մեծամորը գնալով փոքրանում է, սակայն Մեծաամորի ծերացող ատոմակայանի երեք աշտարակները փարոսի նման շարունակում են երևալ ու հիշեցնել, որ կայանը դեռ աշխատում է:

Աղբյուրը

Գրել կարծիք